ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ – ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՒ ՆՐԱ ՏԱՐԱՇՐՋԱՆԻ ԿԱՐԵՒՈՐՈՒԹԻՒՆԸ – ՉԻՆԱՍՏԱՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ – ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՒ ՆՐԱ ՏԱՐԱՇՐՋԱՆԻ ԿԱՐԵՒՈՐՈՒԹԻՒՆԸ:

Նոյեմբերի 11-12-ին Պեկինում տեղի ունեցավ «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» վերնագրով գիտաժողով՝ «Միջազգային բարեկամական ընկերությունների չինական ընկերակցության Խաղաղության եւ զարգացման ուսումնասիրությունների կենտրոն»-ի նախաձեռնությամբ, տասնչորս չինացի (Սյու Հաիյան, Լի Շենգ, Ֆենգ Յոնգպինգ, Ճանգ Հոնգ, Յանգ Ջին, Սյու Պոլինգ, Ֆու Յուչենգ, Վանգ Ջիանգ, Վեյ Սյին, Սուն Յուհուա և Վանգ Մինգյե) եւ վեց հայ գիտնականների մասնակցությամբ (Արծվի Բախչինյան, Սուրեն Պարսյան, Գոհար Իսկանդարյան, Արթուր Եղիազարյան, Արարատ Կոստանյան և Հովհաննես Ալեքսանյան)։ Չինաստանի համար առաջին անգամ այս բնույթի գիտաժողովը կյանքի կոչվեց մոտ մեկ տարի տևած նախապատրաստական աշխատանքների, մասնավորապես՝ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող Արարատ Կոստանյանի եւ վերոհիշյալ Կենտրոնի ջանքերի շնորհիվ։

Զեկուցումներն ընթերցվում էին չինարեն եւ հայերեն, որոնք տեղում թարգմանում էր Պեկինում բնակվող հայուհի թարգմանչուհին։
Չինացի գործընկերներից շատերը հայտնում էին, որ Հայաստանի վերաբերյալ բավարար տեղեկատվություն չունեն, ուստիեւ նախապես ներողություն էին խնդրում հնարավոր բացթողումների կամ վրիպումների համար։ Ամեն դեպքում, ակնհայտ էր, որ Չինաստանը Յամենիյան՝ Հայաստանը, դիտում է որպես տարածաշրջանում իր համար առաջնահերթություն ներկայացնող մի երկիր, որի հետ համագործակցությունը եւ գործընկերությունը համարվում է միանգամայն հեռանկարային։ Բոլոր զեկուցողները մասնավորապես շեշտում էին «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության կարևորությունը։

Երկուստեք ցանկություն հայտնվեց նման հանդիպումները դարձնել ավանդական եւ մոտ ապագայում համանման գիտաժողով կազմակերպել Երեւանում։

Ստորև ներկայացնում եմ գիտաժողովում իմ զեկուցումը.

«Հայաստանի գործոնը համաշխարհային քաղաքական վերաձևումների ժամանակ՝ տարբեր դարերում։ Թուրքական ծավալապաշտական գաղափարախոսություններն անցյալում ու ներկայում։ Անվտանգության խնդիրները նոր Հայաստանում»։

– «Հարգելի գործընկերներ,

Հայ ազգը կազմավորվել և ձևավորվել է մի լեռնաշխարհում, որը հայտնի է Հայկական Լեռնաշխարհ կամ Հայկական Բարձրավանդակ անունով։ Այն գտնվում է Փոքր Ասիա թերակղզուց արևելք, տարածվում է Սև Ծովի և Հարավկովկասյան ու Վերին Միջագետքի հարթավայրերի, Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև։ Սույն տարածքում հայ էթնոսի բնիկության մասին են վկայում ժամանակակից հայի և մ.թ.ա. 4-րդ հազարամյակի դամբարաններում հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն։

Հայաստանի տարածքում ցեղային միությունների ու պետական կազմավորումների մասին հիշատակվում են անհիշելի ժամանակներից։ Մ.թ.ա. 2-րդ հազարամյակում հիշատակվում է հզոր Հայասա-Ազզիի, իսկ մ.թ.ա. 1-ին հազարամյակի առաջին կեսում՝ Արարատյան թագավորության կամ Ուրարտուի մասին, որոնք զբաղեցրել են Հայկական լեռնաշխարհի զգալի մասը։ Մ.թ.ա. 2-րդ դարում, Հայկական Լեռնաշխարհը միավորվեց մեկ պետության մեջ, որը պատմության մեջ հայտնի է Մեծ Հայք անունով։

Իր աշխարհագրական դիրքից ելնելով՝ Հայկական Լեռնաշխարհը հանդիսացել է աշխարհաքաղաքական, մշակութային և առևտրատնտեսական խաչմերուկ՝ Արևմուտքի և Արևելքի միջև, Հայաստանով է անցել հայտնի «Մետաքսի ճանապարհը», որի արդյունքում, տարբեր դարերում, Հայաստանն հայտնվել է տարբեր նվաճողների ուշադրության կենտրոնում, դարձել կռվախնձոր երբեմնի գերտերությունների ՝ Պարսկաստանի, Հին Հռոմի, Բյուզանդիայի, Արաբական խալիֆաթության, Օսմանյան կայսրության, Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Կրել է Ալեքսանդր Մակեդոնացու, հռոմեացիների, պարսիկների, արաբական, մոնղոլական և վերջապես՝ թյուրքական մեծ արշավանքների կործանարար հետևանքները։ Այդ ամենի արդյունքում՝ Հայաստանը բաժանվել է տարբեր մասերի, բազմիցս կորցրել պետականությունը ու կրկին վերականգնել։ Ուժեղ հայկական պետականությունը պարբերաբար պատվարի դեր է խաղացել Եվրոպայից Ասիա, Ասիայից Եվրոպա՝ արվմուտքից արևելք, արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ, հարավից հյուսիս արշավող նվաճողների դիմաց, կասեցրել կամ թուլացրել է նրանց կործանիչ ուժը։

11-րդ դարում Հայկական լեռնաշխարհի սահմաններին սկսեց կուտակվել նոր կործանիչ ուժ. թյուրքական սելջուկ-օղուզների ռազմատենչ քոչվորական ցեղերը։ Արաբների հասցրած հարվածների, այնուհետև՝ բյուզանդացիների անխոհեմ քաղաքականության արդյունքում թուլացել էր այդ ժամանակաշրջանի՝ Բագրատունիների հայկական թագավորությունը։ 1047թ.-ին սելջուկ-թուրքերն առաջին անգամ ներխուժեցին Հայաստան՝ հետախուզական ասպատակություն իրականացնելով։ Ավելի ծանր հետևանքներով՝ ներխուժեցին երկրորդ անգամ՝ թափանցելով ավելի խորը՝ ընդհուպ մինչև Բյուզանդիայի սահման։

Հասկանալով մահաբեր վտանգը՝ Բյուզանդական կայսրությունը 1071թ.-ին, 3-րդ արշավանքի ժամանակ, հայկական Մանազկերտ քաղաքի մոտ փորձեց կանգնեցնել թյուրքերի առաջընթացը։ Բայց, բյուզանդական բանակում ծառայող բազմաթիվ թյուրքական ցեղերի դավաճանության՝ ցեղակից նվաճողների կողմն անցնելու արդյունքում՝ կրեց ջախջախիչ պարտություն, որից հետո թյուրքերը վերջնականապես ներխուժեցին ու հաստատվեցին Անատոլիայում, գրավելով Բյուզանդիայի գրեթե ողջ փոքրասիական տարածքները, իսկ 1453թ.-ին, գրավելով վերջին հենակետը՝ Կոստանդնուպոլիս մայրաքաղաքը՝ հիմնեցին Օսմանյան կայսրությունը։ Հայաբնակ հայկական լեռնաշխարհի մեծագույն մասը նույնպես նվաճվեց և վերածվեց կայսրության մի քանի վիլայեթի։

Օսմանցիների վարած բռնի ու խտրական քաղաքականության արդյունքում նոսրանում էր հայ բնակչությունը. Սպանվում էին, արտագաղթում, բռնի կրոնափոխ արվում, թուրքացվում։ Կայսրությունը նվաճված ինչպես հայերի, այնպես էլ մյուս քրիստոնյա ազգությունների արական սեռի երեխաներից ստեղծում էր հատուկ դաստիարակված ու դաժան բանակ, որոնք հայտնի են «ենիչերիներ» անունով և նրանց միջոցով հնազանդեցնում նույն ազգերին։

19-րդ դարավերջին Օսմանյան կայսրությունը սկսեց թուլանալ։ Ենթակա շատ ազգեր սկսեցին ազգային-ազատագրական պայքար մղել՝ անկախանալու համար։ Սուլթանական իշխանությունը, պահպանելու համար կայսրության համար՝ ծնունդ տվեց վերազգային կրոնական նոր գաղափարախոսություն՝ պանիսլամիզմը։ Փորձում էին կրոնի շուրջ համախմբել կայսրության մահմեդական ազգերին, որոնց միջոցով՝ ենթարկել քրիստոնյա ազգերին։ Որոշ ժամանակ անց, բացի քրդերից, լուրջ հաջողություններ չունենալով մյուս մահմեդական, մասնավորապես արաբալեզու ազգերի մոտ, ծնունդ են տալիս նոր գաղափարախոսությունների՝ պանօսմանիզմին ու պանթուրքիզմին։ Այս նոր գաղափարախոսությունը սուլթաններից ժառանգեցին ու փորձեցին զարգացնել սուլթանական իշխանությունը տապալած «դեմոկրատ» ուժերը, որոնք պատմությանը հայտնի են «երիտթուրքեր» անունով։

Օսմանիզմի ու պանթուրքիզմի էությունն հասկանալու համար անհրաժեշտ է նախ անդրադառանալ այն ձևավորող պատմական իրավիճակին: Սուլթան Աբդուլ Համիդի օրոք Օսմանյան կայսրությունը հայտնվեց կործանման եզրին: Հսկայական չափերի հասավ արտաքին պարտքը, լայն ծավալներ ընդունեցին ազգային-ազատագրական շարժումները, երկրի վրա մեծ ազդեցություն ունեին տերությունների դեսպանները, որոնք տարբեր պատրվակներով անընդհատ միջամտում էին կայսրության ներքին գործերին, սուլթանի հետադեմ ֆեոդալական վարչակարգը արգելակում էր երկրի առաջընթացին:

Այդ ամենը դժգոհություն էր առաջացնում թուրքական բարձրացող բուրժուազիայի շրջանում, որոնք հայտնի էին երիտթուրքեր անունով: Նրանք ստեղծել էին «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը: Սուլթանական վարչակազմը համատեղ ուժերով տապալելու համար 1907թ. դեկտեմբերին Փարիզում համաձայնություն կնքեցին երիտթուրքերը, հայկական, հրեական, արաբական և մակեդոնական կազմակերպությունները: 1908թ. հուլիսին Մակեդոնիայում Նիազի և Էնվեր բեյերի գլխավորությամբ ապստամբեց բանակը և իրականացրեց պետական հեղաշրջում: Օսմանյան կայսրությունում հաստատվեց սահմանադրական միապետություն:

Համիդի իրավունքները սահմանափակվեցին, իշխանության լծակներն անցան երիտթուրքերին: Նրանք խոստանում էին հավասար պայմաններ ստեղծել կայսրության բոլոր ժողովուրդների համար, բարելավել նրանց վիճակը: Հայերը խանդավառությամբ ընդունեցին երիտթուրքերի խոստումները, սակայն շուտով խորը հիասթափություն ապրեցին:

Իշխանության գալով՝ երիտթուրքերը որդեգրեցին օսմանիզմի գաղափարախոսությունը: Նրանք ցանկանում էին կայսրության բոլոր ժողովուրդներին ձուլել մեկ` օսմանյան ազգի մեջ: Հայտարարեցին, որ Օսմանյան կայսրության բոլոր հպատակներն օսմանցիներ են և պետության առաջ հավասար են` առանց կրոնական ու ազգային խտրականության: Նրանք հայտարարում էին, թե իբր այդպիսով ժամանակի ընթացքում կստեղծվի միասնական լեզու և մշակույթ:

Միասնական լեզվի տակ, անշուշտ, նրանք հասկանում էին թուրքերենը: Մինչդեռ օսմանիզմի քաղաքականության իրական նպատակն էր ձուլել մյուս ազգերին թուրքերի հետ, վերջ տալ ազգային-ազատագրական շարժումներին և ամրապնդել կայսրությունը: Սակայն այդ քաղաքականությունն ի սկզբանե դատապարտված էր ձախողման: Կայսրության ոչ միայն քրիստոնյա ժողովուրդները, այլև մահմեդական արաբներն ունեին ազգային բարձր ինքնագիտակցություն և նրանց ձուլումը բնականաբար հանդիպեց լուրջ ընդդիմության:

Օսմանիզմը բացասաբար ընդունեցին նաև թուրքերն ու մյուս մահմեդականները, քանի որ դրանով վերանում էր նրանց նախկին արտոնյալ վիճակը, իսկ ոչ մահմեդական ռայաները հավասարվում էին իրենց, ինչը հակասում էր շարիաթի օրենքներին: Անհաջողության մատնվելով օսմանիզմի քաղաքականության հարցում՝ երիտթուրքերը որդեգրեցին պանթուրքիզմի գաղափարախոսությունը:

Սակայն 21-րդ դարի սկզբին, երբ Թուրքիայի իսլամական կողմնորոշում ունեցող քաղաքական էլիտան արտաքին քաղաքականության նոր ռազմավարությունում նախապատվությունը տվեց նեոօսմանիզմին (Neo-Osmanlicilik), այդ գաղափարախոսությունն աստիճանաբար դարձավ ներքին և արտաքին քաղաքականության առանցք։ Պետական նպատակաուղղված քարոզչությունն այսօր նեոօսմանիստական տրամադրություններ է ձևավորել հասարակության տարբեր շերտերում։ Հասարակությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում պատմաֆանտաստիկ գեղարվեստական «Օսմանյան հանրապետություն» ֆիլմի հանդեպ, որը պատմում է օսմանյան սուլթանի իշխանության ներքո գտնվող Թուրքիայի մասին:

Երիտասարդների շրջանում ընդունված է ենիչերիների պատկերներով և «Կայսրությունը պատասխան հարված կհասցնի» մակագրությամբ վերնաշապիկներ կրելը: Անցյալը քաղքենիական պատկերացումներում ներկայանում է որպես Pax Ottoman-ի «ոսկե դար», երբ Միջերկրական ծովում իշխում էին խաղաղությունը, հանգստությունը, բարգավաճումն ու կրոնական հանդուրժողականությունը: «Եվ այդպիսի տրամադրությունները նպաստում են, որպեսզի Եվրոպան չընդունի Թուրքիային եվրոպական հասարակության մեջ»:

Նեոօսմանիզմի կենսագործման համար կարևոր է նաև իսլամական, մասնավորապես՝ արաբական երկրներում համապատասխան տրամադրությունների ձևավորումը, որի ուղղությամբ նույնպես տարվում է նպատակաուղղված քաղաքականություն։

Գաղափարախոսությունն «արտահանվում» է ինչպես թուրքական «սփյուռք», այնպես էլ արաբական երկրներ։ Նշանակալի իրադարձություն էր 2010թ. հունվարին թուրքական բուհում «նեոօսմանյան» նախաձեռնություն իրականացնելու Արդարություն և զարգացում կուսակցության և բարձրագույն կրթության խորհրդի միջև ձեռք բերված համաձայնությունը, որով անվճար հիմունքներով Թուրքիայի համալսարաններ են ընդունվելու արաբական երկրների, մասնավորապես՝ սիրիացի ուսանողներ։ Այսօր էլ այդ գաղափարի կյանքի կոչելու համար՝ աշխատում են Թուրքիայում հայտնված սիրիացի փախստականների շրջանակում։

Նեոօսմանականության աշխարհաքաղաքական հայեցակարգի գլխավոր ճարտարապետն է համարվում Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն։ Այս գաղափարախոսության գլխավոր նպատակներն արտացոլված են նրա «Խորքային ռազմավարություն» աշխատությունում։ Սակայն գաղափարախոսության ակունքները գնում են մինչև Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալը, որի կարծիքով՝ երկրի բնակիչներին և բալկանյան մուսուլմաններին համախմբողն իսլամն է, որոնց մեկ ընդհանուր պետության գաղափարի շուրջ կարող է միավորել նորովի մշակված գաղափարախոսությունը։ Օզալը չի նշել, թե որ գաղափարախոսությունն է ի վիճակի լուծել նման խնդիրներ, սակայն ակնարկվում էր օսմանականության գիրկը վերադառնալու Թուրքիայի ձգտումը։

