Հեյդար Ալիևը խնդրել է Կազիմիրովին կապվել Երևանի հետ, որ Հայաստանը ևս ստորագրի Զինադադարի համաձայնագիրը

2018-12-04 – Հեղինակ՝ Արամ Սարգսյան :

Ինչպե՞ս են, ի վերջո, Հայաստանում ապրիլ-մայիսին տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները՝ թավշյա հեղափոխությունը, Սերժ Սարգսյանի ու Հանրապետական կուսակցության վարչակարգի տապալումն ու նոր կառավարության ձևավորումը, քաղաքական այլ հայացքներ ու մոտեցումներ ունեցող մարդկանց իշխանության գալը ազդել Արցախի շուրջ ընդհանուր իրավիճակի վրա՝ ներառյալ հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ քննարկումները, բանավեճերը պաշտոնական ու ոչ պաշտոնական մակարդակներում և ռազմական իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում։

Նոր իրավիճակ Արցախի շուրջ

Հայտնի ու փորձված ճշմարտություն է այն, որ Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի հարցը մշտապես եղել է շատ կարևոր, երբեմն էլ որոշիչ գործոն թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի ներքաղաքական կյանքում։ Բայց եթե նախկինում՝ վերջին 20 տարիներին, այս հարցի շուրջ իրար հետ բանակցում էին իրենց բնույթով քիչ թե շատ նման՝ ավտորիտար, ոչ ժողովրդավարական վարչակարգերի ղեկավարները, ապա մայիսից հետո, երբ, այսպես ասած՝ անցումային կամ ժամանակավոր կառավարության ղեկավար ընտրվեց թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, ստեղծվեց շատ հետաքրքիր մի պատկեր՝ այժմ գրեթե տոտալիտար, բռնատիրական Ադրբեջանի հետ պիտի բանակցի ժողովրդավարության ձգտող Հայաստանը, որի նոր ղեկավարը վարչապետ ընտրվելու հաջորդ իսկ օրը Ստեփանակերտում հայտարարեց, թե ինքը կարող է բանակցել Ադրբեջանի հետ միայն Հայաստանի Հանրապետության անունից։ Իսկ Արցախի կողմից Ադրբեջանի հետ պիտի բանակցի պաշտոնական Ստեփանակերտը։

Ալիևը, բնականաբար, «սրերով» ընդունեց այդ հայտարարությունը՝ ասելով, թե Փաշինյանն իր «հակասական հայտարարություններով» փորձում է խափանել բանակցությունները։ Բայց ամեն դեպքում հետագա ամիսներին Փաշինյանի կողմից արված հայտարարություններն ու քաղաքական ուղերձները ցույց տվեցին, որ Հայաստանի նոր ղեկավարությունը բոլորովին այլ կերպ է նայում խաղաղության հարցին և ներքաղաքական գործընթացներում ղարաբաղյան գործոնի դերին։ Բոլորն են թերևս հիշում Փաշինյանի մեկնաբանությունը իր որդու՝ Արցախ զինվորական ծառայության մեկնելու և Ալիևի որդու՝ սահմանային գոտում չծառայելու մասին։ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ իր որդուն առաջնագիծ ուղարկելը խաղաղասիրական քայլ է, որովհետև պարզ է՝ «եթե իմ որդուն ուղարկում եմ Ղարաբաղ, ուրեմն չեմ ուզում, որ այնտեղ պատերազմ սկսվի, և Աստված մի՛ արասցե, իմ որդին և իմ հայրենակիցների որդիները, ինչպես նաև Ադրբեջանի որդիները զոհվեն»: Նույնը նա պահանջեց անել Ալիևից, բայց երբ հայտնի դարձավ, որ Ալիևի որդին ծառայելու է Բաքվի զորամասերից մեկում, Փաշինյանը հայտարարեց, որ Ալիևը թքած ունի իր զինվորների վրա, որովհետև գիտի՝ պատերազմի վերսկսման դեպքում զոհվելու են «ուրիշ ադրբեջանցիների» որդիներ, ոչ թե իր որդին։ Նման հայտարարություններով Փաշինյանը, ըստ էության, փորձում էր Հայաստանի ներքին դիսկուրսը, ժողովրդավարական փոփոխությունների ալիքը տեղափոխել Ադրբեջան և ազդել Ղարաբաղի հարցում Ալիևի ռեժիմի վարքագծի վրա։ Սա է Հայաստանի ներքաղաքական փոփոխությունների կապն ու ազդեցությունը ընդհանուր ղարաբաղյան գործընթացի վրա, ու պատահական չէ, որ հարցազրույցներից մեկում Փաշինյանն ընդգծեց՝ Ալիևը վախենում է, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացները կարող են տեղափոխվել իր երկիր, այդ պատճառով փորձում է շփման գծում իրավիճակը սրելով՝ շեղել ադրբեջանցիների ուշադրությունը ներքին խնդիրներից:

«Гейдар несколько раз приставал ко мне…»

Այս հարցերին «Առաջին լրատվական»-ի խնդրանքով անդրադարձավ «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանած ռուսաստանցի հայտնի դիվանագետներից մեկը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, 1992-1996-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդական առաքելության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովը։

Ռուսաստանցի անվանի այս գործիչը, որը, ըստ էության, եղել է 1994 թ․ մայիսին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից ստորագրված Զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրի գլխավոր ճարտարապետներից մեկը, մեզ հետ զրույցում հիշեցրեց, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբնական փուլում, երբ ռազմական գործողությունները դեռ շարունակվում էին Արցախի գոտում, Ռուսաստանը, որպես միջնորդ, բանակցություններ էր վարում հակամարտության բոլոր երեք կողմերի՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի իշխանությունների և Ադրբեջանի հետ, և իրականում 1994 թ․ Զինադադարի մասին համաձայնագիրը սկզբնապես ստորագրվել է Բաքվի և Ստեփանակերտի միջև, իսկ Հայաստանի անունը հետո է ավելացվել փաստաթղթում։ Մինչդեռ ադրբեջանական կողմն այսօր ձևացնում է, թե իբր նման բան չի եղել, և չի խոստովանում, որ ժամանակին իրենք բանակցել են հենց Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ։

«Մենք ունեինք մեծ, քառակուսի սեղան։ Այս կողմում նստած էին միջնորդները, աջ կողմում նստում էր ադրբեջանական, ձախ կողմում՝ ղարաբաղյան պատվիրակությունը, իսկ մեր դիմաց նստած էր Հայաստանի պատվիրակությունը։ Այն ժամանակ Երևանի ներկայացուցիչները նույնիսկ փորձում էին մեզ համոզել, որ իրենք հակամարտության կողմ չեն հանդիսանում։ Մենք ստիպված էինք լինում վիճել և ապացուցել, որ ոչ, իրականում դուք էլ եք հակամարտության կողմ։ Միայն հետո նրանք համաձայնեցին դրան և եկան ստորագրելու Զինադադարի մասին համաձայնագիրը, և անեկդոտը հենց դրանում էր կայանում։ Հրադադարի մասին առաջին փաստաթուղթը ստորագրվել է 1994 թ․ մայիսի 9-ին։ Այն ժամանակ ես Բաքվում էի։ Ես հանեցի թուղթը, Հեյդար Ալիևը կարդաց այն և հանձնարարեց Մամեդովին ստորագրել: Այդ փաստաթղթում ոչ թե ստորագրություններ էին, այլ ստորագրողների պաշտոնները՝ ձախ կողմում՝ Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարի անունը, աջ կողմում նշված էր Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատարի՝ Սամվել Բաբայանի անունը։ Հայաստանի անունն այնտեղ ընդհանրապես չկար։ Հեյդար Ալիևը հանձնարարեց, Մամեդովը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարը, ստորագրեց այդ փաստաթուղթը։ Դրանից հետո Հեյդարը կրկին խնդրեց ինձ, որ կապվեմ Երևանի հետ, բայց ես ամեն կերպ բացատրում էի նրան, որ Երևանը չի ստորագրելու։ Ես գիտեի Երևանի դիրքորոշումը։ Այնուամենայնիվ, քանի որ Հեյդարը մի քանի անգամ դիմեց ինձ այդ հարցով (օգտագործում է «приставать» բայը,- Ա Ս), ես զանգեցի Երևան։ Ես զանգեցի Դավիթ Շահնազարյանին և Շահեն Կարամանուկյանին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի օգնականին։ Նրանք քննարկեցին այդ հարցը Երևանում, և հանկարծ մոտ մեկուկես ժամից զանգ հնչեց, և ինձ հայտնեցին, որ Երևանը ևս ստորագրելու է։ Դա շատ անսպասելի էր ինձ համար։ Բայց խնդիրն այն է, որ փաստաթղթում միայն երկու ստորագրողի անուն էր նշված, և ես ստիպված եղա իմ ձեռքով ավելացնել՝ «Հայաստանի պաշտպանության նախարար»։ Ահա այն շրջանը, երբ Ադրբեջանը զինադադար ստորագրեց միայն Լեռնային Ղարաբաղի հետ։ Իսկ հիմա նրանք ձևացնում են, թե իբր չեն հիշում դրա մասին»,- պատմեց Կազիմիրովը։

Բաքուն կապի էր դուրս գալիս Ստեփանակերտի հետ

Հիշելով ղարաբաղյան բանակցությունների սկզբնական շրջանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահը խոսեց նաև 1990-ականների առաջին կեսին Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած օպերատիվ կապի մասին, որը հայկական ու ադրբեջանական կողմերն այժմ՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից հետո, փորձում են վերականգնել: Կազիմիրովի խոսքերով՝ դեռ 1993 թվականին՝ հակամարտության ամենաթեժ շրջանում, երբ ռազմական գործողությունները Ադրբեջանի համար ոչ բարենպաստ հունով էին ընթանում, հենց Ադրբեջանն է առաջին անգամ փորձել կապ հաստատել արցախյան կողմի հետ։ Դիվանագետի վկայությամբ՝ առաջին անգամ Երևանի և Բաքվի միջև կապ հաստատել են նախագահ Տեր-Պետրոսյանի ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը և Ադրբեջանի պետական խորհրդական Վաֆա Գուլուզադեն։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիևը զանգահարում էր ոչ թե Երևան, այլ Լեռնային Ղարաբաղ, որպեսզի համաձայնության հասնի՝ ռազմական գործողությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին։ Իսկ հետո սկսեց էլեկտրոնային նամակներ գրել և ուղարկել։ Ես դրանք բոլորն արտատպել եմ իմ գրքում («Խաղաղություն Ղարաբաղին»,- Ա․ Ս․), բայց ոչ թե որպես տեքստ, այլ դրանց պատճենը, որպեսզի տեսանելի լինի, օրինակ, Հեյդար Ալիևի կամ Սաֆար Աբիևի ստորագրությունը, որովհետև եթե տեքստը միայն գրես՝ կարող են դա վիճարկել։ Իսկ պատճենի հետ վիճելն ավելի դժվար է։ Այնպես որ, այդ շրջանում բաքվեցիները, Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական իշխանությունները կապի էին դուրս գալիս հենց Ստեփանակերտի հետ։ Իսկ այսօր ադրբեջանցիները փորձում են մոռացության տալ այս ամենը, ձևացնում են, թե իբր չեն հիշում դրա մասին։ Թեև դա, իհարկե, ծիծաղելի է։ Այսպիսով, Բաքվի դիրքորոշումն այս հարցում քաղաքականապես հիմնավորված չէ»,- նշեց Կազիմիրովը՝ ավելացնելով, որ օպերատիվ կապը Երևանի և Բաքվի միջև, իհարկե, չի երաշխավորում, որ դրա շնորհիվ հնարավոր կլինի կանխել ռազմական գործողությունների վերսկսումը, կամ զսպել Ադրբեջանի հնարավոր ռազմական ագրեսիան, բայց ամեն դեպքում ավելի լավ է, որ ինչ-որ կապ լինի, քան ընդհանրապես ոչ մի կապ չլինի։

1in.am/2471198.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail