Իրանցի գիտնական.- «Ադրբեջանը պատմութիւնը խեղաթիւրելու գործընթացը երեք ուղղութեամբ է իրականացնում»

Իրանցի գիտնական.- «Ադրբեջանը պատմութիւնը խեղաթիւրելու գործընթացը երեք ուղղութեամբ է իրականացնում»

Երկուշաբթի, 20 Հուլիսի 2015 08:40

«Ադրբեջանը պատմութիւնը խեղաթիւրելու գործընթացը երեք ուղղութեամբ է իրականացնում»,-այդ մասին իրանական «Արաննիւզ.իր» կայքի հաղորդմամբ յայտարարել է «Արան» հետազօտական կենտրոնի ղեկավար, քաղաքական աշխարհագրութեան մասնագէտ Մոհամմադռեզա Քաֆաշ Ջամշիդը:

Իրանցի գիտնականը Թաւրիզի համալսարանում «Ադրբեջանի՝ հակաիրանականութեան հիման վրայ պատմութիւնը խեղաթիւրելու քաղաքականութիւնը» թեմայով կազմակերպւած գիտական կոնֆերանսում ունեցած ելոյթում առանձնացրել է Բաքւի կողմից պատմութիւնը խեղաթիւրելու երեք ուղղութիւն:

Ա- Գրքեր, որոնք գրում են օտարազգի հետազօտողներն Ադրբեջանի պատւէրով: Այդ գրքերի շարքում կարելի է առանձնացնել Գրեմ Վլիսոնի հեղինակած «Իլհամ. նախագահի դիմանկարը» գիրքը:

Բ- Գրքեր, որոնք գրում են Ադրբեջանական Հանրապետութեան բարձրաստիճան պաշտօնեաները: Այստեղ կարելի է առանձնացնել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիեւի հեղինակած գրքերը:

Գ- Գրքեր, որոնք պատրաստւում են հանրակրթական դպրոցների աշակերտների համար: Այս շարքում առանձնացւում է «Աթա Իւրդու» (Պապերի հայրենիք) գիրքը:

Իրանցի հետազօտող Քաֆաշ Ջամշիդը յատկապէս ուշադրութիւն է հրաւիրում այս վերջին ուղղութեան վրայ՝ մտահոգութիւն յայտնելով, որ այս գիրքը նախատեսւած է 5-րդ դասարանի աշակերտների համար:

«Այս գիրքը զուրկ է գիտական որեւէ հիմնաւորումից, եւ այնտեղ տեղադրւած են աննախադէպ ծաւալի հակաիրանական բովանդակութեամբ նիւթեր: Յատկապէս մտահոգիչ է այն հանգամանքը, որ այս գրքի շնորհիւ Իրանն ադրբեջանցի երիտասարդների շրջանում կարող է թողնել արնախումի եւ մարդասպանի համբաւ»,- նշել է իրանցի հետազօտող Մոհամմադռեզա Քաֆաշ Ջամշիդը:

Նկատենք, որ մշակութային եւ պատմական հարցերի շուրջ Իրանի եւ Ադրբեջանի յարաբերութիւններում վերջին տարիներին լուրջ տարաձայնութիւններ են առաջացել: Ըստ իրանական կողմի՝ Ադրբեջանը բացի իրանցի բանաստեղծ Նիզամի Գեանջաւիին, Նադեր շահին «ադրբեջանցի» ներկայացնելուց՝ իւրացնում է նաեւ իրանական մշակութային արժէքները, ինչպիսիք են՝ թառ երաժշտական գործիքը, ճոկան (Polo) մարզախաղը, «Եալդայի գիշերւայ» (Շաբ-է Եալդա) տօնը» եւ այլն, ինչն էլ յարուցում է իրանցի պաշտօնեաների եւ արւեստագէտների դժգոհութիւնն ու զայրոյթը:

«panorama.am»

www.facebook.com/arevmdyankrasenyag/photos/a.792180184158490/940029592706881/?type=3&theater

Facebooktwitterredditpinterestlinkedinmail