Պաքուն Ամերիկեան Մուրճի Եւ Իրանական Սալի Արանքում

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՃԵԱՆ Քաղաքական վերլուծաբան

04 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2018 – ԱՆԴՐԱԴԱՐՁ – ԱՇԽԱՐՀ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան

Եւ իրօք, մեր արեւելեան հարեւաններն իրենց համար ոչ այնքան հաճոյ հէնց այդ վիճակի մէջ կարող են յայտնուել Իրանի նկատմամբ ամերիկեան նոր պատժամիջոցների արդիւնքում, մարտահրաւէր, որը շատ աւելի վտանգաւոր է, քան Իլհամ Ալիեւի վարչախումբն այդ կապակցութեամբ կարող էր ենթադրել իր ընթացիկ ու հեռանկարային կռահումներում:

Իրանի նկատմամբ Միացեալ Նահանգների սահմանած հերթական պատժամիջոցների փաթեթը, ինչպէս յայտնի է, ուժի մէջ է մտել վերջերս` նոյեմբերի 5-ին: Մինչ այդ Ուաշինկթընը միակողմանի կարգով դուրս էր եկել դեռեւս նախագահ Պարաք Օպամայի օրօք Իրանի հետ կնքուած միջուկային համաձայնագրից, իսկ աւելի վաղ «ահաբեկիչներին օգնելու, մարդու իրաւունքները խախտելու եւ բալիստրային հրթիռներ փորձարկելու համար» նոր պատժամիջոցներ էր սահմանել Իրանում, Լիբանանում, Չինաստանում, Արաբական Միացեալ Էմիրութիւններում տեղակայուած 12 ընկերութեան եւ 13 քաղաքացիական անձանց նկատմամբ:

Պատժամիջոցների նոր փաթեթի միջոցով Ուաշինկթընը նպատակ ունի հասնել Իրանից նաւթի արտահանման լրիւ դադարեցմանը, հաշուի առնելով, որ արտահանուող կազի հետ միասին այդ ուժանիւթը բերում է երկրի եկամուտների առիւծի բաժինը: Յայտնի է նաեւ, որ ամերիկեան պատժամիջոցների նաւթային փաթեթն անմիջականօրէն չի վերաբերում Անդրկովկասի երկրներին, քանզի նրանցից եւ ոչ մէկն իրանական նաւթ չի ներկրում:

Բայց ահա, դրա փոխարէն` նրանցից իւրաքանչիւրն այս կամ այն չափով կախուած է իրանական բնական կազի մատակարարումներից: Ուստի պատժամիջոցները, թէկուզ եւ` շեղակի, այնուամենայնիւ, կ՛անդրադառնան նրանց վրայ, առաւել եւս, որ տակաւին անորոշ է, թէ առաջիկայում ինչ նոր բաղկացուցիչներով ու ծաւալներով կարող է ընդլայնուել ամերիկեան արգելանքը:

Ամերիկեան «ԵւրասիաՆեթ» պարբերականի հեղինակ` կասպիական տարածաշրջանում ուժանիւթային հարցերով մասնագէտ եւ Ատլանտեան խորհրդի վերլուծաբան Ճոն Ռոպերծի գնահատմամբ, ամերիկեան պատժամիջոցների պատճառով Հարաւային Կովկասի երկրներից առաւել բարդ կացութեան մէջ է յայտնուել Ազրպէյճանը, որը եւ անմշակ նաւթահումք եւ բնական կազ է արտահանում, ինչպէս նաեւ ժամանակ առ ժամանակ կազ է ներկրում Իրանից, որն ուղղորդւում է Նախիջեւան` վերջինիս ներքին սպառումն ապահովելու համար: Տակաւին ութ տարի առաջ` 2010թ., Պաքուն Անգարայի հետ համաձայնագիր էր կնքել կազատար խողովակաշար ստեղծելու եւ նրա միջոցով կազը Թուրքիայից անմիջապէս Նախիջեւան փոխադրելու մասին: Բայց քանի որ խողովակաշարն առ այսօր կառուցուած չէ, ուստի Իրանի եւ Հայաստանի արանքում սեղմուած եւ ընդամէնը մի թիզ տարածքով Թուրքիային յարակցուող այդ ինքնավար հանրապետութիւնն ուղղակի կախուած է մնում իրանական կազի տարանցիկ մատակարարումներից:

Բացի այդ, վերջին տարիներս Ազրպէյճանն Իրանի տարածքով անցնող խողովակաշարով Թուրքմենստանից կազ է ընդունում Վրաստանին փոխանցելու եւ նրա ներքին սպառումն ապահովելու համար, որը, ինչպէս ենթադրւում է, այս տարի պէտք է Ազրպէյճանից ներկրի շուրջ 2,7 միլիառ խորանարդ մեթր «երկնագոյն վառելիք»: Սակայն, ինչպէս տեղեկացնում է Ազրպէյճանի պետական «ՍՈՔԱՐ» նաւթային ընկերութեան մամլոյ ծառայութիւնը, ներկայումս, շնորհիւ սեփական արտադրութեան ընդլայնման, դադարեցուած է Նախիջեւանի համար իրանական կազի ներկրումը:

Ընդ որում, այն դադարեցուել էր նախքան ամերիկեան պատժամիջոցների ընդունումը: Ի լրումն` «ՍՈՔԱՐ»-ը մօտակայ ժամանակներս չի նախատեսում դրամական վճարումներ ենթադրող կազի տարանցիկ փոխադրման նոր գործարքներ Իրանի հետ` նաեւ Վրաստանի կարիքների համար, որոնք նախատեսւում է ապահովել Ազրպէյճանի պահեստարաններում կուտակուած բնական կազի պաշարների հաշուին: Այդ մասին Պաքուն, որպէս Ուաշինկթընի հետ համերաշխութեան արտայայտութիւն, զեկուցել էր նախագահ Թրամփի ազգային անվտանգութեան գծով խորհրրդական Ճոն Պոլթընին` վերջերս նրա կատարած այցի ժամանակ: Իսկ վերջինս, ինչպէս յայտնի է, Հարաւային Կովկասի երկրներ էր ժամանել` փորձելով Իրանի մեկուսացմանն ուղղուած Ուաշինկթընի ջանքերի համար աջակցութեան երաշխիքներ ստանալ տարածաշրջանի մայրաքաղաքներում, ինչը եւ, ակնյայտ է, Պաքուն հաճկատարի պէս շտապել է խոստանալ:

Գաղտնիք չէ, որ միջազգային տարաբնոյթ կնճիռների կապակցութեամբ Պաքուն եւ Անգարան սովորաբար, պատկերաւոր ասած, զուգանուագում են` առաջնորդուելով` «Մէկ ազգ` երկու պետութիւն» կարգախօսով: Բայց ահա կարծես թէ այս անգամ, Իրանի դէմ ամերիկեան նոր պատժամիջոցների պարագայում, թուրք-ազրպէյճանական զուգանուագը չի ստացւում: Ինչպէս հաղորդում է ազրպէյճանական ախար.ազ լրատուական կայքը, Թուրքիայի նախագահ Էրտողանը սուր քննադատութեան է ենթարկել Ուաշինկթընի այդ նոր որոշումը: «Մենք,- ասել է նա,- ճիշդ չենք համարում պատժամիջոցները:

Դա մի քայլ է, որը խախտում է համաշխարհային հաւասարակշռութիւնը: Այն հակասում է միջազգային իրաւունքին: Մենք չենք ուզում ապրել կայսերապաշտական աշխարհում»: Ընդ որում` թուրք առաջնորդն այդ մասին յայտարարել է այն բանից յետոյ, երբ Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարար Մայք Փոմփէոն ճշդել է, որ Ուաշինկթընը նաւթային պատժամիջոցների ենթակայ պետութիւնների ցանկից, ի թիւս Չինաստանի, Հնդկաստանի, Իտալիայի, Յունաստանի, Ճափոնի, Հարաւային Քորէայի եւ Թայուանի, ժամանակաւորապէս հանել է նաեւ Թուրքիային: Եւ դա` այն պարագայում, երբ Անգարան տարեկան 10 միլիառ խորանարդ մեթր կազ է գնում Թեհրանից: Թէ ինչով է բացատրւում Էրտողանի այդ յոխորտանքը, կարծում եմ, դժուար չէ կռահել:

Ըստ իս, այն պայմանաւորուած է ոչ միայն ամերիկեան պատժացուցակից դուրս մնալու կարճ ժամկէտով` ընդամէնը 180 օր, ինչը խիստ սահմանափակում է հարեւան երկրից հետագայում եւս շարունակաբար բնական կազ ստանալու, ընդ որում` անորոշ ու անկանխատեսելի հեռանկարը, ինչը, բնականաբար, մտահոգում է պաշտօնական Անգարային: Բայց առկայ է նաեւ մետալի երկրորդ երեսը: Թեհրանի լիարժէք տնտեսական մեկուսացմանն ուղղուած պատժամիջոցների հերթական ձեռնարկը, ինչին նախագահ Թրամփը կոչում է միանալ նաեւ իր թուրք գործընկերոջը, նախագահ Էրտողանի համար, փաստօրէն, սակարկելու եւս մէկ պատեհ աղմկահարոյց առիթ է, որպէսզի Ուաշինկթընին ստիպի զիջել Փենսիլվանիայում ապաստանած իր նախկին համախոհ ու ներկայիս ոխերիմ թշնամի Ֆեթուլլահ Կիւլենին արտայանձնելու հարցում:

Ընդ որում` ի լրումն սէուտցի լրագրող Ճամալ Խաշոկճիի սպանութեան կապակցութեամբ նրա բարձրացրած «տիեզերական» աղմուկի, որի համապատկերում կարելի է միայն բարեհոգի պատկերացնել ու եզրակացնել, թէ Թուրքիան առաւել, քան` աշխարհի մէկ այլ պետութիւն, խօսքի ու մամուլի բացարձակ ու համատարրած ազատութեան դրախտավայր է, որտեղ խօսք անգամ լինել չի կարող լրատմամիջոցների կամայական փակման, ընդդիմադիր լրագրողների անօրէն ձերբակալութիւնների, խոշտանգումների եւ, Աստուած մի՛ արասցէ, սպանութիւնների եւ կամ, ինչպէս Պոլսի «Ակօս» հայկական թերթի խմբագիր Հրանդ Տինքի սպանութեան պարագայում էր, դրանք չբացայայտելու մասին: Մանաւանդ, Էրտողանի կառավարման օրօք, առանձնապէս 2016-ի յուլիսեան յեղաշրջման ձախողումից յետոյ: Սա, ի հարկէ, ի դէպ:

Ինչպէս յայտնի է, Ուաշինկթընը պատժամիջոցների ցանկից հանել է նաեւ «Կազի հարաւային միջանցք» նախագիծը, որով նախատեսւում է Ազրպէյճանի եւ Թուրքիայի տարածքներով անցնող խողովակաշարային ենթակառուցուածքներ կառուցել` ազրպէյճանական կազը Եւրոպա փոխադրելու համար: Նախագծի գլխաւոր բաղկացուցիչն է Կասպից ծովում գտնուող «Շահ տենիզ» հանքավայրը:

Այն համարւում է բնական կազի միակ աղբիւրը վաղուց նախատեսուած եւ Եւրամիութեան աջակցութիւնը վայելող այդ միջանցքի համար, որը կոչուած է նուազեցնել Եւրոպայի կախուածութիւնը ռուսաստանեան ուժանիւթի փոխադրամիջոցներից:

Լինելով ազրպէյճանական կազի հիմնական հանքավայրը, այն մշակւում է բրիտանական «Պրիթիշ փեթրոլիում» նաւթային ընկերութեան ղեկավարած ընկերութեան կողմից, որտեղ իրենց շահաբաժիններն ունեն նաեւ ռուսաստանեան եւ իրանական նաւթային ընկերութիւնները: Մասնաւորապէս իրանական ՆԻՕՔ ընկերութեան շահաբաժինն այդ նախագծում կազմում է 10 տոկոս:

Հնարաւոր է, ինչպէս ենթադրում է մոսկովեան «Ռեկնում» լրատուական-վերլուծական կայքի մեկնաբան Սթանիսլաւ Թարասովը, հէնց այդ նախագծի ճակատագրի համար մտահոգութեան պատճառով է, որ Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւը, ի տարբերութիւն իր թուրք գործընկերոջ, հրաժարւում է հրապարակաւ քննադատել ամերիկացիներին:

Քաղաքական վերլուծաբաններն այդ միտումը նկատել են համեմատաբար վերջերս: Բանն այն է, որ օգոստոսի կէսերին Աքթաուի (քաղաք` Ղազախստանում, Կասպից ծովի հիւսիս-արեւելեան ափին) Կասպիական գագաթնաժողովի շրջանակներում Իլհամ Ալիեւը հանդիպել է իրանցի իր գործընկեր Հասան Ռուհանիի հետ:

Ինչպէս այն ժամանակ հաղորդել է իրանական «Թասնիմ» գործակալութիւնը, պաշտօնական Պաքուն` ի դէմս նախագահ Իլհամ Ալիեւի, դատապարտել է Իրանի դէմ ամերիկեան պատժամիջոցները: Ազրպէյճանի նախագահն այն ժամանակ առաւել քան կտրուկ էր` յայտարարելով, որ չի պաշտպանի Իրանի դէմ ամերիկեան պատժամիջոցները, քանզի դրանք չեն յանգեցնի հիմնախնդրի լուծմանը, այլ միայն էլ աւելի մեծ լարուածութիւն կ՛առաջացնեն տարածաշրջանում:

Մինչդեռ ահա ազրպէյճանական «Ազերթաճ» պետական լրատուական գործակալութիւնը, մեկնաբանելով այդ բանակցութիւնները, սահմանափակուել է սոսկ յիշատակելով, որ Ազրպէյճանի եւ Իրանի կապերը յաջողութեամբ զարգանում են քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտներում: «Այժմ ամէն ինչ այլ կերպ է եւ, ըստ երեւոյթին, Միացեալ Նահանգներու նախագահ Տոնալտ Թրամփն Ալիեւին անկիւն է քշում», եզրականացնում է ռուսաստանցի քաղաքագէտը:

Այս առումով առկայ իրողութիւններն առաւել քան խօսուն են: Բացի վերը նշուած «Շահ տենիզ» հանքավայրից Պաքուն դեռեւս այս տարուայ մարտին Թեհրանի հետ պայմանագիր էր կնքել Կասպից ծովի եւս մի շարք այլ հանքավայրերի համատեղ մշակման վերաբերեալ, ինչը փաստօրէն հարցականի տակ է դրւում ամերիկեան արգելանքի պատճառով: «Խօսելով մեր տնտեսութեան վրայ այդ պատժամիջոցների ուղղակի ներգործութեան մասին,- ասում է ազրպէյճանցի տնտեսագէտ Նաթիկ Ճաֆարովը,- ես առաջին հերթին նկատի եմ առնում այն նախագծերը, որոնք Ազրպէյճանն իրականացնում է Իրանի հետ համատեղ:

Դա գլխաւորապէս վերաբերում է «Հիւսիս-հարաւ» հաղորդակցութեան միջանցքի շինարարութեանը, որի հիմնական հովանաւորի դերում հանդէս է գալիս Պաքուն: Մենք արդէն 500 միլիոն տոլար ենք յատկացրել այդ նախագծի շրջանակներում նոր ուղիների վերակառուցման ու շինարարութեան համար: Բուն նախագիծը կարող է տուժել Միացեալ Նահանգներ պատժամիջոցներից: Քանզի ամերիկեան պատժամիջոցների հիմնական կէտերից մէկն այլ երկրների հետ Իրանի առեւտրային կապերի զարգացմանը խոչընդոտելն է:

Պատժամիջոցները նոյն կերպ ուղղակիօրէն վերաբերում են «Մելլի Իրան» դրամատան, որի մասնաճիւղը գործում է նաեւ Ազրպէյճանի տարածքում: Այդ դրամատան աշխատանքը կարող է դադարեցուի առհասարակ: Բացի այդ` պատժամիջոցները կարող են վնասել նաեւ Նեֆթեչալայի (քաղաք եւ համանուն շրջանի վարչական կեդ

րոն` Կասպից ծովի ափին, Կուրի գետաբերանից 12 քմ դէպի հարաւ.-խմբ.) աւտոմեքենաշինական գործարանին, որի համար հիմնական նիւթերը բերւում են Իրանից»:

Ճաֆարովի ենթադրութեամբ, պաշտօնական Պաքուն փորձելու է հնարաւորինս բնականոն յարաբերութիւններ պահպանել Իրանի հետ, քայլեր որոնել առկայ համագործակցութիւնը շարունակելու համար: «Պէտք չէ մոռանալ,- ասում է նա,- որ Իրանը մեր հարաւային հարեւանն է եւ որոշակի ազդեցութիւն ունի Ազրպէյճանի, առանձնապէս մեր երկրի հարաւային տարածաշրջանների վրայ: Իսկ երբ այդ ամէնն անհնարին դառնայ, մենք լիովին կը միանանք Միացեալ Նահանգներու արգելանքային դրութեան»:

Իր հերթին նոյն եզրայանգմանն է հակուած նախկին ժողճակատային առաջնորդ, հանգուցեալ նախագահ Ապուլֆազ Էլճիպէյի (Ալիեւ) կառավարման օրօք Ազրպէյճանի ազգային անվտանգութեան փոխնախարար աշխատած Սուլհատտին Աքպերը` նշելով, որ` «Ընդհանուր առմամբ, ինչպէս ինձ թւում է, Ազրպէյճանը կառչելու է Թեհրանի հանդէպ արգելանքային դրութեան, այլապէս ամերիկացիները կ՛որոշեն պատժել մեզ»:

Քաղաքագէտ Սթանիսլավ Թարասովի գնահատմամբ. «Դատելով ըստ տեղեկատուական դաշտում առկայ միտումների, Ազրպէյճանը կարող է նկատելիօրէն հեռանայ Թուրքիա-Ռուսաստան-Իրան դաշինքից ու դառնայ Անդրկովկասում Իրանի դէմ դիմակայութեան գլխաւոր կեդրոնը»: Եւ իրօք, Իրանի դէմ ամերիկեան պատժամիջոցները կարող են կայուն բնոյթ ունենալ ու երկարաձգուել ժամանակային առումով: Ուաշինկթընի համար խնդիր է դարձած` հասնել Թեհրանի համաձայնութեանը` կնքելու նոր համաձայնագիր միջուկային ծրագրի առնչութեամբ, ընդ որում` համապատասխան պայմանաւորուածութիւններով հանդերձ եւ կամ բանը յանգեցնել այդ երկրում վարչախմբի փոփոխութեանը:

Պաքւում, ի հարկէ, քաջ գիտակցում են այդ կապակցութեամբ հնարաւոր ռիսքերը: Ազրպէյճանի փորձագիտական շրջանակներում շրջանառւում է այն գաղափարը, որ Թեհրանում յեղափոխութիւնը հազիւ թէ թաւշեայ եւ անարիւն լինի, ընդհակառակը, այն կարող է ամբողջ տարածաշրջանի համար վերածուել աշխարհաքաղաքական փոթորկի: Միացեալ Նահանգներն արդէն կարողացել են Անգարային կապել Սիրիայի հետ, նախաձեռնել փախստականների զանգուածային հոսքը դէպի Թուրքիայ, իսկ այժմ Թուրքիայի դէմ խաղարկւում է քրտական խաղաքարտը: Նոյն կերպ Ուաշինկթընն Ազրպէյճանին կապելու է Իրանի հետ` սադրելով Պաքուին ընդունել միլիոնաւոր փախստականների: Աւելի՛ն. Իրանի պառակտման ու մասնատման պարագայում չեն բացառւում Ազրպէյճանի եւ Իրանի ազգային փոքրամասնութիւնների վերազարթօնքի եւ այդ հենքի վրայ ազգային-ազատագրական պայքարի բռնկումները:

Դրանք առաւել հաւանական են Իրանի հիւսիս-արեւմուտքում, այսպէս կոչուած` Հարաւային Ազրպէյճանում, որտեղ երկրի տիտղոսակիր ազգութեան ներկայացուցիչների` պարսիկների հետ համատեղ հոծ բնակչութիւն են կազմում ազրպէյճանցիները, թուրքմանները, քրտերը, թալիշները: Ընդ որում` առանձին քաղաքական վերլուծաբաններ հակուած են կարծելու, որ դեռեւս պարզ չէ, թէ իրադարձութիւնների նման զարգացման պարագայում ո՛վ ո՞ւմ կը քաշի դէպի իրեն ու կը միացնի` Պաքո՞ւն Թաւրիզին, թէ՞ հակառակը:

Նոյնը կարող է տեղի ունենալ նաեւ Ազրպէյճանի հարաւային տարածաշրջանում, որտեղ բնիկ թալիշները հազիւ թէ չմտածեն վերականգնելու Թալիշ-Մուղանեան հանրապետութիւնը, սակայն, ի տարբերութիւն 1993-ին ձախողուած փորձի, այս անգամ ձգտելով մէկ ազգային պետութեան մէջ միաւորել Իրանի հետ սահմանային Աստարա գետի աջ ու ահեակ ափերի թալիշական հողերը: Միեւնոյն ժամանակ, կարելի է ենթադրել, ազգային-ազատագրական պայքարը մղուելու է ոչ միայն Թեհրանի եւ Պաքուի տիրապետութեան դէմ, այլեւ` նոյն այդ ազգային փոքրամասնութիւնների միջեւ` երկնքի տակ այս կամ այն ազգի կամ ազգութեան համար աւելի լայն ու արեւոտ տեղ ապահովելու մղումով:

Ինչ խօսք, պէտք չէ բացառել համարժէք գործընթացները նաեւ Ազրպէյճանի հիւսիսում եւ հիւսիս-արեւելքում` լեզգիների, աւարների, ցախուրների, փատարների, վրացական ծագմամբ ինկիլոյների, ինչո՞ւ չէ` նաեւ Հիւսիսային Արցախի եւ աջափնեայ Կուրի հայկական պատմական հողերի պարագայում: Ըստ երեւոյթին, այս հեռանկարի տեսլականից է, որ նախկին ժողճակատային գործիչ, ներկայումս քաղաքագէտի քղամիդ հագած Սուլհատտին Աքպերը ստիպուած է սարսափահար խոստովանել, որ տարածաշրջանում տեսանելի ռազմական գործողութիւնները կարող են յանգեցնել անշրջելի գործընթացների:

Իսկ թէ ի՞նչ հեռանկար է այդ ամէնը խոստանում ամերիկեան մուրճի եւ իրանական սալի արանքում յայտնուած Ազրպէյճանին, կարծում եմ, դժուար չէ ենթադրել: Յամենայն դէպս Սթանիսլաւ Թարասովի եզրայանգմամբ, նման անելանելի իրավիճակում Պաքուի ցանկացած քայլ, ուղղուած լինի այն դէպի աջ կամ դէպի ձախ, ամէն դէպքում կարող է յանգեցնել առնուազն մասնակի, եթէ ոչ, ի հարկէ, ամբողջական կորստի:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան

Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար

aztagdaily.com/archives/418523

Facebooktwitterredditpinterestlinkedinmail