ԿՐՊԵ. իրական պատմություն Սասունի հերոսական անցյալից` 1870-ականների վերջի դեպքերից (Նախորդը)
ԿՐՊԵ: Գեղարվեստական ֆիլմի սցենար /ըստ Սեյլանի “Գորպե” վիպակի/
Վրաններում մնացածները` ծեր ու մանուկ, կին ու աղջիկ, դիմավորում են նրանց նույն բացականչություններով, շեյխի պատգարակը կրողների ոտի տակից սրբացած հող են խլում, որ վաղը առավոտյան ջրով բացեն, խմեցնեն հիվանդներին, ամուլ կանանց, որ հղիանան և Ամարի նման սուրբ և հերոս զավակներ ծնեն:
Բագրանցի հազարավոր զինավառ քրդեր, պատգարակը մոտենալիս տեղ են գրավում հատուկ շեյխի համար պատրաստված կանաչ գլուխ տաղավարի աջ ու ձախ կողմը: Վրանին հասնելուն պես շեյխի նշանով գոչյունները լռում են, դադարում է ամեն աղմուկ ընդհանրապես: Նախ դեսպակից դուրս են բերում երեխաներին, ձեռները բռնած անոթներով, որոնց մեջ հավաքվել է շեյխի սրբացած լորձունքը: Ապա դուրս է գալիս Ամարն ինքը: Ֆեթուլլահի հրամանով ողջ էշիրը համազարկ կրակում է, շեյխի դրոշն ու թուղերը դրվում են մուտքի աջ ու ձախ կողմը, դերվիշները նստում են ու պատրաստվում երգելու: Ֆեթուլլահը համբուրում է Ամարի աջը:
Ես` Բագրանցոց էշիրի տեր Ֆեթուլլահս ձեզ ծառա, տեր իմ, բախտավորեցրու` իմ հարկը իջևան ու օթևան ընտրելով:
Շեյխի ոտների տակ մի տասնյակ պարարտ խոյ են մատաղ անում:
Շնորհակալ եմ, քաջ իշխան: Ալլահն արդեն օրհնել է քեզ ու քո էշիրեթը, որ այս սարերից մինչև Բաղդադ է հասնում:
Ապա նայում է մատաղ արվող խոյերին.
Եթե միայն ինձ համար ես մորթում, ապա սա շատ է, իսկ եթե բանակիս համար…
Ֆեթուլլահի դեմքով դժգոհության ալիք է անցնում: Ջանալով ծածկել այն, պատասխանում է.
Ձեր բանակի համար եթե պետք լինի, նույնիսկ մի տարի կմորթենք: Պատրիկիս տունը հարուստ է, իր հյուրերը` սպասված ու թանկագին: Թող Ձեր սրբությունը հանգիստ ու անհոգ մնա:
Շեյխը հանդիսավորությամբ վրան է մտնում, նրան հետևում են բեյերից ու դերվիշներից ընտրյալները: Քիչ անց վրանի մոտ են բերում հայրուրավոր խոլամներով շրջապատված մի քանի դեսպակ:
Սա շեյխի հարեմն է:
Շեյխը լվանում է ձեռները ամանի մեջ, հետո նույնն են անում բեյերն ու յուլեմները, Ֆեթուլլահի երեխաների ձեռից վերցնում են անոթները, դատարկում շեյխի լվացաջրի մեջ: Սա այլևս սրբություն է, սրանով նշանակ ու հաց են թխելու և բաժանելու են զիքրի բոլոր մասնակիցներին:
Սկսվում է նախընթրիքը, հետո բուն խնջույքը` տեղացի երգիչների երգերը ընդմիջելով դերվիշների վայնասունով ու պարերով:
Կեսգիշերին ամեն ինչ և ամեն ոք հանդարտվում են անամպ աստղազարդ երկնքի տակ, Հայոց աշխարհի մռայլված լեռներում:
Լուսաբաց է: Սասնո սարերն ու հովիտները դեռ ծածկված են առավոտյան մեգով: Սասունցի հայերը դեռ չգիտեն, որ իրենց լեռները պաշարված են քրդերի ու արաբների բազմահազար հրոսակներով:
Մշուշը ցրվելուց հետո երևում են բագրանցոց 12-15 հազարի հասնող բանակը, նրանից հարավ` Սիլվանցոց էշիրեթը, մյուս կողմից` մանըկտան, բատըկան, բալաք և այլ ցեղերի վրանները, 10 000-ի հասնող Ամարի զորախումբը: Ամեն ինչ պաշարված է, բոլոր արահետները, կածանները, որ գյուղից գյուղ են տանում, հսկվում են քրդերի ու իսլամների կողմից:
Սասունցիք պաշարված են բոլոր կողմերից արյան հոտ առած ոհմակներով:
Հա~յ լո, ըզմըր արիվ խուղ քաշից, – ասում են իրար հովիվներն ու շինականները, տեսնելով իրենց սարերը սև վրաններով ծածկված:
Շեյխ Ամարն իր հրոսակներով հյուրընկալվել է բագրանցոց էշիրեթին, նույն գիշերը խորհրդի հավաքել բոլոր աշիրապետերին, որ վաղուց անդի այստեղ վրան են խփում և գիտեն ամեն ծակ ու ծուկ, ամեն քար ու կածան:
Ֆեթուլլահ բեյի վրանից քիչ հեռու Ամարի վրանն է` կանաչգլուխ, դրոշը պարզած: Մի քանի տասնյակ սպառազեն քուրդ հսկում են մուտքը:
Վրանի հատակն այն մասում, ուր նստած է շեյխը, ծածկված է ընտիր կարպետներով ու գորգերով, պատերը վրանի թաղիքի վրայից վարագուրված են թանկագին շալերով: Մի անկյունում հատակից բարձր գահն է դրված, որ ծածկված է ընտիր կերպասներով, որոնց վրա այծի մորթի է գցած: Գահին ծալապատիկ` թիկն տված կարմիր մետաքսաթել բարձերին, նստած է Ամարը:
Ահարկու է նրա դեմքը: Անփայլ, կապարագույն դիմագծերը չնայած նուրբ են ու գեղեցիկ, սարսափեցնում են աչքերը` հայացքը չար է, ծակող, անշարժ նայում է դիմացինին ինչպես վիշապն իր զոհին:
Ամարի դիմաց ծնկի վրա նստած է վրանի տեր Ֆաթուլլահ բեյը, բագրանցոց ցեղի առաջնորդը, ձախից` խոշորամարմին Զեյնալն է, սլիվանցիների ցեղապետը, մյուսները` մոտ տասը հոգի, կանգնած են, ձեռները կրծքերին խաչած, լուռ, ակնկոր…
Վատ են, շատ վատ են իսլամի գործերը, – օձի պես, կարծես առանց շուրթերը բացելու շչացող ձայնով արտասանում է Ամարը, – Ալլահը մեզ քաֆրին է մատնում, կարծես մարգարեն ինքն էլ նրա կողմը… Պետք է իսլամը տիրեր աշխարհին, քարոզեր ճշմարիտ կրոնը, սաստեր անկրոններին, քաֆր-քուֆարին, դրանք պետք է ընդունեին Մուհամմադի ուսմունքը… Երբ մենք կռվում էինք Բայազեթի պարսպի տակ, հանկարծ Ջիբրայիլը թռավ, հասավ շեյխ Իպայտուլլահ էֆենդիին, որ ձեռքով բռնում էր քաֆրի արձակած գնդակը և հետ նետում արձակողի գլխին: “Տես, – ասած Ջիբրայիլը, ուռուսի բանակը ցույց տալով, – ահա հազրեթի բուսուլլահը, իր կանաչ զգեստով նրանց դրոշի վերև տարածել է իր թևերը, նա է քաֆրի զորավարը, նա է առաջնորդում Լոռու-Մելիքին…
(ՇԱՐ 3)