2009թ. Դավութօղլուն հայտարարեց, որ իր երկիրն իրականացնում է նեոօսմանիզմի քաղաքականություն. «Կա ժառանգություն, որը թողել է Օսմանյան կայսրությունը: Մեզ անվանում են «նեոօսմաններ»։ Այո, մենք «նեոօսմաններ» ենք։ Հարկադրված ենք զբաղվել հարևան երկրներով և գնում ենք նույնիսկ Աֆրիկա: Մեծ տերությունները շփոթված հետևում են դրան»։ Այնուհետև Դավութօղլուն հստակեցրեց, որ Թուրքիան չի սահմանափակվելու մեկ գաղափարի իրականացմամբ, այլ իրար պետք է հաջորդեն Թուրքիայի ծավալապաշտական մյուս գաղափարախոսությունները. «Օսմանյան կայսրությունը մեր պատմության մի մասն է, իսլամը՝ մեր մշակույթի տարրերից մեկը։ Արևմտաեվրոպական ուղղվածությունը մեր պատմական փորձն է, թյուրքիզմը՝ գլխավոր շարժումը»:
Պանթուրքիզմ. Պանթուրքիզմը ծնունդ էր առել Ռուսաստանի թյուրքալեզու ժողովուրդների մոտ, որոնց նպատակն էր ազատագրվել օտար տիրապետությունից, թուրքական ժողովուրդներին համախմբել միասնական պետության մեջ, որը ձգվելու էր Բալկաններից մինչև Սիբիր ու Չինաստան: Այդ գաղափարն իրականացվելու էր միակ անկախ թուրքական պետության` Օսմանյան կայսրության աջակցությամբ և գլխավորությամբ: Պանթուրքիզմի գաղափարախոսները առաջարկում էին թուրքալեզու բոլոր ժողովուրդների ընդհանուր և պարտադիր լեզու դարձնել Պոլսի թուրքերենը, քարոզել թուրքերի փառավոր անցյալն ու մշակույթը:

Օսմանյան կայսրության մեջ թուրքերը քրիստոնյա ժողովուրդներից հետ էին մնում ոչ միայն սոցիալ-տնտեսական ու մշակութային, այլև ազգային ինքնագիտակցության, ինքնաճանաչման, ազգային գաղափարների զարգացման մակարդակով: Բավական ժամանակ պահանջվեց թուրքերի մեջ ազգային «եսը» ձևավորելու համար: Պանթուրքիզմը ռասիստական, շովինիստական գաղափարախոսություն էր: Այն փորձում էր ապացուցել, որ թուրքական էթնոսը բարձր է կանգնած մյուս ժողովուրդներից և ստեղծված է իշխելու համար:

Պանթուրքիստները նշում էին, որ Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի բոլոր առաջնորդները սերում են թուրքական ռասայից:

Մարդկային քաղաքակրթության բոլոր նվաճումները վերագրում էին թուրքական էթնոսին: Սեփական ռասայի գովերգումը ինքնանպատակ չէր, այն հիմքեր էր նախապատրաստում հետագա անհեթեթ հավակնությունների համար:

Պանթուրքիզմն իրականացվելու էր երեք փուլով. թուրքիզմ, օղուզականություն, թուրանիզմ. Առաջին փուլում թուրքացվելու էր Օսմանյան կայսրությունը (այն, փաստորեն, նախատեսում էր ոչնչացնել արևմտահայությանը, ինչն էլ հիմնականում իրականացվեց 1914-1923թթ.-ին, որը հայտնի է Հայոց Ցեղասպանություն անվամբ), երկրորդ փուլում միավորվելու էին օղուզ թուրքերը (օսմանյան թուրքերը, Հյուսիսային Պարսկաստանի ու Անդրկովկասի թուրքալեզու մահմեդականները) և թուրքմենները:

Այս փուլում կամ ամբողջությամբ ոչնչացվելու էին նաև արևելահայերը կամ նրանց մի մասը և Արևելյան Հայաստանից գրավվելու էին նվազագույնը Կարսը, Արդահանը, Սուրմալուն, Նախիջևանը, Զանգեզուրը և Ղարաբաղը, որպեսզի կապ ստեղծվեր Ադրբեջանի հետ: Վերջին փուլում միավորվելու էին բոլոր թուրքալեզու ժողովուրդները, որոնք բնակվում են Ռուսաստանում, Միջին Ասիայում և Չինաստանում:

1910-1911թթ. Սալոնիկում տեղի ունեցած ընդհանուր ժողովների ժամանակ «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը: Կայսրության մահմեդական ժողովուրդները պետք է թուրքացվեին, իսկ քրիստոնյաները` ոչնչացվեին: Ապա Թուրքիային էին միացվելու Իրանական Ադրբեջանը, Կովկասը, Ղրիմը, Թաթարստանը, Միջին Ասիան, Սիբիրը, Թուրքմենստանը, Մանջուրիան, և ստեղծվելու էր մեծ Թուրանը:

Երիտթուրքերը նշում էին, որ եթե սուլթանները նախկինում ձուլած կամ ոչնչացրած լինեին հպատակ ժողովուրդներին, ապա կայսրությունը չէր բռնի քայքայման ուղին: Պանթուրքիզմի ծրագրի իրականացման ճանապարհին էր գտնվում Հայաստանը, և հայ ժողովուրդը դարձավ դրա առաջին զոհը: Իշխանությունները թուրք բնակչության մեջ սկսեցին հրահրել ամենավայրենի շովինիզմ ու հայատյացություն, կոչ էին անում քանի դեռ ուշ չէ թուրքացնել Անատոլիան, իսկ հայերին ոչնչացնել: Այսպիսով, պանթուրքիզմի ազգայնական, ռասիստական, ծավալապաշտական գաղափարախոսությունը իր սուր ծայրով ուղղված էր հայ ժողովրդի դեմ և հանդիսացավ Մեծ եղեռնի գլխավոր գործոններից մեկը:

Ժամանակակից Թուրքիայում պանթուրքիզմը ևս վերածնունդ է ապրում, նորովի մեկնությամբ՝ նեոպանթուրքիզմը։ Պանթուրքիզմը հզոր գործիք էր ԱՄՆ-ի համար ընդդեմ Խորհրդային Միության։ Սակայն վերջինիս փլուզումից հետո, երբ Թուրքիայի՝ թյուրքախոս ազգերին համախմբելու փորձերն ավելի ռեալ հարթության մեջ դրվեցին, դա ԱՄՆ-ին անհանգստանալու տեղիք տվեց։ Թեև ամերիկյան քաղաքական շրջանակները դեռ օգտագործում են պանթուրքական (ույղուրական) գործոնը՝ այն ուղղելով գլխավորապես Չինաստանի դեմ, որն այսօր կարող է մրցակցել ԱՄՆ-ի հետ։

Պանթուրքիստների գլխավոր նպատակը թյուրքախոս ժողովուրդներին մեկ ընդհանուր պետության մեջ ընդգրկելն է՝ հաշվի չառնելով նրանց աշխարհագրական տարածման սահմանները, մշակութային տարբերությունները։

Այս գաղափարախոսության իրականացման ճանապարհին առաջնային է համարվում թյուրքական էթնոսի համախմբումը՝ Չինաստանից մինչև Ադրիատիկ ծով։ Կարևորվում է նաև տնտեսական գործոնը, որն այդ համախմբմանը տալիս է ավելի ընդգծված բնույթ, քանի որ Միջին Ասիայի նավթային պաշարները՝ «թուրանական նավթը», Թուրքիայի էներգետիկ խնդիրների լուծման ճանապարհն են։

Նեոօսմանների և նեոպանթյուրքիստների միջև բավական մեծ տարաձայնություններ կան, քանի որ վերջիններիս համար հիմնական նշանակետը էթնիկական գործոնն է, որը համախմբում է թյուրքախոս ժողովուրդներին, այլ ոչ թե կրոնականը (սեմական արաբներ, բալկանյան մուսուլմաններ)։ Անգամ այս տարաձայնության պարագայում նեոօսմանները պանթյուրքիզմը դիտում են որպես այլընտրանքային ճանապարհ, օսմանիզմին հետևող, այն լրացնող գործոն, որոնց վերջնանպատակն է դառնալու թուրքական եվրասիականությունը։

Ահա, թե ինչ են գրում նորօրյա պանթուրքիստները. «Խորհրդային Միության փլուզումը 1991 թ. պայմաններ ստեղծեց պանթուրքական շարժման վերակենդանացման համար: Այլևս Թուրքիան միակ անկախ թուրքական պետությունը չէր: Ուզբեկստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը, Կիրգիզստանը և Ղազախստանը ազատագրվեցին գաղութային տիրապետությունից: Նույն տարում Կազանում հիմնադրվեց Թուրքական Ժողովուրդների Համագումարը, մի իրադարձություն, որը որպես կարևոր հիմնաքար պետք է դիտել պանթուրքիզմի պատմության մեջ, որովհետև դա նշանն է շարժման հաստատութենական սկզբնավորման:

Մինչև 1991 թ., պանթուրքիզմը գոյություն ուներ միայն որպես մեկ գաղափարախոսություն: Թուրքական ժողովուրդների համագումարի հիմնադրմամբ՝ գոյացավ առաջին պանթուրքական կազմակերպությունը: Այժմ ԹԺՀ-ն թուրքական պետությունների մայրաքաղաքներում գումարում է կանոնավոր ժողովներ, և նրա անդամները ներկայացնում են թուրքական ազգերի ու ցեղային խմբերի մեծ մասը:

Շարժումը զարգացման ի՞նչ հեռանկար ունի: Անվիճելի է, որ պանթուրքիզմը հանդիպելու է Թուրքական աշխարհի շրջակա երկրների թշնամությանը և դիմադրությանը: Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Բուլղարիան, Հունաստանը և Աֆղանստանն ունեն ուշադրության արժանի թուրքական փոքրամասնություններ և թուրքերի միավորման որևէ շարժում դիտելու են որպես սպառնալիք՝ իրենց տարածքային ամբողջականության դեմ: Արևմտյան երկրների մեծ մասը նույնպես թուրքերի դեմ պատմականորեն ձևավորված ընկալումների պատճառով՝ սարսափելու է: Այս թշնամությունների և կանխակալ ընկալումների պատճառով՝ պանթուրքիզմը պարտավոր է որդեգրել դանդաղ և զգուշավոր գործելակերպ. այն, ինչ կոչվում է «թլփատման սկզբունք» (Principle of circumcision):

Թլփատման ընթացքում երեխայի ուշադրությունը շեղելու նպատակով՝ նրան զբաղեցնում են խաղալիքներով և քաղցրավենիքներով: Երբ անխուսափելին տեղի է ունենում, լացելու կամ դիմադրելու համար արդեն բավականին ուշ է լինում: Այս տրամաբանությամբ թուրքական ազգերը շարժման առաջին հանգրվանում խորհրդատրելի է շեշտը առավելաբար դնեն թուրքերի մշակութային, հասարակական և տնտեսական կապերի վրայ: Քաղաքական նպատակները կարող են հետաձգվել մինչև շարժման մյուս փուլը, երբ տնտեսական և մշակութային համակրումն արդեն կայացել է: Երկրորդ փուլի ընթացքում քաղաքական ամրակայումը պետք է դառնա առաջնահերթություն, բայց պետք է սահմանափակւի թուրքական վեց անկախ պետություններով:

Երբ թուրքական վեց անկախ պետությունների քաղաքական ամրակայման որոշակի աստիճան ձեռք բերվի, թուրք ժողովուրդները, որոնք դեռևս մնացել են գաղութատիրության ճնշման ներքո, պետք է դառնան ուշադրության կենտրոն՝ գերագույն նպատակ ունենալով թուրքական բոլոր ժողովուրդների ազատագրումն ու նրանց քաղաքական միավորումը: Սա ընդգրկում է Ռուսաստանի (թաթարներ, բաշկիրներ, յակուտներ և այլն), Չինաստանի (ույղուրներ), Իրանի (ադրբեջանցիներ)) և այլ երկրների թուրքական փոքրամասնություններին:

Պանթուրքիզմի մեկ այլ կարևոր երեսը Թուրքիայի դերն է: Թուրքիայի ծավալապաշտությունը Արևմուտքի և Ռուսաստանի կողմից միշտ դիտվել է կասկածով: Հետևաբար՝ թուրքական համակրման նախնական փուլում նպատակահարմար է չշեշտել Թուրքիայի առաջնորդող դերը՝ քաղաքական տեսակետից, փոխարենը՝ շեշտել Թուրքիայի առաջնորդության մշակութային երեսը:

Վերջապես, կարևոր է փոխել պանթուրքիզմի մասին պատկերացումը՝ աշխարհում: Պատճառ չկա անտեսելու պանթուրքիզմի նկատմամբ թշնամական վերաբերմունքը: Գաղութատիրական ճնշումից թուրքական ժողովուրդների ազատագրության նպատակը և մշակութային, քաղաքական ու տնտեսական միավորումը ազնիվ նպատակ է, որը յուրաքանչյուր բարոյական մարդ պետք է պաշտպանի»: Սա մի հատված էր նրանց խոսքից ու նպատակից։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, օգտվելով պատերազմող գերտերությունների «անուշադրությունից», Օսմանյան կայսրությունից մնացած Անատոլիայի և հայաբնակ Հայկական Լեռնաշխարհի վրա, թուրք ազգի պետություն ստեղծելու նպատակով, իրականացրած հայկական ջարդերի արդյունքում, ամբողջությամբ հայաթափվեց հայերի պատմական բնօրրանի մեծագույն մասը՝ Արևմտյան Հայաստանը։

1918թ.-ին, Արևելյան Հայաստանի մի մասի վրա, դարեր անց հայությունը կրկին անկախություն նվաճեց և ծնունդ առավ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը։ 2,5 տարի անց, հայտնվելով ռուսական մուրճի ու թուրքական սալի արանքում՝ Հայաստանը խորհրդայնացավ, իսկ 1922թ.-ից մինչև 1991թ.-ը, միութենական հանրապետության կարգավիճակով՝ ընդգրկվեց ԽՍՀՄ կազմում։

