Մահիր Օզքան. Համշենի լեռներից, գետերից և ծովից լսվող ձայնը

14 հունվար 2016 – Նաիրա Հայրապետյան:

Համշենի լեռերուն, կեդերուն, ձովերուն հեքիաթներե Հայաստանի ծեն կուգա, մեր սիրդերնիս, ծեր սիրդերուտ գաբ էլլի…

Համշենցի Մահիր Օզքանին առաջին անգամ հանդիպել եմ 2008թ. Երևանում, երբ գործընկերներիս հետ կազմակերպում էի Համշենի մշակույթին և պատմությանը նվիրված շաբաթ Հայաստանում: Այդ ընթացքում ներկայացվեց ցուցահանդես, գիտաժողով և առաջին անգամ կայացան  համշենական «Վովա» խմբի համերգները:

Հայաստանում առավել հաճախ սկսեցին խոսել ու քննարկել Համշեն աշխարհի առասպելական գոյության, ծպտյալ հայերի, նրանց ծագման ու ինքնության հարցերը: Ցավոք, մեծ մասամբ դրանք պտտվեցին ու կանգ առան՝ «Դուք ձեզ հայ համարու՞մ եք, թե՞ ոչ» հարցի կողքին:

Մահիրը ոչ լուսանկարիչ էր, ոչ լրագրող, ոչ գիտնականների խմբի անդամ, ոչ էլ երաժիշտ, բայց լսելով այդ նախագծի մասին՝ շտապել էր միանալ Հայաստան եկող խմբին, քանի որ այս այցելությունը բացառիկ և անակնկալ  հնարավորություն էր իր համար: Նա ևս, շատերի նման, գալիս էր իրեն ու հայրենակիցներին տարիներ, դարեր շարունակ տանջող հարցի պատասխանը փնտրելու՝ «Ո՞վ ենք մենք»:

Այս այցելությունը ինքնաճանաչման դժվար ու ցավալի մի ճամփորդություն էր, որը, ինչպես հետո ինքն ասաց, շատ բան փոխեց Մահիրի կյանքում: Ես համառորեն նրան Մհեր էի անվանում, իսկ նա ժպտում էր և ասում՝ «այո, Մհեր»:

Վերադարձին նա իր հետ ավանդական հուշանվերներից բացի, տարավ հայերեն գրքեր, ձայնագրություններ, իսկ որոշ ժամանակ անց իմացա, որ բարելավում է իր հայերենը, զբաղվում է Համշենի բանահյուսությամբ, հավաքում և փրկում է ժողովրդական հեքիաթներ, մանիներ, օրորոցային երգեր, ասացվածքներ, որոնք ժամանակ առ ժամանակ սկսեցին տպագրվել «ԱԿՕՍ» թերթում, հնչել ռադիոկայաններից մեկում և Համշենի մշակույթը ներկայացնող մի ինտերնետային բլոգում։

Հետո ֆեյսբուքում նրա անվան ներքո կարդացի նրա հայկական անունը՝ Մհեր Բեքարյան: Մհերն այն համշենցիներից է, ովքեր բացահայտ հաստատում են իրենց հայկական ինքնությունը: Նրան վստահաբար կարելի է համարել համշենական մտավորականության ներկայացուցիչ: Ներկայումս զբաղվում է մանկավարժությամբ, բանահավաքչությամբ և դասավանդում է դպրոցում: Թուրքական և հայկականմամուլում հաճախ են տպագրվում Մահիր Օզքանի հրապարակախոսական հոդվածները, որոնք անդրադառնում են համշենցիների ինքնության խնդիրներին, մշակույթի և լեզվի պահպանությանը:

«Ես առաջ մա, չկիդեմ թա շատ բիձիգ էի (պստիկ), աշխարհըս կիդեի լազեր գոն (կան), համշենցիներ գոն, ու ուրիշ մարդ չգո ու համշենցիներն ալ թուրք ին:,ասում էր Մհերը,-  Հիմի կիդիմ՝ աշխարհս ասման չէ(այսպես չէ). հոզա(հոս-այստեղ) Կրասնոդարին համշենցիներին խոսումը (խոսքը, լեզուն) մեր խոսումիս բես ա, դեսա, անոնց հետ շատ լավ հասկցանք (իրար Ն. Հ): Հայերեն յոթ օր խոսելով՝ քիչ մը լավ աղավ(եղավ) ինձի համար»:

Տարիներ առաջ Մհերի այս տպավորություններից մենք զրուցում էինք հայաստանյան մի քանի վայրեր այցելելուց հետո: Խումբը եղել էր նաև Ծիծեռնակաբերդում: Աշխարհը փոքր էր ավելի, մինչ այդ, և սահմանափակվում էր լազեր, համշենցիներ, քրդեր և թուրքեր ծնող մի հսկա երկրի տարածքում. այդպես էին սովորեցրել նրանց:  Նա խորապես ազդվել էր Ծիծեռնակաբերդից: Թանգարանում տեսածն ու լսածը՝ խառնվելով կոմիտասյան մեղեդիներին,  հավերժական կրակի մոտ խոնարհել էին նրան՝ լուռ, ալեկոծ, ականջներում՝ կրակի տակից լսվող մարդկային ձայները:

«Գիագին դագնան(կրակի տակից) երգիներ կուգար, կիդե՛ս  որդեղե, անդեղեն ես, միտքես էյև (այնտեղից ես մտքումս կամ մտածում էի) գնգդիքը, մարդիկը հողին դագնան (տակից) մեզի ծեն(ձայն) գուդան՝ գասին «Մեք հոզա իք»: Ես անդաղ աս հասկցա. հեդս աս ալ դանող ում (տանելու եմ) Թուրքիա»:

Մահիր Օզքանին այս անգամ հանդիպեցի Ստամբուլում: Մի խումբ հայ լրագրողներով «Հրանտ Դինք» հիմնադրամի «Հայաստան-Թուրքիա լրագրողների երկխոսություն» ծրագրի նախաձեռնությամբ այցելել էինք «Արաս» հրատարակչատուն: Այն Թուրքիայում կարևոր գործունեություն է իրականացնում՝ թարգմանելով և հրատարակելով գրքեր, որոնք արժեքավոր են փակ  դռների տակ դեռևս պահվող գրականությամբ, ուստի նաև վերոնշյալ երկխոսության տեսանկյունից: Հենց այստեղ էլ իրականացվել էին վերջերս լույս տեսած «Համշենյան պատմվածքներ. համշեցնակ հեքիաներ» գրքի հրատարակչական աշխատանքները, հեղինակ՝ Մահիր Օզքան:

Այս ժողովածուի մեջ ընդգրկված պատմությունները իրենց մեջ ամփոփում են աշխարհից հեռու և աշխարհի մեջ թաքնված համշենցիների կյանքը, կենցաղը, լեզվամտածողությունն ու այս ամենի մեջ դեռևս ապրող մշակույթը: Նա հավաքել և գրել է երկու տասնյակից ավելի հեքիաթներ, պատմվածքներ, որոնց մեծ մասը լսել է համշենցի մոմիներից (մոմի՝ համշենի բարբառով նշանակում է մեծ մայր):

Մահիր Օզքանի հայերենն այս ընթացքում ակնհայտորեն լավացել էր, Համշենի բարբառի, իր սովորած արևմտահայերենի ու արևելահայերենի միաձուլումից ստացված մի յուրահատուկ հայերենով էլ նա պատասխանում էր հարցերին:

«Համշենին դիալեքթը հայերենեն քիչ մը տարբեր է. ես հիմի խոսելես արևելքահայերենով թա, արևմտահայերենով թա, համշեներենով թա… ես չկիդիմ, բոլորն ալ իրար խարնվաձ ին: Հայաստան մեկ (մի անգամ) շաբաթ մը գացի, հեդև (հետո)հինգ օր ալ գացի, անդեղ հայերեն քիչ մը խոսեցա: Իյեք օր (երեք օր) Բեյրութ գնացի (Բեյրութ կիրքը (գիրքը) ելավ հեդև, կիրքի համար գնացի), անդաղ ալ խոսեցա, համշեներենով խոսեցա անոնց մոդն ալ: Գամաց-գամաց խոսիք նա, իրար հասկիինք գու, բայց շուտ-շուտ խոսիք, չէ… (դանդաղ եթե խոսեք, իրար կհասկանանք, բայց արագ՝խոսեք՝ ոչ)»:

Ինչպես պատմեց հեղինակը, իր պատմությունները գրելու ամենամեծ խթանը եղել է «Ակոս»-ի այն  ժամանակվա գլխավոր խմբագիր Սարգիս Սերոբյանի առաջարկը՝ գրել թերթում տպագրելու համար: Հայաստանում անցկացված Համշենի մշակութային շաբաթվա ընթացքում, հյուրանոցում զրույցի ժամանակ Ս. Սերոբյանը նրանից լսում է այդ հեքիաթներից մեկն ու անմիջապես ասում. «Այս պատմությունը գրի առ, մենք «Ակոսում» կտպենք»: Հնչում է Մահիրի զարմացած պատասխանը՝ «Ինչպե՞ս… ասոնք քիյելու (գրելու) հեքիա չեն, ասուշի՝ ասելու հեքիա ին, խոսելու հեքիա ին»:  «Դու գրիր, կլինի»,– ասում է խմբագիրը: Հետագայում այս պատմվածքները, ինչպես նաև բանավոր մշակույթի գրառումները ժողովածու կազմելու հիմք հանդիսացան :

«Սա հեքիաթները իմ մայրիգեն, դադիին դադին (տատի տատից) ինձի հասցված հեքիաներ են և իմ աբրած, իմ  գյանքան (կյանքից)  էգաձ հեքիաներ են»,- ասում է Մհերը: Իսկ երբ առաջին պատմվածք- հեքիաթը տպագրվում է, մեկ շաբաթ անց Ս. Սերոբյանը զանգահարում է Մահիրին և ասում, որ նոր պատմություն գրի և ամեն շաբաթվա համար,- «Անկե ես ինձի դեսա՝ համշեներենով հեքիա կրվի գու (գրվում է), գարելի է. առաջ մը կիդեի՝ համշեներենը խոսելու լիզու ա, կիրուշի՝ կրելով  լիզու չէ»:

Համշենի պատմության ամենահին վկայությունները պատկանում են հայ պատմիչներ Ղևոնդին (8-րդ դար), Հովհան Մամիկոնյանին (7-9-րդ դարեր)  և  Ստեփանոս Տարոնեցի Ասողիկին (10-11-րդ դարեր):  Ըստ այդ վկայությունների և հետագա ուսումնասիրությունների` պատմական Համշենը գտնվում է  ժամանակակից Թուրքիայի հյուսիս-արևելքում,  Սև Ծովը թափվող Ֆորթունա գետի ափին, Խաչքար (Քաչքար) լեռան ստորոտում: 8-րդ դարում, չդիմանալով արաբական տիրապետության ճնշումներին, Մեծ Հայքի Վասպուրական և Այրարատ նահանգներից  շուրջ 12 000 հայ, հայոց Ամատունյաց տոհմի նախարար  Շապուհի և նրա որդու` Համամ իշխանի գլխավորությամբ, գաղթում են դեպի Բյուզանդիա: Կայսր Կոնստանտին  6-րդը սիրով է ընդունում հայ իշխաններին, նվիրում Տամբուր քաղաքը,  ժողովրդին բնակեցնում  բարվոք ու արգավանդ երկրում` Սև Ծովի հարավ-արևելյան մասում:

Համամ Ամատունին  հետագայում վերականգնում է պատերազմից ավերված Տամբուր քաղաքը և իր  անունով կոչում Համամաշեն, այսինքն` Համամի շեն` Համամի քաղաք: Ավելի ուշ քաղաքը ստացավ Համշեն անվանումը, իսկ բնակիչները` համշենցիներ:

Այսպես սկիզբ դրվեց Համշենի հայկական իշխանությանը, որը պահպանեց իր գոյությունը շուրջ 700 տարի: Այն Բյուզանդական, այնուհետև Պոնտական կայսրության կազմում ուներ կիսանկախ դրություն: Պատմաբանների ուսումնասիրությունների համաձայն` մինչ Օսմանյան կայսրության այստեղ հայտնվելը, Համշենի բնակիչները քրիստոնյաներ էին և hայ Առաքելական եկեղեցու հետնորդներ:

Համամ Ամատունու հիմնադրած իշխանությունը կործանվեց 1489թ., երբ Համշենը գրավվեց թուրքերի կողմից: Կրոնական և ազգային անհանդուրժողականություն, իսկ ավելի ուշ`  բռնի կրոնափոխություն, որն իրականացվում էր ամենադաժան մեթոդներով, ջարդ, գաղթի արյունոտ ճանապարհներ և այլն: Մահվան սպառնալիքի մեջ, փրկության ելք որոնելու հետևանքում էլ ոմանք դարձան (և մինչ օրս էլ դառնում են) Հակոբօղլու, Վեզիրօղլու և այլն:

