«Հայ հասարակութեանը մեղադրել անհանդուրժողականութեան մէջ՝ ազնիւ չէ». ատրպէյճանագէտ Անժելա Էլիբեկովա

08 ՆՈՅԵՄԲԵՐ 2018 – ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՇԽԱՐՀ:

– Ինչ երկխօսութեան մասին է խօսքը, երբ մի կողմն ասում է ընկերութիւն անենք, իսկ միւս կողմը ասում է՝ ես քեզ կը սպանեմ

Եթէ նոյնիսկ Ատրպէյճանի իշխանութիւնն այսօր դադարեցնի իր՝ հայատյեացութեան քաղաքականութիւնը, դպրոցական ծրագիրը մաքրի պատմական փաստերի խեղաթիւրումից, մամուլը դադարի քարոզել հայատյեացութիւն, միևնոյնն է, պէտք է լինելու 1-2 սերունդ, որ մաքրուի այդ հայատյեաց աշխարհընկալումը

– Երբ ապրիլեան պատերազմի ժամանակ մեր զինուորի կտրած գլուխը պտտում էին ատրպէյճանական գիւղերով ու նրա հետ նկարւում, սելֆի անում, սա նոյնպէս ատրպէյճանական հասարակութեան վերաբերմունքի մասին է խօսում

– Ինչ-որ խմբեր, փորձում են իրենց տեսակէտը մեզ հրամցնել: Սա ինձ համար ուղղակի անհանգստութեան առիթ է, քանի որ վստահ եմ, որ նրանք կէս տարի յետոյ հասարակութեան մի շերտի համոզելու են, որ հողերը յանձնենք, սահմանը բացենք ու հանգիստ ապրենք։

Վերջին օրերուն ընկերային ցանցերու վրայ շրջանառութեան մէջ դրուած հայ եւ ատրպէյճանական կողմերու միջեւ երկխօսութեան եւ հանդուրժողականութեան մասին տեսակէտերու շրջածիրին մէջ, Հայաստանի մեր պաշտօնակից «Երկիր»ը հարցազրոյց կատարեց ատրպէյճանագէտ եւ Հարաւային Կովկասի աշխարհաքաղաքական փորձագէտ Անժելա Էլիբեկովայի հետ

Ատրպէյճանում խաղաղասիրական ծրագրեր իրականացնողները տարիներ շարունակ մեզ հայտնի են եղել որպես հայատյեացութիւն քարոզող մարդիկ: Այս մասին լրագրողներին ասաց ատրպէյճանագէտ Անժելա Էլիբեկովան՝ անդրադառնալով վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող` «խաղաղասիրութեան» թեմայով խլրտումներին:

Նրա խօսքով՝ խաղաղասիրական փլաթֆորմն Ատրպէյճանում ամբողջովին վերահսկւում է տեղի իշխանութեան կողմից ու թէև ներկայացւում է որպէս խաղաղասիրական ծրագիր, բայց քարոզչական նպատակներ ունեն: Ըստ Էլիբեկովայի՝ իրական խաղաղասիրական ծրագրերը, որոնք մինչ օրս Ատրպէյճանը ցանկացել է իրականացնել, տապալուել են: «Հիմա հերթը հասել է Ատրպէյճանի կողմից վերահսկուող քարոզչական նշանակութեան նախագծերին, ինչը մեզ համար բաւականին վտանգաւոր իրավիճակ է ստեղծում: Ատրպէյճանը փորձում է միջազգային հարթակում իր քայլերը ներկայացնել դեպի խաղաղութեանը տանող քայլեր, որը հայկական կողմը չի ընդունում: Մենք, ի հարկէ, փորձում ենք բացատրել, որ դա կեղծ օրակարգ է, բայց Ատրպէյճանը բաւականին մեծ գումարներ է ծախսում «խաղաղասիրական ծրագրեր»ի վրայ»,- ասաց Էլիբեկովան:

Հայաստանում նոյնպէս, ըստ նրա, վերջին շրջանում խաղաղասիրական ծրագրեր են ի յայտ եկել, որոնց օրակարգը նոյնպէս կեղծ է: Ատրպէյճանագէտի խօսքով՝ վերջին օրերին մեզ մօտ, օրինակ, հնչում են Ատրպէյճանցիների հետ ընկերութիւն անելու: «Հայկական կողմից ատրպէյճանցիների հետ շփման որևէ արգելք երբևէ չի եղել, խնդիրը միշտ եղել է ատրպէյճանական կողմից, որտեղ նոյնիսկ հայկական ազգանունով մարդկանց մուտքն է արգելուած: Այսինքն՝ մեր հասարակութեան ներսում կոչ անել նման թեմաները՝ հիմք չունեցող օրակարգ է, քանի որ մենք երբևէ ատրպէյճանցիների հանդէպ խտրական վերաբերմունք կամ ակրեսիա չենք դրսևորել: Ընդհակառակը՝ Ատրպէյճանը ցանկացած միջազգային կոնֆերանսի երիտասարդներ ուղարկելիս միշտ նրանց հետ յատուկ ծառայութիւնների մի աշխատակից է ուղարկում, իսկ մենք չունենք նման խնդիր», -ասաց Էլիբեկովան:

Նրա խօսքով՝ հասկանալի չէ՝ ինչու են փորձում մեզ մօտ խաղաղասիրական կոչեր անել: Բացի այդ, ըստ ատրպէյճանագէտի, Հայաստանում մի խումբ մարդիկ ևս մէկ կեղծ օրակարգ են առաջ քաշում. դրանք այն պնդումներն են, որ Ատրպէյճանում ամբողջ հասարակութիւնը չէ, որ ատում է հայերին: «Այո, Ատրպէյճանում կան փոքրաթիւ մարդիկ, որ հայատյեաց չեն, բայց փաստ է, որ Ատրպէյճանը պետական մակարդակով շարունակում է քարոզել հայատյեացութիւն՝ մամուլից մինչև դպրոցական գրականութիւն: Այսինքն՝ երբ ազատում են Ռամիլ Սաֆարովին, Ատրպէյճանական հասարակութիւնը չի դատապարտում այդ քայլը, դեռ մի բան էլ հերոսացնում են նրան ու մասսայական խանդավառութեամբ նշում այդ քայլը: Երբ ապրիլեան պատերազմի ժամանակ մեր զինուորի կտրած գլուխը պտտում էին ատրպէյճանական գիւղերով ու նրա հետ նկարւում, սելֆի անում, սա նոյնպէս ատրպէյճանական հասարակութեան վերաբերմունքի մասին է խօսում»,- ասաց Էլիբեկովան:

Ըստ ատրպէյճանագէտի՝ եթէ մենք խօսում ենք երկխօսութեան մասին, պէտք է հաստատենք, որ առաջին հերթին խնդիրն ատրպէյճանական հասարակութիւնում է, ոչ թէ այստեղ, քանի որ այստեղ ոչ ոք ատրպէյճանցի զինուորի կտրուած գլխի հետ չի նկարւում: Էլիբեկովայի խօսքով՝ հայ հասարակութեանը մեղադրել անհանդուրժողականութեան մէջ՝ մի փոքր ազնիւ չէ այս դէպքում, մանաւանդ՝ երբ գիտենք, որ հակառակ կողմից մեծացել ու շարունակւում են մեծանալ հայատյեացութեամբ լցուած սերունդներ: «Եթէ նոյնիսկ Ատրպէյճանի իշխանութիւնն այսօր դադարեցնի իր՝ հայատյեացութեան քաղաքականութիւնը, դպրոցական ծրագիրը մաքրի պատմական փաստերի խեղաթիւրումից, մամուլը դադարի քարոզել հայատյեացութիւն, միևնոյնն է, պէտք է լինելու 1-2 սերունդ, որ մաքրուի այդ հայատյեաց աշխարհընկալումը, և նոր միայն հնարաւոր կը լինի նրանց հետ շփման ինչ-որ եզրեր գտնել: Իսկ մեր հասարակութիւնն այդ խնդիրը չունի, մենք զգօն ենք, ի հարկէ, ոչ այնքան զգօն, որքան ես կուզէի տեսնել՝ ատրպէյճանցիների հետ շփման առումով»,- ասաց Էլիբեկովան:

Նա յաւելեց նաև, որ ատրպէյճանական կողմից խաղաղութեան գնալու որևէ միտում չկայ, և պէտք չէ մեզ մեղադրել ատրպէյճանական հասարակութեան մէջ գոյութիւն ունեցող խնդիրների համար: «Չգիտեմ, թէ հիմա ինչ երկխօսութեան մասին կարող է խօսք գնալ, քանի որ սա միակողմանի սիրոյ պէս մի բանի է վերածւում, երբ մի կողմն անընդհատ ասում է՝ եկէք ընկերութիւն անենք, իսկ միւս կողմը պատասխանում է՝ ես քեզ կը սպանեմ: Այստեղ երկխօսութիւն ուղղակի հնարաւոր չէ»,- ասաց Էլիբեկովան:

«Երկիր»ր հետաքրքրուեց, թէ մեզ մօտ վերջին օրերին առկայ խաղաղասիրութեան, Էլիբեկովայի բնորոշմամբ, կեղծ օրակարգը վնասո՞ւմ է մեր վարած քաղաքականութեանը,նա պատասխանեց, որ ոչ թէ խաղաղասիրութեան կոչերն են կեղծ օրակարգ, այլ պատգամները, որոնք տրւում են այդ կոչերի միջոցով: «Մի խումբ երիտասարդների մօտ վրդովմունք է առաջացել, թէ ինչու չեն կարող ընկերութիւն անել ատրպէյճանցիների հետ, իսկ ո՞վ է նրանց խանգարում: Սա ոչ թէ արտաքին քաղաքականութեան վրայ է ազդում, այլ մեր ներսում զգօնութեան վրայ է ազդում:

Այս փուլում ես այս ամէնն ընկալում եմ որպէս հասարակութեան զգօնութիւնը ստուգելու փորձեր, ինչպէս նաև նախապատրաստում ոչ հայանպաստ լուծմանը: Բայց սա չի նշանակում, որ այս ամէնը պետական համակարգում որոշման արդիւնք է կամ պետական քարոզչութեան մաս, այլ ինչ-որ խմբեր են, որոնք ունեն իրենց հետաքրքրութիւնն այդ հարցի շուրջ ու փորձում են իրենց տեսակէտը մեզ հրամցնել: Սա ինձ համար ուղղակի անհանգստութեան առիթ է, քանի որ վստահ եմ, որ նրանք կէս տարի յետոյ հասարակութեան մի շերտի համոզելու են, որ հողերը յանձնենք, սահմանը բացենք ու հանգիստ ապրենք»,- ասաց ատրպէյճանագետը:

Էլիբեկովան համոզուած է՝ Ատրպէյճանում, առանց իշխանութեան կողմից վերահսկուելու, նման փորձերն ուղղակի անհնար են, քանի որ այնտեղ բոլորը գիտեն, որ խաղաղասիրութեան կոչով հանդէս գալը կարող է աւարտուել բանտարկութեամբ, արտագաղթով կամ իրենց սպանութեամբ:

«Երկիր»

horizonweekly.ca

Facebooktwitterredditpinterestlinkedinmail