ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻՆ ԸՆԴԱՌԱՋ

26/11/2018 – ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Հայաստանը և աշխարհաքաղաքականությունը Հարավային Կովկասում.

2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ոչ միայն շարունակվում են Բաքու-Մոսկվա սակարկությունները, այլ նաև աշխարhաքաղաքականությունը, կապված Մեծ Միջին Արևելքի հետ` իր ցայտուն արտացոլումն է գտել նաև Արցախյան հարցում:

Արցախյան հարցն այլևս մեկուսացված խնդիր չէ։ Այն պետք է դիտարկել Ուկրաինայի և Սիրիայի հետ մեկտեղ` իբրև Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններ։

ԱՄՆ-ի կոշտ արտաքին քաղաքականությունը Ռուսաստանի և Իրանի նկատմամբ դրդում են Ռուսաստանին` Արցախապատկան տարածքների սակարկության հաշվին առավել մեծացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում:

Ավելի քան 20 տարի բանակցությունների առարկա լինելով, սակայն համաձայնության չգալով` Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին Կոնվենցիայի ստորագրումը` 2018 թվականի օգոստոսի 12-ին տեղի  ունեցավ Իրանի հետ ԱՄՆ-ի միջուկային համաձայնագրերից դուրս գալու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմի խստացման պայմաններում: Այս համաձայնագիրը (Կոնվենցիան) արձանագրում է Ռուսաստանի աճող հավակնոտ ռազմավարության և Իրանի հետ նրա հարաբերությունների կարևորագույն բաղադրիչի մասին` և՛ Հարավային Կովկասի, և՛ Մեծ Միջին  Արևելքի վերաբերյալ:

Կասպյան տարածաշրջանում և Ադրբեջանում իրադրություններն արագորեն փոխվում են: Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կոշտ դիրքորոշումը հավանական է դարձնում պատերազմի սպառնալիքը, ինչը կարող է ազդել Ադրբեջանի հետ սահմանակից տարածքների վրա ևս:

ՀԱՊԿ-ին անդամակցելու վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությունը, չի բացառվում, որ մոտ ապագայում հռչակագրայինից կարող է դառնալ իրական: Ադրբեջանը ՀԱՊԿ-ի անդամակցության դիմաց փորձում է ձեռք բերել Արցախապատկան տարածքները և լրացուցիչ անվտանգություն Իրանի` իր սահմանների հետ կապված:

2018 թվականի սեպտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանը  Դուշանբեում՝ ԱՊՀ Վեհաժողովին, ոչ պաշտոնական զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլխամ Ալիևի հետ: Այդ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է` պայմանավորվել ենք սահմանին լարվածությունը նվազեցնելու հարցում, և պայմանավորվածություն ձեռք բերել՝ նաև օպերատիվ կապի ստեղծման մասին: Ալիևի հետ Փաշինյանի այս չնախատեսված, ոչ պաշտոնական զրույցը տեղի է ունեցել այն ժամանակ` երբ նախօրեին Բաքվում Իլհամ Ալիևը հյուրընկալել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Ալիևի հետ չնախատեսված, ոչ պաշտոնական այս զրույցից քիչ անց Նիկոլ Փաշինյանը զրուցել է Վլադիմիր Պուտինի հետ (հայտնի ժեստիկուլյացիայով զրույցը):

Ռուսաստանի տնտեսությունը գտնվում է անմխիթար վիճակում, այն դուրս է աշխարհի տնտեսությունների առաջին տասնյակից, նրա  տնտեսական հնարավորություններն ամեն օր նվազում են: Ռուսաստանը, գտնվելով Արևմուտքի  հետ կոշտ հակադրության մեջ, սպառելով  տնտեսական կայունությունը` փորձ է կատարում իր ազդեցության գոտին վերահաստատել Հարավային Կովկասի և Մեծ Միջին Արևելքի վրա, որպեսզի Եվրոպային բնական գազի մատակարարման ճանապարհը վերահսկելով` կարողանա որոշ չափով ապահովել իր քաղաքական և տնտեսական կայունությունը։ Ռուսաստանը Հարավային Կովկասի և Մեծ Միջին Արևելքի նկատմամբ իր ազդեցությունը դիտարկում է որպես կարևոր գործոն իր և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականության համար:

