Հայաստանը կանգնեցրեց քարավանը. ճգնաժամ ՀԱՊԿ-ում

11.2018 | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի հարցը նկատելի աշխուժություն է մտցրել այդ կազմակերպության շուրջ առկա մթնոլորտում: Զարգացումները հայտնի են, դեկտեմբերի 6-ին սպասվում է հարցի լուծում՝ լինելու է Հայաստանի նո՞ր ներկայացուցիչ, Բելառու՞սն է հասնելու իր ուզածին, թե՞ կլինի ժամանակավոր պաշտոնակատար՝ մեկ տարով, որը կլինի ըստ էության Ռուսաստանի թեկնածու:

Հետաքրքիր հանգամանք է այն, որ, երբ գործնականում մեկ տարի շարունակ չէր լուծվում Հայաստանի առաջին ներկայացուցչի նշանակման հարցը, աղմուկը ամենեւին այդքան չէր, որքան այժմ: Մինչդեռ, Հայաստանին հանձնված քվոտայի մասին սկսել է խոսվել դեռեւս ապրիլյան քառօրյայից առաջ, իսկ նշանակումը տեղի է ունեցել 2017-ի հոկտեմբերին:

Այդ ընթացքում հարցը հետաձգվել է մի քանի Վեհաժողով, բայց թե Հայաստանում, թե ՀԱՊԿ անդամ այլ երկրներում չի առաջացրել այն աղմուկն ու իրարանցումը, ինչպես այժմ:

Իսկ պատճառը թերեւս այն է, որ հարցը ներկայումս ձեւով առնչվում է գլխավոր քարտուղարի խնդրին, սակայն բովանդակային, խորքային առումով ՀԱՊԿ գոյությանն ու բովանդակությանը ընդհանրապես:

Եվ այստեղ շարժիչը անկասկած Հայաստանն է, որը գլխավոր քարտուղարի շուրջ զարգացումներով ՀԱՊԿ-ը իր ներկայիս ձեւով ու բովանդակությամբ հասցրել է ճգնաժամի: Ընդ որում, իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ Հայաստանն այդ «ճգնաժամը» հարուցել է միանգամայն իրավական ճանապարհով, այսինքն Երեւանի ոչ միայն որեւէ գործողություն չունի իրավական խոցելիություն եւ խնդրահարույց չէ, այլ նաեւ հակառակը՝ Երեւանն այդ պարագայում ունի ՀԱՊԿ մյուս անդամներին դիտողություն եւ պահանջ ներկայացնելու հիմք ու փաստարկ:

Այդ հանգամանքը ՀԱՊԿ անդամներին մատնել է շփոթմունքի: Երեւանը հարուցում է ճգնաժամ եւ դնում դաշինքի բովանդակության խնդիրներ: Նախկինում այդպես չէր: Նախկինում էլ, իհարկե Սերժ Սարգսյանը դնում էր խնդիրներ: Բայց չէր առաջացնում ճգնաժամ: Ճգնաժամը միայն Հայաստանի համար էր, ՀԱՊԿ մյուս անդամները հանգիստ շարունակում էին իրենց գործը Ադրբեջանի հետ: Հայաստանին տալով ԳՔ քվոտան՝ երեք տարով, ՀԱՊԿ «դաշնակիցներն» ըստ էության դարձրին դա կամ խցան Հայաստանի բերանին, կամ բամբակ սեփական ականջներին, ստանալով իրենց գործի շարունակության առնվազն եռամյա երաշխիքային շրջան:

Բայց իրավիճակն անսպասելի փոխվեց, առնվազն մի քանի ՀԱՊԿ-ականների համար անսպասելի: Հայաստանի նոր իշխանությունն արեց քայլեր, որոնք ՀԱՊԿ-ը բերել կամ բերում են ճգնաժամի: Հայաստանի նոր իշխանությունը ստեղծեց իրավիճակ, որով հստակորեն ցույց է տալիս, որ դաշինքի հակադաշնակցային բնույթն ու բովանդակությունը միայն Հայաստանի խնդիրը չէ, թող այդ կապակցությամբ հույս չունենան՝ հակադաշնակցային խնդիրը բոլորինն է եւ բերում է ճգնաժամի:

Երեւանը ՀԱՊԿ-ին «խելքի բերելու» հնարավոր տարբերակներից ընտրել է թերեւս ամենաօպտիմալը, երբ դաշինքի հակադաշնակցային բնույթը իրենց մաշկի վրա կզգան բոլորը, ոչ թե միայն Հայաստանը: Մինչեւ բոլորը չզգան իրենց մաշկի վրա, ՀԱՊԿ-ը չի կարող լինել անվտանգության ռազմա-քաղաքական բլոկ, այլ կլինի ինքնախաբեություն, ըստ այդմ անվտանգության սպառնալիք:

Այստեղ արդեն առանցքայինն այն չէ՝ կպահի՞ Հայաստանը ԳՔ քվոտան, թե ոչ: Երեւանը ցույց տվեց, որ ամենեւին մտադիր չէ լինել ՌԴ հետ ՀԱՊԿ առանձին անդամների հարաբերությունների պարզաբանման օբյեկտ, այլ մտադիր է Հայաստանում նոր իրավիճակն ու լեգիտիմ իշխանության հանգամանքը օգտագործել ՀԱՊԿ-ում իր գրեթե բացառիկ դաշնակցային պարկեշտությունը «ռեզյումեից» կամ «գովասանագրից» քաղաքական խաղաքարտի վերածելու համար:

Դա է բուն աղմուկի պատճառը, ոչ թե այն, որ չեն կարողանում ընտրել գլխավոր քարտուղար: Չէին կարողանում նաեւ 2015-ի դեկտեմբերից մինչեւ 2016-ի դեկտեմբեր, 2017-ի մարտ, բայց աղմուկ չկար, որովհետեւ չկար ոչ մի ճգնաժամը բոլորը վարժվել էին «շունչը կհաչի, քարավանը՝ կգնա»: Հայաստանը կանգնեցրել է քարավանը՝ պատին:

www.lragir.am/2018/11/12/394563/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail