Նոր նշանակումը ավելի կբարելավի առաջնագծի ամրակայունությունը, իսկ Կարապետյանը Արցախի ծեծ ու ջարդի քավորն է. Վ. Բադասյան

Նոր նշանակումը ավելի կբարելավի առաջնագծի ամրակայունությունը, իսկ Կարապետյանը Արցախի ծեծ ու ջարդի քավորն է. Վ. Բադասյան.armtimes.com

14-12-2018 | Հայաստան | Մամուլի տեսություն

armtimes.com Այսօր Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից պաշտոնապես ազատվեց գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը: Այդ պաշտոնում նրան փոխարինեց ՊԲ շտաբի պետ գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը: Թեեւ հրամանագիրն այսօր հրապարակվեց, սակայն կադրային այդ փոփոխությունն արդեն 2 օր է՝ ակտիվ քննարկվում էր թե՛ սոցցանցերում եւ թե՛ ԶԼՄ-ներում:

«Սա Նիկոլ Փաշինյանի կողմից հստակ ժեստ է, որ բանակը չպետք է մասնակցի գործընթացներում»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Արցախի ռազմական-քաղաքական գործիչ Վահան Բադասյանը:

– Պարոն Բադասյան, արդյո՞ք Լեւոն Մնացականյանի ազատումը ՊԲ հրամանատարի պաշտոնից քաղաքական պատճառներ ունի:

– Միանշանակ չի կարելի ասել՝ չէ, եւ միանշանակ չի կարելի ասել, որ ունի: Բայց ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ ասաց, որ պետք է անդրադառնա Արցախին: Կոնկրետ չի ասել, թե ում է անդրադառնալու կամ հատկապես որ բնագավառին, բայց ինքն ասաց, որ կոնկրետ պիտի անդրադառնա Արցախին: Եւ անդրադարձը սա է եղել: Լեւոն Մնացականյանը ունի վաստակ եւ ավանդ, բայց նույն ձեւով վաստակ եւ ավանդ ունի նաեւ Կարեն Աբրահամյանը եւ որեւէ տարբերություն ես չեմ տեսնում: Ընդհակառակը, ես կասեի, որ նոր նշանակումն ավելի կբարելավի ՊԲ հրամանատարությունը, առաջնագծի ամրակայունությունը: Սա կարելի է նաեւ քաղաքական տեսանկյունից դիտել, որ բանակը պետք է իսկապես տարանջատվի՝ այն առումով, որ քաղաքական գործընթացներում` կոնկրետ ընտրություններում, բանակը չի կարելի ներգրավել:

Մինչեւ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները ներառյալ բանակը ներգրավվում էր ընտրական գործընթացներում եւ ապահովում էր իշխող համակարգի հաղթանակը: Ես համոզված եմ՝ սա Նիկոլ Փաշինյանի կողմից հստակ ժեստ է, որ բանակը չպետք է մասնակցի գործընթացներում: Ամեն մի սպա կամ զինծառայող թող քվեարկի իր խղճի թելադրանքով: Այնպիսի ազատ ընտրություններ պետք է լինեն, ինչպես եղան քաղաքապետի վերջին ընտրությունները՝ Երեւանում եւ Ազգային ժողովի ընտրությունը՝ ամբողջ Հայաստանում: Չնայած չի ասում, բայց ես ակնկալում եմ, որ Նիկոլ Փաշինյանի անդրադարձներից մեկը հենց դա է:

– Այսինքն՝ Մնացականյանի ազատման պահանջը Հայաստանի՞ց է եկել:

– Չեմ ասում, թե Հայաստանի պահանջն էր: Դա օրվա պահանջն էր: Եւ ես չեմ տարանջատում Հայաստանն Արցախից, մանավանդ որ ես կուսակցություն եմ հիմնադրում Արցախում՝ «Միացյալ Հայաստան»: Ես գտնում եմ, որ Հայաստան, Արցախ նույնն է: Մի բան ասեմ, այսպես թե այնպես Արցախը միշտ էլ ղեկավարվել է Հայաստանից, եւ ես միշտ էլ ասել եմ, որ Հայաստանի իշխանությունները ընտրությունների կեղծումով դառնում են ղեկավարներ, իսկ Արցախի իշխանությունները իրենց կամակատար շարունակությունն են եղել միշտ էլ: Ես կարծում եմ, որ բավական է, չի կարելի այսպես շարունակել: Դա կլինի այն, որ Արցախը միանա Հայաստանին եւ մենք դառնանք մեկ միասնական երկիր եւ մեր իշխանությունները ձեւավորվեն քաղաքացու իրավունքները հարգող, ազատ եւ արժանապատիվ ընտրությունների արդյունքներով:

– Ինչպե՞ս են վերաբերվում արցախցիները այս կադրային փոփոխությանը:

– Ես համոզված եմ, որ նորմալ են վերաբերվում եւ առաջիկայում կհամոզվեն, որ սա նորմալ բարելավման նպատակ ունեցող նշանակում է:

– Որպես ռազմական գործիչ, ի՞նչ կարծիք ունեք ՊԲ նոր հրամանատար Կարեն Աբրահամյանի նշանակման մասին:

– Ես ի՞նչ կարծիք պետք է ունենամ, երբ լրատվամիջոցներից մեկը ինձ մայիսին հարցրեց, թե ո՞ւմ եմ տեսնում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում, ես միանշանակ ասացի՝ Կարեն Աբրահամյան եւ Միքայել Արզումանյան: Ես շատերին գիտեմ, բայց այդ երկու անձնավորություններին առանձնացրել եմ, որպես մարդիկ, ովքեր գեներալներ են բառիս բուն իմաստով, գեներալի պատիվն են պահում եւ նրանց մարտական պատրաստվածությունը շատ բարձր է:

– Մամուլում գրվեց նաեւ, որ պատրաստվում է հրաժարական տալ ՊԲ հրամանատարի տեղակալ, Արցախի հերոս Սամվել Կարապետյանը : Ի՞նչ կասեք այդ մասին:

– Սամվել Կարապետյանը (Օգանովսկի) շատ վաղուց պետք է հեռացված լիներ պաշտոնից, որովհետեւ ինքը Արցախի ծեծ ու ջարդի քավորն է եղել: Դուք հիշում եք Բերձորի պատմությունները, պատգամավորի առեւանգումը: Եւ ընդհանրապես Արցախի ազատամարտի միությունը, որն ինքը ղեկավարում է, Հայաստանի «Երկրապահ» կամավորականների միության նման մի բան է, որը միշտ ծառայել է ընտրություններից ընտրություն՝ վետերաններին ներքաշելով եւ հաղթանակ ապահովելով: Դա հայանպաստ եւ նորմալ կառույց չէ, ինչպես Երկրապահը Հայաստանում ծառայում էր մեկ մարդու, այդպես էլ այս կառույցը: Տնտեսության մեջ էլ իր դերն ունի: Պետք է Սամվել Կարապետյանը, որպես պաշտոնյա, դուրս մղվի եւ չարատավորի գեներալի պատիվն ու անունը:

Նոյյան տապան – Մամուլի տեսություն

Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից
nt.am/am/news/262970/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail