Ադրբեջանը մեր պատմական հայրենիքի տարածքում է իր պե­տությունը կառուցել, դրանից ավելի ի՞նչ զիջում. Արկադի Կարապետյան

13 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2018 – Գոհար Ավետիսյան:

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի զրուցակիցն է արցախյան պատերազմի առաջին հրամանատար, գնդապետ Արկադի Կարապետյանը (Արկո):

-Այս օրերին կրկին ակտիվացել են Արցախում «հող հանձնելու» մասին խոսակցությունները: Ավելին՝ Հայաստանում հեղափոխությունից հետո մտահոգություններ են հնչում, որ ներկա իշխանությունները պատրաստ են «հանձնել Արցախը՝ հանուն իշխանության»: Ի՞նչ կասեք այս տրամադրությունների առընչությամբ:

-«Հող հանձնելու» մասին զրույցները նոր բան չեն, կարելի է ասել՝ դեռ պատերազմի տարիներից սկսած, մերթընդմերթ նման խոսակցություններ են տարածվում: Այդ զրույցները եղել են և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի ժամանակ, ու հիմա էլ կան: Ժողովրդի մեջ էլ միշտ այդ մտավախությունը կա: Սակայն ես մշտապես ասել եմ, ու հիմա էլ կրկնում եմ՝ հող հանձնողը կամ պահողը ժողովուրդն է: Ավելին, եթե անգամ տեսականորեն ժողովրդը որոշի հող հանձնել, ես հող հանձնող չեմ: Մենք հող չենք գրավել, որ մտածենք դա հանձնելու մասին, մենք ազատագրել ենք մեր հայրենիքը, դրանք տարբեր բաներ են: Մենք զիջելու բան չունենք: Ավելին՝ Ադրբեջանի զգալի մասը մեր հայրե­նիքն է, սակայն դրա մասին ոչ ոք չի խոսում: Դա պատմական իրողու­թյուն է:

Վստահ եմ՝ մեր ժողովրդի 98-99 տոկոսը կիսում է այս տեսակետը, որ հող հանձնելու մասին խոսք անգամ չի կարող լինել: Սա արցախյան հարց չի, սա հայոց հարցն է, մեր հայրենիքի անվտանգության հարցն է, հետևաբար, բոլորիս է վերաբերում այս խնդիրը:

Ասենք, երբ ցեղասպանության մասին ենք խոսում, գիտենք, որ այն Արևմտյան Հայաստանում է եղել, Գորիսում չի եղել, բայց ցեղասպանությունը Գորիսի հայերին էլ է վերաբերում: Ասածս ինչ է՝ արցախյան հարց չկա, դա հայոց հարցն է:

-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է ժամանակ առ ժամանակ այս թեման դրվում շրջանառության մեջ, և ընդհանրապես, ինչո՞ւ է մեզանում քննարկվում «հող հանձնելու» թեման, երբ մենք ենք պատերազմում հաղթող կողմը և մենք ենք թույլ տվել, որ 1994 թվականին հրադադարի պայմանագիր ստորագրվի:

-Կան մարդիկ, որ այս թեման միշտ տաք են պահում: Բայց ես չեմ լսել, որ ինչ-որ մեկն ասի, թե ինքը պատրաստ է հող հանձնելու: Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ նման բան չկա: Ավելին, Փաշինյանի պահվածքը ՀԱՊԿ-ում ես դրական եմ գնահատում: Վերջապես մեր իշխանություններից ինչ-որ մեկը մեր շահերը այդպես խիստ դնում է, այսինքն, գլուխ խոնարհելու չի գնում, չի ամաչում, չի վախենում:

Այսինքն, դրանից ելնելով եմ ասում՝ ես չեմ տեսնում նման բան, որ իշխանություններից ինչ-որ մեկը խոսի հողեր հանձնելու մասին: Թե ինչ կլինի վաղը, մեկ տարի հետո կամ 10 տարի հետո, չեմ կարող ասել, բայց այսօր չեմ տեսնում:

Ես քրիստոնյա մարդ եմ ու հավատում եմ, որ այս հայրենիքը մեզ Աստված է տվել: Այնպես է ստացվել, որ տարիների ընթացքում մեր հայրենիքի տարածքը ահագին փոքրացել է, և մենք պետք է վերադարձնենք այն հայրենիքը, որ պատգամել է մեզ Աստված: Մեր ժողովուրդն այսօր հավատքի մեջ չի, հոգևոր դաշտում մենք շատ ենք զիջել, շատ ենք կորցրել, և եթե այսպես շարունակվի, կպատժվենք:

Մենք մեր պատմությունը լավ չգիտենք, տեղյակ չենք, որ օրինակ Խորհրդային միության ժամանակ էլ ենք նույնիսկ զիջել: 1994-ին էլ զիջեցինք, որ չպետք է զիջեինք: Իմ կարծիքով՝ մենք կարող էինք նվազագույնը Քուռ հասնել, բայց զիջումների գնացինք: Հիմա սա մեր տարածքն է, մեր հայրենիքն է, էլ ի՞նչը զիջենք: Մի բան էլ ասեմ, զիջելը «խասյաթ» (բնավորություն) է, եթե սկսեցիր զիջել, անընդհատ զիջելու ես: Երևանում մի մետր հողի համար իրար սպանում են, իսկ մենք խոսում ենք հողեր հանձնելու մասին, այդպես չի կարելի: Այնքան ենք ասելու խաղաղություն, որ Կարսի պես Հայաստանն էլ ենք հանձնելու ամբողջովին, ինչ է, թե խաղաղություն լինի: Բայց խաղաղությունը սուտ գաղափար է, ոչ մի տեղ էլ խաղաղություն չկա: Ես չեմ ասում, թե դեմ եմ խաղաղությանը, սխալ չհասկանաք, պարզապես ինչի՞ հաշվին պետք է լինի այդ խաղաղությունը:

Մենք պետք է գնահատենք մեր հայրենիքը, տեր կանգնենք մեր հայրենիքին: Այսօր Իսրայելն ինքն իրեն հռչակում է որպես հրեաների պատմական հայրենիք, իսկ մենք չենք խոսում մեր պատմական հայրենիքի մասին:

Մենք հաղթեցինք Արցախյան պատերազմում, երբ նույնիսկ ռեսուրսներ չունեինք, երբ հաղթանակն անհնարին էր թվում: Դա Աստծո պարգևն էր: Իսկ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, թե մենք որքանով ենք պատրաստ դրան: Հակառակորդը երևի հաշվարկել էր, որ մենք կհանձնենք մեր հայրե­նիքը, սակայն սխալվեց: Այսօր զիջման մասին խոսելն անհեթեթություն է, քանի որ Ադրբեջանը մեր պատմական հայրենիքի տարածքում է իր պե­տությունը կառուցել: Դրանից ավելի էլ ի՞նչ զիջում:

haydzayn.com/am/page/adrbejane-mer-patmakan-hayreniqi-taracqoum-e-ir-petoutyoune-karoucel–dranic-aveli-inc-zijoum-arkadi-karapetyan

Facebooktwitterredditpinterestlinkedinmail