Գյումրիում հաստատվելու առաջին կայծը եղբորս «լռելյայն» ուղերձն էր. լիբանանահայ Զարեհ Յահնիյան

11 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2018 – ՀԱՐՑԱԶՐՈՁՑՆԵՐ – ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՆԵՐ:

«Հայերն այսօր»-ի զրուցակիցը Լիբանանից հայրենադարձված Զարեհ Յահնիյանն է, որը հայրենադարձվել է 2003 թվականին և բնակվում է Գյումրիում: Նա փորձում է իր աշխատանքով և հայրենասիրությամբ լուծումներ գտնել մի շարք խնդիրների համար: Նրա կարծիքով Գյումրին արժանի է ամեն մի հայի հոգատարությանը:

– Կխնդրեի` ներկայացնել հայրենադարձման Ձեր պատմությունը:

– Հայրենադարձման իմ պատմությունը սկսվել է նախքան լույս աշխարհ գալս և շարունակվել ծնունդիցս հետո: Չնայած ծնվել եմ Լիբանանում և այդ երկրի քաղաքացիությունն ունեմ`այդ փաստն ինձ չտվեց Հայրենիք հասկացողությունը:

Մանկությունս, պատանեկությունս և երիտասարդությունս ապրելով Լիբանանում`սրտիս բաբախյունը միշտ եղել է իմ Հայրենիքում`իր երկու հատվածներով. ես փայփայել եմ ունենալ միացյալ Հայաստանի գաղափարը: Իմ դեպքը անվանել որպես հայրենադարձություն`այդքան էլ համաձայն չեմ, այն ավելի շատ իմ սրտի և փափագի միացումն է իրականությանը, և ինչպես մեծն բանաստեղծ Վիլյամ Սարոյանն է ասում. «Ես չեմ ծնվել Հայաստանում, սակայն Հայաստանն է ծնվել իմ մեջ»:

-Ե՞րբ եք հայրենադարձվել և ինչո՞ւ:

-Ամեն մի հայի նպատակը Հայաստանում ապրելն է, սակայն դրա համար հարկավոր են կայծեր` կյանքի տարբեր փուլերում: Իմ կյանքի առաջին կայծը եղավ 1983 թվականին, երբ եղբայրս (եղբայրը՝ Սիմոն Յահնիյանը, Լիզբոնի 5 զոհերից մեկն էր, որի անունը և կրում է մեր հերոսի որդին- Հ.Ա )հանուն Մեծ և Միացյալ Հայաստանի ստեղծման գաղափարի՝ զոհեց իր թանկագինը`կյանքը`լռելյայն ուղերձ ուղարկելով ինձ, որ հանգիստ կյանք կունենամ միայն Մայր հայրենիքում:

Երկրորդ կայծը Խորհրդային կարգերի փլուզումն էր, և Հայաստանի մի հատվածի վերանկախացումը: Բայց վերջնական քայլն արեցի այն ժամանակ, երբ ծանոթացա հայաստանաբնակ մի աղջկա հետ: 2003 թվականի ապրիլի 25-ին առաջին անգամ ոտք դրեցի իմ երազած Հայրենիք և որոշեցի կյանքս հաստատել պապերիս ապրած հայրենի հողում:

-Ինչո՞վ էիք զբաղված Լիբանանում մինչ հայրենադարձվելը:

-Լիբանանի 15-ամյա քաղաքացիական պատերազմն անհնար դարձրեց, որ ես աշխատեմ իմ մասնագիտությամբ: Շուրջ 9 տարի աշխատել եմ որպես ինժեներ: 1988 թվականից մինչև Հայաստան վերադառնալը՝ աշխատել եմ համակարգչային ոլորտում:

-Ինչո՞ւ ընտրեցիք հենց Գյումրին` որպես մշտական բնակության քաղաք:

-Հաստատվելով Հայաստանում՝ կազմեցի սեփական ընտանիքս՝ ամուսնանալով գյումրեցի ընկերուհուս հետ: Սկզբնական շրջանում բնակվում էի կնոջս և նրա ծնողների հետ: Երևանին մոտ գտնվելու համար որոշեցի բնակարան գնել Աշտարակ քաղաքում, սակայն ապրելով Գյումրիում` հասկացա, որ այդ քաղաքը, թեկուզ կիսափլատակ, անտեսված և անմարդաբնակ, ինձ ավելի հոգեհարազատ դարձավ իր մշակույթով, բարբառով և կենցաղով, քան նույնիսկ մայրաքաղաք Երևանը:

Այդ շրջանից սկսած, վերջնականապես որոշեցի ապրել Գյումրիում: Կցանկանայի տեղեկացնել իմ բոլոր ընկերներին և սփյուռքահայությանը, որ Գյումրին պատմական քաղաք է և արժանի է մեր բոլորի հոգատարությանը: Ամեն մի հայ արժանի է ապրել Գյումրու նման հայաշունչ քաղաքում, և պետք չէ Հայաստանը հասկանալ միայն մայրաքաղաք Երևանով:

-Արդյոք հե՞շտ է հայրենադարձի համար արագ ինտեգրվել այլ միջավայրի:

-Այս հարցը միշտ ինքս ինձ եմ տալիս. արդյո՞ք կկարողանամ ինտեգրվել գյումրեցիների կամ, առհասարակ, Հայաստանի բնակչության իրականությանը` նկատի ունենալով այն փաստը, որ Հայրենիքս շուրջ 70 տարի եղել է Խորհրդային Միության բարքերի և կենցաղի մեջ: Հետաքրքիրն այն է, որ ինքս ինձ համար դեռ չունեմ Ձեր հարցի պատասխանը: Ուղղակի մի բան կասեմ. ես շուրջ 38 տարի ապրել եմ Լիբանանում և չեմ ինտեգրվել արաբ ազգաբնակչության իրականությանը, իսկ հիմա արդյո՞ք կկարողանամ ամբողջապես ինտեգրվել հայ հասարակությանը` դժվարանում եմ ասել:

Չեմ կարող չնշել սկզբնական շրջանի դժվարությունների մասին, օրինակ՝ ռուսերեն մի շարք բառերի օգտագործումը, ամուսնությունների ու հուղարկավորությունների արարողությունների կարգը չափազանց խորթ էին թվում, սակայն Հայրենիքում ապրելը վեր է ամեն ինչից: Եթե կա կամք, նամանավանդ շրջապատիդ փոխզիջումների առկայության դեպքում, կարող ես ամեն դժվարություն էլ հաղթահարել:

-Ինչո՞վ եք զբաղվում Գյումրիում, և կա՞ն այլ հայրենադարձներ Ձեր շրջապատում:

-2006 թվականին ստեղծեցի «Նշույլ» անվամբ հասարակական կազմակերպություն, որպեսզի լույսի մի նշույլ միշտ վառ մնա: Ամերիկաբնակ բարերարի օգնությամբ ստեղծվեց «Ովսաննա Մսրլեան» դպրոցը` ի պատիվ բարերարի մոր: Ստանձնեցի թե´ հասարակական կազմակերպության ղեկավարությունը, թե´ դպրոցի տնօրենի պաշտոնը: Ես դասավանդում էի համակարգչային դասերը, և մի ուսուցիչ կար, որը ուսանում էր անգլերեն: Դպրոցի հիմնադրման և ստեղծման նպատակը երեխաներին Հայրենիքի, հայրենասիրության, եկեղեցու պատմության մասին տեղեկացնելն էր: Մեր տված գիտելիքները ծառայում էին որպես հիմք՝ այդ երեխաների ապագայի համար: Դպրոցական ծրագիրը տևում էր 3 ամիս, և վերջին 3 տարիների ընթացքում ունեցել ենք մոտ 700 աշակերտ: Ցավոք, նյութական սղության պատճառով չկարողացանք շարունակել ուսումնական ծրագիրը:

Դրանից հետո հաջորդ կանգառը «Տիրամայր» դպրոցն էր, որը հիմնադրվել է քույր Արուսյակ Սաճոնյանի կողմից և հայտնի է որպես արհեստագիտական դպրոց և ծավալում է մեծ գործունեություն: Ես ստանձնեցի այդ դպրոցի ղեկավարությունը` դասավանդելով նաև համակարգչային գիտելիքներ:

Մինչև 2013 թվականը Գյումրիում չկային մեծ թվով հայրենադարձներ, սակայն հիմա էլ մեծ թիվ չեն կազմում. մոտավորապես մի քանի տասնյակ ընտանիք:

-Ինչպիսի՞ զգացողություն ունեցաք, երբ հաստատվեցիք Գյումրիում:

– Հայաստանում և Գյումրիում հաստատվելու զգացողությունը ես կարող եմ մեկնաբանել հետևյալ կերպ. սփյուռքում մենք անոթների (թաղար) մեջ ցանված ծառեր ենք: Որքան էլ մեծ լինեն այդ անոթները, միևնույնն է, մենք սենյակային պայմաններում ենք ապրում: Գյումրիում ես դուրս եկա այդ անոթից և մխրճվեցի հողի մեջ, մնացի նույն ծառը, նույն պտուղը, արդեն հողի մեջ, որտեղ արմատներս կարող են ավելի ու ավելի խորանալ, որը չէր լինի անոթների դեպքում:

Սևադա Սաֆարյան

hayernaysor.am/archives/300263

Facebooktwitterredditpinterestlinkedinmail