ԿՐՊԵ: Գեղարվեստական ֆիլմի սցենար /ըստ Սեյլանի “Գորպե” վիպակի/ (ՆԱԽՈՐԴԸ)
Քրդերն սկսում են պատրաստվել իրենց դահճի գործը կատարելու. մայրը խաչակնքվում է:
Երկինքը նորից է որոտում, փայլատակում է կայծակը:
Կնոջը` մազերից քաշ տալով ծնկի են բերում ձորի պռնկին, բացում են վիզը` հարվածի համար:
Փայլակը սարեսար է թռչում ինչպես աստծո ներկայության նշան, մի վայրկյան մահապարտի աչքի առաջ բացվում է ահարկու ձորը, շողում է դահճի սուրը, որի հարվածին երկնքից միանում է կարծես հազարավոր երկաթյա տախտակների խորտակման ձայնին նման ահեղ դղրդոցը և շանթը խփում է Ծովասարի կատարին, կարծես կործանելու համար Սասնա սարերը: Սնահավատ քրդերը սարսափած իրար են նայում:
– Մայրիկ, մայրիկ,- աղաղակում է աղջիկը:
– Մի լար, Լորե, – հանկարծ լսվում է մի օտար, բայց հայի ձայն, ինչ-որ հզոր բազուկներ գրկում են նրան և տանում խավարի մեջ:
– Սատկեցեք, շներ, – գոռում է հայերեն մեկ ուրիշը: Սարսափած քրդերը փորձում են փախչել, բայց նրանց հասնում են սուրն ու գնդակը:
Նորից է ճայթում կայծակը: Նրա լույսի տակ մի պահ երևում են քրդերի դիակները, փախչող Զեյնալը, ուշագնաց Լորեն` հուսալի բազուկների վրա և մոր գլխատված դին, որի կողքը հոգիները տվող երկու քուրդ են թփրտում հավի պես, իսկ սրանցից քիչ հեռու անկենդան ընկած է երրորդը:
Իրիկնադեմ է: Երկինքն ամպոտ է և մերթ ընդ մերթ անձրևի խոշոր կաթիլներ են ընկնում գետնին: Մութը կոխելուն պես վանքից դուրս են գալիս Կրպեն, Աստուրն ու տիրացու Հովհաննեսը, Թոփո վարդապեըի ուղեկցությամբ, որ առաջնորդում է նրանց մինչև սարի կատարը:
Վարդապետը սովորության համաձայն զինված է, վերարկուն տաբատի մեջ դրած, երկար մուրուքը բաժանված է երկու մասի և կապված ծոծրակին:
Ափսոս, – ասում է վարդապետը, – վանահայրն առարկում է, չի թողնում, ասում է` վանքն անպաշտպան կմնա… Եթե թողներ, կգայի ձեզ հետ, քուրդ ու թրքաց մի լավ դաս տայինք:
Քո դաս տալը գիտեմ, – ծիծաղում է Կրպեն, – հետո էլ նորից պիտի գնաս Հայրիկի մոտ, որ մեղքերիդ թողություն տա, նորից ժամ-պատարագ անես… Երևի, վարդապետ, քո վրեժի ծարավը հագենալ չունի…
Միամիտ էի, – պատասխանում է Թոփոն,- ջահել, ես գիտեի` թուրք սպանելը մեղք է: Հայրիկը աչքերս բացեց` Հայրենիքն ու ազգը չպաշտպանելն է մեղք: Իսկ վրեժը… Ես իմ քաջ քեռուն` Սիմեոնին երդվել եմ միշտ ոչնչացնել դրանց… Դու էն առաջին 30 մասին գիտես, որոնց համար թողություն խնդրեցի… Այդքանը շատ քիչ են, իրենց արածի համեմատ…: Ինչևէ: Կրպե, զորավարն ով է լինելու: Հայրդ` Մարտեն ծերացած է, տեր Քաջեն ու Պետոն ևս…
Մեր Հոլոյան ցեղը հո չվերջացավ… Հորեղբորս որդին` քաջ Սրգեն: Իսկ երբ որ մյուս գյուղերը միանան, Դալվորկա միրը կամ Հզվանց միր Հակոն:
Հասնում են կատարը:
Թոփո. “ Է, կտրիճներ, բավ է, ես դառնամ ետ, ձեզ բարի ճամփա, ոտներդ քարի չգա”:
Թոփոն ձեռները դնում է տղաների գլուխներին, իր իմացածի չափով կիսատ-պռատ պահպանիչ աղոթք է կարդում, բաժանվում են:
Կրպե, – հեռվից հանկարծ ձայնում է Թոփոն, – Կրպե, մատաղ էլիմ ձեզ, զգույշ եղեք…
Անհոգ կաց, – ծիծաղում են տղաներն ու անհետանում խավարի մեջ:
Խոր գիշեր է: Մութը պարուրել է լեռները, վիթխարի սարերը պլլել սավանով: Տղաները ճանապարը լավ գիտեն, գնում են վստահ, Կրպեն առաջից, Աստուրը տիրացուի հետևից անընդհատ կատակելով.
-Ըծու, տիրցու, ըսուր կտիսնանք զքու քաջություն…
– Գիտես, կարդալ սովորեցի` կռվել մոռացա: էն է Թոփոն. վարդապետ է, բայց իր նման քանի կտրիճ գիտես…
– Թոփոյի մեղքերուն Հայրիկն թողություն կիտա: Թոփո~ն, ուր պապու կոտ էղի քողու տակ, Թոփոն պապկա ծուռն ի, կարդալ ուստեն գինա: Թոփոյի գիրն ուր թվանքն ի…:
– Լռեցեք, տղաք, – հանկարծ սաստում է Կրպեն, – ոտնաձայն եմ լսում…
Երեքն էլ կանգնում են, դուրս գալիս արահետից, ուշադիր լսում են, նայում շուրջը: Մարդ-մուրդ չի երևում, բայց ձիերի սմբակների դոփյուն է գալիս, աստիճանաբար ուժեղանալով:
Կրպե. “Չլինի թե այդ շուն գայմագամը մեր հետևեից զափթիա է ուղարկել:”
Աստուր. “Ինչ անենք”:
-Ինչ որ ես, դուք էլ նույնը, – պատասխանում է Կրպեն, վահանը ձախ ձեռքն առնելով, իսկ աջը դաշույնին դնելով:
Ձիերի դոփյունը մոտենում է, խավարը մի կետում ավելի է թանձրանում:
Փայլատակում է կայծակը, նրա լույսի տակ երևում են երկու ձիավոր, որ դեպի իրանց են գալիս…
Ով եք…, – ձայն է տալիս Կրպեն քրդերեն:
Իսլամ…
Հրաման չկա… Ետ դարձեք…
Ինչու, ով է արգելում…
Չգիտեմ, թե ինչու… Արգելողն էլ Ալլահի փոխանորդն է, շեյխ Ամարը…
Մենք հենց նրա մոտ ենք գնում, – եկողները հասան խմբին, – կարևոր նամակ ունենք տալու…
Ինձ հրամայված է ոչ ոքի բաց չթողել, – չոր ու կտրուկ ասում է Կրպեն` առաջին ձիու սանձը բռնելով: – Ես ինչ գիտեմ, ով եք, ումից եք նամակ բերում… Ինձ ասել են` ոչ ոքի չթողնեմ…
Լավ, ուրեմն, – պատասխանում է ձիավորներից մեկը, որի ձիու սանձը բռնել է Կրպեն: – Ես Ալի բեյն եմ, Մշո զաձփիաներից եմ.., հետիս ընկերն էլ տեղացի իսլամ է, – նամակը գայմագամ բեյից է…
Կրպեն անմիջապես հասկանում է, թե ինչ հաջողության են հանդիպել: Ալին գայմագամի այն վախկոտ զափթիան է: Հասկանում է, որ նամակը իրենց է վերաբերում: Դրանց բաց թողնել չի կարելի: Ձեռը տանում է դաշույնին, Աստուրը, նկատելով, անում է նույնը, մի ձեռով բռնած երկրորդ ձիու սանձը:
Սուտ ես ասում, – անտարբեր ասում է Կրպեն, – նամակը քիչ առաջ տարան…
Ոչ, – անփոթորեն ընդմիջում է Ալին, որ առիթից օգտվելով, փորձում է կայծքարով իր ծխամորճը վառել, – Մշո միակ զափթիան ես եմ, նամակն ինձ մոտ է…
Ուրեմն ինչ է, այն անպիատններն խաբեցին մեզ…
Ովքեր էին, ճանաչում եք…
Ինչ ճանաչենք, երկու քուրդ, մեկը` միակնանի…
Կույր…
Հա:
Իսկ մյուսը, շեկ անմորուս, մի ջահել տղա, քո հասակին…
Այո..
-Ափսոս, – բացականչեց Ալին, կայծքարը չխկացնելով, – պետական հանցագործներ են, այս նամակը նրանց մասին է…
Ինչ են արել որ…
Քաֆր են, ապստամբ են, նամակը ժամ շուտ է պետք տեղ հասցնել, բացեք ճամփան…
Նամակը տվեք, ես կտանեմ…
Չէ, իսլամ, նամակը անձամբ պետք է նարձնենք…
Կրպեն մի աննկատ կայծակնային շարժումով դաշույնը խրում է Ալու սիրտը, մյուսին անմիջապես խոցում է Աստուրը: Տիրացուն ոչինչ չհասցրեց հասկանալ…
Ինձ սպանեցիր, – հազիվ կարողանում է արտասանել Ալին:
Նամակը տուր, – գոռաց Կրպեն, – նամակը, շանորդի…
Մեռա, մեռա… – խռխռացնում է մյուսը:
Կրպեն մի հարված էլ է հասցնում, երկուսն էլ գլորվում են գետին: Տիրացուն արագ խուզարկում է, կանչում Աստուրին.
Աստուր, Աստուր, ուր ես, ինչ ես անում…
Ելը ըյտը շուն ձիտցուցի, ըծու, – հանդարտ ու հանգիստ պատասխանում է Աստուրը: – նամակ ըսուր մոտ չէ… վավիլեր, իմլ լավ հասանք…
Ահա նամակը, – տիրացուն գտավ նամակը, տալիս է Կրպեին: – Շան տղեն լաթով փաթաթել էր, որ չկեղտոտվի… Լավ էր արել, թե չէ կարնոտվեր…
Գինաս, մալըմիրաթնիրը չքրեցան… կը ժղլին իմըլ ուր ուրանց խորդերու հետ էղին… մըր գործ աջող է, Կրպե:
Տղեք, գործով ընկանք, բա ձիերն ուր են, – շուրջն է նայում Կրպեն:
Դեպի Մուշ դարձան, – պատասխանում է տիրացուն, – լավ է, որ առաջ չգնացին…
Լռություն, – նորից հրամայում է Կրպեն, – դիակները ճամփից հանենք, պահենք… դու, Աստուր, լավ նայիր, էդ անիծածների ձիերը դեպի Սասուն չերթան, քրդերը գլխի կնկնեն…
Ձիերը հաստատ դեպի Մուշ փախան, եղբայրս, ես տեսա, անհոգ եղիր…, – հաստատում է տիրացուն, դիակները ձորը գլորելով:
Ըծու, տիրցու, – ծիծաղում է Աստուրը, – իմալ լավ գտար…
Կրպեն նամակը խրում է ապարոշի քղանցքը, որ պատահողը տեսնի, շարունակում են ճամփան:
ԿՐՊԵ. իրական պատմություն Սասունի հերոսական անցյալից` 1870-ականների վերջի դեպքերից (ՇԱՐ 9)