
19 ՆՈՅԵՄԲԵՐ 2018 – ԱՆԴՐԱԴԱՐՁ – ՅՕԴՈՒԱԾՆԵՐ:
– ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար:
Պարոն Շիրինյան, ինչպե՞ս եք գնահատում Երևանի և Մինսկի միջև տեղի ունեցած «փոխհրաձգությունը»։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պարզաբանում է պահանջելու Բելառուսի և Ղազախստանի նախագահից, որ ՀԱՊԿ-ում փակ հանդիպման մասին պատմել է Ադրբեջանի դեսպանին։ Իսկ Բելառուսի ԱԳ նախարարն էլ արձագանքել էր. «Նիկոլ Փաշինյանն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել՝ լիազորված պատժելու կամ ներելու։ Երևի պարոն Փաշինյանը չի հասկացել, որ «փողոցային ժողովրդավարության» կանոններն անընդունելի են մեծ քաղաքականության մեջ»։ Փաստորեն ՀԱՊԿ-ում ճգնաժամը խորանո՞ւմ է։
Այո, խորանում է, և դա լավ է այն իմաստով, որ վերջը պետք է պայթեր։ Եվ դա պայթում է այն պարագայում, երբ Հայաստանի վարչապետը միջազգային օրենսդրության և ՀԱՊԿ կանոնադրության շրջանակներում հստակորեն պաշտպանում է Հայաստանի պետական շահերը։ Եվ այս արձագանքը դրա հետ է կապված։ Ես ուզում եմ Բելառուսի դատախազ-ուսուցիչներին, ինչպիսին Լուկաշենկոն է և նրանց ԱԳ նախարարը, հիշեցնել, որ իրենց պետության հիմնադիրը Ալեքսանդր Մյասնիկյանն է, հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկը հիմնադրել է Բելառուսի Հանրապետությունը։ Եվ սա նշանակում է, որ հայ ժողովուրդը դեռ այն ժամանակներից լավագույն քաղաքական միտք, քաղաքական գործիչներ և քաղաքական հոտառություն ունի։ Պարզապես հիմա նրանց պետք է խորհուրդ տանք նմանվեն եվրոպացիներին ոչ թե հագուստով, այլ օրենսդրությամբ և բովանդակությամբ։ Այնպես որ, տագնապելու ոչինչ չկա, այդ կառույցը՝ ՀԱՊԿ-ը, առաջին անգամ տեսնում է Հայաստանի պետական շահերի պաշտպանություն։
Ես դիմում եմ ամբողջ հայությանը, նաև լոբբիստական կառույցներին՝ Վաշինգտոնում, Բրյուսելում, Լոնդոնում, Մոսկվայում և այլուր, որ սատար կանգնեն վարչապետին, ով Հայաստանի պետականությունը բարձրացնում է միջազգային քաղաքականության արժանապատիվ հարթակ։ Թող սովորեն ՆԱՏՕ-ից, թե ինչպես են այնտեղ հարաբերվում, այնտեղ չկա նման բան, կա հստակ կանոնադրություն, կա օրենք, որը գործում է։
Գալով ՀԱՊԿ-ին՝ նշենք, որ ժամկետը Հայաստանինն էր, և իրենց խորհուրդ եմ տալիս՝ Հայաստանի քրեական տարրերին, որոնց վերաբերյալ կա դատարանի սանկցիա, չպաշտպանել։ Խնդիրը նրա մեջ չէ՝ դատարանը կպաշտպանի, թե կմերժի, սա Հայաստանի ներքին գործն է, և Հայաստանը կարող է գլխավոր քարտուղարի պոստում գործուղել յուրաքանչյուրին, ով մասնագիտական պատրաստվածությամբ համապատասխանում է, ով կարող է ներկայացնել այնտեղ որոշակի ժամանակ և կարող է նաև հետ կանչվել։
Բելառուսի ԱԳՆ-ին ուզում եմ մի բան ասել, եթե Բելառուսի ներկայացուցիչը պաշտոնավարման ժամանակ մահանար, ի՞նչ էին անելու, իրենք այդ տեղն ուրիշին էին զիջելո՞ւ։ Եվ հիմա սա Հայաստանի ժամկետն է, և Հայաստանը պետք է օգտագործի այն, և իրենք պարտավոր են Հայաստանի նոր ներկայացուցչին ընդունել այնտեղ, ինչպես ընդունել են նախորդ պաշտոնյաներին։ Ի՞նչն է հարցը, իրենց ինչ գործն է, երբ մենք մեր պաշտոնյային փոխում ենք։
Հայաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցնի Հայաստանի ներկայացուցիչը, մինչև այս հայտարարությունը նա նշում էր, որ բանակցություններ են ընթանում։ Կարո՞ղ ենք ասել, որ արդեն հստակեցվել է Ռուսաստանի հետ, որ հենց Հայաստանի ներկայացուցիչը պետք է զբաղեցնի այդ պաշտոնը։
Անպայման պետք է մերը լինի մինչև ժամկետի ավարտ։ Բելառուսն ո՞ւմն շունն է, որ մեզ պետք է ասի: Իրենք պետք է մտածեն՝ եթե միջազգային մի կառույցի մեջ են, չեն կարող կառույցից դուրս ավելի մոտիկ լինել ուրիշին, քան կառույցից դուրս անդամ երկիրն է, տվյալ դեպքում նկատի ունեմ Ադրբեջանը։ Եվ իրենց հայտարարությունը բացառապես Ադրբեջանի քաղաքականության ենթատեքստում է, ուրիշ ոչինչ, նավթ են ուզում դրա դիմաց։
Բելառուսը ցանկանում է այդ գործարքի ճանապարհով էժան և անհատույց ապրանքներ ստանալ օտար երկրներից, բայց այս անգամ չի ստացվել։ Հայաստանի շահերի հաշվին դա չի լինելու։ Պարզապես կա մի բան, որ նախորդ իշխանություններն այնքան են Հայաստանի վարկանիշը գցել, որ նրանց համար հիմա տարօրինակ է, որ Հայաստանի վարչապետը կարող է իր երկրի շահերը պաշտպանել։
Կարծո՞ւմ եք՝ Ռուսաստանն այս հարցում աջակցելո՞ւ է Հայաստանին։
Օրենքով՝ այո, և մենք պարտավոր ենք միջազգային կանոնադրության շրջանակներում և ինստիտուցիոնալ հարաբերությունների տեսանկյունից առաջ տանել մեր շահը։ Ախպերական հարաբերությունները, ինչպես տեսնում եք, Հայաստանը թողել է պատմության աղբանոցում՝ Սերժ Սարգսյանի հետ միասին։
lragir.am/2018/11/19/396618/





