Թուրքական Աշխարհագրութիւն` Ըստ Էրտողանի Տեսլականի

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ Քաղաքական վերլուծաբան

12 ՆՈՅԵՄԲԵՐ 2018 – ԱՆԴՐԱԴԱՐՁ:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան

«Մենք մեծ ընտանիք ենք` բաղկացած 300 միլիոն մարդուց, Ատրիականից մինչեւ չինական Մեծ պարիսպ»: Այսպէս յայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանը: Յայտարարել է վերջերս` հոկտեմբերի երկրորդ կէսին, Մոլտովա կատարած երկօրեայ այցի ժամանակ, աւելի որոշակի` այցի երկրորդ օրը, հոկտեմբերի 18-ին, Կակաուզիայում, որը, ինչպէս յայտնի է, ինքնավար վարչական միաւոր է Մոլտովայի Հանրապետութեան կազմում:

Այդ երկրամասը եւս Թուրքիայում դիտարկւում է որպէս թուրքական մեծ աշխարհի մաս: Թէկուզ տարածաշրջանի թուրք բնակիչները կակաուզները, դաւանանքով մահմետականներ եւ դասական իմաստով թուրքական աշխարհի ներկայացուցիչներ չեն: Կակաուզներն աշխարհում միակ թուրքական հանրութիւնն են, որոնք ուղղափառութիւն են դաւանում, այսինքն` քրիստոնեաներ են: Սակայն Թուրքիայի խոշորածաւալ ներդրումները, ինչ խօսք, երկուստեք թոյլ են տալիս աչքաթող անել նման, այսպէս ասած, «մանրուքը»:

Թուրքական փողերով Կակաուզիայում կառուցուել են բազմաթիւ շինութիւններ, այդ թուում` մշակոյթի տուն, զբօսայգի, ախտորոշման կեդրոն եւ այլն: Զարմանալի չէ, որ ինքնավարութեան մայրաքաղաք Քոմրաթում թուրք բարձրաստիճան հիւրին ընդունել են ամենաբարձր կարգով, եւ ի պատիւ Էրտողանի` նրա այցի օրը ոչ աշխատանքային է յայտարարուել Կակաուզիայի տարածքի բոլոր պետական ու պիւտճէական հիմնարկների համար:

Բայց մի կողմ թողնենք այցի մանրամասները: Կակաուզիան, ի վերջոյ, թուրքական աշխարհի եւրոպական հատուածում ծուարած մի աննշան անկիւն է ընդամէնը, մինչդեռ, ըստ Թուրքիայի նախագահի տեսլականի, այդ աշխարհը եւրասիական տարածքում սահմանանշւում է շատ ու շատ հեռուներում: Արեւմուտքում դա Ատրիական ծովն է` Օսմանեան կայսրութեան նախկին պալքանեան տիրոյթներով, արեւելքում` Չինական մեծ պարիսպը, որի մերձակայքից հին ու միջին դարերում չեն դադարել մերօրեայ թուրքերի խաշնարած նախնեաց` սելճուկ-թուրքերի աւերիչ, զաւթողական արշաւանքները դէպի արեւմուտք, ընդհուպ մինչեւ Ատրիական ծովի ափերը` ուղեկցուելով այդ տարածքների բնիկ ազգութիւնների ու ժողովուրդների, այդ թուում` հայ ժողովրդի զանգուածային կոտորածներով, բռնի հաւատափոխութեամբ, առ այսօր շարունակուող բազմադարեայ քաղաքակրթութեան ոչնչացմամբ, նիւթական ու ոչ նիւթական արժէքների կողոպուտով, այդ թուում` պատմական ժառանգութեան իւրացմամբ: Երեւի թէ պատմութեան մերօրեայ ծաղրանք կարելի է համարել. նոյն այդ բարբարոս ցեղերի մերօրեայ ժառանգը` Թուրքիայի նախագահը, հանդէս գալով Կակաուզիայի ինքնավարութեան մայրաքաղաքում, խոր զայրոյթի զգացումով է բարձրաձայնել, թէ այլ մշակոյթների ներկայացուցիչների նկատմամբ անբարեացակամ վերաբերմունքը մի երեւոյթ է, որը ժանտախտի պէս տարածւում է ամբողջ աշխարհում: Եւ դա ասում է մի երկրի քաղաքական առաջնորդ, որի նախնիք պետականօրէն բացարձակապէս բնաջնջման քաղաքականութիւն են իրականացրել թէ Օսմանեան կայսրութեան եւ թէ հանրապետական Թուրքիայի այլադաւան բնիկ ժողովուրդների` հայերի, յոյների, ասորիների եւ այլ ազգութիւնների նկատմամբ, իրագործել մարդկութեան պատմութեան մէջ ամենախոշոր ոճիրը` Հայոց ցեղասպանութիւնը, մարդկութեան դէմ ուղղուած նոյն այդ ոճիրին համարժէք ասորիների, պոնտացի յոյների զանգուածային կոտորածները, իսկ ինքը` Էրտողանը եւ իր գլխաւորած վարչախումբը, ինչպէս որ Թուրքիայի նախորդ վարչախմբերը, քաջատեղեակ լինելով հեռու ու մօտ պատմական անցեալի այդ արիւնալի իրադարձութիւններին, յամառօրէն փորձում են ժխտել անժխտելին, բազմիցս փաստարկուած, բացայայտ պատմական ճշմարտութիւնը:

Այնուամենայնիւ, հետաքրքիր է իմանալ. իսկ ինչո՞ւ Էրտողանի տեսլականով թուրքական աշխարհի արեւելեան սահմանագիծը յատկապէս չինական պարիսպն է, այլ ոչ, ասենք, Չինաստանի Ժողովրդական Հանրապետութեան պետական սահմանը: Չին ժողովրդի պատմութիւնից յայտնի է, որ Մեծ պարիսպը կամ պատնէշը կառուցուել է երկու հազարամեակի ընթացքում` Հիւսիսային Չինաստանից մինչեւ հարաւային Մոնկոլիա: Այն ներկայումս գտնւում է Չինաստանի տարածքի համեմատաբար խորքում եւ վաղուց ի վեր որպէս այդ երկրի պետական սահման չի ծառայում:

Պարսպի ամենախոշոր եւ լաւագոյնս պահպանուած հատուածը, որն ունի մօտաւորապէս 8850 քմ երկարութիւն, 1987 թուականից, ԵՈՒՆԵՍՔՕ-ի որոշմամբ, ճանաչուած է Համաշխարհային ժառանգութեան շինութիւն` դէպի իրեն գրաւելով միլիոնաւոր զբօսաշրջիկների աշխարհի բոլոր ծայրերից: Բայց, արդեօք, հէնց այդ հեռանկարային նպատակո՞վ են չինական իշխանութիւնները խոր միջնադարում կառուցել Մեծ պարիսպը` որպէս մերօրեայ զբօսաշրջիկների համար ոչ պակաս տեսարժան վայր, քան` աշխարհի այլ հրաշալիքներ, օրինակ, Եգիպտոսի բուրգերը եւ կամ Փարիզի Էյֆելեան աշտարակը:

Ո՛չ, ի հարկէ: Պատմութիւնն այլ բան է ասում: Պատմութիւնը յուշում է, որ Մեծ պարիսպը վեր է յառնուել հին Չինաստանի սահմանում` որպէս պաշտպանական կառոյց: Իսկ չինական պետութիւնը, իրօք, պաշտպանուելու լուրջ խնդիր ունէր: Այո՛, թուրքական քոչուոր ցեղերից պաշտպանուելու խնդիր, ցեղեր, որոնց հրոսակախմբերն անընդհատ աւերիչ եւ արիւնահեղ ասպատակութիւններ էին կատարում չինական պետութեան տարածքներում: Փաստօրէն, Մեծ պարսպի կառուցմամբ, չինական պետութիւնը յուսալիօրէն սահմանազատուեց թուրքական աշխարհից:

Բայց ահա ներկայումս այն անցնում է Չինաստանի պետական սահմանից բաւական հեռաւորութեամբ: Իսկ սահմանի եւ պարսպի միջակայքում են մնացել Ներքին Մոնկոլիան եւ Սինցզեան-Ույղուրական ինքնավար շրջանը, տարածքներ, որոնք պայմանականօրէն կրելով Արեւելեան Թուրքեստան աշխարհագրական անունը, Չինաստանի կազմի մէջ են մտել 18-րդ դարում: Ի դէպ, Սինցզեան բառը չինարէնից թարգմանաբար հէնց «նոր սահման» էլ նշանակում է: Այնպէս որ, կարծում եմ` պարզ է դառնում, թէ ինչո՛ւ Էրտողանը Քոմրաթի իր ելոյթում թուրքական աշխարհի արեւելեան սահման է հռչակել յատկապէս չինական Մեծ պարիսպը, այլ ոչ` Չինաստանի պետական սահմանը:

Այսինքն` այն պարագայում, երբ պաշտօնական Փեքինը, նեղուելով երկրի աւելի քան մէկուկէս միլիառ բնակչութեանը տեղաւորելու խնդրից, հայեացքը յառել է հիւսիսային եւ հիւսիսարեւելեան հարեւանների` Մոնկոլիայի, Ռուսաստանի, անգամ Հարաւային Քորէայի, նաեւ միջինասիական հանրապետութիւնների տարածքներին, պարզւում է, որ պաշտօնական Անգարան նոյն կերպ նկրտումներ ունի չինական հողերի նկատմամբ` որպէս թուրքական աշխարհի կամ ապագայ Մեծն Թուրանի արեւելեան տարածքի:

Ասենք` Թուրքիայի ներկայիս առաջնորդն իր երկրում առաջինը չէ այդ սին պատրանքներում: Անցած դարասկզբին Օսմանեան կայսրութեան փլուզումից յետոյ հռչակուած հանրապետական Թուրքիայի անխտիր բոլոր վարչախմբերն էլ այս կամ այն չափով փայփայել են թուրքական աշխարհի հիմքով Մեծն Թուրանի ստեղծման երազանքը: Այն փաստօրէն դարձել է Թուրքիայի արտաքին քաղաքականութեան առանցքային բաղադրիչներից մէկը` իրագործուելով թուրքական աշխարհի հետ իբր թէ սոսկ տնտեսական ու մշակութային համագործակցութեան քօղածածկոյթի ներքոյ:

Մինչդեռ գաղտնիք չէ, որ թուրքախօս ժողովուրդներին, այսպէս ասած, ընդհանուր «մեծ հայրենիքի» մէջ ընդգրկման գաղափարը տեղաւորւում է թուրքական պետութեան գաղափարախօսական-քաղաքական ուղղութիւններից մէկի` փանթուրքիզմի մէջ, որը, սակայն, այդպէս էլ չիրականացաւ եւ, դատելով աշխարհաքաղաքական զարգացումների տեսանելի հեռանկարից, կարծում եմ, դժուար թէ իրականանայ: Չնայած դրան, այնուամենայնիւ, ինչպէս նշում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հայագիտական կեդրոնի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Արեստակես Սիմաւորեանը, յատկապէս ներկայիս թուրքական քաղաքական եւ մտաւորական խաւի որոշ շրջանակներ շարունակում են մտածել թուրքական միասնականութեան կատարեալ մոտելի ստեղծման շուրջ, ինչը նոր լիցք է ստացել առանձնապէս վերջին տարիներին: Քաղաքագէտի հաւաստմամբ, առանձնապէս ԽՍՀՄ փլուզումից յետոյ թուրքախօս շրջանների հետ սկսեցին կապեր հաստատել փանթուրքական եւ իսլամական կողմնորոշում ունեցող առանձին անհատներ ու խմբեր, իսկ 1991թ. օգոստոսից այդ ամէնը պաշտօնական բնոյթ ստացաւ:

Նորագոյն պատմութեան այդ ժամանակաշրջանում թուրքական միութիւն ստեղծելու գաղափարի նախաձեռնողն էր Թուրքիայի նախկին նախագահ Թուրկութ Օզալը: Ի տարբերութիւն քեմալական քաղաքականութեան, որը Թուրքիան տեսնում էր որպէս աշխարհիկ եւրոպական պետութիւն` մեկուսացնելով այն մահմետական աշխարհից, Օզալի քաղաքականութիւնը ենթադրում էր աշխուժ յարաբերութիւններ թուրքական եւ կամ արաբական բռնի պարտադրմամբ մահմետական դաւանանք ընդունած ազգերի հետ Պալքաններում, Մերձաւոր Արեւելքում եւ Կովկասում, այսինքն` ժամանակին Օսմանեան կայսրութեան տիրապետութեան տակ գտնուած տարածքներում: Ի հարկէ, այդ գաղափարի իրագործման կարեւոր խթան էր ԽՍՀՄ-ի եւ Եուկոսլաւիայի փլուզումը, որից յետոյ Թուրքիան արդէն կարող էր անմիջական յարաբերութիւններ հաստատել թուրքալեզու Ազրպէյճանի, Ղազախստանի, Ուզպեքստանի, Թուրքմենստանի, Խըրխըզստանի, Պոսնիայի, Քոսովոյի եւ Ալպանիայի հետ:

Օզալի կարծիքով, թուրքական միութիւնը պէտք է հիմնուած լինի բոլոր կողմերի փոխադարձ շահերի վրայ: Իր նախագահութեան օրօք նա բազմիցս այցելեց Միջին Ասիա եւ Ազրպէյճան` այդ երկրների ղեկավարների հետ հարցի շուրջ ընդհանուր մօտեցումներ ձեւաւորելու նպատակով: Այս ընդհանուր պարունակում `Թուրքիայի համար խոշոր ձեռքբերում կարելի է համարել առաջին հերթին Թուրքախօս ժողովուրդների նախագահների գագաթնաժողովները, որոնք էլ դարձան Թուրքիայի արտաքին քաղաքականութեան մեխն այս ուղղութեամբ: Առհասարակ, թուրքախօս երկրների միջեւ ստեղծուած բազմաթիւ միութիւնները` Թուրքախօս ժողովուրդների կամ նախագահների գագաթնաժողովը, Թուրքական համաժողովը եւ Թիւրքսոյը, արդէն բաւարար հաստատութենական նախադրեալ են դարձել այդ երկրների միջեւ երկկողմ ու բազմակողմ համագործակցութեան ամրապնդման եւ դրանց զարգացման համար:

Ընդ որում, թէեւ Թուրկութ Օզալն իր սկզբունքները երբեք չի բնութագրել որպէս «նոր օսմանականութիւն», ինչպիսին էր հետագայում` 2000-ականներին ձեւաւորուած քաղաքականութիւնը, որի գլխաւոր տեսաբան էր Թուրքիայի նախկին վարչապետ, իսկ մի կարճ ժամանակ` 2014-2016թթ., կառավարող Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան առաջնորդ Ահմեթ Տաւութօղլուն, սակայն թուրքական ակադեմիական շրջանակները երկու դէպքում էլ օգտագործում են հէնց «նոր օսմանականութիւն» ձեւակերպումը: Այդուհանդերձ, Թուրկութ Օզալի «նոր օսմանական» գաղափարները վերջնական յաջողութեան չհասան, քանի որ դրանք Թուրքիայի համար այդ ժամանակահատուածում խիստ յեղափոխական էին եւ անհրաժեշտ քաղաքական աջակցութիւն չստացան: Ճիշդ է, զինուած ուժերի վերնախաւի դժգոհութիւնը չվերածուեց աւանդական դարձած յեղաշրջման, սակայն` միայն այն պատճառով, որ 1993թ. գարնանը Թուրկութ Օզալն անսպասելիօրէն մահացաւ:

Թուում էր, թէ երկրի նախագահի պաշտօնում քեմալական գաղափարախօսութեան կողմնակից Սուլէյման Տեմիրելի ընտրուելը փակեց թուրք քաղաքական մտքի «նոր օսմանականութեան» շրջանը, սակայն աշխարհաքաղաքական նոր իրողութիւնները թելադրում էին արտաքին քաղաքականութեան ուղեգծի առանցքում պահպանել Օզալի հռչակած «թուրքական աշխարհի» ձեւաւորման նպատակը: Տակաւին վարչապետութեան օրօք նորանկախ թուրքալեզու հանրապետութիւններ իր այցի ընթացքում Տեմիրելը յայտարարել էր, որ նոր թուրքական աշխարհ եւ նոր քարտէս է ձեւաւորւում, հինգ նոր դրօշներ իրենց կիսալուսիններով աւելացել են Թուրքիայի դրօշի կողքին եւ մեծ թուրքական աշխարհը տարածուելու է Ատրիականից մինչեւ Չինական ծով: Այլ կերպ ասած` Թուրքիան փորձում էր վերադառնալ ու վերադարձնել հարիւր տարի առաջ կորցրածը:

Անկասկած, թուրքական աշխարհի հետ յարաբերութիւններում Թուրքիայի ամենաաշխուժ գործընկերն է համարւում Ազրպէյճանը, որը, ի դէպ, ինչպէս եւ Թուրքիան, արտաքին մարտահրաւէր ներկայացնող խնդիրները փորձում է միջնորդաւորուած կերպով արտայայտել համաթուրքական տարբեր կազմակերպութիւնների հաւաքների միջոցով: «Թուրքական աշխարհը մեծ աշխարհ է: Մենք պէտք է այնպէս անենք, որ թուրքական աշխարհն է՛լ աւելի համախմբուի:

Դրա բոլոր հնարաւորութիւնները կան: Առաջին հերթին կայ ուժեղ քաղաքական կամք», յայտարարել է նախագահ Իլհամ Ալիեւը` ելոյթ ունենալով Ղազախստանի մայրաքաղաք Ասթանայում 2011թ. հոկտեմբերի 21-ին կայացած թուրքալեզու պետութիւնների համագործակցութեան խորհրդի առաջին գագաթնաժողովում: Ուշագրաւ է, որ թուրքական համերաշխութեան այդ նոր կառոյցի ստեղծման որոշումը կայացուել էր դրանից երկու տարի առաջ` թուրքալեզու պետութիւնների ղեկավարների 9-րդ գագաթնաժողովում, որ կայացել էր Նախիջեւանում:

Թէ ինչո՛ւ յատկապէս այդ տարածքում, որը Կարսի եւ Մոսկուայի 1921 թուականի պայմանագրերով ապօրինաբար յանձնուել էր Խորհրդային Ազրպէյճանի խնամակալութեանը` դժուար չէ կռահել. Նախիջեւանը պէտք էր դառնար այն կամուրջներից մէկը, որի միջով, ըստ Թուրքիայի քեմալական եւ Ազրպէյճանի մէկէն համայնավարական կարմիր հագած նախկին մուսաւաթական իշխանութիւնների հեռագնայ ծրագրով, ոչ հեռու ապագայում պէտք էր անցնէր մէկ միասնական պետութեան մէջ թուրքական աշխարհի միաւորման ուղին: Յայտնի է, որ Հայաստանի, Արցախի, Ջաւախքի եւ հայկական սփիւռքի դէմ տարուող քաղաքականութեան մէջ այս երկու երկրների` Թուրքիայի եւ Ազրպէյճանի համագործակցութիւնն ամենասերտն է, որոնց միաւորում են Հայաստանի հետ ունեցած խնդիրները:

Այս տողատակում յատկանշական է նաեւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարպայեւի յայտարարութիւնը, որ նա կատարել է չորս տարի առաջ` 2014 թուականի սեպտեմբերին, արձագանգելով Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութինի դրանից օրեր առաջ կատարած այն յայտարարութեանը, թէ` «Նուրսուլթան Նազարպայեւը իւրօրինակ մարդ է. նա կարողացաւ ստեղծել զարգացող մեծ պետութիւն մի տարածքում, որտեղ երբեւէ պետութիւն չի եղել»:

«Բոլոր թուրքերի հայրենիքը Ղազախստանն է, այստեղից են ծնունդ առել մեր նախնիները, իսկ Ռուսաստանը մեզ համար միշտ եղել է գաղութարար երկիր», խոր վրդովմունքով հակադարձել է Նազարպայեւը` յաւելելով. «150 տարուայ ռուսական լծի տակ ղազախները քիչ մնաց կորցնէին իրենց ազգային մշակոյթը, լեզուն, կրօնը, մինչդեռ դարեր առաջ մեր տարածքից հեռացած թուրքերն իրենց հետ տարան ոչ միայն աւանդոյթները, այլեւ` ընդհանուր անունը»: Ապա վկայակոչելով հանրապետական Թուրքիայի հիմնադիր առաջնորդին` նա շարունակել է. «Աթաթուրքը ժամանակին ասել է, որ կը գայ ժամանակ, երբ բոլոր թուրքերը կը միաւորուեն: Այսօր այդ ժամանակն է: Ալթայից մինչեւ միջերկրական ծով 200 միլիոն թուրք է ապրում, միանալով` մենք կը դառնանք շատ մեծ ուժ` ընդդէմ տարածաշրջանի գերտէրութիւնների»:

Ինչպէս յայտնի է, Թուրքախօս ժողովուրդների նախագահների գագաթնաժողովները մէկ, երբեմն երկու տարուայ ընդմիջումներով կազմակերպուեցին մինչեւ 2001թ.: Սկսած 2002 թուականից, երբ իշխանութեան եկաւ Արդարութիւն եւ զարգացում կուսակցութիւնը, գագաթնաժողովները մինչեւ 2006 թուականը դադարեցին: Փորձագէտների կարծիքով, դա կապուած էր որոշակի գործօնների հետ: Նախ` Թուրքիան այդ ժամանակաշրջանում ուշադրութեան կեդրոնում էր պահում իրաքեան խնդիրը, երկրորդ, թէեւ` ոչ պաշտօնապէս, այդուհանդերձ, արտաքին եւ ներքին քաղաքականութեան հարցում Թուրքիան նախապատուութիւնը տուեց «նոր օսմանականութեանը» մերձաւորարեւելեան-պալքանեան ուղղութեանը, որի պարագայում թուրքական ուղղութիւնը մղուեց երկրորդ գիծ:

Միեւնոյն ժամանակ նման փոփոխութիւնը կապուած է Եւրոմիութեանն անդամ դառնալու Թուրքիայի արտաքին քաղաքականութեան անյաջող փորձի հետ: Փաստօրէն, Էրտողանն ու իր կուսակցութիւնը, ունենալով իսլամական կողմնորոշում, ետնաբեմ մղեցին թուրքական աշխարհի հետ ուղիղ քաղաքականութիւն վարելու նախկին գործունէութիւնը: Միեւնոյն ժամանակ Թուրքիայում խորացաւ նաեւ ազգայնական եւ իսլամական կողմնորոշում ունեցող ուժերի առճակատումը, ինչը, մասնաւորապէս, արտայայտուեց ազգայնական եւ քեմալական կողմնորոշման զինուորականութեան եւ գերազգայնական «Էրկենեքոն» կազմակերպութեան անդամների ձերբակալութիւններով:

Հակառակ այն իրողութեանը, որ «թուրքական ճակատը» 2007 թուականից ի վեր սկսել է նորից աշխուժանալ, այնուամենայնիւ, համաթուրքական առկայ կառոյցների գործունէութիւնն արդէն ձեւական բնոյթ է կրում: Անգարան կարծես թէ ըմբռնում է, որ Մեծն Թուրան ստեղծելու հնարաւորութիւնները գաղափարական տեսանկիւնից սնանկ են, քանի որ, ազգային տնտեսութեան զարգացման, սեփական քաղաքական դիրքորոշման հետ մէկտեղ, թոյլ է տուել այդ երկրներին` վերագնահատել իրենց տեղը տարածաշրջանային եւ միջազգային քաղաքականութեան համակարգում:

Այս ընդհանուր պարունակում, կարծում եմ, մանկամիտ ու պատրանքային է հնչում ազրպէյճանական քաղաքական մտքի հորթային հրճուանքը թուրքական աշխարհի մեծութեան ու վիթխարի ներուժի մասին Թուրքիայի նախագահի կակաուզեան ճամարտակութեան կապակցութեամբ: Այսպիսի իրավիճակում, ոգեւորուած բացագանչում են Պաքուի երազահան վերլուծաբանները, պէտք չէ բացառել, որ շատ շուտով Սինցզեանը «հին սահմանից» կը վերածուի նոր սահմանի, իսկ ահա յաջորդ նոր սահմանը կ՛անցնի հէնց պատմական եզրագծով: Ասել է թէ` չինական Մեծ պարսպով: Երեւի թէ նման պարագաներում են մեր հներն ասել. «Ծիտը երազում կորեկ տեսաւ»:

Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար

aztagdaily.com/archives/415961

Facebooktwitterredditpinterestlinkedinmail