17 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2018 – ԱՆԴՐԱԴԱՐՁ – ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ:
ԻՎԷԹ ԴԱՆԻէԼԵԱՆ
Աւարտւեցին Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրութիւնները, թողնելով հարցեր եւ հարցեր՝ մեզ, սփիւռքում ապրողներիս մօտ, որ առօրեայ լուրերով կապուած ենք Հայաստանի եւ Արցախի հետ,եւ խանդավառւում ենք ամենափոքր ձեռքբերումով , տխրում՝ ամենափոքր ձախողումից: Հիմնական հարցը որ առաջանում է՝ ի՞նչու հայրենի մեր ժողովուրդը Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը չի վստահում իր լիարժէք քուէն:
Ի՞նչու Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ծրագրերը եւ գործելաոճը դժուար են ընկալւում Հայաստանի մեր ժողովրդի կողմից:
Սփիւռքում ապրողիս համար դա տարիների հարց է, քանի որ հաւատում եմ մեր համահայկական օրակարգին ու դրա իրականցմանը:
Ի՞նչու հայրենի մեր ժողովուրդը քուէն չի տալիս մի կուսակցութեան՝ որը դար առաջ հիմնուել է Եւրոպայոում, Ամերիկայում, Մոսկվայում, Թիֆլիսում… Կրթուած եւ ինտելեկտուալ մի սերունդի կողմից, որն իր անջնջելի եւ պայծառ հետքն է թողել մեր նորագոյն պատմութեան մէջ:
Այդ սերունդը, թողնելով իր բարւօք կեանքը Կովկասում եւ արտասահմանում եկաւ Հայաստան, կազմակերպեց ժողովրդին, փոխեց նրա ընկճուած եւ ստրկացած հոգեբանութիւնը, տալով հային պահանջատէր եւ պայքարող կերպար, եւ իր ֆիդայական, աւելի քան երեսուն տարուայ, փորձն ու մարդուժը հիմք դարձրեց Առաջին Հանրապետութեան պայքարի յաջողութեան գործում: Հայկական պետութիւն հիմնուեց: Մեր ազգը ունեցաւ միջազգային ատեաններում ներկայացող երկիր եւ ռամիկ ժողովուրդը դարձաւ արժանապատիւ հայ քաղաքացի:
Հարց է’ ի՞նչու Հայաստանի ժողովուրդը արժանաւոյն չի գնահատում այդ:
Ի՞նչու բացարձակ քուէն չի տալիս մի կուսակցութեան, որ խորհրդային տարիներին, Հայաստանից կտրւած եւ Հայաստանի հետ հաղորդակցական կապի բացակայութեան պայմաններում, սփիւռքի տարբեր երկրներում, տարբեր օրէնքների եւ վարչակարգերի ներքոյ ապրող հայորդիներին տէր կանգնեց, կազմակերպեց հայկական գաղթօջախները: Կազմակերպեց եւ ապահովեց նրանց անվտանգութիւնը՝ Լիբանանի եւ Սիրիայի քաղաքացիական պատերազմին, Հայաստանից դուրս ապրող նոր սերունդներին տւեց հայեցի դաստիրակութիւն եւ կապեց նրանց համազգային եւ համահայկական գաղափարով, իր լաւագոյն տղերքի կեանքի գնով աշխատանք տարաւ, եւ միջազգայնացրեց հայոց ցեղասպանութեան հարցը եւ ներկայացրեց միջազգային տարբեր հարթակներում ու ատեաններում:
Հարց է’ ի՞նչու Հայաստանի ժողովուրդը արժանաւոյն չի գնահատում այդ:
Ի՞նչու զգալի քուէն չի տալիս մի կուսակցութեան, որ Հայաստանի վերանկախացումից յետոյ, առաջին իսկ օրւանից, կանգնեց Արցախի պատերազմի կիզակէտում ու իր կազմակերպական փորձը, մարդուժը եւ բոլոր հնարաւորութիւնները ի գործ դրեց այդ պայքարի յաջողութեան համար, եւ Հայաստանում իր գաղափարներն ու ծրագրերը (հակառակ բազմաթիւ խոչընդոտների) աշխատեց իրագործել՝ նոր սահմանադրութիւն, նոր օրէնքներ առաջարկելով, որոնք անհրաժեշտ են կայուն, զարգացող եւ արդար երկիր ունենալու համար:
Այդ բոլորի իրականացումը հեշտ չի եղել….Դժւարին ճանապարհ է հաղթահարւել եւ գերմարդակային ուժ կիրառւել…
Հարց է’ ի՞նչու Հայաստանի ժողովուրդը արժանաւոյն չի գնահատում այդ:
Հարցեր եւ հարցեր….
Վերջապէս’ որոշ չափով հարցիս պատասխանը գտայ յետընտրական որոնումներիս ընթացքին, Hraparak.am կայքում Պր. Վարդան Անթանեսեանի 10 Դեկ.-ի « Համահայկականի Ֆիասկոն» յօդուածում որում գրուած էր՝ «Օրինաչափ էր Դաշնակցության եւ «ծռերի» ֆիասկոն:
Նրանք չափազանց բարձր նոտա էին վերցրել եւ ընտրողի հետ հարաբերւում էին «համահայկական ուժի» իռացիոնալ հեռուներից եւ չկարողացան քաղաքացիներին համոզել, թե ինչու՞ պիտի մի կողմ թողնեն իրենց օրուա խնդիրները եւ քուէարկեն հանուն ինչ-որ վերացական, Հայաստանի իրականութեան հետ որեւէ կենսական առնչութիւն չունեցող գաղափարների:
Հայաստանի քաղաքացիներին խորթ եւ գերազանցապես անհասկանալի են: Իռոցիոնալ է ոչ միայն Հայ դատը, այլեւ Դաշնակցութեան ընկերվարական տնտեսութեան տեսլականը: ՀՅԴ-ն, կարելի է ասել, սիմվոլ է, ոչ թե իրական երկրի պատասխանատու քաղաքական կուսակցութիւն:
ՀՅԴ-ն, չնայած ծանր պարտութեանը, ներսում փոխակերպուելու, ցանցային կառույցից բացառապես հայաստանյան քաղաքական ուժ վերակազմավորուելու ռեսուրս, թւում է, ունի:
Պր. Անթանեսեանը եւ նրա նման մտածողները, որ կարծես թէ փոքրաթիւ չեն, Հայ դատը՝ մեր պահանջատիրութիւնը ինչ որ վերացական եւ հասարակութեան հետ առնչութիւն չունեցող հարց են համարում եւ դատողութիւններ անում միայն կենցաղային եւ քաղաքական առօրեայի որոշ բարեփոխումների կարճ տեսլականի վրայ…Ժամանակին, նաեւ Դաշնակցութեան կազմութեան օրօք, նման մտածողներ կային եւ վերացական էին համարում Հայաստանի Առաջին Հանրապետութեան կերտման գաղափարը:
Նման մտածողները, հեռու են համահայկական մտածողութիւնից, համազգային օրակարգից եւ գաղափարից, որոնք անհրաժեշտ են՝ ազգի անվտանգութեան եւ հզօրացման համար:
Այդ պատճառով, նման մտածելակերպ ունեցողների մօտ, գերակա են անձնական եւ հատւածական շահերը: Դաշնակցութեան՝ պետականութեան ամրացման ջանքերը եւ ծրագրերը իրականցնելու նպատակով տարբեր միջավայրերում աշխատելը, «ճամբարափոխութիւն» է որակւում:
Այդ պատճառով, նման մտածելակերպ ունեցողների մօտ, ովքեր առաջնորդւում են անձի ղեկավարմամբ,Դաշնակցութեան ռազմավարութեան եւ քաղաքականութեան կիրառումը, որոնք բխում են հաւաքական որոշումների եւ ժողովների արդիւնքից, հասկանալի չեն եւ դրանց կիրառումը կապում են անձերի փոփոխութեան հետ՝ այդ կուսակցութեան ներսում:
Այդ պատճառով նման մտածելակերպ ունեցողները խօսում են ընտրութիւնների ընթացքին կաշառք բաժանողների եւ վճարողների մասին, բայց չեն խօսում կաշառք վերցնողների եւ նրանց արժանապատւութեան մասին:
Այդ պատճառով է, որ….
Այդ ամէնի մէջ ես որոշ չափով գտայ իմ պատասխանը, եւ եկայ իմ սիրելի բարեկամ, արւեստագէտ եւ մտաւորական օր. Լիդա Բերբերեանի խօսքին’ որ հետեւելով նախընտրական քարոզարշաւին ինձ ասաց’ «Հայաստանում Դաշնակցութեան ճանաչման ժամանակը դեռ չի եկել»:
Իսկ մենք հաւատում ենք, որ հայրենի ժողովրդի հետ միասին կը ձեւաւորենք «համահայկական մտածողութիւն», որ, շատ չանցած, Հայաստանում ազգովի, Արցախում եւ սփիւռքում, կունենաք մեր համահայկական օրակագը եւ բոլորս միասին, յանուն մեր Հայրենիքի անվտանգութեան եւ հզօրացման, թէեւ տարբեր գործելաոճերով, բայց նոյն ուղղութեամբ կը քայլենք, որը անհրաժեշտ է ‘«մէկ ազգ» կոչւելու համար:
Անկախ ստացած քուէների քանակից, Դաշնակցութիւնը ունի իր յստակ ծրագիրը՝ իր գաղափարները կեանքի կոչելու համար: Դաշնակցութիւնը շարունակում է իր գործը համայն հայութեան համար, թէեւ չի կարելի հերքել, որ ստացած քուէների քանակը Հայաստանի խորհրդարանում հնարաւորութիւն եւ միջավայր են ստեղծում եւ հարթակներ ձեւաւորում աւելի լսելի դառնալու եւ արդյունաւետ աշխատելու համար :
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան գաղափարների լիարժէք իրականացումը դեռ առջեւում է…
Դեկ. 12-2018 Թեհրան
aztagdaily.com/archives/420341