12 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2018 – ԱՆԴՐԱԴԱՐՁ – ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՅՕԴՈՒԱԾՆԵՐ:
Հայ Հեղափոխական Դաշնակցությունն այս ընտրություններում ստացավ 48811 ձայն՝ 3,89 տոկոս, եւ չանցավ խորհրդարան: Դա ցավալի է, որովհետեւ այդ կուսակցությունում կան բազմաթիվ պարկեշտ եւ բանիմաց մարդիկ, էլ չասած, որ պատերազմի ժամանակ դաշնակցական ազատամարտիկները մեծ դերակատարում են ունեցել: Ինչն էր, ուրեմն, ՀՅԴ-ի անհաջողության պատճառը:
Դաշնակցության ուժը գաղափարի մեջ է, կուսակցությունը, ի պատիվ իրեն, որքանով տեղյակ եմ, ընտրակաշառք չի բաժանել, վարչական լծակներ չի օգտագործել եւ ստացել է իրեն հավատացողների «հալալ» ձայները: Խնդիրը հետեւյալն է. «Հայ դատի», «ծովից ծով Հայաստանի», «Ստամբուլն արյան ծով դարձնելու» մտադրության մեջ կա որոշակի ռոմանտիզմ, վառվող աչքեր, պատրաստակամություն՝ զրկանքներ կրելու, եւ այդ ֆոնի վրա լավ չեն նայվում կոռումպացված կառավարության մեջ դաշնակցական նախարարը (անգամ եթե ինքն անձամբ կոռումպացված չի), դաշնակցական օլիգարխը, դաշնակցական պրագմատիկը եւ դաշնակցական… ազատականը:
Կուսակցությունը պետք է փորձեր պահպանել իր դրական իմիջը, որը համապատասխան ընտրազանգվածի համար ձեւավորվել էր Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք: Օրինակ՝ երբ 2007 թվականին հայտարարվեց Արցախի հարցի լուծման Մադրիդյան սկզբունքների մասին, կուսակցությունը պետք է դրան հակազդեր ճիշտ նույն կրքով, որով հակազդում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի «փուլային տարբերակին», որը «մադրիդյանից» հաստատ վատը չէր:
Արցախի կամ Թուրքիայի հետ հարաբերություններում փոխզիջումների կողմնակից ՀՅԴ-ն այլեւս «այն» ՀՅԴ-ն չի: Իսկ ինչո՞ւ այն, ինչ անհանդուրժելի էր Տեր-Պետրոսյանի ժամանակ, այդ թվում՝ ազգային հարցերում փոխզիջումները, կոռուպցիան, տնտեսության ընդգծված ազատական բնույթը, Քոչարյանի եւ Սարգսյանի ժամանակ դարձավ ընդունելի, դրա պատասխանը նույնպես «պրագմատիզմի» շրջանակներում է. 1998-ից հետո կուսակցության վերնախավը սկսեց օգտվել իշխանության «բարիքներից» եւ դուրս էր եկել սկզբունքային ու անզիջում կերպարից: Մասնավորապես «ընկերվար» (սոցիալիստական) ուղղվածության կուսակցությունը չի կարող էկոնոմիկայի նախարար ունենալ բացարձակապես «ոչ ընկերվար» կառավարության մեջ:
Այս վերջին ընտրարշավի ժամանակ Դաշնակցությունը հիշեց իր ընկերվարության մասին՝ քննադատելով ընտանեկան նպաստները եւ պետական ապարատը կրճատելու կառավարության ծրագրերը (որոնք, իմ տեսանկյունից, ողջունելի են), բայց երկու շաբաթում անհնարին է ուղղել 20 տարում խեղված կերպարը: Դաշնակցությունը համահայկական կառույց է, եւ անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում նրա գաղափարախոսությանը, մեր բոլորիս հարստությունն է: Ներկայացված է ՀՅԴ-ն հայաստանյան խորհրդարանում, թե ոչ՝ այդ կուսակցությունը շարունակելու է կարեւոր դեր խաղալ հայության կյանքում: ԱԺ պատգամավոր չունենալը կարող է նաեւ օգտակար լինել կուսակցության համար՝ անցած ճանապարհը վերաիմաստավորելու եւ Հայաստանում այլ ազգայնական ուժերի հետ համագործակցելու առումով:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
aravot.am/2018/12/12/1000227/