26 ՆՈՅԵՄԲԵՐ 2018 – ԱՆԴՐԱԴԱՐՁ – ՀԱՅԱՍՏԱՆ – ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՅՕԴՈՒԱԾՆԵՐ:
Թալինում քարոզարշավի ժամանակ ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն ասել էր. «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, վախենում ասել` այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք` հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ազատամարտիկ Արթուր Եղիազարյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ճիշտ չէ այս համեմատականը` իշխանափոխությունը համեմատել ազգի մեծ ձեռքբերման հետ, որի արդյունքում և՛ Արցախի ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքը հաստատեց, և՛ պատմական արդարություն հաստատվեց` Արցախը դարձավ հայկական պետություն:
«Ոգևորվել այս իշխանափոխությամբ և դրանով արժեզրկել ազգի համար կարևոր հարցը` ճիշտ չէ: Իհարկե, Արցախյան պայքարի արժևորումը պետք է լինի խաղաղ աշխատանքով, և այդ ձեռքբերումը պետք է զարգացնենք: Այստեղ մի վտանգավոր միտում եմ տեսնում` երկրորդ պլան մղել Արցախյան ազատամարտը և կարևորել իշխանափոխությունը, երբ այս տարի մեր երկրի առջև ծառացած լուրջ մարտահրավերներ կան` և’ Արցախի հարցով, և’ Հայաստանի տարածքային ամբողջականության: Պետք է հաշվի առնել վտանգը, որ Նախիջևանում լուրջ գործընթացներ են տեղի ունենում` ուժերի կուտակում է: Ժողովրդի զգոնությունը չպետք է թուլացնել»,- ասաց Եղիազարյանը:
Նրա խոսքով` Դաշնակցության մոտեցումն է` զարգանալ` չզիջելով, այսինքն` այդ ձեռքբերումները պետք է պահել և փորձել ավելի զարգացնել ու հզորացնել մեր երկիրը, մեծ մասամբ` խաղաղ աշխատանքով: Սակայն, ըստ Եղիազարյանի, միևնույն ժամանակ պետք է զգոն լինենք, քանի որ վտանգները չեզոքացված չեն, ու դեռ ավելի մեծ մարտահրավերներ են սպասվում:
Միքայելյանը նշել էր նաև, որ քաջնազարները գնացել են, և հիմա եկել է հզոր մարդկանց` գյուղացու, սովորական քաղաքացու ապրելու ու արարելու ժամանակը: Եղիազարյանն ասաց, թե չգիտի` քաջնազարներ ասելով` ում նկատի ունի Միքայելյանը, բայց նա թող չմոռանա, որ ինքն էլ որոշակի ժամանակահատված իշխանության մաս է կազմել: «Եթե, քաջնազարներ ասելով, նկատի ունի Հայաստանի միայն քաղաքական իշխանությանը, կարելի է ընկալել, բայց ճիշտ ձևակերպում չէ: Ստացվում է` նրանք, ովքեր ներդրում են ունեցել, բոլորը քաջնազարներ են և պետք է հեռանան: Իսկ ովքե՞ր պետք է փոխարինեն նրանց: Եվ եթե նա խոսում է քաջնազարների հեռանալուց, պետք է ինքն էլ իրեն հայելու մեջ նայի»,- ասաց Եղիազարյանը:
yerkir.am/news/view/161169.