Սերժ Սարգսեանը Մեզ Միացած Է, Ոչ Թէ Մենք Իրեն. Այդ Սխալը Երբեք Պիտի Չկրկնենք. Արմէն Ռուստամեան

29 ՕԳՈՍՏՈՍ 2018 – ՀԱՅԱՍՏԱՆ – ՆԵՐՔԻՆ – ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

ԵՐԵՒԱՆ.- «Թէժ ընտրապայքարն արդէն սկսուել է: Մենք շատ յաջող մեկնարկ տուեցինք մեր ընտրապայքարին եւ այդ ոգով շարունակելու ենք», «Առաջին Լրատուական»ի հետ զրոյցի մը ընթացքին յայտնեց ՀՅԴի նախընտրական ցանկը գլխաւորող Արմէն Ռուստամեան:

Ամփոփելով քարոզարշաւի առաջին երկու օրերը եւ խօսելով ստեղծուած տպաւորութիւններուն մասին՝ Արմէն Ռուստամեան ընդգծեց. «Ինչ-որ ես տեսնում եմ, աննախադէպ է, եթէ այս ոճաբանութիւնը, տղայական մօտեցումներով հարցերին անդրադառնալը եթէ շարունակուի, սա վերածուելու է փողոցային լեզուակռուի: Այս տերմինաբանութիւնն ու բառապաշարը վարչապետին հարիր չէ»:

Ըստ Ռուստամեանի գնահատման՝ բարդ ընտրութիւններ կը սպասուին։ «Ընտրութիւնների բուն նշանակութեանը եւ նպատակին չենք էլ մօտենում, նորից «սեւ ու սպիտակ»ի բաժանման տրամաբանութիւն է փորձ արւում խաղարկուել, որը նշանակում է, որ իբր թէ կան միայն երկու գործող կողմեր: Ժողովուրդը նախկիններին արդէն մերժել է, էջը փակուած է: Մենք հիմա գնում ենք ընտրելու ապագան, բայց այս մասին չի խօսւում… Սթափութեան կոչ պէտք է անել», յայտնեց Ռուստամեան:

ՀՅԴն սխալա՞ծ է՝ միանալով յեղափոխութեան. այս հարցումին պատասխանելով՝ Ռուսատմեան ըսաւ. «Մենք չենք սխալուել, մենք տեսակէտներին հարազատ ենք եղել: Մենք միշտ միաւորողի, կոնկրետ (յստակ-Խմբ.) խնդիրների շուրջ մարդկանց համախմբողի դերում ենք եղել. սա է ցոյց տալիս մեր ամբողջ անցած կենսագրութիւնը: Ով ընդունել է այդ օրակարգը, նրա հետ ենք շարունակել համագործակցութիւնը… Երբ քառեակը փլուզուեց, մեր օրակարգը մնաց նոյնը, այդ օրակարգը պաշտպանեց Սերժ Սարգսեանը, որովհետեւ այլ ելք չունէր, երկիրը գնում էր գահավիժման: Եւ այն, ինչ մենք կատարեցինք՝ փոխելով Սահմանադրութիւնը, դրա համար գին վճարեցինք: Շատերի մօտ տպաւորութիւն է, որ մենք Ս. Սարգսեանի թելն ենք թելել, բայց ոչ, Ս. Սարգսեանն է մեզ միացել ստիպուած: Մենք սխալուել ենք յանուն երկրի, բայց այդ սխալը երբեք չենք կրկնի՝ կոալիցիա չենք կազմի: Անարիւն յեղափոխութեան նախադրեալներն էլ ենք մենք ստեղծել»:

asbarez.com/arm/331488/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail