06 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2018 – ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:
«Ստեղծվել են բոլոր պայմանները մեր ժողովրդի կամքի ազատ արտահայտման համար: Նոր խորհրդարանը Հայաստանի ժողովրդին հնարավորություն կտա ձեւավորել կառավարություն, որի գործունեությունը նպատակաուղղված կլինի հնարավորինս շուտ հասարակության համար գերակա ուղղություններով արդյունքների հասնելուն, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարում, օրենքի գերակայության ամրապնդման եւ տնտեսական ու քաղաքական բնագավառում գործող բոլոր սուբյեկտների համար հավասար պայմանների ստեղծման ուղղությամբ», Սանկտ-Պետերբուրգում ԵՏՄ Վեհաժողովի ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով դեկտեմբերի 9-ին տեղի ունենալիք խորհրդարանի արտահերթ ընտրության մասին:
Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո նյարդայնացրել է ԵՏՄ ղեկավարներին, որոնց համար ժողովրդի ազատ կամարտահայտություն, օրենքի գերակայության ամրապնդում, կոռուպցիայի դեմ պայքար հասկացությունները զգալիորեն խորթ հասկացություններ են: ԵՏՄ ղեկավարները գործում են շարունակվող վերարտադրության ցիկլային տրամաբանությամբ, իսկ օրենք, հավասար մրցակցություն, ժողովրդի ազատ կամարտահայտում հասկացությունները դիտարկում իբրեւ անվտանգության սպառնալիք:
Այդ տեսանկյունից, երբ եվրասիական կլոր սեղանի շուրջ նստած Հայաստանի վարչապետը հիշատակում է այդ կատեգորիաները, ԵՏՄ ղեկավարներն ըստ երեւույթին զգում են հոգեբանական անհարմարություն:
Ընդ որում, այդ հանգամանքն իհարկե հիշատակվում կամ դիտարկվում էր Հայաստանում թավշյա հեղափոխության հաջողության առաջին օրերից, այն առումով, թե ինչպես պետք է հեղափոխությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ընդունվի ցմահ իշխանության սկզբունքով գործող ԵՏՄ ղեկավարների շրջանում:
Մյուս կողմից, այստեղ իրավիճակը ավելի հետաքրքիր է խորքային շերտում: Զուտ հոգեբանական առումով անհարմարությունն անշուշտ հաղթահարելի է, նրանք անշուշտ կվարժվեն Նիկոլ Փաշինյանի երիտասարդ եւ ժողովրդական ներկայությանը: Ավելին, դա նույնիսկ կարող է լինել նոր ժամանակների հետ իրենց կապը եվրասիական ակումբի շրջանակում եւ այդ իմաստով անգամ ժամանակի ընթացքում լինել յուրօրինակ «թթվածին»:
Բանն այստեղ այն է, որ Հայաստանում տեղի ունեցող վերափոխումների մասին հիշատակումներով Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ ղեկավարներին նյարդայնացնում է թերեւս այլ տեսանկյունից: Փաշինյանը փաստացի խոսում է այն մասին, որ այլեւս գործ են ունենալու այլ Հայաստանի հետ: Այսինքն, խնդիրն ամենեւին այլ ուղով իշխանության եկած Փաշինյանը չէ, այլ այն Հայաստանը, որ ներկայացնում է Փաշինյանը:
Իսկ այդ Հայաստանը գնում է հետաքրքիր ճանապարհով: Թվում էր, կամ կար տպավորություն, ընկալում, որ այդ Հայաստանը դուրս էր գալու ԵՏՄ դեմ, ըստ այդմ այն համակարգերի դեմ, որ կան ԵՏՄ մյուս անդամ երկրներում:
Բայց Հայաստանը ԵՏՄ դեմ դուրս չեկավ, դուրս չի գալիս ԵՏՄ անդամ երկրներում համակարգերի դեմ: Հակառակը, Նիկոլ Փաշինյանը բարձրացնում է ԵՏՄ, ՀԱՊԿ կենսունակության, դրանցում Հայաստանի շահերի պաշտպանության հարցեր:
Փաշինյանը չի գնում կոնֆրոնտացիայի ճանապարհով, այլ փորձում է շարժել ծերակույտը, ընդ որում Հայաստանի շահը դնելով առանցքում՝ միաժամանակ խոսելով իրենց իսկ շահի տրամաբանությամբ, ԵՏՄ, ՀԱՊԿ իրական բլոկային միջավայր եւ համակարգ ձեւավորելու տրամաբանությամբ:
Դա է թերեւս ամենից նյարդայնացնողը, երբ Հայաստանը մի կողմից դուրս է գալիս միմյանց միջեւ հարցեր լուծելու նպաստավոր օբյեկտի, թույլ օղակի դերից, մյուս կողմից սակայն դա անում է ամենեւին ոչ հակադիր բովանդակությամբ, այլ հենց այդ բլոկների տրամաբանության ու հռչակած նպատակների անունից:
Այդօրինակ քաղաքականության հնարավորություն տալիս է իհարկե ժողովրդի ազատ կամարտահայտման հիմքով ձեւավորվող իշխանության բարձր լեգիտիմությունը:
lragir.am/2018/12/06/401495/