Նոյեմբեր 08, 2018 – Անուշ Մկրտչյան – ՄՇԱԿՈՒՅԹ:
Մատենադարանի գիտական մասնաշենքի դահլիճում երեկ տեղի է ունեցել «Նարեկացիական ընթերցումներ» միջազգային 4-րդ գիտաժողովը, որին մասնակցել են միջազգային համբավ ունեցող նարեկացիագետներ Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Միացյալ Նահագներից:
Մեր ժամանակների խոշորագույն նարեկացիագետ Ժան-Պիեռ Մահեն, որը ոչ միայն Նարեկացու «Մատյան ողբերգության» երկը բնագրից ֆրանսերեն է թարգմանել, այլև «Մատյան»-ին նվիրված մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է, «Ազատության» հետ զրույցում անկեղծացավ՝ ասելով, որ 30 տարի առաջ չէր կարող անգամ պատկերացնել, որ օտարեկրացիները Նարեկացու մասին աշխատություններ կներկայացնեն հայերենով:
«Կային հայերեն խոսող օտարազգի հայագետներ, բայց երբեք չէր պատահել, որ ամբողջ նիստը օտարազգի զեկուցողներով հայերեն ընթանար: Դա նորություն է: Ինձ թվում է, անկախության արգասիք պետք է համարել այդ»:
«Նարեկացին ինքնաճանաչման վարդապետներից մեկն է», – ասում է ֆրասնիացի գիտնականը, ով բավական դժվար ճանապարհ է անցել Նարեկացուն բացահայտելու համար:
Հինգ տարի աշխատել է «Մատյանի» վրա, հետո հասկացել, որ դեռ հրատարակելու ժամանակը չէ, ամբողջությամբ չի ընկալել այն: Ֆրանսիացի ականավոր փիլիսոփա Պիեռ Ադոյի «Հեթանոսության հոգևոր վարժությունները» կարդալուց հետո ընկալել է, որ Նարեկացին քրիստոնեացրել է այդ վարժությունները:
Սա ընդամենը ճանաչման սկիզբն էր, հետո արդեն, տեսնելով Հայաստանը, ուսումնասիրելով հին եկեղեցիները, ընկալել է Նարեկացու երկի կառուցվածքը․ – «Գրքի վերջում զետեղված իր հիշատակարանում Գրիգոր Նարեկացին ասում է՝ սա բազմամասնյա սքանչելի շինություն է: Մտածեցի ու տեսա՝ աննյութական տաճար է: «Մատյանի» նպատակն այն է, որ արժանի դառնանք գտնել այդ ճանապարհը․․․ Հետո հասկացա, որ ուրիշ մտքեր կան նաև: Կամաց-կամաց բանալին գտա և կարողացա կարդալ այս բանը: Եվ երբ ավարտեցի վերծանությունս, միանգամից լույս տեսան Հրաչյա Թամրազյանի հոդվածները: Եվ այդ կարդալով ես հասկացա, որ բոլորովին պետք է փոխել տեսակետս Նարեկի մասին: Նարեկը ոչ թե երկնքից ընկած ասուպ է․ սա ընտանիք է ունեցել, տեղ է գրավել Հայաստանի պատմության մեջ»:
Նարեկացուց բացի, Ժան-Պիեռ Մահեն նաև Մովսես Խորենացի, Խաչատուր Աբովյան է թարգմանել: Ի սկզբանե հետաքրքրված է եղել վաղ քրիստոնեական գրականությամբ և նկատելով, որ բնագրերից շատերը վերացել են և եզակի հայերեն տարբերակներ են պահպանվել, հենց այդ ժամանակ որոշել է սովորել լեզուն: Ուշագրավ է, որ այս ցանկությունը կարողացել է իրականցնել խորհրդային տարիներին՝ երկաթե վարագույրը շրջանցելով: Ընտանիքով եկել է Հայաստան, շուրջ չորս տարի ապրել է այստեղ, լեզվին փայլուն տիրապելուց հետո էլ սկսել է սեփական աշխատությունները գրել Հայատսանի մասին:
«Ես երկու գիրք եմ գրել: Առաջինը ինձնից են ուզել, որ շատ համառոտ ուղեցույց գրեմ, բայց՝ շատ նկարներով: Եվ մեծ արձագանք է ունեցել Ֆրանսիայում, որովհետև կարծեմ հինգերորդ անգամն է վերատպում են: Ինձնից ուզեցին, որ գրեմ ավելի հաստ գիրք՝ 500 էջանոց, Հայաստանի պատմությունը սկզբից մինչև մեր օրերը: Սա էլ բավական շատ է տարածվել Ֆրանսիայում»:
«Ինձ զսպել չեմ կարող, պետք է միշտ աշխատեմ», – ասում է ֆրանսիացի հայագետը: Գիրք է հրատատարակել՝ «Հայկական այբուբենը պատմության և հիշողության մեջ»: Հիմա ավելի մեծ նախագիծ ունի՝ իր խոստովանությունը պետք է թղթին հանձնի հայոց լեզվի մասին:
www.azatutyun.am/a/29589988.html?fbclid=IwAR35ITtUxCB9IC6uygdM056yZI6U5gy12VcSGu9w_21XdP5wnYpMOLMTtAo