Նկատի ունենալով նաև Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Բերտ Վոքսի ուսումնասիրությունները` այսօր համշենահայությունը թե՛ դավանանքի, թե՛ բնակության վայրի առումով բաժանված է երեք հիմնական խմբի`

1. Արևմտյան համշենցիներ (հեմշիլներ ).  սուննի-մահմեդական, թրքախոս համշենցիներ,  ովքեր հիմնականում բնակվում են Թուրքիայի Ռիզե նահանգում` Հեմշին և Չամըլհեմշին գավառներում: Նրանց անվանում են նաև  բաշ-հեմշիլներ:

2. Արևելյան համշենցիներ (հոմշեցիք). սուննի -մահմեդական, հայախոս համշենցիներ կամ հոփա-համշենցիներ, ովքեր բնակվում են Թուրքիայի Արդվին նահանգի Խոփա և Բորչկա շրջաններում :

3. Հյուսիսային համշենցիներ.  մեր օրերում Վրաստանում, Աբխազիայում և Ռուսաստանում` հիմնականում Կրասնոդարում  ապրող,  օսմանյան շրջանում Համշենից ստիպված հեռացած  հայախոս, քրիստոնյա համշենցիներն են:

Համշենցիների մի մասը (առավելապես  արևմտյան) այսօր իրեն համարում է թուրք ժողովրդի առանձին էթնիկ խումբ և անվանում թուրք հեմշիլի. նրանք հիմնականում մերժում են իրենց հայկական ինքնությունը: Հոփա-համշենցիներից շատերն ընդունում են իրենց հայկական արմատները, սակայն խուսափում են այդ մասին խոսել, մի մասն էլ` իրենց հայտարում է առանձին էթնիկական միավոր` բնորոշ առանձին լեզվով, որին անվանում են «հոմշեցմա», «հոմշեցնակ», «համշեցնակ»: Այսօր հայախոս մուսուլման համշենցիներ կան նաև Ստամբուլում, Անկարայում, Էրզրումում, Ստամբուլի  մոտ գտնվող Սաքարյա նահանգում, Տրապիզոնում,  Ղրղզստանում, Գերմանիայում:

«Համշենցիներու մեջ «մեք (մենք) համշեցի ինք» ասողներ ալ գան, «մեք հայ ինք» ասողներ ալ գան, « թուրք ինք ասողներ» ալ գան. փոլիթիքըլ փրոբլեմ ա: Մարդը  էնտերնացիոնալիստ մարդ կ’ըլլա, սոցիալիստ կամ կոմունիստ կ’ըլլա, թուրք նացիոնալիստ մարդեր ալ գան համշենցիներու մեջ, մուսուլմաններ ալ գան՝ «հայ ինք, թուրք ինք ի՞նչ փան ա, մեք մուսուլման ինք» գասին»,- ասում է Մահիր Օզքանը:

Համշենի բարբառի ու բանահյուսության վերաբերյալ ուսումնասիրությունների մեծ պաշար ունի ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, «Համշեն» հայրենակցական միության փոխնախագահ Սերգեյ Վարդանյանը: Տասնյակ տարիների ուսումնասիրության արդյունքում նա նկատում է, որ այս ասպարեզը մեծ իմաստով դուրս է մնացել մասնագետների հետաքրքրության շրջանակից:  «Որքան էլ տարօրինակ է, համշենցիների բանահյուսությունը, նույնիսկ քրիստոնյաների, չի ուսումնասիրվել:- ասում է Ս.Վարդանյանը,-  Պատկերացրեք, հարյուրավոր համշենցիներ ունենք բանասիրական կրթությամբ, ներառյալ մյուսներիս՝ հայ գիտնականներին, առ այսօր առանձին հատորով չկա որևէ ուսումնասիրություն հրատարակված, որպեսզի տարբեր տարածքներում ապրող համշենահայերի մշակութային ընդհանրությունները հեշտ գտնվեն»:

