ՎԱՀԿԱՅԻ ՄԻԱՑՈՒՄԸ ՌՈՒԲԻՆՅԱՆՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ 1098Թ.

ARMENIAN KINGDOME OF CILICIA - ROYAUME ARMÉNIEN DE CILICIE

Կիլիկիո Հայերի Միություն/Union of Kilikian Armenians

ՎԱՀԿԱՅԻ ՄԻԱՑՈՒՄԸ ՌՈՒԲԻՆՅԱՆՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ 1098Թ.

ՌՈՒԲԻՆՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԽԱՉԱԿԻՐՆԵՐԸ

Կիլիկիայում խաչակիրների փոքրաթիվ ուժերի հաղթարշավը սելջուկյան կայազորներին հարկադրում է հրաժարվել դիմադրության բոլոր փորձերից: Նրանք անկանոն նահանջ են սկսում, որը խուճապահար փախուստի է վերածվում: Այդ ընթացքում խաչակիրներին մեծ օգնություն է ցուցաբերում Ռուբեն իշխանի որդի Կոստանդինը:

Տեղեկանք. Ռուբեն իշխանը Գագիկ Բ արքայի զորավարներից էր: Վերջինիս մահից հետո՝ մոտ 1080թ., Ռուբենը հաստատվել էր Կիլիկյան Տավրոսի անառիկ՝ Կոպիտառի շրջանի Բարձրբերդ և Կորոմոզոլ (Կոլիմոզոլ) ամրոցներում ու այստեղից քշել բյուզանդացիներին: Ռուբենին հաջորդած որդին` Կոստանդին Ա-ն (1095-1100թթ.), ձեռնամուխ է լինում նորաստեղծ իշխանության ամրապնդման և տնտեսական հզորացման գործին:

Մասնավորապես, խաչակրաց արշավանքի նախօրյակին Կոստանդինը թյուրքերին դուրս էր շպրտել լեռնանցքներից և այդպիսով զգալիորեն աջակցել խաչակիրների առաջխաղացմանը։ Վերջիններս կարողանում են ճիշտ գնահատել ոչ մեծ, սակայն ռազմավարական առումով կարևոր դիրք ունեցող իշխանության տիրոջ երկուստեք նպաստավոր օգնությունը, որը նրանց հնարավորություն է տալիս արագորեն ավարտել Կիլիկիայի գրավումը: Անտիոքի պաշարման ընթացքում սովահարության եզրին հայտնված խաչակիրներին պարեն մատակարարելով՝ Կոստանդինն էլ ավելի է ամրապնդում իր դիրքերը: Ի նշան շնորհակալության՝ խաչակիրները հայ իշխանին բարոնի տիտղոս են շնորհում:

Ռազմավարությունը

Խաչակրաց արշավանքի ընթացքում արտակարգ նպաստավոր դիրքում հայտնված Ռուբինյան իշխանությունը փորձում է օգուտներ քաղել ստեղծված իրադրությունից: Հարցն այն է, որ Կիլիկիայի բոլոր կարևոր ամրությունները թյուրքերից գրավելով՝ խաչակիրները շտապում էին հեռանալ և միանալ դեպի Ասորիք շարժվող գլխավոր ուժերին: Փոքրաթիվ կայազորներ են թողնվում Կիլիկիայի միայն գլխավոր քաղաքներում: Ալեքսիոս Կոմնենոս կայսրը ձգտում է օգտվել Անտիոքում խաչակիրների ժամանակավոր անհաջողություններից:

Գործի դնելով բյուզանդական դիվանագիտության բոլոր հնարքները՝ կայսրը կարճ ժամանակում հսկողություն է հաստատում թյուրք հրոսակներից մաքրված Կիլիկիայի մեծ մասում: Այդ ժամանակ, բոլորի համար անսպասելի, խաչակիրների և բյուզանդացիների քաղաքական բարդ «խաղին» միջամտում է նաև Կոստանդինը, որը խորամանկ հարվածով 1098թ. գրավում է Վահկա բերդը: Հայ իշխանի ռազմավարությունն այնքան համարձակ էր, որ սկզբնապես անորոշության մեջ է գցում ոչ միայն բյուզանդացիներին, այլև խաչակիրներին:

Ակնհայտ էր, որ երկու կողմի համար էլ ժամանակավորապես ձեռնտու չէր, գլխավոր խնդիրներից շեղվելով, ռազմական գործողություններ սկսել Կիլիկիայի լեռներում ամրացած ոչ մեծ իշխանության դեմ: Կոստանդինը կազմել էր իր ծրագիրը` ելնելով հետևյալ նկատառումներից. Բյուզանդացիները, նախքան Կիլիկիայում գերիշխանություն հաստատելը, հսկողության տակ պետք է առնեին Փոքր Ասիայում թյուրքերից հետ գրաված զգալի տարածքներ: Իրադրությունը վերահսկելու նպատակով նրանք ոչ մեծ կայազորներով ընդամենը ձգտում էին պահպանել Դաշտային Կիլիկիայի կարևորագույն հանգույցները:

Հետևաբար, նրանք ամեն կերպ խուսափելու էին նոր հակամարտությունից: Քանի դեռ Ասորիքի թշնամական միջավայրում շարունակվում էր Անտիոքի պաշարումը (հնարավոր է, որ դրանից հետո էլ), խաչակիրները կախվածության մեջ էին լինելու Կիլիկիայից ուղարկվող պարենից և չէին համարձակվի սրել հարաբերությունները Կոստանդինի հետ: Այդպիսով, գրեթե բացառվում էր հայերից Վահկան հետ խլելու և բյուզանդացիներին վերադարձնելու համար խաչակիրների Կիլիկիա վերադառնալու տարբերակը:

Հաղթանակը

Որոշվում է գործել սրընթաց և վճռական հարձակումով: Լինելով երկրամասի առավել անմատչելի և մեծ ամրոցներից մեկը՝ Վահկան հեռու էր Դաշտային Կիլիկիայի բանուկ ճանապարհներից: Հետևապես, ամրության գրավումը չէր վտանգում ո՜չ Բյուզանդիայի, ո՜չ էլ խաչակիրների կենսական շահերը: Այս առումով համառ դիմադրության ցուցաբերման հավանականությունը նվազում էր: Բացի այդ, կայազորն այնքան փոքրաթիվ էր, որ բյուզանդացիների իշխանությունը Վահկայում գրեթե ձևական էր:

Հայոց զորամասերի արշավանքը սրընթաց էր ու անսպասելի: Ռազմերթն ուղեկցվում էր հակառակորդին մոլորեցնելու և ռազմական խորամանկության տարրեր պարունակող մարտավարական հնարքների կիրառումով: Արդյունքում` հակառակորդը վերջնականապես զրկվում է դիմադրելու կարողությունից և հանձնվում:

Հաղթանակի ամրագրումը

Հաղթանակի նշանակությունն ընդգծելու և Վահկան պահելու վճռականու- թյունը ցուցադրելու նպատակով Կոստանդինն այն դարձնում է իր նստավայրը` այստեղից էր սկսվելու իշխանության ընդարձակումը: Միևնույն ժամանակ, հայ իշխանը գիտակցում էր, որ Կիլիկիան հայկական իշխանության ներքո միավորելու ձգտումը պետք է «դիվանագիտական» հիմնավորում էլ ստանա: Առիթը սպասել չի տալիս: Թլպաշարի տեր Ժոսլին Կուրտենցին խնդրում է Կոստանդինի դստեր ձեռքը:

Հայ իշխանը, որը Վահկայի կորստից վրդովված Ալեքսիոս կայսեր դեմ սպասվող պայքարում միայնակ չմնալու նպատակով ևս փնտրում էր խաչակիրների զինակցությունը, համաձայնություն է տալիս այդ ամուսնությանը: Ստեղծված անկայուն իրավիճակում Կոստանդին իշխանի և Ժոսլին Կուրտենցու մերձեցումն ու խաչակիրների հակաբյուզանդական պայքարին միանալը հայոց դիվանագիտության հաջողություններից են: Այսպիսով, Վահկայի գրավումը և դիվանագիտական մտածված քայլերը դարձան Կիլիկիայի հայկական իշխանության ռազմական հզորացման կարևոր մեկնակետը։

Տեղեկանք.

«Կիլիկիայի պատմության մեջ իսկապես անկախ միակ պետությունը ծնունդ է առել միայն ԺԱ դ. վերջում, իսկ ԺԲ դ. վերջում դարձել է Կիլիկիայի հայկական թագավորություն: Շրջապատված Բյուզանդիայով, Ասորիքի լատինական պետություններով, մոնղոլներով ու մահմեդական աշխարհով՝ այն կարևոր քաղաքական դեր էր խաղալու Արևելքում»:

Կ. Մութաֆյան, Կիլիկիան կայսրությունների խաչմերուկում, էջ 21

Facebooktwitterredditpinterestlinkedinmail