Արևելյան Հայաստանի մի մասը, թուրք-բոլշևիկյան համաձայնության արդյունքում՝ ապօրինաբար բռնակցվեց Ադրբեջանի ԽՍՀ-ին։

Բռնակցված տարածքներից երկուսում՝ Նախիջևանում և Լեռնային Ղարաբաղում (Արցախում) հայությունը ստացավ ինքնավար հանրապետության և մարզի կարգավիճակ։ ԽՍՀՄ տարիներին, Ադրբեջանն ամբողջությամբ հայաթափեց Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, մասնակիորեն՝ Լեռնային Ղարաբաղը։ Պանթուրքական ծրագրերից ելնելով՝ Թուրքիան մի մեծ տարածք զիջեց Իրանին՝ Նախիջևանի հետ 9 կմ-ոց սահման ունենալու համար։ Այսպիսով, Թուրքիան ու Ադրբեջանը իրարից բաժանված էին մնում Հայաստանի հարավային մասում ընդամենը 37 կմ-ոց տարածքով։

1991թ.-ին Հայաստանն անկախացավ, իսկ ԽՍՀՄ-ը՝ փլուզվեց։ Ադրբեջանը փորձեց ֆիզիկական ոչնչացման ճանապարհով արագ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հայաթափումը, ինչպես մինչ այդ՝ 1988-1990թթ.-ին արեց ողջ Ադրբեջանում։ Բայց հանդիպեց Արցախի ու ողջ հայության դիմադրությանը։ 1991-1994թթ.-ի ընթացքում հայ-ադրբեջանական պատերազմի արդյունքում՝ Արցախը ձեռք բերեց անկախություն։ Թուրքիան ամբողջությամբ սատարելով ցեղակից Ադրբեջանին՝ տնտեսական շրջափակման ենթարկեց Հայաստանի Հանրապետությանը՝ նախապայման դնելով Արցախի բռնակցումը Ադրբեջանին։

Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները, ելնելով պանթուրքական ծրագրի երկրորդ՝ օղուզական փուլից, չեն թաքցնում և հրապարակային հայտարարում են, որ իրենք մեկ ազգ են՝ երկու պետություն։ Եվ նրանց ծավալապաշտական պանթուրքական ծրագիրը վիժեցնում են Հայկական պետականությունները՝ սեպի պես փակելով նրանց ճանապարհը՝ իրագործելու վաղեմի երազանքը՝ թուրքալեզու բոլոր երկրների ու տարածքների սահմանակցումն իրար հետ՝ Ադրիատիկ ծովից մինչև Չինաստան ու Ալթայ։

Այնպես որ, թուրքիզմը, որպես գաղափարախոսություն, երբևէ հետընթաց չի ապրել և կարող է օգտագործվել տարածաշրջանային անկանխատեսելի փոփոխության դեպքում։ Ցայտուն օրինակ է Իրաքյան վերջին պատերազմը, երբ ազգայնական ուժերը, այդ թվում և ուլտրազգայնական գեներալները, քարոզչական և ռազմական օգնություն ցուցաբերեցին իրաքյան թուրքմեններին։ Իսկ Սիրիական, ինչպես նաև 2016թ.-ի Արցախի ապրիլյան քառօրյա պատերազմում, իրենց նպատակների համար օգտագործեցին ազգությամբ ադրբեջանցի և Թուրքիայում մարզված ույղուր պանթուրքական և պանիսլամական ծայրահեղական զինված խմբավորումներին։

Հայոց հզոր պետականությունն ու բանակն այն երաշխիքն են, որը կանխում է Թուրքիայի ծավալումը դեպի արևելք, չկրկնվելու համար այնպիսի իրադարձություն, ինչպիսին 1071թ.-ին տեղի ունեցավ Մանազկերտի դաշտում, երբ քայքայված հայկական պետության պարագայում՝ չկարողացան թուրքերի արշավանքը կասեցնել բյուզանդական իշխանությունները …

Կարծում եմ այսքանով պարզ է, որ Հայաստանի պետականության թուլացումը, Արցախի կորուստը, ինչպես նաև՝ Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիս-արևմտյան ադրբեջանաբնակ նահանգների անջատումը կհանգեցնի նրան, որ ողջ թյուրքական ու թյուքախոս տարածքները կսահմանակցեն՝ իրենց հետագա հետևանքով։

Շնորհակալություն ուշադրության համար»։

Արթուր Եղիազարյան-www.facebook.com/photo.php?fbid=10218317541037959&set=pcb.10218317470556197&type=3&theater

Facebooktwitterredditpinterestlinkedinmail