16 ՆՈՅԵՄԲԵՐ 2018 – ԱՆԴՐԱԴԱՐՁ – ԱՇԽԱՐՀ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ
«alikonline»-ի պատասխանատու խմբագիր
Նոյեմբերի 5-ին Թեհրանում վաղուց էին սպասում: Դեռեւս գարնան սկզբին Իրանի իշխանութիւնների համար յստակ էր, որ Միջուկային համաձայնագրից Միացեալ Նահանգների միակողմանի դուրս գալու մասին նախագահ Թրամփի որոշմանը հետեւելու է հակաիրանական պատժամիջոցների նոր փուլ, որին անհրաժեշտ է նախապատրաստուել:
Այնպէս որ, նոյեմբերի 5-ն անակնկալի չբերեց ո՛չ երկրի իշխանութիւններին, ո՛չ էլ հասարակութեանը: Այս հանգամանքը հիմնականում պայմանաւորուած էր կառավարութեան նախաձեռնած որոշակի քայլերով, որոնք կոչուած էին շուկայում եւ հասարակութեան շրջանում յետպատժամիջոցային առաջին շոքը եւ ցնցումները նուազագոյնի հասցնելու:
Սա, ի հարկէ, դեռ սկիզբն է: Գլխաւոր հարցն, անշուշտ, այնտեղ է, թէ Իրանի կառավարութեանը կը յաջողուի՞ արդեօք պահպանել տնտեսական յարաբերական կայունութիւնը` հնարաւոր ցնցումները նուազագոյնի հասցնելով, թէ՞ ոչ: Հարցին պատասխանելու համար առաջին հերթին անհրաժեշտ է նախ ծանօթանալ Միացեալ Նահանգների սահմանած նոր պատժամիջոցներին, պարզել, թէ դրանք տեսանելի ապագայում ինչպիսի՛ ազդեցութիւն կարող են ունենալ իրանական տնտեսութեան վրայ:
Պատժամիջոցների առանցքն Իրանի տնտեսութեան ողնաշարը` նաւթարդիւնաբերութեան ոլորտն է: Դրանց վերջնանպատակը Իրանի նաւթի վաճառքը զերոյի հասցնել է: Այդ նպատակով էլ թիրախում են յայտնուել բոլոր այն կառոյցները, որոնք ուղղակիօրէն կոչուած են սպասարկելու նաւթարդիւնաբերութիւնը` դրամատնային համակարգը, օդային եւ ծովային փոխադրամիջոցները: Պատժամիջոցների ցուցակում են յայտնուել Իրանի գրեթէ բոլոր դրամատներն ու ելեւմտական կենտրոնները, գլխաւոր օդային փոխադրողը` «Իրան Էր» ընկերութիւնը, եւ ծովային բեռնափոխադրումների «Իրանի Իսլամական Հանրապետութեան նաւային բեռնափոխադրումներ» (IRISL), նաւթային փոխադրամիջոցների հսկայ` «Իրանական ազգային լցանաւային ընկերութիւն» (NITC) կազմակերպութիւնները: Ցուցակում ընդգրկուել են նաեւ IRISL-ի 65 դուստր-ընկերութիւնները եւ նրանց հետ կապուած անձինք: Ընդհանուր առմամբ` Միացեալ Նահանգների ելեւմտական նախարարութիւնը պատժամիջոցներ է սահմանել Իրանի աւելի քան 700 ֆիզիքական անձանց, կազմակերպութիւնների, օդանաւերի եւ նաւերի դէմ:
Հէնց այս հանգամանքն էլ փորձագէտներին ստիպում է ամենալաւատեսական բեմագրութիւնների դէպքում անգամ խիստ զգուշաւոր մօտեցում դրսեւորել, միջնաժամկէտ եւ երկարաժամկէտ կտրուածքով, Միացեալ Նահանգների պատժամիջոցների նկատմամբ Իրանի տնտեսութեան, այսպէս կոչուած, դիմադրողականութեան հզօրութեան նկատմամբ: Չմոռանանք, որ Միացեալ Նահանգների պատժամիջոցների առաջին փուլի գործադրումից յետոյ, ընդամէնը մի քանի ամսուայ ընթացքում, իրանական ազգային արժոյթը` ռիալը, արժեզրկուել է միանգամից 70%-ով, իսկ սղաճի ցուցանիշն աճել է` հասնելով 40%-ի: Հէնց սա էլ կտրուկ նուազեցրել է հասարակութեան գնողականութիւնը` լուրջ դժգոհութիւնների պատճառ դառնալով:
Միացեալ Նահանգների նպատակը միանշանակ է` արտաքին եւ ներքին ճնշումների, տնտեսական փլուզման արդիւնքում հասնել Իրանի վարչակազմի քաղաքականութեան 180 աստիճանով շրջադարձի:
Բայց սա դեռ միայն Միացեալ Նահանգների ցանկութիւնն ու մետալի ընդամէնը մէկ կողմն է: Միւս կողմն, անշուշտ, Իրանի ցանկութիւնն ու պատժամիջոցների դէմ պայքարելու հնարաւորութիւնն է:
Չմոռանանք, որ նոյեմբերի 5-ին, Միացեալ Նահանգների պատժամիջոցներին ընդառաջ իր ելոյթում, նախագահ Հասան Ռուհանին յայտարարեց, որ պաշտօնական Թեհրանը շրջանցելու է Միացեալ Նահանգների պատժամիջոցներն ու շարունակելու է վաճառել իր նաւթը: Ոչ պակաս ուշագրաւ ու կարեւոր էր նաեւ նրա ելոյթի այն հատուածը, որում նա յստակօրէն խօսեց Իրանի քաղաքական յաղթանակի մասին:
Հարց է առաջանում` ինչո՞վ էին պայմանաւորուած նախագահ Ռուհանիի նման յայտարարութիւնները: Հակընդդէմ ի՞նչ խաղաքարտեր է փորձում խաղարկել Իրանը:
Պատժամիջոցների վերաբերեալ յայտարարութեանը զուգահեռ` Ուաշինկթընում յայտարարեցին, որ դրանք ժամանակաւորապէս չեն վերաբերի Յունաստանին, Հնդկաստանին, Իտալիային, Թուրքիային, Հարաւային Քորէային, Ճափոնին, Չինաստանին եւ Թայուանին: Սա հէնց այն կարեւոր գործօնն է, որը Թեհրանն համարում է իր գլխաւոր յաղթաթուղթը` պատժամիջոցները շրջանցելու համար:
Սրանից բացի` պէտք չէ աչքաթող անենք կարեւոր եւս մէկ հանգամանք. Թրամփի վարչակազմի սահմանած պատժամիջոցները միանշանակօրէն յարձակողական դրսեւորում են, որոնք որոշակիօրէն հարուածում են նաեւ Միացեալ Նահանգների դաշնակիցների անմիջական շահերին: Դրանք ազդում են Թեհրանի հետ համագործակցող բոլոր երկրների եւ ընկերութիւնների շահերին, իսկ քիչ չեն յատկապէս արեւմտաեւրոպական այն ընկերութիւնները, որոնք չեն ցանկանում զրկուել Իրանի խիստ հեռանկարային եւ շահութաբեր շուկայից:
Գրեթէ միջազգային ցանկացած կազմակերպութիւն կամ ընկերութիւն այս կամ այն կերպ համագործակցում է Միացեալ Նահանգների հետ, ուստի նման պատժամիջոցները պարզապէս մարտահրաւէր են նետում Միացեալ Նահանգների գործընկերներին, իսկ Թեհրանը խիստ ռիսքային խաղադրոյք է կատարել նաեւ այս գործօնի վրայ: Ուաշինկթընը տեսանելի ապագայում նման վարքագծով կարող է կորցնել իր դաշնակիցների վստահութիւնը: Գործընթաց, որի մեկնարկն արդէն ուրուագծւում է:
Այս բարդ պայմաններն էլ խիստ անկանխատեսելի են դարձնում հակադիր երկու կողմերի` Միացեալ Նահանգների եւ Իրանի համար անորոշ ելքով ձգուող այս հակամարտութիււնը:
Մնում է յուսալ, որ հակամարտութեան մաշողական ընթացքը կողմերին կը ստիպի վերջապէս առանց նախապայմանների մօտենալ բանակցութիւնների սեղանին: Դա միանշանակօրէն բխում է երկու պետութիւնների անմիջական շահերից: Չմոռանանք, որ Իրանին իր կաթուածահար տնտեսութիւնը ոտքի հանելու, վաղուց արդէն մաշուած ենթակառուցուածքներն արդիականացնելու եւ տնտեսական կայուն զարգացման պայմաններ ապահովելու համար օդի ու ջրի պէս անհրաժեշտ է արտասահմանեան դրամագլխի ներգրաւումը, ինչը գրեթէ բացառուած է ներկայ պայմաններում: Իսկ տարածաշրջանային հիմնախնդիրների կարգաւորումն էլ Միացեալ Նահանգների համար բացառուած է առանց Իրանի անմիջական եւ ներգործուն մասնակցութեան:
aztagdaily.com/archives/416550