Զինադադար քեմալականների հետ. «Յառաջ»-ի խմբագրականը, նոյեմբեր 21, 1920թ

21 ՆՈՅԵՄԲԵՐ 2018 – ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ – ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ – ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԵՋԵՐ:

1920 թվականի աշնանը քեմալականները հարձակվեցին Հայաստանի վրա, սեպտեմբերի 29-ին թուրքերը գրավեցին Կարսի մարզի Սարիղամիշ քաղաքը։ Մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 30-ին, գրեթե առանց լուրջ կռիվների, ընկավ նաև Կարսը։ Նոյեմբերի սկզբին թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլը, Հայաստանը ստիպված եղավ ծանր պայմաններով զինադադար կնքել Քյազիմ Կարաբեքիրի հետ։ Դեկտեմբերի 2-ին Հայաստանը խորհրդայնացվեց։ Ամռանը Հայաստանի վրա արևելքից՝ Խորհրդային Ադրբեջանից, հարձակվել էին բոլշևիկները, ռազմակալել Արցախը, Զանգեզուրը, Նախիջևանը: Դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ալեքսանդրապոլում հայկական պատվիրակությունը Ալեքսանդր Խատիսյանի գլխավորությամբ քեմալականների հետ ստորագրեց դաշնագիր, որը ստորագրման պահից իսկ իրավական ուժ չուներ:

Ներկայացնում ենք կառավարական «Յառաջ» օրաթերթի 1920թ. նոյեմբերի 21-ի խմբագրականը:

ԱՆԻ կենտրոն

Զինադադարը

Թուրքական կառավարության առաջարկած զինադադարը որոշ փոփոխություններով ընդունվեց մեր և թշնամու կողմից և ամսի 18-ին մտավ ուժի մեջ:

Ծանր են զինադադարի պայմանները, բայց նկատի ունենալով մեր բանակի հոգեկան վիճակը և մեր ժողովրդի ընդհանուր տրամադրությունները, կառավարությունը ստիպված եղավ ընդունել այդ պայմանները:

Կառավարությունը կամեցավ սպառել բոլոր միջոցները մի ընդհանուր լեզու թշնամու հետ և հաշտություն կնքելու:

Ամսի 24-ին Ալեքսանդրապոլում պիտի սկսվեն հաշտության բանակցություններ: Նրանց հետևանքից է կախված մեր ժողովրդի և պետության գոյությունը:

Ոչ զինադադարի կնքումը, ոչ էլ հաշտության բանակցությունների սկսումը չի նշանակում տակավին, որ հայ ժողովուրդը կարող է զենքը վար դնել արդեն և հանգիստ շունչ քաշել:

Որովհետև քանի դեռ կնքված չէ հաշտությունը, քանի դեռ ոչ մի երաշխիք չկա, որ կկարողանանք ձեռք բերել մեզ համար մի այնպիսի հաշտություն, որ հնարավորություն տար մեր ժողովրդին ապրել և զարգանալ, քանի դեռ ոչ մի իրական հիմք չունենք վստահելու թշնամու շիտակությանը, վերջապես, քանի դեռ բոլորովին անհավանական չէ, որ թշնամին կարող է զինադադարից հետո դժբախտ անակնկալներ ստեղծել մեզ համար, մեր բանակը և ժողովուրդը պիտի սպառազեն պատրաստ լինեն պաշտպանելու այն, ինչ որ ոչ մի դեպքում մենք չենք կարող զիջել թշնամուն` մեր ժողովրդի գոյության իրավունքը:

Եթե հաշտության բանակցությունների ընթացքում պարզվի, որ թշնամին չի կամենում հաշտվել մեր գոյության հետ անգամ, եթե պարզվի, որ նա ձգտում է իրոք խեղդել, ոչնչացնել մեր ժողովրդին, քանդել մեր պետությունը, մենք պիտի պատրաստ լինենք մղելու վերջին հուսահատական կռիվը հանուն մեր գոյության:

Եվ որպեսզի մեր բանակցությունները դրական արդյունք տան, անհրաժեշտ է, որ մեր երկրում տիրի կատարյալ հանգստություն, խստագույն կարգապահություն: Ամեն տեսակ անկարգապահություն, ամեն տեսակ անկարգություն, մանավանդ այս պատասխանատու օրերին, կարող է միայն նպաստել թշնամուն՝ մեր ժողովրդին դնելու ավելի վատթար պայմանների մեջ:

Հաշտության բանակցությունների ընթացքում, ինչպես և պատերազմական գործողությունների , հայրենիքը պահանջում է իր բոլոր հարազատ զավակներից լինել պատրաստ ամեն զոհողության, լինել խստորեն կարգապահ, լինել աչալուրջ և ինքնազուսպ:

Մեր կառավարությունը անում է ամեն տեսակ զոհողություններ, որպեսզի որքան կարելի է շուտ հաշտություն ձեռք բերի ժողովրդի համար:

Մեր ժողովուրդը, որ այնքան կարոտ է հաշտության, ավելի քան երբևէ պիտի աջակից լինի իր կառավարությանը, որպեսզի նա կարողանա հաջողությամբ վերջացնել հաշտության սկսվելիք բանակցությունները:

Յառաջ, Խմբագրական, ՀՅԴ պաշտոնաթերթ, Երևան, կիրակի, 21 նոյեմբեր, թիվ 256

Լուսանկարում՝ Մուստաֆա Քեմալը և Քյազիմ Կարաբեքիրը

Հ. Գ. Յառաջ-ը խմբագրականի հետ որևէ լուսանկար չի դրել

aniarc.am/2018/11/21/haraj-21-november-1920-editorial/

akunq.net/am/?p=63221

Facebooktwitterredditpinterestlinkedinmail