Հայաստանի տնտեսությունը հանդիսանում է  անկում ապրող Ռուսաստանի տնտեսության մաս: Հայաստանի տնտեսության անկումը 2018 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին հանգեցնելու է 2019 թվականի սկզբին բացարձակ անկման: Հայաստանի կառավարության կողմից 2018 թվականի նոյեմբերին վարկային համաձայնագրի վավերացումը, որպես բյուջետային վարկ, հաստատում է, որ 2019 թվականի Հայաստանի Հանրապետության բյուջեն շարունակելու է մնալ դեֆիցիտային: Հայաստանի Հանրապետության շուրջ 7 միլիարդ դոլար արտաքին պարտքին այդ համաձայնագրով  ավելանում է ևս 50 մլն դոլար:

Եթե Արևմուտքը համաձայնվի շարունակել ընդունել Հարավային Կովկասն իբրև ռուսական ազդեցության գոտի, ապա սա թույլ կտա Արցախյան հարցի ռուսական տարբերակով լուծում։ Այս պարագայում` կրկնվելու են Ադրբեջանի կողմից պատերազմական գործողությունները, եթե հայկական կողմը չհամաձայնվի հողեր հանձնելու  ծրագրին։

2018 թվականին հոկտեմբերի 18-ին Վաշինգտոնում գումարված Ատլանտյան խորհրդի նիստում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վես Միթչելը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցի նպատակն է` տարածաշրջանում ամրապնդելու ռազմավարական հարաբերություններ Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի հետ: Վես Միթչելը մասնավորապես նշել էր. «Ընդհանուր առմամբ, այս երեք երկրներն էլ զգայուն են և մեծ ճնշումների են ենթարկվում Ռուսաստանի կողմից: Բացի այդ, մենք ականատես ենք Չինաստանի տնտեսական ներթափանցմանը: Աշխարհում նոր մրցավազք է սկսվել ազդեցության գոտիների համար: Այսօր քարտեզին նետված մեկ հայացքն անգամ ստիպում է վերանայել այդ քաղաքականությունն ու ընդարձակել աջակցությունը տարածաշրջանին՝ Ռուսաստանի ազդեցությանը դիմակայելու համար»:

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթը, ով 2018  թվականի հոկտեմբերի 16-ին Հարավային Կովկաս կատարած այցի շրջանակներում հանդիպել էր Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ղեկավարներին, Երևանում մասնավորապես նշել է. «Հայաստանյան հեղափոխությունն իսկապես առանձնահատուկ էր, և վարչապետ Փաշինյանը, ի տարբերություն Վրաստանի ու Ուկրաինայի, արտաքին քաղաքականության ոլորտում շրջադարձային փոփոխություններ չի ծրագրում: Չեմ կարծում, որ Հայաստանի վարչապետը հարցականի տակ է դնում կախվածությունը Ռուսաստանից՝ որպես Հայաստանի անվտանգության երաշխավորից, և դա շատ հետաքրքիր ու վերլուծական համեմատության հիմք է տալիս Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի հետ, որոնք տարված են եվրաատլանտյան նկրտումներով»:

 

2018  թվականի հոկտեմբերի 15-ին Հայաստանում, ի դեմս ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզի` հնչել է դիրքորոշում. «Դաժան իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշ մասի վերադարձ»:

2018 թվականի հոկտեմբերի 25-ին, ի դեմս ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնի` հնչել է դիրքորոշում, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը առաջնահերթ հարց է Հայաստանի քաղաքական օրակարգում, և վճռական քայլեր ձեռնարկելու համար ամենալավ ժամանակահատվածը դեկտեմբերի ընտրություններից անմիջապես հետո է: Մենք պատրաստ ենք մեր աջակցությունն ունենալ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ինչպես նաև հնարավոր այլ եղանակներով, քանզի այդ կարգավորումը բխում է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի շահերից, այլև Միացյալ Նահանգների շահերից»:

Հայաստանի  միակ ռազմավարական դաշնակիցը` ի դեմս Ռուսաստանի, իր սեփական շահերն առաջ տանելու համար ակնհայտ սերտացնում է իր հարաբերությունները Հայաստանի թշնամու հետ` Հայաստանի անվտանգության հաշվին։

Ռուսաստանը`

  • Ադրբեջանին վաճառում է զենք,
  • սառեցնում է շփման գծում անվտանգության մեխանիզմների ներդնումը,
  • Թուրքիային հրավիրում է մասնակցել Արցախի հարցի կարգավորման գործընթացին,
  • Ադրբեջանին փորձում է ներգրավել ԵԱՏՄ,
  • ՀԱՊԿ-ում փորձ է կատարում խափանել Հայաստանի ղեկավարումը,
  • Համաձայն է Ադրբեջանին ներգրավել ՀԱՊԿ-ում:

Արցախապատկան տարածքների հանձնման հարցը Հարավային Կովկասում աշխարհաքաղաքականության առանցքային գաղափարներից է:

  • ԱՄՆ-ը  խնդրի նման լուծումը դիտարկում է «հող խաղաղության դիմաց» բանաձևի համատեքստում` Հարավային Կովկասն իր ազգային շահի ազդեցության գոտի ամրագրելով (Հարավային Կովկասի տարածաշրջանից Իրանի մեկուսացման և Չինաստանի զսպման համատեքստում):
  • Ռուսաստանը խնդիրը դիտարկում է «հող խաղաղության դիմաց»` վերահաստատելով Հարավային Կովկասն իր ազդեցության գոտում պահելու համատեքստում` ինտեգրելով Ադրբեջանին իր կողմից նախաձեռնած ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում:
  • Եվրոպան ցանկանում է դիվերսիֆիկացնել իրեն բնական գազ մատակարարող ուղիների հնարավորությունները (օգտվել Հարավ-կովկասյան  տարածաշրջանի հնարավորություններից):
  • Ադրբեջանը կրկին ցանկանում է օգտվել ռուսական նախաձեռնությունից` ոչ միայն պահպանել իր իրավազորության ներքո գտնվող արհեստական ստեղծված պետական միավորը, այլև կրկին տիրանալ Արցախապատկան տարածքներին:
  • Իրանի շահերից է բխում ստատուս-քվոյի պահպանումը և իր գազային ու նավթային պաշարների` նպաստավոր պայմաններում առաքումը դեպի Եվրոպա:

Հայաստան-Ադրբեջան իրավիճակի նկարագրություն.

 

2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կազմակերպված իշխանափոխությունը (Սերժ Սարգսյանի հրաժարական ներկայացնելը), այլ պատճառների հետ մեկտեղ, ուներ գլխավոր  պատճառ` Արցախապատկան տարածքների հանձնման աշխարհաքաղաքական օրակարգի ի կատար ածումից խուսափումը:

Հայ-ադրբեջանական սահմանի տարբեր ուղղություններում` շփման գծում շուրջ վեց ամիս (2018 թվականի մայիս-նոյեմբեր) լայնածավալ ինժեներական աշխատանքներ են տեղի ունեցել, մասնավորապես՝ Նախիջևանյան սահմանին, որտեղ ռազմական աշխատանքները չեն խոչընդոտվել Հայաստանի կողմից:

Ադրբեջանը ռազմական նշանակության մեծածավալ ենթակառուցվածքներ է ստեղծել Հայաստանի, մասնավորապես՝ Նախիջևանի սահմանին:

Ադրբեջանի և գերտերությունների բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից հնչող հայտարարությունները վկայություն են Ադրբեջանի կողմից պատերազմական գործողությունների իրականացման անխուսափելիության մասին:

Ադրբեջանն իր առջև խնդիր է դրել ռազմական գործողությունների համար թիրախավորել միաժամանակ Արցախյան սահմանի հետ Տավուշի և Նախիջևանի սահմանները:

Արդի Հայկական պետականությունում գործող քաղաքական վերնախավը և քաղաքական ինստիտուտները սպասվելիք պատերազմական գործողությունները (ակնհայտ և հիմնավոր փաստերն անտեսելով) իրավա-քաղաքական վերահաստատման (երաշխավորման) չեն արժանացրել շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր Հայկական պետականության`

  • տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունը (Արցախի և Հայաստանի Հանրապետությունների շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքը),
  • նրա սահմանների պաշտպանության հարցում Հայկական զինված ուժերի բացառիկ մենաշնորհը (օտար, խաղաղապահ զինված ուժերի կողմից մեր սահմանների պաշտպանության արգելումը),
  • Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի, Շահումյանի, Գետաշենի և այլ բնակավայրերից շուրջ 800 հազար փախստականների իրավունքների վերականգնումը:

Գործող իշխանության կողմից հանցավոր քաղաքականության շարունակություն.

Մադրիդյան սկզբունքների վերանայման հարց չի բարձրացվել:

Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից շփման գծում անվտանգության մեխանիզմների ներդրման կասեցումը չի վերացել:

Անվտանգության մեխանիզմների ներդրման վերաբերյալ նախաձեռնությունը չի դարձել բանակցությունների նախապայման։

Մադրիդյան, հետագայում` ռուսական (Լավրովյան) տարբերակների գլխավոր կետերից մեկը` Հայաստանի Հանրապետության սկզբունքային համաձայնությունը Ադրբեջանին տարածքներ հանձնելու վերաբերյալ, չի չեղարկվել։

Հայաստանի Հանրապետությունը համաձայնվել է շարունակել բանակցություններն առանց Արցախի։

Որևէ միջոց չի ձեռնարկվել՝ կանխելու Նախիջևանյան սահմանին ադրբեջանական նոր դիրքերի տեղակայումը (նախկին շուրջ 5000 մետր հեռավորության փոխարեն այժմ շուրջ 500 մետր է):

Արցախապատկան տարածքներն օգտագործելով որպես փոխզիջման առարկա` չի վերանայվել 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի կողմից և շարունակվել է գործածության մեջ մնալ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում (Ադրբեջանը, եթե համաձայնվեր Կազանյան սկզբունքներին, այն է` Արցախի մի փոքր հատվածի անկախության հանրաքվեի անցկացման դիմաց Երևանը պետք է համաձայնվեր և Ադրբեջանին հանձներ յոթ շրջան)։

Ո՛չ Սերժ Սարգսյանը և ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը բանակցությունների ընթացքում հարց չեն բարձրացրել Շահումյանի, Գետաշենի, Նախիջևանի և այլ տարածքների, ինչպես նաև` Բաքվից, Սումգայիթից, Կիրովաբադից, Շահումյանից, Գետաշենից և այլ բնակավայրերից շուրջ 800 հազար փախստականների իրավունքների վերականգնման վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանն իր վրայից գցելով արդի Հայկական պետականության շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքի ամբողջականության պաշտպանության երաշխավորի պարտականությունը` որպես վարչապետի պաշտոնակատար 2018 թվականի հոկտեմբերի 20-ին ՆԼիբանանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե` «Արցախապատկան տարածքների հանձնման հարցը թաքուն չի լուծելու: Բանակցությունների ընթացքում, եթե լինի հարցի կարգավորման որևէ տարբերակ, որը Նիկոլ Փաշինյանի համար համոզիչ կլինի, ապա նա այդ մասին կհայտնի ժողովրդին, և ժողովուրդը կորոշի` ինքը ուզո՞ւմ է այդ տարբերակը, թե՞ չի ուզում: Հենց որ որոշի` ուզում է, շատ լավ, եթե որոշի` չի ուզում, Նիկոլ Փաշինյանը պետք է որոշի` ինչ անել: Այս հարցի վերաբերյալ ամենակարևոր դիրքորոշումը Արցախի իշխանությունների և Արցախի ժողովրդի դիրքորոշումն է: Արցախի հարցի թիվ մեկ սեփականատերը Արցախի ժողովուրդն է»: Նիկոլ Փաշինյանը կրկնելով Սերժ Սարգսյանին` արհեստականորեն տարանջատելով Արցախահայությանը և Արցախը արդի Հայկական պետականության տարածքային ամբողջականությունից և անվտանգության համակարգից վտանգի տակ են դնում արդի Հայկական պետականության անվտանգությունը:

Սերժ Սարգսյանի կողմից կազմակերպված իշխանափոխության միջոցով կազմավորված Նիկոլ Փաշինյանի կառավարությունը և Սերժ Սարգսյանի կողմից կեղծիքների միջոցով ձևավորված 2017 թվականի խորհրդարանը Ադրբեջանի ագրեսիային ընդառաջ` անկառավարելի իրավիճակ է ստեղծել Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում: Ադրբեջանի կողմից սպասվող պատերազմական գործողություններից առաջ թե՛ կառավարությունը և թե՛ խորհրդարանը մտել են լուծարման փուլ: Հայկական պետականության այս քաղաքական մարմինները չունեն համապարփակ գործողությունների ծրագիր` դիմակայելու Ադրբեջանի հարձակմանը: Այս երկու կառույցները ազգային համախմբմանը ուղղված որևէ գործողություն չեն ձեռնարկել: Դրսևորելով անգործություն` այս կառույցները փաստացի կարող են նպաստել Ադրբեջանի ագրեսիային:

Գործողությունների ծրագիր.

Արցախը արդի Հայկական պետականության լինելիության և հայ ազգի անվտանգության ապահովման հիմքն է: Այսօր հայ ազգի համար գոյություն ունի մեկ Հայկական պետականության իրավազորության ներքո ապրող և համասփյուռ հայ ժողովուրդ, որը վաղուց է լուծել Արցախի հարցը` ճանաչելով այն որպես մեկ միասնական Հայկական պետականության մաս:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը համոզմունք է հայտնում, որ անհրաժեշտ է.

 

  • Հրավիրել հայ ազգի բոլոր հատվածների ներկայացուցիչներից համաժողով` արդի Հայկական պետականության պաշտպանության և համասփյուռ հայության մասնակցությամբ ներառող քաղաքական կառուցվածքի ներդրման օրակարգով:
  • Ձևավորել ժամանակավոր Կառավարություն հայ ազգի բոլոր հատվածների ներկայացուցիչներից` տրամադրելով հանձնագիր (մանդատ)`

 

  1. Ապահովել Արցախապատկան տարածքներում Հայկական զինված ուժերի առկայության մենաշնորհը:
  2.  Արցախի ու Հայաստանի միավորման վերահաստատման վերաբերյալ անցկացնել հանրաքվե:
  3. Ընդունել արդի Հայկական պետականության 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքում և համասփյուռ հայության շրջանում արդի Հայկական պետականության քաղաքական կառուցվածքի վերաբերյալ սահմանադիր օրենքներ, նշանակել և կազմակերպել նոր սահմանադիր օրենքներով խորհրդարանի և նախագահի ընտրություններ:
  4. Բոլոր սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակչությանը պաշտպանության նպատակով համապատասխան կարգավորմամբ տրամադրել զենք և զինամթերք:
  5. Անցկացնել ողջ բնակչության զորահավաք (մոբիլիզացիա)-վարժանք:
  6. Ադրբեջանի կողմից հարձակման դատապարտման և Ադրբեջանի հետ շփման գծի ողջ երկայնքով անվտանգության մեխանիզմներ ներդնելու պահանջով ցույցեր, բողոքներ, երթեր և հանրահավաքներ կազմակերպել Վաշինգտոնում, Բրյուսելում և Մոսկվայում:

«Երկիր Ծիրանի» կուսակցություն

26 Նոյեմբերի 2018թ.

Երևան

 

yerkirtsirani.am/am/mo/848/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail