28 ՅՈՒԼԻՍ 2018 – Աժդահակ, Մովսէս Նաճարեան, Տիգրան Երուանդեան.«ՆԱԽՈՐԴԸ:»
Խորենացին խօսում է Տիգրան Երուանդեանի մասին՝ ու ասում.
«Սորա որդի Բաբ, Տիրան, Վահագն…զորմէ ասեն առասպելք աշխարհիս»:
Այսինքն Հայոց Տիգրան Երուանդեան արքան ունեցել է երեք որդի, որոնցից կրտսերագոյնը կոչուել է Վահագն, որի մասին էլ առասպելներ են հիւսուել:
Նշուած Վահագնը ապրել է Աքեմէնեան առաջին արքայ Կիւրոսի ժամանակներում՝ մ.թ.ա. 539 թուականի սահմաններում:
Այս Վահագնին է վերաբերւում լոկ վերջին խօսքը Խորենացու՝ թէ «Ընդ վիշապաց ասէին յերգին կռուել նմա եւ յաղթել»:
Այո, նրա հայրը, Տիգրան Երուանդեանը կռուել է Մարերի Վիշապազուն արքայ Աժդահակի դէմ՝ որն ըստ մեր հետազօտութիւնների, համապատասխանում է պատմագրութեամբ յիշատակուած Քաղդէացիների վերջին Նաբոնիդ արքային, որին ջախջախել է Տիգրանը Կիւրոսի աջակցութեամբ: Իսկ Վահագնը՝ ըստ երեւոյթին, իր մասնակցութիւնն է բերել այդ պատերազմին՝ եւ բազմաթիւ վիշապազունների յաղթելով հռչակուել է Վիշապաքաղ:
Այսօր հայ հետազօտողներ կան, որոնք «Վիշապաքաղ» բառի ուղիղ իմաստը փորձում են այլաբանել՝ որովհետեւ այդ ածականը չի՛ համապատասխանում բուն եւ առաջին արարչագո՛րծ Վահագնի էութեանն ու գործունէութեանը: Թիւրիմացութեան պատճառն այն է, որ Խորենացու ժամանակակից Գողթան երգիչները միահիւսել են երկու Վահագների առասպելները:
Ի՞նչ հիմքեր ունենք:
Աժդահակի դէմ պատերազմին մասնակցել է նաեւ Կիւրոսի որդի Կամբիւսոսը, որն երբ արքայից-արքայ է դարձել իր հօրը փոխարինելով՝ գնացել ու գրաւել է նախկինում Աժդահակին ենթակայ Եգիպտոսը, ու այնտեղ յայտարարել է, թէ ինքն արդէն սպաննել է պաշտամունքի առարկայ դարձած Ցուլ-Ապիսին, հետեւաբար այլեւս Եգիպտացիք պէտք է իրեն ենթարկուեն:
Բայց ի՞նչ առնչութիւն ունի Ցուլ-Ապիսը Վիշապ-Աժդահակի հետ:
Ծագող առաջին հարցականը վերաբերւում է Ցուլ պատուանուան:
Վաղնջական ժամանակներից մինչեւ նոյնիսկ Աքեմէնեանների օրերում՝ սովորութիւն է եղել արքայից-արքաներին Ցուլ հորջորջել: Ուստի հնագոյն պատմութեան դրուագներում երբ տիրակալ մի Ցուլի մասին են յիշատակել՝ նշանակում է որ խօսքը տուեալ ժամանակաշրջանի տիրակալի մասին է եղել: Ուստի Կամբիւսոսի Ցուլ-Ապիս արտայայտութիւնը պէտք է հասկանալ՝ արքայից-արքայ Ապիս:
Թէ ո՞վ է եղել Ապիս կոչուած այդ արքայից-արքան՝ որին սպաննել է Կամբիւսոսը:
Իրականում Կամբիւսոսն էլ իր հօր հետ մասնակցել է Աժդահակի դէմ պատերազմին՝ եւ հօր մահից յետոյ իրեն իրաւունք է վերապահել ասելու թէ սպաննել է Աժդահակին:
Բայց չէ՞ որ նա խօսում է Ապիսի մասին՝ եւ ո՛չ թէ Աժդահակի:
Սրա պատասխանը տալիս է Ապիս բառի ստուգաբանութիւնը:
Ըստ մեզ, Ապիսի կառուցուածքը «Ապ+պիս» պիտի լինի՝ որի երկու արմատ բառերի դրափոխումով կ՛ունենանք «Պիս+ապ», որը հայերէնի Վիշ-ապն է, ինչն էլ Կամբիւսոսի ժամանակակից Աժդահակին տրուած ածական է եղել:
Բայց Աժդահակ անունով տիրակալ չի՛ յիշատակւում Քաղդեա-Բաբելական կամ Մարական արխիւային արձանագրութիւններում:
Եթէ այս տեսանկիւնից քննարկենք հարցը՝ ուրեմն Կաբիւսոսն էլ է ստած լինում, ինչպէս որ ոմանք սուտ են համարում Խորենացու տուեալները:
Մինչդեռ խօսքը վերաբերւում է Քաղդէացւոց վերջին արքայ Նաբոնիդին:
Ըստ երեւոյթին Աքեմէնեաններն ու Երուանդունիները արժանի չեն համարել նրա անունը գրանցել պատմութեան էջերում որպէս վատ անձի, հնուց կիրառուած աւանդութեամբ:
Պիտի ասէք՝ հապա ինչո՞ւ Խորենացու մօտ նա Աժդահակ է անուանուել: Կարող ենք ենթադրել որ պատճառը նոյնն է եղել:
Որովհետեւ ինչպէս Ապիսը՝ այդպէս էլ Աժդահակ անունն է մակդիր, որն ըստ մեզ կառուցուած է Աժդ+ա+հակ արմատներից, ուր Աժդ-ը գրական հայերէնի Ազդ-ն է՝ ազդող ու պայմանական աստուած իմաստով, ինչպէս ՛՛Արամազդ՛՛-ում, իսկ հակ-ը կրճատուած հակառակ կամ հակառակորդ բառն է, որն օգտագործուել է ու այժմ էլ երբեմն օգտագործւում է սատանայ իմաստով:
Ուստի կարող ենք հաւաստել՝ որ Խորենացու բերած Աժդահակի պատմութիւնը մի հեքիաթ չէ, այլ պատմական իրականութիւն:
Այսքանը՝ Վիշապաքաղ Վահագնին վերաբերեալ:
Այժմ քննարկենք Խորենացու մէջբերած երգը՝ որն ըստ մեզ նուիրուել է արարչագործ առաջի՛ն Վահագնին:
«Երկնէր երկին, երկնէր երկիր, երկնէր եւ ծովն ծիրանի,
Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ.
Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.
Նա հուր հեր ունէր, ապա թէ բոց ունէր մօրուս,
Եւ աչկունքն էին արեգակունք»:
Նշենք որ առ այսօր երգի բովանդակութիւնը չի՛ վերծանուել ըստ էութեան:
Սկսենք նրանից՝ որ Խորենացին երբէք չի՛ ասել թէ երգը Վահագնի ծննդեա՛ն մասին է:
Վերջին միտքը ընդամէնը չարդարացուած մի ենթադրութիւն է՝ որ դժբախտաբար վերջին 100-ամեակում դրուել է լայն շրջանառութեան մէջ, երբ նոյն այդ երգում Վահագնը ներկայացուել է որպէս պատանի՝ եւ ո՛չ թէ նորածին:
Մեր կարծիքով սոյն երգի սկզբում բացակայում է Աստուած բառը՝ որի առկայութեա՛ն միայն հասկանալի է դառնում, թէ առհասարակ խօսւում է «Տիեզերածնութեան» մասին՝ երբ Աստուած երկնել կամ արարել է երկինքը, ապա երկիր մոլորակն ու ծիրանի ծովը:
Եւ ահա տիեզերքում արարուած պատանի Վահագնը սաւառնում է երկրի շուրջ, ու երկիրը ամբողջութեամբ ծածկող ծիրանի ծովի խորքից մի եղեգնիկ-հրաբուխ է ժայթքեցնում՝ նրա ծուխով ու բոցով, որի բոցերի վերեւում սաւառնելով սպասում է երկրագնդի երեսին առաջին ցամաքի կազմաւորմանը:
Աստուածաշնչում էլ համարեայ նոյնպիսի մի պատկեր է նկարագրուել՝ թէ «Աստուծոյ Հոգին շարժւում էր երկիրը ծածկող ջրերի վրայ»:
Պիտի ասէք՝ «Ինչի՞ց իմացաք որ եղեգնիկը հրաբուխ է»:
Հիմա ստիպուած ենք ներկայացնել լեզուաբանական մի հանելուկ:
Լատինական Volcano-հրաբուխ բառն ունի երկու արմատ, մէկը Vol-ն է, իսկ միւսը Cano-ն: Երկրորդ բաղադրիչը յայտնի է որ եղեգ է նշանակում , իսկ առաջին Vol-ը առաջացել է հայերէնի Փող բառի տառադարձութիւնից, այսինքն Volcano-ի էտիմոլոգիական իմաստն եղել է «Փող եղեգնի», ինչը «Եղեգան փող» ձեւով է ներկայացուել քննարկուած երգում:
Արաբական առասպելներում եւ Ղուրանում էլ երկրի վրայ առաջին արարուածը (ցամաքը) Եղեգան փողն է եղել՝ որ կոչուել է «ղէլէմ» , ներկայիս մատիտ իմաստով: Չէ՞ որ հնագոյն ժամանակներում եղեգով են գրել:
«Գէլէմ»-«Ղէլէմ»-ի արմատ «Ղէլ»-ը իրականում ծագել է հայերէնի «Եղեգն» բառի պարզացուած «Եղեգ» ձեւից, երբ բարբառայնացման սկզբունքով սկզբի ձայնաւոր «ե»-ն, ընկել է, իսկ «ղէգ»-ն էլ շրջուելով դարձել է «գէլ»: Սրանից է առաջացել նաեւ վրացերէնի «Ղըլէ» բառը՝ որ այս անգամ ձեռք է բերել «ֆալլոս» իմաստը:
Տեսնո՞ւմ էք թէ բառերի ձեւափոխման ու իմաստափոխման ինչպիսի անակնկալներ են մատուցում վաղ ժամանակներում մայր լեզուից հեռացած ու առանձնացած բարբառները:
Բայց շա՜տ հեռացանք մեր բուն նիւթից: Վերադառնանք:
Անհրաժեշտ է մատնանշել, որ երգում օգտագործուած «պատանեկիկ» բառը երբէ՛ք էլ «պատանեակ» չի նշանակում՝ որովհետեւ «պատանեակ»-ը ածանցման ժամանակ դառնում է «պատանեկ», ինչպէս «պատանեկ+ութիւն» բառում, մինչդեռ «պատանեկիկ»-ի հիմքը «պատանի+եկիկ» է՝ «եկած պատանի»-ն:
Թէ ի՞նչ պատանու մասին է խօսքը՝ եւ թէ որտեղի՞ց է նա եկել:
Հանելուկի լուծուման բանալին տալիս են սումերական արձանագրութիւնները:
Սումերներն իրենց առասպելներում երկրագնդի ծիրից ներս մտած երկնառաք տիեզերանաւերի պետերին կոչել են «Իկիկի» , որ գրաբարեան հայերէնի «եկիկ»-ն է՝ «եկած» իմաստով: Ուստի կարելի է ենթադրել, որ հրաբխի վերեւում սաւառնող Վահագնը եղել է տիեզերանաւի պետն ու երկնային հրեշտակապետը , որն իր հնարքներով ճառագայթներ է արձակել դէպի երկիր մոլորակ՝ ու նրա ընդերքը բորբոքելով այն ծածկող ջրերի տակից դուրս է մղել առաջին հրաբուխը, որն էլ դարձել է առաջին ցամաքակղզին: Դրանից յետոյ այնտեղ բնակութեան է ուղարկել իրեն ենթակայ հրեշտակներից ոմանց: Նրանք եղել են 28 հոգի՝ 14 արու եւ 14 էգ զոյգերով, որոնցից Էնկի-ին Վահագնը նշանակել է երկրի ղեկավար հրեշտակապետ:
Երկիր հաստատուած 28 հրեշտակների մասին աւանդում են արաբական առասպելները, ինչպէս եւ հայր Ղեւոնդ Ալիշանն է յիշատակել՝ ասելով թէ Անահիտ աստուածուհին եղել է երկիրը պահպանող 28 հրեշտակներից մին:
Նրանք իջեւանել են առաջին ցամաք-կղզու՝ Հայկական Տաւրոսի վրայ, Սասնայ Սիմսար լեռնազանգուածով արտայայտուած, ու ապա իջել են դրա հարաւային լանջերին: Այդտեղ էլ նրանք հիմնել են մի բնակատեղի՝ որը կոչուել է Անգեղ Տուն, այսինքն հրեշտակների տուն:
Ինչպէս տեսնում ենք՝ հայ ժողովուրդը քրիստոնէութեան ժամանակ էլ պահպանել է արարչութեան ու Վահագնին նուիրուած երգը, եւ նոյնիսկ մեր եկեղեցին նրա պատուին է անուանել «Մշոյ Սուլթան Սուրբ Կարապետ»-ի վանքը:
Պիտի ասէք Կարապետն ո՞ւր՝ Վահագնը ուր:
Ախր Կարապետ բառը «կար»-ի կամ տիեզերանաւի պետ է նշանակում:
Քանզի անգլերէնի car-ը համապատասխանում է հայերէնի «կառք» բառին «ռ»-ով՝ որը ցոյց է տալիս դրա ցամաքի վրայ ընթացող մեքենայ լինելը, իսկ «կար»-ը «ր»-ով ցոյց է տալիս դրա տիեզերագնայ մեքենայ լինելը, որի պետն է եղել Մշոյ Սուլթան սուրբ Կարապետ Վահագնը:
Յիշենք նոյն արմատից ստեղծուած ռուսերէնի «Կարաբլ» բառը՝ որը թէ՛ տիեզերանաւ կարող է լինել եւ թէ՛ ծովային նաւ:
Մեր մեկնութիւնները կարող են տարօրինակ թուալ ոմանց համար՝ բայց մենք բաւարար հիմքեր ունենք, ու համոզուած ենք որ նոր խօսքը շատերին է օգտակար դառնալու:
Ինչ վերաբերւում է սումերների յիշատակած երկրի վրայ առաջին հրեշտակապետի ՛՛Էնկի՛՛ անուան՝ մենք գտնում ենք որ դա Աստուածաշնչեան Ենովքի աղաւաղուած տարբերակն է:
Խորենացու Հայոց Պատմութեան մէջ բուն Էնկի-Ենովքը չի յիշատակուել իր անունով: Նա ներկայացել է Տօրք Անգեղ մակդիրով՝ ինչը պարզապէս Տաւրոսի հրեշտակ է նշանակում:
Սա այն անձն է՝ որի ուսերից վար են հոսում երկրագնդի առաջին երկու գետերը, Եփրատն ու Տիգրիսը, եւ նա անձնաւորում է Ջրաբաշխը՝ որպէս Ջրհոս կենդանակերպի մարմնաւորողը:
Ծանոթագրություններ
- Երկնային մարմինների արարումից յետոյ այնտեղ արարուել են նաեւ երկնային շնչաւոր էակներ՝ որոնց հրեշտակներ են կոչել նրանց իսկ կողմից ստեղծուած հողածին մարդիկ:
- Cano լատիներէն արմատ բառը հայերէնում յայտնւում է Քանոն բառում, քանզի եղեգնը եւ եղեգի վրայի օղակաձեւ բաժանումները օրինակ են ծառայել քանոն ստեղծելու գաղափարին:
- Միջնադարեան հայ գրականութեան մէջ յայտնի է ՛՛ղալամ՛՛ գրութեռամբ:
- Տես՝ Զաքարիա Սիտչին, «12-րդ Մոլորակը», ռուս. լեզուով, հրտ. Մոսկուա, 2005, էջ 308:
(իՈՍՈՐՌÿ հՌՑփՌվ «ԺՉպվՈՊՓՈՑՈÿ կսՈվպՑՈ») - Հնդկական Վեդաներում հայերէնի «հրէշ» բառը ներկայացել է «Րիշի»՝ որպէս երկնային առաջին արարուածների անունը: «Հրէշ» նշանակում է «հուր շնչող» նաեւ «գործող հուր», որից էլ «հրեշտակ»-ը՝ «հուր շնչող հրեղէն ակ»-ը:
Մովսէս Նաճարեան
magaghat.am/archives/35898