Ազրպէյճանի Նախագահի Մուղամը Քուզանլիում

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ Քաղաքական վերլուծաբան

30 ՆՈՅԵՄԲԵՐ 2018 – ԱՆԴՐԱԴԱՐՁ – ԱՇԽԱՐՀ:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան

Քուզանլին աւանային կարգավիճակով բնակավայր է Դաշտային Արցախում: Գտնւում է Պաքուից 315, նախկին ազրպէյճանական Աղդամից, պատմական ու ներկայիս հայկական Ակնայից` դէպի հիւսիս-արեւելք 50 քմ կամ աւտոմեքենայով հատելու դէպքում` մէկ ժամուայ հեռաւորութեան վրայ: Քուզանլիի բախտը չբերեց 1993թ. յուլիսին: Աղդամ շրջկենտրոնը եւ յարակից մի շարք գիւղական բնակավայրեր ազատագրուեցին Արցախի Պաշտպանութեան բանակի ձեռնարկած հակայարձակողական գործողութիւնների արդիւնքում, իսկ Քուզանլին մնաց առկախ վիճակում: Մնաց նախկին շրջանի ազրպէյճանական մասում:

Եւ ահա` Պաքուի որոշմամբ պահպանուեց այդ մասի նախկին վարչական անունը, իսկ Քուզանլին ստացաւ աւանի կարգավիճակ` վերածուելով ոչ լրիւ Աղդամի շրջանի ժամանակաւոր վարչական կենտրոնի: Թէ ինչո՛ւ ժամանակաւոր, այլ ոչ` անժամկէտ, կարծում եմ, դժուար չէ կռահել: Բանն այն է, որ Պաքուն քառորդ դարից ի վեր տակաւին շարունակում է ապրել այն սին պատրանքով, թէ միջազգային հանրութիւնը հայկական կողմին, աւելի ճիշդ` Արցախի Հանրապետութեան իշխանութիւններին վաղ թէ ուշ կը պարտադրի վերադարձնել նախկին ԼՂԻՄ-ի եօթ յարակից ազատագրուած շրջանները, այդ թւում նաեւ` գրեթէ կիսով չափ դարձած Աղդամի շրջանը:

Հետաքրքիր է իմանալ, որ Ռուսական կայսրութեան օրօք այդ բնակավայրը` Քուզանլին, բաղկացած էր երկու առանձին փոքր գիւղերից` Քուզանլի-1 եւ Քուզանլի-2, որոնք մտնում էին Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գաւառի կազմի մէջ, եւ որոնցում, «Կովկասեան օրացոյց» պարբերականի տուեալներով, 1912 թուականի դրութեամբ, ընդհանուր առմամբ, ապրում էր 172 մարդ, ըստ «Կովկասեան օրացոյց»-ի` հիմնականում թաթարներ:

Ներկայումս Քուզանլի աւանի բնակչութեան թիւը, ըստ Ուիքիփետիայի տուեալների, կազմում է 13 հազար 2 մարդ: Ինչպէս տեսնում ենք, ժամանակին մարգարէական էր Խորհրդային Միութեան կուսակցական առաջնորդ Լէոնիտ Պրեժնեւի յայտնի արտայայտութիւնը, թէ` «Լայն քայլերով է առաջ գնում Ազրպէյճանը»: Ի հարկէ, յիշում էք, այն ժամանակ հայկական ռատիոն իսկոյն եւեթ հումորի մի մալայ շաղախ յաւելեց այդ հիացական բացագանչութեանը, ու ստացուեց առ այսօր իրապէս անմոռաց թեւաւոր խօսք. «Լայն քայլերով է առաջ գնում Ազրպէյճանը… Հայաստանի խանութներով»:

Բայց անցնենք նոյն այդ Քուզանլիում Իլհամ Ալիեւի մուղամին կամ, աւելի ճիշդ, մուղամի հանգի նրա կլկլոցին: Կարող է հարց ծագել. իսկ ինչո՞ւ յատկապէս մուղամի հանգի, այլ ոչ Իլհամ Ալիեւի նախասիրած մէկ այլ երաժշտական ժանրի: Բանն այն է, որ, նախ, Ազրպէյճանի նախագահի այդ ելոյթը ժանրային տարբերակմամբ առաւելապէս ոչ այլ ինչ, քան մուղամի կատարում է յիշեցնում` իր «հէյ աման-աման» եւ «հէյ-վախ, հէյ-վախ» բառանիւթով ու ժանրին բնորոշ երկար ու ձիգ կլկլոցներով:

Եւ ապա խանենդէի, այսինքն` մուղամ կատարող երգչի, իր կարծեցեալ շնորհքը նա ցուցադրել է ոչ այլ հանրային լսարանում, քան` Աղդամի ժամանակաւոր շրջկենտրոն նոյն այդ Քուզանլիում օրերս կայացած մուղամի կենտրոնի բացման միջոցառմանը: Ընդ որում` ոչ միայն աւանի եւ յարակից գիւղերից այդտեղ բերուած խեղճ ու կրակ գիւղացիների, այլեւ Պաքուից ժամանած իր բաւական ներկայացուցչական շքախմբի անդամների, առանձնապէս շքախմբի գլխաւոր ծաղկի` Ազրպէյճանի առաջին փոխնախագահ, նաեւ համատեղութեան կարգով` հանրապետութեան Առաջին տիկին Մեհրիպան Ալիեւայի ներկայութեամբ:

Վերջինիս մասնակցութիւնը կարեւորւում է նաեւ նրանով, որ հէնց Մեհրիպան խանումի ղեկավարած Հայտար Ալիեւի անուան հիմնադրամի նախաձեռնութեամբ ու միջոցներով է մերձճակատային այդ գօտում կառուցուել մուղամի կենտրոնը: Ի դէպ, Ազրպէյճանում եւ նրա սահմաններից շատ ու շատ հեռուներում շրջանառուող լուրերն ասում են, որ հիմնադրամն ամբողջութեամբ եւ նրա այդ եւ նման նախաձեռնութիւնները, որոնք իրականացւում են ինչպէս բուն հանրապետութիւնում, նոյնպէս եւ աշխարհի տարբեր երկրներում, «Ազրպէյճանական լուացքատուն» կոչուող յայտնի սարդոստայնի կարեւոր բաղկացուցիչն են կազմում, ինչի շնորհիւ, այսպէս ասած, լուացւում, օրինականացւում են Պաքուի միլիառների հասնող նաւթաբոյր տոլարները` հանգրուանելով Ալիեւ ամուսնական զոյգի ու նրանց զաւակների, միով բանիւ` ընտանիքի անդրծովեան հաշիւներում:

Նաեւ վերածուելով արտասահմանեան թանկարժէք գնումների, ասենք` ճոխ առանձնատների, Թուրքիայում լինի, թէ Արաբական Միացեալ Էմիրութիւններում, Ֆրանսայում կամ Միացեալ Թագաւորութիւնում եւ կամ թէ Միացեալ Նահանգներում: Երեւի թէ օդից բռնած լուրեր չեն, թէ, օրինակ, ամէն անգամ Եւրոպա մեկնելով` որպէս ԵՈՒՆԵՍՔՕ-ի բարի կամքի դեսպան, Մեհրիպան խանումն իր այցի ծրագրի առիւծի բաժինը սովորաբար յատկացնում է Փարիզի, Հռոմի եւ այլ եւրոպական մայրաքաղաքների ամենաշքեղ խանութներով շրջագայութեանը:

Բայց դա` ի միջի այլոց: Տուեալ դէպքում մեր խնդրոյ առարկան Իլհամ Ալիեւի մուղամի այն հնչերանգներն են, որոնք, հանդիսականների իսկ համոզմամբ, դոյզն իսկ տեսական եւ կամ գործնական կապ չունեն մուղամի մշակութային նշանակութեան ու ժանրային առանձնայատկութիւնների հետ:

Եւ իրօք, արդեօք հնարաւո՞ր է որեւէ կապ գտնել մուղամի եւ այդ երգարուեստին նուիրուած միջոցառմանն Ազրպէյճանի նախագահի ռազմաշունչ հռետորաբանութեան միջեւ: Ահա յաջորդաբար թուարկեմ դրանցից մի քանիսը:

«Ապրիլեան մարտերը մեր անհաշտ ոգու դրսեւորումն են: Ապրիլեան մարտերը ցոյց տուեցին, որ ցաք ու ցրիւ է եղել այն առասպելը, որ Հայաստանը ստեղծել է շատ տարիների ընթացքում, եւ որ ազրպէյճանական բանակն ունակ է լուծելու ցանկացած առաջադրանք, պատրաստ է դրան, եւ մենք ապացուցեցինք դա», ասել է Իլհամ Ալիեւը: Նկատէք` այդ մասին բարձրագոչ ճամարտակում է մի պետութեան նախագահ ու զինուած ուժերի գերագոյն գլխաւոր հրամանատար, ում ենթակայութեան տակ գտնուող սպառազէն զօրքերը, յանկարծակի լայնածաւալ յարձակում ձեռնարկելով 2016-ի ապրիլի սկզբներին, մարտերի երկրորդ օրն իսկ հարկադրուած էին խուճապահար փախչել դէպի ելման դիրքերը: Դա այն պահին էր, երբ Արցախի ՊԲ զօրամասերը հակայարձակման էին անցել` խայտառակ պարտութեան մատնելով թշնամական ուժերին, պատճառելով մարդկային ու նիւթական վիթխարի կորուստներ:

«Յատկապէս 2016թ. ապրիլին հզօր հարուած հասցուեց Հայաստանի զաւթիչ վարչախմբին, նրանք դարձան իրենց իսկ զաւթողական քաղաքականութեան զոհերը», խօսքը շարունակել է Ալիեւը: Ասել է` ըստ երեւոյթին մոռացած, որ այն ժամանակ Պարտան, Թարթառը, անգամ աւելի խոր թիկունքում գտնուող Գեանճա-Գանձակն էին դատարկուել սարսափահար բնակիչներից, այլ ոչ` Ստեփանակերտը, Հադրութը, Մարտակերտը եւ կամ Շուշին:

Ասել է` մոռացած, որ առաջինը հէնց Պաքուն է հայ-հարայով սկսել բախել Մոսկուայի` Քրեմլինի դարպասները` աղաչանք-պաղատանքով խնդրելով, որ Փութինը դադարեցնել տայ հայկական զօրքերի հակագրոհն ու առաջխաղացումը: Այո՛, մարտերի 4-րդ օրը Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութինը, իրօք, հայկական կողմին յորդորեց չշարունակել հակագրոհը: Բայց, արդեօք նոյն ինքը` Ռուսաստանի նախագահը մոռացե՞լ է, թէ ո՛վ է ապրիլի 4-ին առաջինը տագնապահար բախել իր աշխատասենեակի դուռը: Հազիւ թէ: Դարձեալ քաղուածք` Ազրպէյճանի նախագահի բոցաշունչ մուղամից. «Ես քանիցս ասել եմ, որ Հայաստանը կառավարող քրէական խունթայի վարչախումբը պէտք է դատապարտման թիրախ դառնայ աշխարհի ողջ հանրութեան կողմից:

Ես ասել եմ, որ Հայաստանը կառավարում են մարդիկ, որոնք գլխաւորում են քրէական խունթայի վարչակարգը»: Ուշագրաւ է. այդպէս ասում է մի պետութեան նախագահ, ում կողմնակի ասեկոսէներից չէ յայտնի, որ հարեւաններից գողացուած են ոչ միայն իր կառավարած արհեստածին երկրի Ազրպէյճան անունը, այլեւ այդ երկրի բռնազաւթուած եւ կամ պարզապէս թռցրած տարածքները: Յիշեցնե՞նք. այո՛, Պարսկաստանից, Հայաստանից, Վրաստանից, ՌԴ Տաղստանի Ինքնավար Հանրապետութիւնից: Քաջ գիտէ, որ առ այսօր էլ ազգ չդարձած իր ժողովուրդը 9-10 միլիոնի է հասել Արեւելեան Անդրկովկասի տարածաշրջանի բնիկ ազգերին ու ազգութիւններին` լեզգիներին, աւարներին, ցախուրներին, ինկիլոյցիներին, փատարներին, ուտիններին, այլ ցեղերի ու ցեղախմբերի բռնի ուծացնելու, ազրպէյճանականացնելու հաշուին:

Գիտէ, որ պատմական անցեալ ու պատմականօրէն կերտուած քաղաքակրթութիւն չունեցող իր երկիրն ահա մէկ դար է, ինչ բարբարոսաբար ոչնչացնում եւ կամ իւրացնում է քաղաքական հանգամանքների քմահաճոյքով իր սահմանների մէջ յայտնուած ժողովուրդների պատմութիւնը, գրականութիւնը, մշակոյթը, այդ թւում` մուղամ երգարուեստը, որի պատուին, տեսէք հա, կենտրոն է ստեղծւում աշխարհի կողմից անտեսանելի մի անկիւնում` Քուզանլիում, որտեղ մի կարգին մուղամ երգող էլ չկայ եւ որտեղ առաջին խանենդեն իր ծվծուան ձայնով ինքը` Իլհամ Ալիեւն է: Նա հրաշալի գիտէ, որ իր անձնական անբաւ հարստութիւնն ինքը եւ իր ընտանիքը կուտակում են իր իսկ ղեկավարած ժողովրդից անկշտում գռփելով: Է՜հ, հայկական առածն այս պարագայում է երեւի ասել, թէ` «Գողը գողից գողացաւ, Աստուած տեսաւ` զարմացաւ»:

Շարունակենք հետեւել Ազրպէյճանի նախագահի մուղամի ելեւէջներին. «Մենք ասել ենք, որ նրանց զօրավարները գողեր են: Մենք ասել ենք, որ նրանց հերոսները յանցագործներ ու վախկոտներ են»: Երեւի թէ հաւկուրութեամբ է տառապում Ազրպէյճանի նախագահը կամ իր շրջապատում գոնէ մէկը չկայ` հասկացնէր նրան, որ հայոց ազատամարտի թէ՛ 90-ականների կռիւներում, թէ՛ 2016-ի ապրիլեան պատերազմում ազրպէյճանական բանակին յաղթած գլխաւոր ուժը հայ շարքային կամաւորականն էր, հայ շարքային զինուորը, ում համար հող հայրենիի պաշտպանութիւնը եղել եւ սերնդէ սերունդ մնում է սուրբ պարտք ու պարտականութիւն եւ ով կենաց ու մահու կռիւներում երբեք յանուն հերոսութեան չէ, որ առաջ է նետուել թշնամու դէմ յանդիման, այլ հերոսաբար մարտնչել է` որպէս վայել է նուիրեալ որդուն, յանուն հայրենիքի ու մայր ժողովրդի անձնազոհութեան պատրաստ զաւակին: Նրանք բոլորն էլ հերոսներ են: Անխտիր բոլորը, որոնք իրենց արեան, անգամ կեանքի գնով արժանապատիւ կռուել ու յաղթել են հայրենի եզերքի դէմ ելած բազմահազար ոսոխին:

Նրանք երբեք սուր չեն բարձրացրել մարտական գործողութիւնների գօտում ակամայ յայտնուած ազրպէյճանցի անպաշտպան բնակիչների` ծեր ու մանկան, կանանց գլխին: Նրանց համար երբեք ընդօրինակելի չի եղել նման իրավիճակներում ազրպէյճանական հրոսակների գազանաբարոյ պահուածքը, ինչին մենք չէ միայն, ողջ աշխարհն ականատես եղաւ թէկուզ հէնց ապրիլեան պատերազմի օրերին, երբ խոշտանգումների ենթարկելով, սրախողխող արուեցին թալիշցի անոք, զառամեալ ծերունիները, ցուցադրաբար գլխատուեց վիրաւոր ռազմագերի եզիտի զինուորը, իսկ նրա ոճրագործ դահիճն արժանացաւ Ազրպէյճանի զինուած ուժերի գերագոյն գլխաւոր հրամանատարի, իրականում Ազրպէյճանի գլխաւոր յանցագործի` նախագահ Իլհամ Ալիեւի, ի տես աշխարհի ցուցադրական խրախուսանքին ու քաջալերանքին:

Քուզանլիում Ազրպէյճանի նախագահի մուղամը, որպէս յատուկ է տուեալ երաժշտական ժանրին, բնականաբար, յագեցած էր նաեւ «նէյնիմ-նէյնիմ» կարգի յոյսերով ու պատրանքներով` կապուած Հայաստանում այս տարուայ գարնանը տեղի ունեցած իշխանափոխութեան հետ: Եւս մէկ քաղուածք նրա ելոյթից. «Հայաստանի նոր ղեկավարութիւնը պէտք չէ կրկնի նախկին քրէական վարչախմբի սխալները, նա պէտք է շատ շուտով, բանակցութիւնների ուղիով, բռնագրաւող ուժերը դուրս բերի զաւթուած հողերից եւ Ազրպէյճանի բնակիչներին հնարաւորութիւն տայ վերադառնալու հայրենի, պատմական, բնիկ հողերը»: Ասում են` ծովում խեղդուողը ճարահատեալ փրփուրից էլ է կառչում:

Ազրպէյճանի նախագահը, ինչ խօսք, կոյր չէ ու յստակ տեսնում է, որ ապարդիւն են իր յոյսերը ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահ երկրների եւ, առհասարակ, միջազգային հանրութեան միջամտութեան հետ: Ո՛չ Ուաշինկթընը, ո՛չ Մոսկուան եւ ո՛չ էլ Փարիզը չեն պատրաստւում հէնց այնպէս, կամայականօրէն սկուտեղի վրայ Պաքուին մատուցել ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլեւ յարակից շրջանները: Ահա թէ ինչո՛ւ Պաքուն վերջին յոյսը կապում է Հայաստանի նոր իշխանութիւնների հետ` չմտածելով, որ ազրպէյճանական լծից ազատագրուած եւ ինքնիշխան պետականութիւն կառուցող Արցախը ոչ թէ սոսկ այս կամ այն իշխանութեան, այլ համայն հայ ժողովրդի միասնական ազգային-ազատագրական պայքարի նուաճումն է, եւ Հայաստանի ու Արցախի ոչ մի նոր իշխանութիւն երբեւէ չի յանդգնի հայրենի ժողովրդից խլել իր զաւակների արեան ու կեանքի գնով նուաճուած այդ մեծ յաղթանակը:

Ի հարկէ, սա եւս` ի միջի այլոց ասած: Այնպէս որ, խօսքս աւարտեմ մուղամի կենտրոնի հանդիսաւոր բացմանն առնչուող վերջին լուրով: Ասում են` Ազրպէյճանի առաջին տիկին Մեհրիպան Ալիեւան այն աստիճան է հիացել ու յուզուել Քուզանլիում Ազրպէյճանի նախագահի եւ համատեղութեան կարգով իր ամուսնու կատարած մուղամով, որ որոշել է օգտագործել ԵՈՒՆԵՍՔՕ-ի բարի կամքի դեպանի իր հին կապերը եւ այդ անզուգական կատարումը ճանաչել տալ որպէս ազրպէյճանական ժողովրդի ոչ նիւթական մշակութային արժէք: Ինչ խօսք, աւարտին մօտեցող տարում դա երեւի թէ կը լինի առերեւոյթ «սիրող, հաւատարիմ» կնոջ սփոփիչ նուէրն ամուսնուն: Այնպէս որ, կարելի է միայն ողջունել ամուսնու սիրտն իր նկատմամբ տաք պահելու Մեհրիպան խանումի կանացի հնարամտութիւնը:

Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար

aztagdaily.com/archives/418029

Facebooktwitterredditpinterestlinkedinmail