11 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2018 – ԱՆԴՐԱԴԱՐՁ – ՊԱՏՄՈՒԹԻՒՆ:
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան
Ուղիղ 30 տարի է անցել Գանձակի հայութեան ինքնապաշտպանութեան հերոսական, միեւնոյն ժամանակ` ողբերգական իրադարձութիւններից, որոնք իբրեւ հայոց նորագոյն պատմութեան անմոռաց էջեր, շարահիւսուած են արցախահայութեան ազգային-ազատագրական շարժման ու պայքարի տարեգրութեանը:
Անցած դարավերջին Ազրպէյճանում հայ ժողովրդի նկատմամբ պետականօրէն իրագործուած ցեղասպանութեան ոճրալի շղթայում Գանձակ-Կիրովապատի իրադարձութիւնների տեղն ու դերը հէնց այսպէս է բնորոշել քաղաքի հայ բնակիչներից մէկը` դրանք անուանելով` արիւնալի կամուրջ «Սումկայիթի» եւ Պաքուի «սեւ յունուարի» միջեւ: Ինչպէս յայտնի է, մեկնարկած լինելով Սումկայիթի հայ բնակչութեան 1988թ. փետրուարեան ջարդերով, այն իր կիզակէտին էր հասել 1990-ի յունուարին: Յայտնի է նաեւ, որ խայտառակաբար ձախողուելով մինչ այդ` փետրուարի 21-ին, Ասկերանի ուղղութեամբ ձեռնարկած ամբոխային արշաւանքում, Պաքուի իշխանութիւնները թէ՛ «Սումկայիթը» եւ թէ՛ «Գանձակը» նախատեսել էին իբրեւ զանգուածային ջարդերի նոյն այդ շղթայի մէկ միասնական օղակ: Նախատեսուած լինելով իրագործել համաժամանակ` գրեթէ միեւնոյն օրերին` դրանք պէտք էր բնաջնջման սարսափի հզօր մարտահրաւէր-ազդակ հանդիսանային ազգային-ազատագրական պայքարի ելած արցախահայութեան եւ նրան համազգային աջակցութիւն յայտնած Հայաստանի ու սփիւռքի հայութեան համար: Այն պէտք էր դառնար Պաքուի ազդու պատասխանը` մայր հայրենիքի հետ վերամիաւորուելու մասին ԼՂԻՄ մարզխորհրդի փետրուարի 20-ի որոշմանը, դառնար սպառնալի զսպաշապիկ ողջ հայ ժողովրդի համար` այն հեռանկարով, որ հակառակ դէպքում կարող է կրկնուել դարասկզբին Արեւմտեան Հայաստանում եւ Օսմանեան Թուրքիայի ողջ տարածքում, ապա եւ արեւմտեան մերձկասպեան` ներկայիս Ազրպէյճանի տարածքում 1915-1923 թուականներին իրագործուած Հայոց ցեղասպանութիւնը:
Յայտնի է, որ Սումկայիթում հայ քաղաքացիների ջարդերը տեղի ունեցան հիմնականում փետրուարի 27-29` ուղեկցուելով միջնադարեան բարբարոսութեան բոլոր երեւակայելի ու աներեւակայելի ոճրագործութիւններով` սկսած ուղղակի սպանութիւններից մինչեւ կենդանի մարդկանց, այդ թւում` ծերերի, կանանց ու մանկանց հրապարակային հրկիզումներ, խմբային բռնաբարութիւններ, այսինքն` նոյն այն ձեռագրով, որով իրագործուել է դարասկզբի Հայոց մեծ եղեռնը: Անմեղ զոհերի թիւը, առ այսօր լրիւ չճշդուած տարբեր տուեալներով, հարիւրների էր հասել: Սումկայիթի աւելի քան 18 հազար հայեր, ովքեր քաղաքի բնակչութեան հազիւ 7 տոկոսն էին կազմում, մազապուրծ լինելով գազազած ամբոխի գիշատչական ճիրաններից, ստիպուած էին լքել իրենց իսկ ձեռքերով կառուցած բնակավայրն ու խոշոր արդիւնաբերական կենտրոնը` ապաստանելով ով` Հայաստանում, ով` Արցախում, ով` Խորհրդային Միութեան եւ աշխարհի տարբեր ծայրերում:
Սակայն այն, ինչ ազրպէյճանական իշխանութիւնների կողմից կառավարուող ու հրահանգաւորուող ջարդարարների ամբոխին յաջողուեց Կասպից ծովի ափին` Սումկայիթ քաղաքում, դարձեալ, ինչպէս որ Ասկերանի մատոյցներում էր, Գանձակում ձախողման մատնուեց:
Ի դէպ, նախքան այդ իրադարձութիւններին անցնելը, կարծում եմ, արժէ նրանց համար, ում, յուսամ, հետաքրքրում է, թէկուզ հպանցիկ յետադարձ հայեացքով հակիրճ ներկայացնել հինաւուրց հայկական Գանձակի պատմութիւնը:
Գանձակ քաղաքը, որի անունը ծագում է հայերէն գանձ բառից, իսկ պարսկա-թուրքական յորջորջմամբ դարձել է Գեանճա, գտնւում է Մեծ Հայքի Ուտիք նահանգում: Օսմանեան զօրքերի կողմից 1918թ. բռնագրաւուելու եւ «Ազրպէյճան» անունով թուրքական նոր պետութիւն ստեղծելու պահին քաղաքը կոչւում էր Ելիզավետպոլ, ապա 1920-ին վերականգնուել է քաղաքի նախկին թուրքական անունը, որը նորից անուանափոխուեց 1935-ին` Կիրովապատ: 1991թ. քաղաքը Պաքուի իշխանութիւնների կողմից վերանուանուեց Գեանճա, որը հնչիւնային առումով հայկական Գանձակ անուանման խեղաթիւրուած ազրպէյճանական տարբերակն է:
Ինչպէս «Հայոց Գանձակը» ճանաչողական յօդուածում գրում է բանասիրական գիտութիւնների դոկտոր Հենրիկ Բախչինեանը, Գանձակի տարածքը, պատմա-աշխարհագրական առումով, վերաբերում է Հայոց Արեւելից կողմանքին, մասնաւորապէս, պատմական Գարդմանքին եւ Հիւսիսային կամ Դաշտային Արցախին: Քաղաքը հիմնադրուել է 846թ. եւ շրջապատուած էր հայկական բազում գիւղերով ու վանքերով: Յատկապէս նշանաւոր էր աւելի վաղ` 751թ. կառուցուած Դասնօ վանքը, որտեղ Մխիթար Գոշը գրել է իր հռչակաւոր «Դատաստանագիրք»-ը: Հայ ստեղծարար շինարարների, հմուտ առեւտրականների եւ բազմաշնորհ կրթական-մշակութային գործիչների շնորհիւ` Գանձակն արագօրէն զարգացել է եւ դարձել տարածաշրջանի վարչա-տնտեսական եւ հոգեւոր կենտրոնը, որը մեր պատմիչները` Վարդան Արեւելցին, Կիրակոս Գանձակեցին, կոչել են ,«Գանձակ Հայոց» կամ «Գանձակ Առանի»: Սկսած 9-րդ դարի վերջից մինչեւ 12-րդ դարը` Գանձակում է հաստատուել Աղուանից Հայոց կաթողիկոսութեան գահը: Քաղաքը նախապէս ընդգրկուել է Բագրատունեաց թագաւորութեան կազմում, ապա, Հայաստանի միւս գաւառների ու քաղաքների նման, ենթարկուել է արաբների, այնուհետեւ սելճուք թուրքերի ասպատակութիւններին ու գերիշխանութեանը: Հետագայում` 12-րդ դարի վերջին եւ յաջորդ հարիւրամեակի սկզբներին Գանձակն իր շրջակայքով ազատագրուել է սելճուքներից եւ ընդգրկուել Զաքարեան իշխանապետութեան մէջ` դառնալով, ըստ սկզբնաղբիւրների, հայահոծ, հարուստ եւ ամուր բերդաքաղաք: Նշուած ժամանակաշրջանում այդ տարածաշրջանին վիճակուած էր չափազանց նշանակալից դեր կատարել մեր ժողովրդի կեանքում: Երբ թուրք սելճուքների ասպատակութիւնների պատճառով կասեցուեց քրիստոնէական աշխարհում առաջինն սկիզբ առած Վերածնունդի (Ռենեսանսի) շարժումը, յատկապէս Գանձակից ու նրա շրջակայ կրթա-մշակութային օճախներից ծագեց եւ Հայաստանով մէկ տարածուեց հայ դպրութեան ու մշակոյթի նոր կենարար ալիքը: Այդտեղից սերուած բազում մատենագիրներից ու գործիչներից յիշենք ամենաերեւելիներին. Յովհաննէս Սարկաւագ Իմաստասէր` աստուածաբան, փիլիսոփայ, տոմարագէտ, շարականագիր, արուեստի տեսաբան, որ յատկապէս առաջ է մղել հայ գեղագիտական միտքը, խոշոր իրաւագէտներ` Դաւիթ Ալավկայ Որդի եւ Մխիթար Գոշ, որոնցից երկրորդը նաեւ եղել է հայ առակագրութեան հիմնադիրը եւ աննախադէպ բարձունքի է հասցրել հայ իրաւագիտական միտքը, նշանաւոր պատմիչներ` Կիրակոս Գանձակեցի եւ Վարդան Արեւելցի, որոնք որակական նոր աստիճանի են հասցրել միջնադարեան հայ պատմագրութիւնը:
Գանձակի աստեղային ժամը, սակայն, դժբախտաբար շատ երկար չի տեւել: 1236թ. քաղաքն աւերել են թաթար-մոնկոլները: Այդուհանդերձ, շրջակայ վանքերում շարունակուել է հայ կրթական-մշակութային կեանքը: Այնուհետեւ` 16-րդ դարում, Գանձակը վերակառուցուել է եւ անցել Սեֆեան Պարսկաստանին` որպէս առանձին խանութեան կենտրոն, մինչեւ 19-րդ դարի սկիզբը: Այս ժամանակաշրջանում, հայ եւ օտար աղբիւրների վկայութեամբ, Գանձակի եւ նրա շրջակայքի բնակչութիւնը հիմնականում (եթէ ոչ ամբողջապէս) կազմել են հայերը: նրանք շարունակել են շէնացնել հայրենի երկիրը, կառուցել բազում քաղաքացիական ու հոգեւոր շինութիւններ: Այսպէս, 1633-ին է կառուցուել Գանձակի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ մայր եկեղեցին: 18-րդ դարի կառոյցներ են քաղաքի Սուրբ Ամենափրկիչ, Սուրբ Աստուածածին, Սուրբ Սարգիս, Սուրբ Թադէոս եկեղեցիները:
1804թ. Գանձակն ընդգրկուել է Ռուսական կայսրութեան մէջ, վերանուանուել Ելիզավետպոլ եւ որոշ ժամանակ անց դարձել համանուն նահանգի կենտրոնը: Այս ժամանակաշրջանում եւս Գանձակում եւ շրջակայքում հայութեան թիւը գերակշիռ է եղել: Ըստ վիճակագրական աղբիւրների, Ելիզավետպոլ-Գանձակի նահանգում ապրել է շուրջ 400 հազար հայ: Գանձակահայութիւնը շարունակել է իր բեղուն ազգային կրթա-մշակութային կեանքը. գործել են հայկական դպրոցներ, թատերախմբեր, տպագրուել են գրքեր, մամուլ, վերաշինուել են որոշ եկեղեցիներ, կառուցուել է Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին:
Աստիճանաբար, յատկապէս բազմաթիւ մարդկային կեանքեր խլած 1905-1906թթ. հայ-թաթարական ընդհարումներից յետոյ, հայերի թիւը Ելիզավետպոլ-Գանձակի նահանգում բաւական նուազել է, եւ բազմացել են սելճուքների հետ բուն Աղուանքի եւ Հայոց Արեւելեան կողմանքի տարածքները թափանցած օղուզ թուրքերը, որ հետագայում կոչւում էին կովկասեան թաթարներ:
1918թ., երբ արհեստականօրէն կազմաւորուեց Ազրպէյճանի մուսաւաթական հանրապետութիւնը, նրանում ընդգրկուեցին պատմական Հայաստանի մի շարք գաւառներ, այդ թւում` նաեւ Գանձակը: Յատկապէս Այսրկովկաս ներխուժած օսման թուրքերի աջակցութեամբ` ուղղուած թուրքական նոր պետութեան ստեղծմանը, այդ շինծու երկիրը յանձնուեց նրանց ցեղակից կովկասեան թաթարներին, որոնք 30-ական թուականների կէսերից նոր միայն սկսեցին կոչուել ազրպէյճանցիներ:
Ազրպէյճանի Խորհրդային Հանրապետութիւնն արդէն ոչ միայն իր կազմում հաստատագրեց Գանձակը` ողջ Հիւսիսային Արցախով հանդերձ, այլեւ իւրացրեց Լեռնային Ղարաբաղն ու Նախիջեւանը: Խորհրդային տարիներին Գանձակը դեռեւս հայաշատ էր, եւ հայ բնակչութիւնը, չնայած ազգային իրաւական սահմանափակումներին ու ճնշումներին, շարունակում էր իր կենսագործունէութիւնը: Քաղաքն ունեցել է հայկական դպրոցներ, մամուլ. 1935-1949 թուականներին գործել է հայկական տրամաթիքական թատրոն, որը կամայականօրէն փակուել է Պաքուի Լեւոն Երամեանի անուան հայկական պետական տրամաթիքական թատրոնի հետ միաժամանակ: Ըստ վիճակագրական տուեալների, 80-ականների վերջերին քաղաքում բնակւում էր 230 հազար ազրպէյճանցի եւ 45 հազար հայ, որից 13 հազարը` ազրպէյճանական թաղամասում:
Եւ ահա 1988թ., երբ վերստին սկիզբ առաւ արցախահայութեան ազգային-ազատագրական հզօր շարժումը, Սումկայիթի հետ գրեթէ համաժամանակ զանգուածային յարձակումների ենթարկուեցին նաեւ Գանձակ-Կիրովապատի հայաբնակ թաղամասերը: Մետաղեայ ձողերով եւ այլ կտրիչ-ծակող գործիքներով զինուած ազրպէյճանական ամբոխն առաջին աւազակաբարոյ յարձակումը ձեռնարկեց «Սումկայիթի» մեկնարկից մէկ օր անց` փետրուարի 28-ին, բայց հանդիպելով քաղաքի հայկական թաղամասերի բնակիչների կազմակերպուած դիմադրութեանը, ստիպուած եղաւ ընկրկել: Փաստօրէն, Գանձակը, ի հեճուկս Պաքուի իշխանութիւնների, 1988-ի փետրուարին երկրորդ «Սումկայիթ» չդարձաւ: Հակամարտ կողմերի առաջին մեծ բախման վայրը քաղաքը երկու մասի բաժանող Ախսու գետի կամուրջն էր, որի աջ կողմում հայկական թաղամասերն էին, իսկ ահեակում` թուրքականը:
Պետական մակարդակով հանգամանալի նախապատրաստութիւնից յետոյ` 1988-ի նոյեմբերի 21-ից Ազրպէյճանի բոլոր հայաբնակ շրջաններում, այդ թւում` Գանձակում, գործի է դրւում զանգուածային հայաթափման ծրագիրը: Անշուշտ, միանգամայն իրաւացի է «Գոլոս Արմենիի» թերթի քաղաքական մեկնաբան Մարինա Գրիգորեանը` նշելով, որ այն, ինչ տեղի ունեցաւ 88-ի նոյեմբերին Գանձակում, «բացարձակապէս ներգրւում է այն ժամանակուայ իրադարձութիւնների սրընթաց զարգացման տրամաբանութեան մէջ»: Ամէնուրեք Ազրպէյճանում սկսւում են հայերի ցեղային զտումները, թալանն ու ջարդերը: Մայիսին բռնի տեղահանուել էր Շուշի քաղաքի, Դաշտային Արցախում գտնուող Խանլարի, Միր-Պաշիրի եւ Կասում Իսմայլովի շրջանների ողջ հայ բնակչութիւնը, իսկ ամրանը եւ աշնանը բռնագաղթի ենթարկուեցին Հիւսիսային Արցախի մի մեծ հատուածի` Շամխորի, Գետաբեկի շրջանների հայկական գիւղերի բնակիչները:
Գանձակում, չնայած ազրպէյճանական հաշուեյարդարի քանիցս փորձերին, հայերը տակաւին կանգուն էին մնում: Ջարդերի ահազանգն այդտեղ հնչեց նոյեմբերի 21-ին: Ոչ լրիւ տուեալներով, գրեթէ երկու շաբաթուայ ընթացքում սպաննուեց 18, անյայտ կորաւ 60 եւ ծանր վիրաւորուեց շուրջ 80 մարդ: Բացի այդ` գրանցուել են մի շարք ողբերգական դէպքեր: Այսպէս, ազրպէյճանցի ջարդարարները, ներխուժելով Գանձակի ծերանոց, պատանդ են վերցնում եւ դաժանօրէն սպաննում այնտեղ ապաստանած հայազգի 12 ծերերի, որոնց մասնատուած դիակները յայտնաբերուել են միայն 1990թ. ամրանը` Գանձակի մատոյցներում: Այդ սահմռկելի ոճրագործութեան փաստն առաջինը հրապարակել է մոսկովեան «Քոմսոմոլսքայա Փրաւտա» թերթը` 1990-ի փետրուարեան համարներից մէկում: Հաղորդագրութեան մէջ նշւում է. «ԽՍՀՄ ՆԳՆ (ներքին գործերի նախարարութեան.-խմբ.) Քրէական հետախուզութեան խմբի կողմից հաստատուել է Գեանճա (Կիրովապատ) քաղաքի Քեափազի (քաղաքային շրջան-խմբ.) հաշմանդամների տնից հայ ազգութեան 12 տարեց մարդկանց դուրս բերելու եւ նրանց սպաննելու փաստը: Կուր գետի ափին, Գեանճայից 40 քիլոմեթր հիւսիս-արեւմուտք յայտնաբերուել են 12 թաղուած դիակներ. 11 կանանց եւ 1 տղամարդու: Նրանց մէջ կան զառամեալ տարիքի մարդիկ»: ԽՍՀՄ ՆԳՆ քաղվարչութեան պետի տեղակալ, զօրավար Եւգենի Նեչայեւի խօսքով, նոյն օրը` փետրուարի 14-ին զինծառայողները յայտնաբերել են եւս 6 դիակ, այս անգամ` Խանլարի շրջանի նախկին հայկական Հաճիքենդ գիւղի մերձակայքում` Գանձակ-Կիրովապատից 20 քմ հեռաւորութեան վրայ: «Դիակներն այլանդակուած են բազմաթիւ խոցովի վէրքերով», ասւում է հաղորդագրութեան մէջ: Միայն տարիներ անց յայտնի դարձան 18 նահատակների անունները. ի պատասխան հայ պատգամաւորների հարցադրման` դրանք հաղորդել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի (Պետական անվտանգութեան կոմիտէ – խմբ.) նախագահ Վլատիմիր Քրիւչքովը:
Սումկայիթեան դէպքերի կրկնութիւնը Գանձակում բացառելու նպատակով նոյեմբերի 21-ի գիշերը ստեղծուեց «Գանձակ» կոմիտէն` որպէս ինքնապաշտպանութեան ղեկավար մարմին: Կոմիտէի ղեկավար կազմում ընդգրկւում են` տէր Սահակ Սահակեանը, Գրիգոր Օգանեզովը, Խ. Սարգսեանը, Ս. Յակոբեանը, Ն. Մինասեանը, Ճիւլեթա Վերդեանը, Կ. Խաչատրեանը, Ալ. Բալասանեանը, Վ. Ասրեանը, Մ. Եսայեանը, Վ. Բայտալովը եւ ուրիշներ: «Գանձակ» կոմիտէն կարճ ժամանակահատուածում հայկական թաղամասերում ստեղծում է պահակակէտեր, կազմակերպում ազրպէյճանական թաղամասերում եւ քաղաքի յարակից գիւղերում բնակուող հայերի տարհանումն ու փոխադրումը հայկական վերահսկողութեան գօտի` նրանց ապահովելով առաջին անհրաժեշտութեան միջոցներով: Քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում գործում էին բուժկէտ` վիրաւորների համար եւ ճաշարան` անտուն մնացած մարդկանց համար: Առհասարակ եկեղեցին ապահով ապաստարան էր դարձած կանանց, երեխաների, ծեր եւ հիւանդ մարդկանց համար: Կամաւորականները սնունդ էին տեղափոխում նոյնիսկ այն բնակարանները, որոնցում խմբովի ապաստանած էին հայ բնակիչները: Փողոցներում եւ խաչմերուկներում պատնէշներ էին կառուցուել աւազի պարկերից, մետաղեայ մահճակալներից, տակառներից, պատրաստուել էին հրկիզող խառնուրդով լի շշեր եւ այլն: Գիշերները խմբերը թափանցում էին ազրպէյճանական թաղամասերը եւ դուրս բերում այնտեղ մնացած հայրենակիցներին: Բացի այդ` կոմիտէն բանակցութիւններ էր վարում քաղաքային իշխանութիւնների, ոստիկանութեան եւ խորհրդային զինուած ուժերի ներկայացուցիչների հետ, կազմակերպում շուրջօրեայ հանրահաւաքներ: Համաժամանակ ստեղծուեցին ինքնապաշտպանական շրջաններ, որոնք ղեկավարում էին` Ա. Շահնազարեանը, Ջ. Զաքարեանը, Վ. Մաթեւոսեանը, Եու. Դաշեանը, Տ. Բայանդուրեանը, Զ. Շահինեանը եւ ուրիշներ:
Գանձակի հայութեանը վերջնագիր էր ներկայացուել` մինչեւ նոյեմբերի 24-ը լքել քաղաքը: Ազրպէյճանական ամբոխը, զինուած ինքնաշէն զէնքերով, երթեր էր անցկացնում փողոցներում` սպառնալիքներ գոչելով հայերի հասցէին: Ինչպէս Սումկայիթում էր, ջարդարարները գիտէին հայերի հասցէները, մանաւանդ` քաղաքի ազրպէյճանական մասում, որտեղ նրանք բնակւում էին իրարից անջատ-անջատ ու չէին կարող համատեղ կազմակերպել իրենց պաշտպանութիւնը: Հիմնականում հէնց այդ թաղամասերում էլ ամբոխի գրոհներին էին ենթարկւում անպաշտպան մնացած հայ ընտանիքները: Ինչպէս որ ինն ամիս առաջ Սումկայիթում էր` նրանց սպաննում էին, կողոպտում, դաժան բռնութիւնների ու ծաղրուծանակի ենթարկում: Տարբերութիւնն այն էր, որ Գանձակում տեղացի հայերը, հիմնականում հոծ ապրելով հայկական թաղամասերում, կարողանում էին կազմակերպել ինքնապաշտպանութիւնը:
Սակայն գլխաւոր առանձնայատկութիւնն այդտեղ այն էր, որ գանձակցի հայերը քաջ գիտակցում էին միասնութեան ու կազմակերպուածութեան ուժը, որի շնորհիւ կարելի է հակադրուել ու դիմադրել բազմամարդ գազազած ամբոխին, թէկուզ եւ այն վայելում է ջարդերի կազմակերպիչների` Ազրպէյճանի իշխանութիւնների ամենայն աջակցութիւնը:
Նոյեմբերի 24-ին ազրպէյճանական հրոսակները գրոհի անցան` փորձելով անցնել բաժանարար կամուրջը: Ինչպէս վկայում է ռուս զինծառայող Իվան Չուկունովը. «Զինուած ամբոխները` պենզինի տարաները եւ ինքնաշէն նռնակները ձեռքներին, շարժւում էին դէպի քաղաքի հայկական մաս` նպատակ ունենալով շրջապատել այն, հրկիզել հայերին պատկանող առեւտրա-կենցաղային սպասարկման ձեռնարկութիւնները եւ զաւթել տները: Տասնեակ հազարաւոր մարդկանց գլխին կախուել էր դաժան հաշուեյարդարի սպառնալիքը»: Ամբոխի յարձակումը հնարաւոր եղաւ կանգնեցնել 5 զինուորի եւ 1 սպայի կեանքի գնով: Ի դէպ, հարկ է նշել, որ ի տարբերութիւն Սումկայիթի` խորհրդային բանակի զօրամասերը Գանձակում գործում էին բաւական յստակ եւ հայերին որոշակի օգնում էին պաշտպանուել:
Գանձակի հայութեան հերոսական ինքնապաշտպանութիւնը տեւեց մինչեւ դեկտեմբերի 10-ը: Չնայած դրան` «Գանձակ» կոմիտէն շարունակում էր ընդյատակեայ կարգով գործել մինչեւ յաջորդ տարուայ փետրուար: Իրավիճակը փոքր ի շատէ մեղմացել էր, երբ քաղաք մտցուեցին լրացուցիչ բանակային զօրամասեր, որոնք շրջափակեցին քաղաքի հայկական մասը: Միայն լաւ կազմակերպուած ինքնապաշտպանութեան շնորհիւ հնարաւոր եղաւ խուսափել լայնածաւալ կոտորածից: Բայց հետագայ մի քանի ամսուայ ընթացքում ողջ հայ բնակչութիւնը` շուրջ 45 հազար հայ, աւաղ, ստիպուած եղաւ հեռանալ հարազատ քաղաքից` լքելով սեփական տներն ու վիթխարի ունեցուածքը եւ տեղափոխուեց Հայաստան ու Արցախ: Այդուհետ Ազրպէյճանի ցեղասպան իշխանութիւնների համար կանաչ լոյս էր վառուած դէպի Պաքուի հայ բնակչութեան 1990թ. յունուարեան ջարդեր տանող արիւնալի ճանապարհին:
Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար
aztagdaily.com/archives/419409