17 Նոյեմբերի 2018, Հասարակություն:
Երեկ Ազգային Ժողովում մերժվեց Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգությունն ապահովելուն ուղղված օրենքի նախագիծը, միաժամանակ չընդունվեց Մայր Աթոռի տարածքում չարտոնված հավաքներ անցկացնելու մասին նախագիծը:
«Այս թեման մտահոգում է, որովհետև եկեղեցին ես չեմ դիտարկում պարզապես եկեղեցի: Այն ազգային արժեք է, անկախ նրանից՝ աթեիստ ես, թե ոչ, հավատքի որ ուղղությանն ես պատկանում»,- «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդման ժամանակ, անդրադառնալով վերոնշյալ հարցին, ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի անդամ Արթուր Եղիազարյանը:
Նա նշել է, որ Դաշնակցության խմբակցությունն ամբողջությամբ կողմ է քվեարկել այդ օրենսդրական այդ նախագծին:
«Եկեղեցին մեր պատմության և մեր էության մի մասն է: Մեր հանրության մեծ մասը հայ եկեղեցու հետևորդ է: Խոսքը կաթողիկոսի պաշտպանությանը չի վերաբերում, այլ՝ եկեղեցու ինստիտուտին»,-ասել է ՀՅԴ ԳՄ անդամը:
Նրա խոսքով՝ տարբեր անձանց կողմից վերջերս միտումներ կան ազգային արժեքների վրա գրոհելու, որը, ըստ նրա, վատ հետևանքներ կարող է ունենալ:
«Պետք է հաշվի առնել, որ մենք ժամանակավոր զինադադարի մեջ գտնվող երկիր ենք: Երբ մենք դուրս ենք գալիս փողոց, չպետք է մոռանանք, որ ամեն րոպե կարող է իրավիճակը փոխվել: Սա հաշվի առնելով՝ պետք է մեր տեսակի, մեր արժեքային համակարգին տեր լինենք: Տա Աստված՝ խաղաղություն լինի, հարևան երկրները լինեն բարեկամ երկրներ, միգուցե շատ հարցերի այդ ժամանակ կարողանանք այլ կերպ նայել: Բայց մենք մեր Հայրենիքի մեծ մասը կորցրել ենք: Այսօրվա Հայաստանը մեր Հայրենիքի մեկ տասներորդն է, և ազգային համակարգն է այն միջուկը, որ պետք է պահի այն»,-ընդգծել է Արթուր Եղիազարյանը՝ շեշտելով, որ ազգային համակարգը ոչ մի կերպ չպետք է խոցելի լինի:
yerkir.am/news/view/160589.html