Արեւմտյան Հայաստանի Հանրապետութան Մամլո հաղորդագրություն

22-11-2018 | Հայաստան | Քաղաքական

Արեւմտյան Հայաստանի Հանրապետութան Մամլո հաղորդագրությունը` Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի տարածքների ապառազմականացման, այնտեղից Թուրքիայի Հանրապետության բռնազավթիչ ուժերը դուրս բերելու վերաբերյալ

Արեւմտյան Հայաստանի Հանրապետութունը (Հայաստան) «Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի տարածքների ապառազմականացման, այնտեղից Թուրքիայի Հանրապետության բռնազավթիչ ուժերը դուրս բերելու վերաբերյալ» իրավական-քաղաքական գործընթաց սկսելու առաջարկով դիմել է ՄԱԿ:

Նշյալ դիմումնագիրը 2018 թ. նոյեմբեր ամսին ուղարկվել է ՄԱԿ:

Հիշեցնենք, որ սույն դիմումնագիրը թվով երրորդն է, նախապես 2018 թ: մայիսին, Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) որոշում էր կայացրել եւ դիմել էր ՄԱԿ՝ անդամակցության, ինչպես նաեւ ԱՄՆ 28–րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրավարար վճիռը կյանքի կոչելու, իրականացնելու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) հաստատումը Իրավարար վճռով սահմանազատված տարածքի վրա:

Ստորեւ ներկայացված դիմումը 2018 թվականի նոյեմբերին ՄԱԿ ուղարկված դիմումնագրի կրճատված ու համառոտագրված տարբերակն է:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Լրատվական Ծառայություն
22 նոյեմբեր 2018 թ.

(Ստորեւ ներկայացված դիմումը 2018 թվականի Նոյեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարին ուղարկված դիմումնագրի կրճատված ու համառոտագրված տարբերակն է)

*****

Դ Ի Մ Ո Ւ Մ

Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի տարածքների ապառազմականացման, այնտեղից Թուրքիայի Հանրապետության բռնազավթիչ ուժերը դուրս բերելու վերաբերյալ

Նկատի առնելով, որ
Ըստ 1918 թ. հոկտեմբերի 30–ին Դաշնակիցների եւ Թուրքիայի միջեւ Լեմնոս կղզու Մուդրոս նավահանգստում կնքված զինադադարի փաստաթղթի 16–րդ հոդվածի նախատեսվում էր. «Հեջասի, Ասիրի եւ Եմենի, Սիրիայի եւ Միջագետքի բոլոր կայազորների հանձնումը դաշնակցային հրամանատարությանը… Թուրքական զորքերի դուրս բերումը Կիլիկիայից», եւ
ըստ նույն փաստաթղթի 24–րդ հոդվածի՝ «Հայկական վիլայեթներից (որեւէ) մեկում անկարգություններ ծագելու դեպքում, դաշնակիցները իրենց վերապահում են նրա մի մասը գրավելու իրավունքը»:

Նկատի առնելով, որ
– ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի համաձայն՝ թուրքական զինված ուժերը պարտավոր էին 1920 թ. նոյեմբերի 22-ից հետո դուրս գալ Արեւմտյան Հայաստանի չորս վիլայեթներից:
– Իրավար վճռով որոշված տարածքների հարցը Սեւրի խաղաղության դաշնագրի 89-րդ հոդվածում ձեւակերպված է այսպես. «Թուրքիան եւ Հայաստանը, ինչպես եւ Բարձր պայմանավորվող կողմերը, համաձայնվում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը եւ ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես եւ այն բոլոր միջոցառումները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանին դեպի ծով ելք տալու եւ հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ»:
– «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի մշտական, զինված, դրական չեզոքության մասին» 2011 թ. մարտի 29-ին ընդունված որոշման համաձայն՝ ինչը նշանակում է, որ թուրքական զինված ուժերը իրավունք չունեն գտնվել նվազագույնը Վիլսոնյան Իրավարար վճռով Հայաստանին հատկացված այդ տարածքներում:

Ինչպես նաեւ նկատի առնելով հարցի նախապատմությունը, երբ
Հայկական Հարցի սկզբնավորումից՝ 1878–ից ի վեր, ճիշտ է այն արդարացի լուծման տակավին չի հանգել, սակայն նույն այդ գործընթացի արդյունքում ձեւավորվել է Հայկական Հարցի արդարացի լուծման եւ hայ–թուրքական հարաբերությունների խաղաղ, քաղաքակիրթ, արդյունավետ եւ վերջնական կարգավորման իրավական–քաղաքական պատկառելի փաթեթ:

Նկատի առնելով, որ
Ինչ էլ լինեն թուրքական կողմի բերած փաստարկերն ու արդարացումները՝ նախկինում Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսային սահմաններին «Եփրատի վահան», ներկայումս՝ «Ձիթենու ճյուղ» հորջորջմամբ Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի ռազմական գործողությունների ինքնակոչ նպատակների վերաբերյալ, իբր թե՝ «ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի», կամ էլ իբր՝ «անվտանգության գոտու ստեղծման» նույնքան կեղծ արդարացմամբ, այդ թվում՝ նույնպիսի հորինված մի պատճառաբանությամբ ներխուժումը Իրաքի Հանրապետության հյուսիսային տարածքներ, ներխուժումը Կիպրոսի Հանրապետության հյուսիսային տարածքներ, Կիպրոսի Հանրապետության մասնատումը, երկրի հյուսիսային տարածքների բռնազավթումը եւ այնտեղ անօրինական Կիպրոսի Հյուսիսային Հանրապետության հաստատումը, միեւնույնն է, մի բան հստակ է. իրականացվել է բացահայտ կամային-քաղաքական որոշում՝ ներխուժում սուվերեն երկրների տարածք: Հետեւությունը միակն է. Թուրքիայի Հանրապետության զինված ուժերն այդ տարածքներում իրավունք չունեին եւ այժմ էլ իրավունք չունեն գտնվելու…:

Հետեւաբար ժամանակը հասունացել է
ողջ քաղաքակիրթ աշխարհի ուշադրությունը հրավիրել Թուրքիայի Հանրապետության լիովին հակաիրավական եւ անօրինական այն բոլոր քայլերի վրա, ըստ որի՝ Թուրքիայի Հանրապետության զինված ուժերը
ա) շուրջ 98 տարի բռնազավթված են պահում Արեւմտյան Հայաստանը եւ Կիլիկիան,
բ) այդ նույն բռնազավթված տարածքներից նոր եւ առավել վտանգավոր ագրեսիայի սպառնալիքներ են ստեղծում Մեծ Մերձավոր Արեւելքի ու Եւրոպայի ժողովուրդների ու պետությունների համար:

Ինչպես նաեւ հաշվի առնելով, որ
– հակառակ մարդկային բարոյականության եւ իրավունքի՝ ճանաչելու Հայոց իրավունքները բնօրրան հայրենիքի նկատմամբ, Թուրքիայի իրարհաջորդ կառավարություններ՝ սուլթանական, երիտթուրքական եւ քեմալական, 1894-1923 թթ. իրականացրել են Հայերի ցեղասպանություն եւ բռնագաղթ, որի միջոցով աննախադեպ փոփոխել են ազգագրական պատկերը տարածաշրջանում, իսկ հետեւանքում կրճատելով հայերի թիվը բռնազավթված տարածքներում, որպես «հավելավճար» իրենց հանցագործությունների՝ խախտել են ազգությունների միջեւ բնականոն հարաբերակցությունը՝ Արեւմտյան Հայաստանում,
– որ արդեն 98 տարի է ինչ Թուրքիայի Հանրապետությունը բռնազավթված է պահում Արեւմտյան Հայաստանի տարածքը,
– որ Հայերի ցեղասպանությունը առաջինը դատապարտեցին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը 1915 թ. մայիսի 24-ին այն որակելով, որպես «Հանցագործություն՝ մարդկայնության դեմ», տեղեկացնելով, որ դրա «կազմակերպիչներն ու իրականացնողները ենթակա են լինելու քրեական պատասխանատվության»,
– հետագայում աշխարհի առաջադեմ շատ պետություններ ճանաչեցին ու դատապարտեցին թուրքական իշխանությունների հրեշավոր հանցագործությունները: Ճանաչման ու դատապարտման այդ գործընթացը շարունակվում եւ այսօր: Հատկանշական է, որ նույնիսկ թուրքական պետությունը Կոստանդնուպոլսի ռազմական հատուկ ատյանում 1919-20 թթ. իրականացրեց երիտթուրքական կառավարության պարագլուխների դատավարությունը, նրանցից շատերի համար մահվան դատավճիռներ արձակելով,
– որ համաձայն Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձեւավորման մասին հռչակագրի՝ 25 մայիս 2013 թ., Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) իրավասությունը տարածվում է ինչպես Արեւմտյան Հայաստան պետության քաղաքացիների, այնպես էլ Արեւմտյան Հայաստանի բռնագրավված երկրամասի՝ Արեւմտյան Հայաստանի իրավական (de jure) եւ փաստական (de facto) տարածքների վրա:

Համաձայն հետեւյալ իրավական փաստաթղթերի՝
– Ռուսաստանի Կառավարության Դեկրետի «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտյան Հայաստանի մասին»), 11 հունվար 1918 թ.,
– Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից դե ֆակտո (de facto) Հայաստան պետության անկախության ճանաչման, Փարիզի Վեհաժողովի ժամանակ, 19 հունվար 1920 թ.,
– Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից դե յուրե (de jure) Հայաստան պետության անկախության ճանաչման, Փարիզ, 11 մայիս 1920 թ.,
– Կիլիկիայի հայերի ընդունած «Կիլիկիայի անկախության մասին» Հռչակագրի, 4 օգոստոս 1920 թ.,
– Սեւրի խաղաղության պայմանագրի, 10 օգոստոս 1920 թ.,
– ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի, որի ամբողջական անվանումն է՝ «Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքների ապառազմականացման վերաբերյալ», 22 նոյեմբեր 1920 թ.:

Հիմք ընդունելով՝
– ՄԱԿ-ի Կանոնադրությունը, 26.06.1945 թ.,
– Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագիրը, 10.12.1948 թ.,
– «Պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին» Կոնվենցիան (ստորագրված 26 դեկտեմբեր 1933 թ., համամերիկյան պետությունների 7-րդ միջազգային համաժողովում (Մոնտեվիդեոյի Կոնվենցիա), որպես պետությունների իրավունքներ եւ պարտականություններ ճանաչելու մասին,
– «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիան, 9 դեկտեմբերի 1948 թ.,
– «Պատերազմի հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիան, 26-ը նոյեմբերի 1968 թ.,
– «Գաղութացված երկրներին անկախություն շնորհելու մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիան, 14.12.1960 թ.,
– «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» Հռչակագիրը, 20.11.1963 թ.,
– «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» («Վիեննայի կոնվենցիան»), 23.05.1969 թ.,
– «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» ՄԱԿ-ի Հռչակագիրը, 13.09.2007 թ.,
– «Խաղաղության ժողովուրդների իրավունքի մասին» ՄԱԿ-ի Հռչակագիրը, 12.10.1984 թ.,
– «Զարգացման իրավունքի մասին» Հռչակագիրը, 04.12.1986 թ.,
– «Ազգային կամ էթնիկ, կրոնական եւ լեզվական փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների մասին» Հռչակագիրը, 18.12.1992 թ.,
– «Ազգային եւ միջազգային մակարդակներում ՄԱԿ-ի իրավունքի գերակայության մասին» Հռչակագիրը, 24.09.2012 թ.:

Հիմնվելով,
– Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնության ու քաղաքացիության ինստիտուտի վրա ըստ՝ «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» ՄԱԿ-ի Հռչակագրի, 13.09.2007 թ.,
– Արեւմտյան Հայաստանի հայերի Ազգային Խորհրդի «Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնորոշման իրավունքի մասին» Հռչակագրի. 17.12.2004 թ.,
– Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի «Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն կազմելու մասին» Հռչակագրի, 04.02.2011 թ.,
– Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության «Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձեւաւորման մասին» Հռչակագրի, 24.05.2013 թ.,
– Արեւմտյան Հայաստանի 1-ին գումարման Ազգային ժողով (Խորհրդարան) ձեւավորելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) Որոշման, 16.12.2013 թ., եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունների մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) Որոշման, 14.09. 2018 թ.,
– Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Օրենքի «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների կարգավիճակը եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կանոնակարգի մասին», 21 հունվարի 2014 թ.,
– Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի Հրամանագրի (թիվ 12), «Որոշում՝ հիշեցում, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վերաբերյալ, որը հանդիսանում է 1920 թ.-ի Հայկական պետության շարունակողը», 23.02.2014 թ.,
– Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի «Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Սահմանադրության նախագիծը պատրաստելու մասին» Հրամանագրի, 09.05.2016 թ.,
– Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի «Արեւմտյան Հայաստանի հայերի մշտական, զինյալ, դրական չեզոքության մասին» Որոշման, 29.03.2011 թ.,
– Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի «Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնապաշտպանության ուժերի ստեղծման մասին» Հրամանագրի, 26.12.2012 թ.,
– «Արեւմտյան Հայաստանի հայերի Պաշտպանության ուժեր կազմավորելու վերաբերյալ» Որոշման, ընդունված Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) կողմից, 10 հունվարի 2018 թ.:

Նկատի առնելով, որ՝
– Մերձավոր Արեւելքում ոչ մի կերպ չեն դադարում զինյալ հակամարտությունները,
– Սեւրի խաղաղության պայմանագրի բոլոր կետերի իրականացումը կարող է վճռական քայլ հանդիսանալ Մերձավոր Արեւելքում իրական խաղաղության ու համագործակցության հաստատման,
– Սեւրի խաղաղության պայմանագրով են հաստատվել Մերձավոր Արեւելքի պետությունների սահմանները, այդ թվում՝ Հայաստան պետության սահմանը, որի վերաբերյալ կայացվել է նաեւ ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավար վճիռը, որը սակայն մինչեւ այսօր կյանքի չի կոչվել:
– Հայկական Հարցի լուծման նպատակով հիմնական որոշումները կայացվել են, սակայն առ այսօր չեն իրականացվել: Կարելի է ընդգծել, որ դրանց իրականացման ժամանակը հասունացել է: Եվ ներկայի համառ իրականությունն այն է, որ Մերձավոր Արեւելքում եւ ոչ մի պետություն եւ ժողովուրդ անմասն չի մնալու ներկայի ու ապագայի սպառնալիքներից, եթե նրանցից ամեն մեկն իր կարգին չընտրի գոյություն ունեցող խնդիրների ու հակամարտությունների խաղաղ կարգավորման իրավական–քաղաքական ճանապարհը:
– Բոլոր ոչ իրավական, այսինքն՝ կամային քաղաքական որոշումները պատանդի կարգավիճակում են պահելու հակամարտող կողմերին, նրանց երկրներն ու սերունդները եւ հիսուն տարին մեկ նոր ուժով է բորբոքվելու հակամարտությունն ու դիմակայությունը, պատերազմն ու քաոսը` Բալկաններում, Մերձավոր Արեւելքում, Կովկասում, Աֆղանստանում:

Նկատի առնելով, որ՝
– Արեւմտյան Հայաստանի հայերը, ինչպես ցանկացած ազգ աշխարհում՝ ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունք ունեն, ինչը նշանակում է, որ նրանք իրավունք ունեն պահանջելու սեփական պետության հաստատումը Բնօրրան Հայրենիքում՝ Արեւմտյան Հայաստանում,
– Արեւմտյան Հայաստանի հայերը եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) պետական կառույցները հայտ են ներկայացնում ստանձնելու Սեւրի խաղաղության պայմանագրով եւ ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռով հայ ժողովրդին տրված իրավունքների պաշտպանությունն ու դրանց իրականացումը կյանքում, հանդես գալով որպես 1920 թ. դե ֆակտո եւ դե յուրե ճանաչված Հայկական պետության՝ Հայաստան պետության շարունակող (continuity) պետություն:

Նկատի առնելով,
-Միավորված Ազգերի Կազմակերպությանը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) անդամակցության վերաբերյալ դիմումը, 25 մայիս 2018 թ.:
-Միավորված Ազգերի Կազմակերպությանը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) դիմումը՝ կյանքի կոչելու եւ իրականացնելու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) հաստատումը ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով սահմանազատված տարածքի վրա, 29 մայիս 2018 թ.:

Դիմում ենք Ձեզ հետեւյալ առաջարկությամբ.
Իրավական – քաղաքական գործընթաց սկսել Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի տարածքների ապառազմականացման, այնտեղից Թուրքիայի Հանրապետության բռնազավթիչ ուժերը դուրս բերելու նպատակով,
հիմք ընդունելով ԱՄՆ 28–րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրավարար վճիռը՝ «Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքների ապառազմականացման վերաբերյալ»,
այդ թվում` հաշվի առնելով «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի մշտական, զինյալ, դրական չեզոքության մասին» 29 մարտ 2011 թ. որոշումը:

Սույն դիմումի մասին որոշումը՝
Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի տարածքների ապառազմականացման, այնտեղից Թուրքիայի Հանրապետության բռնազավթիչ ուժերը դուրս բերելու վերաբերյալ,
ընդունված է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) կողմից Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 1-ին նստաշրջանում, 28-ը սեպտեմբեր 2018 թ.:

Ռադիկ Խամոյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ

Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ

Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

20 նոյեմբեր 2018 թ.

nt.am/am/news/262000/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail