ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՑ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՕՆԱԿԱՏԱՐ ԶՕՀՐԱՊ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ «ԻՏԱՐ ՏԱՍՍ» ԼՐԱՏՈՒԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԵԱՆ
26 ՆՈՅԵՄԲԵՐ 2018 – ԱՆԴՐԱԴԱՐՁ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
«Մեր Շահերին Հետամուտ Լինելու Եւ Տարածաշրջանային Անվտանգութիւնն Ապահովելու Նպատակով Մենք Այժմ Կապ Ենք Պահպանում Մեր Բոլոր Գործընկերների Հետ»
«ԻՏԱՐ ՏԱՍՍ».- Պարո՛ն նախարար, Ղազախստանի նախագահը յայտարարել է, որ ՀԱՊԿ Գլխաւոր քարտուղարի պաշտօնը ռոտացիոն (թաւալումի, շրջուն-Խմբ.) կարգով պէտք է անցնի Բելառուսի ներկայացուցչին: Յետագայում յայտարարութիւն տարածուեց այն մասին, որ այդ հարցը կը քննարկուի Դեկտեմբերի 6ին Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովի ժամանակ: Արդեօք դա նշանակո՞ւմ է, որ Հայաստանը զրկուել է իր թեկնածուին այդ պաշտօնում առաջադրելու հնարաւորութիւնից, եւ արդեօք ընդունուե՞լ է որոշում Հայաստանին զրկել ՀԱՊԿ Գլխաւոր քարտուղարի պաշտօնից:
ԶՕՀՐԱՊ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- ՀԱՊԿն անվտանգութեան ոլորտում վեց գործընկերների ռազմաքաղաքական համագործակցութեան հարթակ է: Եթէ ձեր հարցին ի պատասխան ես կրկնեմ այն, ինչ է պնդել Հայաստանն այս ողջ ընթացքում, ապա կարելի է եզրակացնել, որ գլխաւոր քարտուղարի պաշտօնը պէտք է մնայ Հայաստանին, եւ դրա համար մենք ունենք կադրային լաւ պոտենցիալ (կերելիութիւն-Խմբ.): Միեւնոյն ժամանակ, հարցի հիմքում ընկած է հետեւեալը. առաջին՝ նորմատիւ բազան (օրինաչափական հիմքը-Խմբ.) չի նախատեսում որեւէ յստակ լուծում ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի պարտականութիւնները կատարելու անհնարինութեան հետ կապուած խնդիրների կարգաւորման համար, երկրորդ՝ որոշումներն ընդունւում են կոնսենսուսով (համախոհութեամբ-Խմբ.), եւ երրորդ՝ կազմակերպութեան հեղինակութիւնը, կենսունակութիւնը, արդիւնաւէտութիւնը մեզ համար չափազանց կարեւոր նշանակութիւն ունեն: Որպէս ՀԱՊԿ անդամ՝ մենք շահագրգռուած ենք ունենալու ուժեղ կազմակերպութիւն եւ մեր նպաստն ենք ներդնում այդ գործում:
Մենք նախաձեռնեցինք ՀԱՊԿ գործող գլխաւոր քարտուղարի լիազօրութիւնների վաղաժամ դադարեցման գործընթաց, որովհետեւ նրա հետ կապուած կային ներքին բնոյթի իրաւական խնդիրներ: Եւ դա արեցինք, որպէսզի ի սկզբանէ տարանջատենք մեր ներքին գործերը կազմակերպութիւնից:
Մեր մօտեցումը, ընդհանուր առմամբ, միտուած է կազմակերպութեան արդիւնաւէտութեան բարձրացմանը, իսկ լայն իմաստով՝ ՀԱՊԿ անդամ վեց երկրների միասնականութեան ամրապնդմանը: Հետեւաբար, պատասխանելով ձեր հարցին, կ՛ասեմ որ ոչ, չի նշանակում: ՀԱՊԿը կազմուած է վեց իրաւահաւասար անդամներից, եւ որոշումներն այնտեղ կայացւում են կոնսենսուսով:
«ԻՏԱՐ ՏԱՍՍ».- Այսինքն մենք կարո՞ղ ենք փաստել, որ կապուած նորմատիւային բազայի եւ փաստաթղթերի հետ գոյութիւն ունեն խնդիրներ, որոնք նոյնպէս կը քննարկուեն առաջիկայ գագաթաժողովին, եւ նաեւ այն, որ Ղազախստանի նախագահի յայտարարութիւնը արտայայտում է բացառապէս իր երկրի դիրքորոշումը:
ԶՕՀՐԱՊ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Կրկնեմ, կազմակերպութիւնը կազմուած է վեց իրաւահաւասար պետութիւնից, որոնք համագործակցում են կոնսենսուսի հիման վրայ՝ ընդհանուր նպատակներին հասնելու համար:
«ԻՏԱՐ ՏԱՍՍ».- Անցնենք այլ թեմայի: Վերջերս Հայաստան է ժամանել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ով մի քանի ուշագրաւ յայտարարութիւններ է արել, մասնաւորապէս, Հայաստանի կողմից ամերիկեան սպառազինութեան գնման հնարաւորութեան մասին: Ի պատասխան վարչապետ Փաշինեանը յայտարարեց, որ հայկական կողմը կը դիտարկի այդ հնարաւորութիւնը, եթէ շահաւէտ առաջարկ ստանայ: Դա ի՞նչ է՝ քաղաքական յայտարարութիւն, թէ արդէն մեկնարկել է ամերիկեան սպառազինութեան գնման հետ կապուած ինչ-որ գործընթաց:
ԶՕՀՐԱՊ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Որեւէ առաջարկ Հայաստանը չի ստացել: Բացի դրանից, մեր երկիրը գտնւում է բաւական զգայուն տարածաշրջանում, որտեղ առկայ է չկարգաւորուած հակամարտութիւն, եւ խաղաղութեան ու կայունութեան հաստատումը, ինչպէս նաեւ խաղաղութեան հաստատմանը նպաստող միջավայրի կերտումը մեզ համար չափազանց կարեւոր նշանակութիւն ունի: Նման պայմաններում սպառազինութեան մրցավազքը չափազանց վտանգաւոր երեւոյթ է: Եւ երբ մենք Ադրբեջանին զէնքի վաճառքի առնչութեամբ մեր դժգոհութիւնն ենք յայտնում մեր գործընկերներին, ընդգծում ենք, որ չենք կարող այդ փաստին վերաբերուել իբրեւ գործարքի. մենք այն դիտարկում ենք զէնք, որը թիրախաւորում է մեր հայրենակիցներին, զինուորներին, խաղաղ բնակչութեանը: Այնպէս որ նման պայմաններում մեր տարածաշրջանում սպառազինութեան մրցավազքը շատ վտանգաւոր է:
Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնն առաջին հերթին վերաբերում է մարդկանց: Խօսքը գնում է 150 հազար մարդու ֆիզիկական անվտանգութեան մասին, եւ մենք արել ու անելու ենք հնարաւոր ամէն բան նրանց կենսական անվտանգութիւնն ապահովելու համար: Բնականաբար, ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել մեր մարտունակութիւնն ու այդ մարդկանց անվտանգութեան երաշխաւորի դերում գործելու վճռականութիւնը: Միաժամանակ եւս մէկ անգամ ընդգծեմ Հայաստանի յանձնառութիւնը հիմնախնդրի կարգաւորմանը բացառապէս խաղաղ ճանապարհով:
«ԻՏԱՐ ՏԱՍՍ».- ԱՄՆն բարեկամական վերաբերմունք է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ, սակայն միեւնոյն ժամանակ բացայայտ հակամարտութեան մէջ է գտնւում ձեր երկրի դաշնակիցներից մէկի՝ Իրանի հետ: Ինչպիսի՞ն էք դուք տեսնում Երեւանի ռազմավարութիւնն այս «երկու կրակի արանքում»: Եւ հայ-իրանական յարաբերութիւնների վրայ ինչպէ՞ս կարող են անդրադառնալ հակաիրանական պատժամիջոցները, որոնց խստացման մասին խոստանում են Վաշինգտոնում:
ԶՕՀՐԱՊ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Մենք յստակ ձեւակերպել ենք մեր դիրքորոշումը, մասնաւորապէս. մեզ համար սա անչափ զգայուն հարց է, քանի որ Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է, որի հետ մենք հաստատել ենք տարածաշրջանային արդի զարգացումների համատեքստում Հայաստանի համար չափազանց կարեւոր նշանակութիւն ունեցող երկկողմ օրակարգ:
Մենք առաջիններից էինք, որ ողջունեցինք միջուկային համաձայնագրի շուրջ բանակցութիւններում գրանցուած առաջընթացը 2015թ.: Մեր շահերին հետամուտ լինելու եւ տարածաշրջանային անվտանգութիւնն ապահովելու նպատակով մենք այժմ կապ ենք պահպանում մեր բոլոր գործընկերների հետ՝ թէ՛ Ռուսաստանի, թէ՛ ԵՄ երկրների եւ թէ ԱՄՆի ու Իրանի հետ: Դուք նշեցիք Բոլթոնի այցի մասին, ինչը նոյնպէս հնարաւորութիւն ստեղծեց ներկայացնելու մեր երկրի առջեւ ծառացած մարտահրաւէրները եւ դրանցով պայմանաւորուած քաղաքականութիւնը:
«ԻՏԱՐ ՏԱՍՍ».- Մօտ ժամանակներս նախատեսւո՞ւմ է արդեօք հանդիպում ձեր ռուսաստանցի գործընկերոջ՝ Սերգեյ Լաւրովի հետ:
ԶՕՀՐԱՊ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Ինչպէս գիտէք, այս պաշտօնին նշանակուելուց յետոյ, արդէն Յունիսին, ես աշխատանքային այց կատարեցի Մոսկուա, որտեղ ես եւ իմ գործընկերն արդիւնաւէտ հանդիպում ունեցանք: Մենք ունեցել ենք եւ այժմ էլ ունենք բաւականին յագեցած օրակարգ ինչպէս երկկողմ, այնպէս էլ բազմակողմ ձեւաչափերում: Բնականաբար, պաշտօնական շփումների համար նոր հնարաւորութիւններ կը լինեն: Բայց միեւնոյն ժամանակ, անցած վեց ամիսների ընթացքում մենք շփուելու շատ առիթներ ենք ունեցել, այդ թւում նաեւ միջազգային հարթակներում, լինի ՀԱՊԿի կամ ՄԱԿի շրջանակներում: Անցած շաբաթ հանդիպեցինք Աստանայում:
Ես շատ եմ գնահատում մեր փոխյարաբերութիւնները, փոխըմբռնումը եւ արագ հասանելի լինելու հանգամանքը, ինչպէս նաեւ նախարար Լաւրովի փորձն ու գիտելիքները: Կարող եմ ասել, որ այս ընթացքում մեր միջեւ ձեւաւորուել են յարաբերութիւններ, որոնք համապատասխանում են մեր երկրների միջեւ առկայ ռազմավարական յարաբերութիւնների բնոյթին:
«ԻՏԱՐ ՏԱՍՍ».- Ինչպիսի՞ն են հայ-ռուսական յարաբերութիւնների յետագայ զարգացման հնարաւորութիւնները: Արդեօք կա՞յ չօգտագործուած ներուժ:
ԶՕՀՐԱՊ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Դուք հիանալի գիտէք, թէ որքան յագեցած եւ դինամիկ է հայ-ռուսական յարաբերութիւնների երկկողմ օրակարգը՝ գիտութիւնից, մշակոյթից, կրթութիւնից մինչեւ տնտեսութիւն, էներգետիկա, տրանսպորտ եւ, իհարկէ, ռազմա-տեխնիկական համագործակցութիւն: Առկայ են համագործակցութեան կանոնակարգուած ձեւաչափեր, որոնք հնարաւորութիւն են տալիս նախանշելու մեր դաշնակցային փոխյարաբերութիւնների խորացման նոր ուղղութիւնները: Մեր փոխգործակցութիւնն ամրապնդւում է նաեւ մեր անդամակցութեամբ այնպիսի կազմակերպութիւններում, ինչպիսիք են ԵԱՏՄն եւ ՀԱՊԿը: Մենք սերտօրէն համագործակցում ենք նաեւ այլ բազմակողմ հարթակներում: Մեր միջեւ հաստատուած են ամուր դաշնակցային յարաբերութիւններ, որոնք կառուցւում են իրաւահաւասարութեան, փոխվստահութեան եւ փոխադարձ յարգանքի վրայ:
asbarez.com/arm/331261/