ԿՐՊԵ. իրական պատմություն Սասունի հերոսական անցյալից` 1870-ականների վերջի դեպքերից (ՇԱՐ 12)
ԿՐՊԵ: Գեղարվեստական ֆիլմի սցենար /ըստ Սեյլանի “Գորպե” վիպակի/ (/ՆԱԽՈՐԴԸ/)
……. Գիշերը Կրպեի հետ վերադանձիս գնացի շեյխի վրանի մոտ: Այս ու այն կողմ ականջ դրի, բան լսել չկարողացա… հուսահատ ետ էի դառնում, մթության մեջ հանկարծ մի ձեռք զգացի ուսիս: Ձեռքս դաշույնիս գցեցի, որ…
Մի վախենա, – քրդերեն ասաց մի հսկա, դեմս ցցվելով, – ես Բագրանցոց բեյ Ֆեթուլլահն եմ, Աստուր, ես անցած գիշեր ձեզ ճանաչեցի, հետինդ Կրպեն էր…
Ինչ ես ուզում ասել, բեյ…
Մի վախենա, – քաշեց ինձ վրաններից հեռու, – ես ձեր բարեկամն եմ: Բագրանցոց պատրիկ տան պետը թուրքի պես դավաճան չէ…
Ֆեթուլլահը հեռու տարավ ինձ, հասանք ժայռի տակ ծվարած մի վրանի, որի մոտ դեռ վառվում էր խարույկը:
Ֆեթուլլահը կանգնեց ու կանչեց. “Տեր Քաջե, տեր Քաջե”: Մեկ էլ իսկապես մեր տերտերը դուրս եկավ դեմս: Զարմացա:
Կրպեն ուր է, – հարցրեց հայերեն:
Գնաց, – ասացի, – դու այստեղ ինչ գործ ունես, տեր Քաջե:
Մեր Ֆեթուլլահ բեյի հյուրն եմ, ներս արի, բարեկամի վրան է:
Մտա ներս: Երեքով մի անկյուն պպզեցինք, տերտերը պատմեց, թե եկել է Ֆեթուլլահից վառոդ տանելու. “Մի վախենա, նա վաղուց անդի մեր բարեկամն է”:
Զարմա~նք, ա~յ զարմանք, – բացականչեց Սրգեն, – մենակ տեր Քաջեն կհանդգներ քրդաց բանակի մեջ մտնել…
Ինքը ծեր, սիրտը կտրիճ…
Էդ է քեռիս, – ավելացրեց Կրպեն, – մեր սարերի պահապան հրեշտակն է…
Է, հետո, Աստուր, պատմիր պրծնես…
Աստուրը մաքրում է քիթը:
Հետո տերտերը թե` “Ինչ բանի համար մտար վրանը”:
Ես էլ պատմեցի գերիների մասին: Ֆեթուլլահն ուշադիր լսեց, հետո ավելացրեց.
– Ստույգ է, որ այդ պառավ շունը Բայազեթից մի հարուստ տան կին ու աղջիկ է բերել… Տունը թալանել է, տղամարդկանց մորթել, ունեցվածքն իրենով արել… Շեյխ Ջալալեդդինը տեսել է աղջկան, ուզեցել էր իրեն վերցնել, Ամարը չի տվել… Իրար վրա սուր էին քաշել, Զեյնալը քիչ է մնացել սպաներ Ջալալեդդինին… Երկու բանակ իրար դեմ պիտի կռվեին, ափսոս, մեջ են ընկել ազդեցիկ թուրքերն ու քրդերը, չեն թողել…
Ամարը բանակն առել փախել է թե Ջալաեդդինի, թե ցարը-գյավուրի ահից:
Անցած օր պատգամավորներ եկան մոտս, էե շեյխ Ամար պիտի հյուր լինի քեզ: Մերժել չէի կարող: Նա ատում է ինձ էլ, իմ ամբողջ էշիրեթն էլ: Ստիպված էի… Մանավանդ իմ ոխերիմ Զեյնալը հետն էր, ես դրա արյունը պիտի քամեմ հորս վրեժն առնեմ… Դուք ինձանից լավ գիտեք, որ թե թուրքեր, թե մանավանդ ուրիշ քրդերը մեր էշիրեթը իսկական իսլամ չեն համարում, ասում են` մենք հայ ենք, Բագրատ կամ Բագարատ պատրիկի սերունդ ենք…
Ճիշտ են ասում, – միջամտեց Տեր Քաջեն, – ճշմարիտ է, որ ձեր պապը Բագրատ Բագրատունի պատրիկն է եղել: Դուք հայ էիք, այս սարերի տեր ու պաշտպան… Բագրատ պատրիկ Ամարի պապերի երկյուղից իսլամ դարձավ, բայց մինչև հիմա էլ ձեր մեջ հայու նշաններ կան, ձեր կանայք հացը շաղվելիս մինչև հիմա խմորը խաչակնքում են… Միայն դուք չեք, մանկցիք, բալաքցիք, սլիվանցիք, այո, նաև սլիվանցիք իրենց ստահակ Զեյնալով, խորոմանցիք հատկապես, գիտեք, որ թե հայի, թե թուրքի առաջ չեն թաքցնում, խոստովանում են իրենց հայությունը: Նրանք այսօր էլ պաշտում են մեր սրբերին…. Թուրք թե քուրդ սարսափում են նրանց սարերով անցնել` դրանց կողոպտել, սպանելը խորոմանցու համար սովորական, աստվածահաճո բան է: Այլ է հայը. մենք այնտեղ ապահով ենք, ազատ ել ու մուտ ենք անում… Խորոմանցիք հիմա էլ պատրաստ են դարձի գալ` կառավարությունն է արգելում…
Ֆեթուլլահը զարմացած նայում է տերտերին.
Իմ մտքովս այդ չէր անցել… տեր Քաջե, բայց մենք ուրիշ ապացույցներ էլ ունենք… սուրբ գրքեր, ձեր եպիսկոպոսի արծաթե աջի մեջ մեր ցեղի ֆիրմանը զմրսված, որ մեր պապեր մեզ ավանդել են հայոց թագավորին ներկայացնել, երբ հայեր նորից պետություն ունենան: Մենք նրա ընտիր գունդն ենք կազմելու… Բայց անցնեմ իմ պատմությանը…
– Ամարն ու Զեյնալ իմ ցեղական թշնամիներն են: Հիմա նրանք եկել են ինձ մոտ, ինձ ուզում են իրենց ձեռքի կեղտոտ գործիք սարքել, իմ էշիրեթի ձեռքով ձեզ նեղել… Այդ չի լինի… Ես իմ բնաշխարհ Սասունը, իմ ցեղակից հայերին չեմ տա կոտորելու… Երդվում եմ, տեր Քաջե, պապերիս ու հորս հոգիները վկա, երիցս նզովված լինեմ, երքից ինը շռթ լինի, առածս ու առնելիքս կինը ազատ լինի, տունուտեղս ավերակ դառնա, յուրդերս շներով բնակվին, Մեկքեի ճամփին մայրս ու քույրս ինձ կին լինեն… եթե ես օգնեմ նրանց, եթե իմ էշիրից մեկը հայի վրա զենք բարձրացնի, հային վնասի… Ես 12 000 զինվոր ունեմ, Ամարը` հազիվ 10 000, մենք մի ժամում հում-հում կուտենք նրանց, այդ վախկոտ վազկաններին: Ես քաջեր ունեմ, որ մի հոգով տասը Զեյնալ կտապալեն գետին… Ես ձեզ հետ եմ, հայեր, մի վախեցեք, զարկեք համարձակ, ես պատրաստ եմ վճռական պահին հանկարծ հարվածել ու շան լակոտների պես խեղդել դրանց, ես իմ հորս վրեժն ունեմ առնելու…
Բայց հիմա, բեյ, – ընդհատեցի ես, – պետք է այդ կանանց փրկել, մնացածը հետո կխոսեք տեր Քաջեի հետ…
Հա, մոռացանք: Աղջկան անցյալ գիշեր բռնաբարեց այդ շուն Ամարը, բարոյապես մեռավ նա… մորն էլ այս գիշեր են գլխատելու:
Ուրեմն, բեյ, անցնենք գործի, ժամանակը նեղ է…
Տղա, – դրսից մտնելով, Աստուրին է հրամայում տեր Քաջեն, – բեյի տղեքի հետ այս վառոդը Խզրեյի վրանը տարեք… շուտ, երկու ժամից աղոթարանը կծագի:
Տեսնում ես, տեր հայր, որ ուրիշ գործ ունեմ…
Ուրեմն կորիր, անպիտան կույր, գնա գործդ արա, – որոտում է տերտերը:
Աստուրը վազում է դուրս: Մի արտաչափ էլ չի հեռացել վրաններից, երբ հետևից հասնում է Ֆեթուլլահի խոլամն ու ասում.
Բեյն ասում է` քիչ հետո, Անտոքի մոտ, Մհերի ձորի գլխին:
Ես էլ վազելով եկա ձեզ իմաց տվի, հիմա այստեղ ենք:
Այդ պահին նորից է որոտում ամպրոպը և փայլակի լույսի տակ Կրպեն նշմարում է դեպի Անտոք շարժվող քրդերի խումբը:
Տզեք, հառաջ, տանում են գլխատելու, գուցե հասնենք փրկենք…
Սասունցիների ոտներին մազե կոշիկներ են, որոնցով հարմար է սարերը բարձրանալ: Արագ վազեցին առանց ոտնաձայնի, բայց քրդերը շատ էին առաջ գնացել, ուշացան:
Դահիճների խումբը առաջնորդում է Ֆեթուլլահի մարդը, որ աշխատեց հնարավորինս երկարացնել ճամփան, որ սուրհանդակը հասնի հայերին և սրանք օգնության գան: Բայց ուշ է արդեն… նորից է փայլատակում կայծակը և դահճի սուրը իջնում է խեղճ կնոջ գլխին…
Նույն միջոցին վրա հասած Սրգեն սպանում է դահճին, Աստուրը տապալում մյուսին, երրորդին, Կրպեն գրկում ու փախցնում է Լորեին, Զեյնալն ու մնացածները փախչում են դեպի իրենց բանակատեղը:
Կրպեն աղջկան պլլում է իր վերարկուի մեջ, առնում ուսին.
– Աստուր, դու էլ նահատակի մարմինն առ…
Աստուրը փռում է իր վերարկուն, մեջը փաթաթում խեղճ կնոջ մարմինն ու գլուխը, առնում շալակը.
Որքան էլ թեթև է լուսահոգին…
ԿՐՊԵ. իրական պատմություն Սասունի հերոսական անցյալից` 1870-ականների վերջի դեպքերից (ՇԱՐ 12)
Աղբիւր ՝ Լուսաւոր Աւետիս