1980-ականներից սկսած՝ Ս. Վարդանյանը զբաղվում է համշենահայերի բանահյուսությամբ, բարբառի և երգարվեստի ուսումնասիրությամբ, հրատարակել է բազմաթիվ հոդվածներ և բանահյուսական նյութեր, որոնց մեծ մասը տպագրվել են իր իսկ կողմից հրատարակվող « Ձայն համշենական» թերթում: Այս տարիների ընթացքում նա Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում հայտնաբերել է կրոնափոխ համշենահայերի բնակավայրեր, կազմակերպել փոխադարձ այցելություններ:

Վերջին տարիներին ուսումնասիրություններ և բանահավաքչական աշխատանքներ է կատարել Թուրքիայի Խոփա և Բորչկա գավառներում, Էրզրումի և Ռիզեի նահանգների համշենցիների գյուղերում: Համեմատություններ կատարելով նաև ռուսաստանաբնակ, Աբխազիայի համշենցիների հետ, միաժամանակ  նշելով տարբեր փոխազդեցությունները՝ նա ասում է. «Համշենցիների բանահյուսությունը ընդհանրություններ ունի հայաստանցիների, Ղարաբաղի, Ղարադաղի բանահյուսության հետ, բայց չի հավաքվել, չի հրատարակվել… ես հավաքում եմ, իհարկե, բայց դա քիչ է: Հիմնականում մանիները, խաղիկներն են լավ պահպանվել և դրանցով համեմատություններ անելը շատ հեշտ է»:

Այս տեսակետից չափազանց կարևոր է Ս. Վարդանյանի «Կրոնափոխ համշենահայերի բարբառը, բանահյուսությունը և երգարվեստը» գիրքը, որը հրատարակվել է 2009թ:

Համշենցիների կողմից սեփական ինքնությունը պահպանելու ամենամեծ ջանքերն այսօր արձանագրվում են մայրենի լեզուն, պարերը, ծեսերն ու ավանդույթները պահպանելու ոլորտում, որը, հատկապես վերջին տարիներին, արտահայտվում է Համշենի բարբառով երգերի վերածնման և տարածման տեսքով:  Այդ արտահայտություններից մեկն էլ  Մահիր Օզքան-Մհեր Բեքարյանի «Համշենյան պատմվածքներ. համշեցնակ հեքիաներ» գրքի ծնունդն է: Նա այս ճանապարհով մոռացությունից փրկում և ավելի հասանելի է դարձնում դարեր շարունակ հեռավոր գյուղերում, լեռների մեջ մեկուսացած, ծովին, անձրևին  ու քամուն ունկնդրող մարդկանց պատմությունները: Երկու մասից բաղկացած գրքի առաջին հատվածում հեղինակը երկու էջին զուգահեռաբար պատմվածքները ներկայացնում է համշենի բարբառով՝ լատինատառ և թուրքերեն թարգմանությամբ: Երկրորդ հատվածում արդեն հայերենատառ համշենի բարբառն է՝ արևմտահայերեն շարադրանքով և մեկնաբանությամբ:

«Մեգը թուրքերեն խոսի գու՝ համշեներեն չքիդա (չգիտի), մեգը համշեներեն խոսի գու, բայց հայ տառեր չքիդա, մեգն ալ՝ Ռուսիայի, Աբխազիայի քրիստոնյա համշենցիներ, հայ տառերով գարթալ գային (կարող են), բայց թուրքերեն չքիդին:-ասում է Մհերը,- Անու ամա (Այդ պատճառով՝ անոր համար ) թուրքերեն խոսողներուն համար՝ թուրքերեն, լատին տառերով՝ համշեներեն խոսողներուն համար և հայ տառերով համշեներեն (հայերեն կարդացողների համար Ն.Հ.). ասման քիրք մը աղավ»:

Մահիր Օզքանը «Համշենյան պատմվածքներ. համշեցնակ հեքիաներ» գիրքը նվիրել է իր մոր հիշատակին` «Համշենցիների մոմի (մեծ մայր)` Արտելեցի Սութիին, որ հարյուրավոր տարիների իր գանձը ինձ փոխանցելով՝ օգնեց, որպեսզի ես ե՛ս լինեմ»:

Գրքից բազմաթիվ օրինակներ հեղինակը նվիրել է տարբեր երկրներում ցրված համշենցիներին ու այս մշակույթով հետաքրքրվող մարդկանց:

«Ռուսաստան, Մոսկվա գնաց, համշենցիներու աբրաձ դաղերն(տեղերը) գնաց՝ Տրապիզոն, Ռիզե, Խոփա, Արդվին, Ստամբուլ, Իզմիր, Անկարա…  Մոսկվայի համշենցիները միություն ունին, անոնք ալ ուզեցին, անդեղ էլ գնաց, Սոչի գնաց, Հայաստանի ընգերներին, աբխազիայի համշենցիներին ալ ղրգեցա»:

«Ջատուի հեքիաներ՝ 1.Մոմի, 2. Աղջիկ 3. Հալիվոր», «Արջի հեքիա», «Մեկ սունով պատ էլլի չի», «Դադրած», «Հելվա ու հաց», «Սև ծովուն անեծքը» և այլն: 24 հեքիաթներից և պատմվածքներից բաղկացած այս ժողովածուն ասես նախշազարդ գորգ լինի՝ հյուսված մորթված ու հարություն առած, խեղված ու նոր գույն առած հնագույն բառերից: Ահա մի գունավոր կտոր՝

«Լեռնուքե (լեռները) վախի հէքիա անկուջ դենուշե (ականջ դնելը/մտիկ ընելը) շատ սէֆալի կ’էլլի (հաճելի կ’ըլլայ): Լեռնօուն (լեռներուն) աթմոսֆէրե վախի հէքիանօուն շատ ումիշ գու գա (հէքեաթներուն շատ յարմար կու գայ): Ալենթիրիք չկօ (չկայ): Թէլէվիզիոն, գոմբութէր չկօ: Անու համա (անոր համար) ալ, լեռինե մարդիկե ույնցման (իրենցմէ) հեռու հէքիանիյե սէյր էնել չին (հէքեաթները չեն դիտեր): Ույինքե (իրենք) հէքիանօուն մէջե կ’էլլին (հէքեաթներուն մէջը կ’ըլլան): …

Լեռների վրա վախի հեքիաթ/պատմություն լսելը շատ հաճելի է: Լեռների մթնոլորտը վախի հեքիաթներին շատ հարմար է: Էլեկտրականություն չկա, հեռուստացույց, համակարգիչ չկա: Դրա համար էլ՝ լեռների մարդիկ իրենցից հեռու հեքիաթները չեն դիտում, իրենք էլ հեքիաթների մեջ են լինում:

2011թ. ստեղծվեց Թուրքիայում բնակվող համշենցիների «Հատիկ» հայրենակցական միությունը: Այստեղ ընդգրկված անդամները Ստամբուլից են, Անկարայից, Արդվինից և այլն:  «Հատիկը» իր շուրջն է փորձում համախմբել հասարակական, քաղաքական, կրոնական տարբեր հայացքներ արտահայտող համշենցիներին մեկ գաղափարի շուրջ՝ պահպանել համշենական մշակույթը և լեզուն անհետացումից: Տարբեր մշակութային ծրագրերից զատ՝ շուտով կյանքի կոչվեց մեկ այլ նախագիծ՝ համշենական «Գոր» ամսագրի հրատարակումը, որտեղ ևս տեղ գտան Մահիր Օզքանի հրապարակախոսական հոդվածներն ու պատմվածքները:

Մեր հանդիպման օրը Մհերը անհանգիստ էր և շտապում էր, որքան հնարավոր է, շուտ հասնել տուն: «Արաս» հրատարակչության տնօրեն Ե. Թոմասյանը ասաց, որ նա շուտով սպասում է իր առաջին զավակի լույս աշխարհ գալուն:

«Աղջիկդ հայերեն խոսելու՞ է»,- հրաժեշտին հարցնում եմ Մհերին: «Անպայման,- ասում է նա ինքնավստահ ժպիտով, – կինս մակեդոնուհի է, նա դստերս հետ թուրքերեն կխոսի, իսկ ես սովորեցնելու եմ միայն հայերեն»:

Լուսանկարները՝ Ֆիրդևս ՍայլանիՎեֆա Թորոսլուի,  Այնուր ՕզգյուլիՈւֆուք ԹեքսոյՈւֆուք Աքարի,Թուֆան ՔարթալիԶեքա Սաղլամի և Մահիր Օզքանի ֆեյսբուքյան էջից

hetq.am/hy/article/65006?fbclid=IwAR0g5DnLC_l1TYkFliOL8muEvR7Bwbfe3N9mL9-nGXrUE2faQkYNdI9DGYU#.W_BS4EUjcC8.facebook

Facebooktwitterredditpinterestlinkedinmail