«Քաղաքական Ընտրապայքար Թէ՞ Համակարգային Փոփոխութիւն»

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ

10 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2018 – ԱՆԴՐԱԴԱՐՁ – ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՅՕԴՈՒԱԾՆԵՐ:

ՀԵՆՐԻԿ ԽԱԼՈՅԵԱՆ

Առաջիկայ դեկտ. 9-ին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրութիւնների ընտրապայքարի հետքերով՝ բազմաթիւ հարցեր են առաջանում:

Ընտրապաքարի մէջ մտած քաղաքական ուժերը իրօ՞ք մանրակերտն են հայ քաղաքական մտքի… կարելի է ասել՝ այո, իսկ թէ դա որքանո՞վ է գոհացնում մեզ ընդհանրապէս, կարելի է ասել՝ շատ նւազ. թէ՝ ինչո՞ւ կարելի է քննարկել՝ քաղաքագիտական, պատմական եւ գաղափարախօսական հարթակներում. բայց եւ իրապաշտ լինելու համար ընդունենք, որ հէնց սա է մեր իրականութիւնը, ուր 28-ամեայ անկախ պետական համակարգում, հիմնականում պայքարում են՝ Խորհրդային համակարգից ժառանգութիւն հասած ու ռուսական քաղաքական «դպրոց»-ն աւարտած ուժերը, նորօրեայ արեւմտեան Լիբերալ ու նէօլիբերալ «դպրոց»-ին փարւած ուժերը ու Ազգային դասական գաղափարական «դպրոց»-ին կառչած ուժերը. ուր նաեւ էական դերակատարութիւն ունեն քաղաքա-տնտեսական քրէա-օլիգարխիան հիմնուած իր շահերին, որը մինչեւ ապրիլեան ժողովրդական շարժումը պետական հեգեմոնիայի գլխաւոր ուժն էր համարւում:

Սակայն, ժողովրդական յեղափոխութեամբ՝ վերջապէս սպասւում է արդար ընտրութիւն, որի արդիւնքում պիտի ձեւաւորւի լեգիտիմ օրէնսդիր, գործադիր ու դատական իշխանութիւն:

Իսկ ի՞նչ է լեգտիմութեան գինը. դա լաւապէս գիտեն նրանք, ովքեր անարդարութեամբ՝ ընտրակեղծիքով կամ բռնութեամբ կորցրին իրենց արժանի տեղն ու դերը մեր պատմութեան վերջին ժամանակահատւածում. նրանք, որ գիտեն միայն յենուած ժողովրդի իրական վստահութեան քուէի վրայ հնարաւոր է կերտել իրական ինքնիշխանութիւն ու այդպիսով, առանց տուրք տալու օտարին, միջազգային քաղաքական բեմում ինքնուրոյն արժանի դիրք գրաւել:

Սակայն, բռնապետական մտածողութեան համար միշտ էլ երկրորդական է լեգիտիմութիւնը եւ ընդհանրապէս երկրորդական է ինքը՝ ժողովուրդը ու ժողովրդավարութիւն հասկացութիւնները եւ նոյնիսկ լինում են պահեր, երբ դժբախտաբար, նմանները հնարամտօրէն գովազդում են «գերխընդիրներ» ինչպէս՝ «ազգային անվտանգութիւն», «կայունութիւն», «երկրի ամբողջականութիւն» (կամ նոյնիսկ առաջացնում պատերազմական իրավիճակ) արդարացնելու կամ, պահպանելու համար իրենց դիկտատուրան կամ բռնապետական կարգերը. դեռ երբեմն բարձրաձայնում թէ, դիկտատուրան լաւագոյն վարչա-համակարգն է երրորդ աշխարհի կարգում դասուող երկրների համար: Ահա յեղափոխութիւնների դասական դրդապատճառները. նմանները նոյնիսկ այդ ժամանակ՝ պոռթկած մասսան ու գործընթացը համարում են, տեռորիստական քայլեր, անարխիա, ու նման շարժումների ղեկավարութիւնը դասականօրէն համարում՝ օտար ուժերի հինգերորդ սիւն ու կամ թէ ապակայունութեամբ երկիրը կործանողներ, երազային պոպուլիստներ ու անգամ դաւաճաններ…

Ո՞վ է յաղթելու ընտրութիւններում, դա նշանակում է՝ ո՞ւմ է վստահում ժողովուրդը. իսկ ինչո՞ւ է վստահում, քանզի՝ վստահում է՝ ընտրեալ ուժի հզօրութեանը, արդարութեանը, քաղաքա-տնտեսական ծրագրին ու փորձին, թէ՞ լոկ այն պատճառով, որ ընդհանրապէս չի վստահում միւսներին ու ընտրում չարեաց փոքրագոյնն. կամ թէ եւ եւ:

Այս օրերին ժողովուրդը իրեն յաղթական է տեսնում.

Ասուած է ՝ ամենամեծ յաղթանակը այն է, երբ յաղթում ես ինքդ քեզ, ու ամենամեծ պարտութիւնը, երբ պարտւում ես ինքդ քեզնից:

Ամենակարեւոր յեղափոխութիւնը այն է, երբ յեղաշրջում ես ինքդ քեզ: Ու այսպէս մեր ժողովուրդը յեղաշրջեց ինքն իրեն ու իր հասարակութիւնը, այսինքն իր ապրելակերպն ու ապրելու արժէհամակարգը ու յեղաշրջումով յաղթեց այն գերիշխող համակարգին, որը անարդար էր ու կորումպացւած, որի գոյութիւնը այլեւս արժանապատիւ չէր հային:

Սա էր հայկական անարիւն ձեռնբարձ յեղափոխութիւնը, թէեւ որոշները այն չեն ընդունում ու ասում են, թէ յեղափոխութիւնը առջեւում է. իսկ ո՛չ յեղափոխութիւնը կատարւած է. հասարակական ու դեռ աւելին կասէի համահայկական առումով, որի յաղթութեամբ տեղի է ունեցել իշխանափոխութիւն եւ ցանկանանք՛ թէ ոչ, պահն է համակարգային փոփոխութեան, որը պիտի երաշխաւորի նոր եւ արդար արժէհամակարգի իրականացումը. մեր գիտակից ժողովուրդը գիտի, որ մի գաւազանի հարւածով չի փոփոխւելու իր տնտեսական կենսամակարդակը. ու սոցիալական արդարութիւնը նախնական քայլն է սոցիալական ապահովման ու սոցիալական պետական համակարգի կայացման: Թէեւ ցանկալի կը լինէր, որ այս ընտրութիւններով մենք քաղաքական թռիչքով առաջ գնայինք, սակայն իրողութիւնն այն է, որ դեռ ոչ մեր քաղաքական հոսանքները ու ոչ էլ ժողովուրդն է պատրաստ այս հանգրւանում՝ գաղափարախօսական հէնքի վրայ քաղաքական ու տնտեսական ծագրերի մրցակցային ընտրութեանը եւ ինչպէս ասւեց գիտակից մեր հայ հասարակութիւնը պիտի հաւատայ աշխարհասփիւռ համահայկական ուրոյն ուժին ու շարունակի իր երազանքների իրագործման ուղութեամբ, իսկ հայ քաղաքական միտքը ոչ յանուն գործնապաշտութեան խափանի կամ յուսահատ անի այն, այլ մի քայլ առաջ ժողովրդից անկախ ընտրութիւնների արդիւնքներից՝ պիտի առաջնորդի այն դէպի ապահով ու բարօր ապագայ:

Աւարտում եմ մտքերս մեր գաղափարական սկզբունքներից մէկով՝ Հ. Յ. Դաշնակցութեան համար ընկերվարութիւնը անիմաստ է առանց ժողովրդավարութեան եւ Ժողովրդավարութիւնն անիմաստ առանց Ընկերվարութեան:

Առաջ դէպի նոր Հայաստան՝ հաւատարիմ հողին ու հային:

5, դեկտ. 2018

aztagdaily.com/archives/419381

Facebooktwitterredditpinterestlinkedinmail