Մովսէս Նաճարեան – Ետջրհեղեղեան առաջին արքան գահակալել է Քրիստոսից մօտ 35.368 տարիներ առաջ

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

Մովսէս Նաճարեան – Ետջրհեղեղեան առաջին արքան գահակալել է Քրիստոսից մօտ 35.368 տարիներ առաջ

Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:

11.Ջրհեղեղի աւարտին Նօյի առաջին նստավայրն ու տիրոյթը
Տրամաբանութիւնն յուշում է, որ տապանից դուրս գալու օրերին Նօյ նահապետն իր բնակավայրը պիտի հաստատած լինէր հենց տապանի հանգրուանի շրջակայքում, քանզի ջրերը դեռեւս չէին նահանջել իրենց այսօրուայ սահմաններից ներս:
Կրկին անդրադառնանք «Շումերական Արքայացանկ»-ին.-
«Երբ ջրհեղեղը տարածվեց (երկրի) վրա եւ թագավորությունը իջեցվեց երկնքից (երկրորդ անգամ), (նախ) Քիշում էր թագավորությունը: Քիշում Գա[…]ուրը դարձավ թագավոր (եւ) իշխեց 1200 տարի»193:

Սոյն սումէրական արձանագրութիւնում յիշատակուած նախաջրհեղեղեան արքաներից եւ ո՛չ մէկի նստավայրը չի կոչուել Քիշ: Ուստի բացառւում է Քիշ անունով քաղաքի գոյութիւնը ջրհեղեղից առաջ:

Հետեւութիւն.-
1. Ջրհեղեղից յետոյ Նօյի առաջին բնակավայրի անուանումը եղել է «Քիշ»:
«Ատլաս»-ում Քիշ քաղաքը տեղադրուել է Բաբելոնին կից194:
Եթէ իսկապէս յայտնագործուած է այդպիսին՝ ապա կարող ենք ենթադրել, որ այդտեղ էլ նոյնանուն մի քաղաք է կառուցուել յետագայ ժամանակներում:

Վերադառնանք Խորենացուն.

«Յետ նաւելոյն Քսիսութրեայ ի Հայս եւ դիպելոյ ցամաքի, գնայ, ասէ, մի յորդւոց նորա կոչեցեալն Սեմ ընդ արեւմուտս հիւսիսոյ դիտել զերկիրն …»195:

Ջրհեղեղից յետոյ Հայկական Միջագետքի Արարադ լեռան շրջակայքում երեւացող ցամաքները եղել են դրանից հիւսիս՝ եւ ո՛չ թէ հարաւ: Այդ պատճառով իսկ Սէմ-Զրուանի առաջին յետախուզական ուղեւորութիւնը կատարուել է այդ Արարադից դէպի հիւսիս արեւմուտք՝ բայց ոչ հարաւ: Հետեւաբար «երկրորդ անգամ երկնքից իջած թագաւորութեան» (Նօյի) նստատեղի Քիշը չէր կարող լինել Բաբելոնին կից՝ որտեղ ցամաքը դեռեւս չէր երեւացել:

2.Ջրհեղեղից յետոյ առաջին թագաւորանիստ Քիշ քաղաքը պէտք է փնտրել Նպատական լեռների ու դրանց հարակից Արարադ լեռան անմիջապէս արեւմուտքում՝ Տիգրիսի հունի մօտակայքում, Նօյեան տապանի հանգրուանից ոչ հեռու՝ ներկայիս Ջազիրէ Իբն-Օմարի շրջակայքում196:

Հայկական իրականութեան մէջ պահպանուել են «Քիշ» արմատով կազմուած շատ տեղանուններ: Դրանցից է «Քիշտան»197 քաղաքը՝ Կումմախայ պետութեան սահմաններում, Հռոմկլայի մօտակայքում: Նօյեան Քիշը կարելի է որոնել «Քիշտան»-ի աշխարհագրական նոյն հորիզոնականի վրայ, այն տրամաբանութեամբ՝ որ Քիշ քաղաքի բնակիչներից ոմանք ժամանակի հետ գաղթելով կարող էին բնակութիւն հաստատած լինել «Քիշտան»-ի տարածքներում, որովհետեւ այդ բարձրադիր շրջանները աւելի շուտ կարող էին ցամաքել՝ քան հարաւային տարածքները:

Քիշ-ի բարբառայնացումով՝ ունեցել ենք.
1.«Քես-ուն» քաղաքն ու շրջանը Հռոմկլայից հիւսիս.
2.Բացառաբար մինչեւ օրերս հայաբնակ «Քես-աբ»-ը՝ Միջերկրականի հիւսիս-արեւելքում, պատմական Կիլիկիայում.
3.«Քիստք»-ը՝ «Ալանաց Դրունք»-ի հարաւ-արեւելքում, ինչը կարծում ենք թէ «Քիստ(ան)ք»-ի ամփոփուած ձեւն է198:

Մեկնաբանուիւն.-

Մեր քահանաներին թիւրքերի կողմից տրուած «քէշիշ» անուանումը, քրիստոնեայ արաբների «քասսիս=քահանան», ու հայոց մօտ «Քէշիշեան» ազգանունը՝ մի գուցէ առաջացած լինեն քննարկուած քաղաքանուան նոյն արմատից… 199
«Քսիսութրա»-ն այս տեսանկիւնից ստուգաբանելու դէպքում ստացւում է, որ դա նշանակել է «Արի քեշիշ՝ Ութ», այսինքն «քաջ քահանայ՝ Ութ», նաեւ «Ար(այ) Աստուծոյ քահանայ՝ Ութ»200:
Այս բոլոր փաստարկներով հանդերձ՝ մեր համոզմամբ «Քիշ» անուան հնագոյն ուղղագրութիւնը պէտք է լինէր «Գէս» (ինչպէս «Գանգէս» գետանուան մէջ, Վարդգէս անուան մէջ), որից էլ Խորենացու յիշատակած Տարօնի «Գիսանէ» հոգեւորականները, նաեւ հայկական տօմարում աւանդուած 8-րդ «Գիզակ» ժամանունը (Նօյ-Ութի հետ է կապուած)՝ որը մենք առաջարկում ենք ուղղել «Գիսակ»:

Քանզի հայերէնում «քսու», «քսութիւն»201 բացասական իմաստով բառերի արմատը կարող է «քիս» լինել, եւ Նօյ նահապետն իր նստավայրին այդպիսի իմաստաւորումով անուն չէր տայ202:
Մինչդեռ տառացիօրէն՝ «Գէս»-ն ունի դրական բովանդակութիւն, «գոյի գլխի էութեան սերմ», եւ այդ սերմը կարող է լինել թէ՛ իմաստութիւնը եւ թէ՛ արարչականութիւնը, նաեւ գլխի եւ մօրուքի մազը (համազօր հողի բուսականութեանը): Երբ գիտենք թէ հոգեւորական այրերը հնագոյն ժամանակներից աւանդաբար եղել են երկարավարս ու մօրուքով:

«Գէս»-ը՝ որպէս տեղանուն՝ ենթադրում ենք, որ տրուել է անտառապատ լեռնային վայրերին203:

Հայկական լեռնաշխարհում բազմաթիւ վայրերի անուններ են բաղադրուած «Գես», «Գիշ», «Գիս» եւ «Քիշ» արմատներից:
Ուշադրութեան արժանի մի քանիսը մէջբերենք տեղանունների բառարանից, այսպէս.

«Գեսանցը Խեւեր – Գյուղ Արմ Հայաստանում, Բիթլիսի նահ-ի Մուշի գավ-ում» – Հաշտեանքում:
«Գեսմանլի – Գյուղ Կարսի մարզի Օլթիի օկրուգում»:
«Գիշենուտ – 1.Գետակ Ճորոխի ավազանում: 2.Գյուղ Արմ Հայաստանում, Էրզրումի նահ-ում, Սպերի շրջ-ում: 3.Լեռ Հայկական լեռնաշխարհում, Պոնտական լ-ներում»:
«Գիշի, Գեշի, Գիշ – Գյուղ Լեռնային Ղարաբաղի ԻՄ Մարտունու շրջ-ում: Ժողովուրդը Գ անունը կապում է գինեշատ եւ գինեվետ բառերի հետ»:
«Գիս – Ավան Մեծ Հայքի Ուտիք աշխ-ում: Ուսումնասիրողները տարբեր ժամանակներում գ նույնացրել են Նուխիի մոտ գտնվող Քիշ (հնում՝ Գիշ) գյուղի հետ»:

«Գիսանե – 1.Ավան եւ դաստակերտ Մեծ Հայքի Տուրուբերան աշխ-ի Տարոն գավ-ում: 2.Մեհյան (բագին, կուռք) Մեծ Հայքի Տուրուբերան աշխ-ի Տարոն գավ-ում, Քարքե լ-ն լանջին»:

«Գիսխի, Կիսխա, Քիշխա, Քիշխա դուռ, Քսխա – 1.գետակ Ճորոխի ավազանում, նրա Թորթում վտակի աջակողմյան օժանդակը: 2.Գյուղ Արմ Հայաստանում, Էրզրումի նահ-ի Էրզրում գավ-ում: Տեղացիները գ-ն անվանում էին Քիշոստան»204:

Սուրբ Սարգիսը (սար-Գիս) սարերում ապրող եւ մտաւոր «սերմ արարող» մենակեաց Գիշ-Գիս է եղել՝ բարձրագոյն մի հոգեւորական-ուսուցիչ, ինչպիսիք են Տիբետեան ու Հնդկական յոգերը:

Ճապոնական «գիէշա»-ները կին «քիշ»-եր են՝ կին հոգեւորականներ:

«Վարդգէս»-ը նշանակում է «հոգեւոր գիտութեան պաշտպան եւ պահապան հոգեւորական»:

Համոզուած ենք՝ որ մ.թ.ա. III-II հազարամեակներում Կիլիկիայից հիւսիս ընկած տարածքի «Կիցուվատնա»205 անունն առաջացել է «Քիշոյ-ապատն»-ից, կամ «Քիշոյ-տուն»-ից՝ ու այդ շրջանի (նաեւ Մաժակ-Կեսարիոյ) առաջին բնակիչները եղել են «Քիշ»-եցիներ՝ Զրուանեաններ206:

Նոյնպիսի մի ընդհանրացում կարող ենք անել նաեւ Էլամի նկատմամբ՝ որի տարածքը կոչուել է «Կիսիեցիների երկիր»207, երբ Սուրբ Գրոց մէջ «Էլամ»-ը յիշատակուել է «Եղամ» ձեւով, եւ այդ անուան առաջին կրողը եղել է Սէմ-Զրուանի առաջին որդին208:
Ս. Հմայակեանը209 քննարկել է Նիբուր (Միջագետքեան Արարադ) լեռան կողմերում գտնուող «Կիբշա» քաղաքի պարագան՝ որ մեր կարծիքով պիտի լինի Նօյ նահապետի կառուցած առաջին «Քիշ»-ի աղաւաղուած մի տարբերակը:

Յաւելուած.-
1.Աքեմենեան «Քսերքսես» եւ «Արտաքսերքսես» տիրակալների անուններում կրկնուող «քս»-երը անկասկած առաջացել են նոյն «քիշ»-«գէս» արմատից՝ որպէս «քիշերի-քիշ», այլապէս «Տէր-Տեառն», եւ ցոյց են տալիս նրանց ծագումնաբանութիւնը Նօյից՝ նրա առաջին որդուց, ու նրանց պատկանելիութիւնը հոգեւոր դասին:

Աւեստայում յիշատակուած «Խշաեթա»210 ածականի արմատը համարուել է «Խշայ»-«khshay» եւ մեկնաբանուել է որպէս 1.«թագաւոր», 2.«պայծառ, փայլուն, լուսափայլ»:
Մեր կարծիքով «խշայ»-ն առաջացել է «գէս» բառի հոլովուած «գիսայ» ձեւի բարբառայնացումից՝ «քահանայի» իմաստով, երբ քահանային հայերս տալիս ենք «տէր-հայր» ածականը՝ որպէս «հոգեւոր հայր», որն էլ Աւեստայի թարգմանութեան մէջ ձեռք է բերել նշուած իմաստները: Իսկ «Խշաեթա» բառի «եթա» մասնիկը հայերէնի գրաբարեան «ետ, ետուր»=«տուեց» ձեւից է առաջացել, ուստի «Խշաեթա»-ն «Գիսատուր» իմաստն ունի, ինչպէս «Աստուածատուր», «Ասատուր» անունների կազմութեան մէջ է:

2.Եգիպտական Սֆինքսի թաթերի միջեւ կայ մի մեծ վիմաքար, որի վրայ գրուել է Թութմոս IV-ի արձանագրութիւնը, ուր յիշատակւում է հետեւեալ նախադասութիւնը.
«Հարմաքիսը Սոքարի կողքին՝ Ռոստայում»211:
Ինչպէս տեսնում ենք, «Հարմաքիս» անուան մէջ էլ յայտնւում է «քիս»-«Գէս»-ը, եւ «Հարմաքիս»-ը կարող է նշանակել «Ահուրամազդա»-«Արամազդ»-ին ու «Ահրամ»-ին212 նուիրուած հոգեւորական:

– – – – – – – – – – – – – – – – – —

[193] Ա. Մովսիսյան, նոյն, էջ 104:

[194]«Ատլաս», էջ 13:

[195]Մ. Խորենացի, նոյն, էջ 25:
[196]Պարզւում է, թէ ինչո՞ւ այդ վայրը արաբերէնում «ջազիրէ» (ﻩﺮﻳﺰﺟ)=«կղզի» – է կոչւում մինչեւ օրս՝ երբ մօտակայքում ո՛չ ծով կայ ո՛չ էլ լիճ:
[197]«Քիշտուն»-ցիները պատմութեան մէջ յիշատակւում են «Քասսիտ»-ներ՝ որոնք 1530-ից 1160թթ. մ.թ.ա. տիրել են ամբողջ մերձաւոր արեւելքին, եւ նրանց քաղաքակրթութիւնն այսօր կոչւում է Չաթալ-հիւյիւքեան – Հալաֆ-Հասունեան մշակոյթ:
[198]Տես՝ «Ատլաս», Ա. մաս, էջ 43, ըստ «Աշխարհացոյց»-ի:

[199]«Քէշիշ»-ը համեմատել՝ «Քսիսութրայ»-ի «քսիս»-ի հետ, իսկ «Քիշ»-ը հնդկական «Քշ-ատրա»-ի հետ, ինչը կարելի է հասկանալ «Քիշատուր»-«Քիշից տրուած», համեմատել նաեւ՝ հիւսիս- ամերիկեան «սեւ ոտանի» հնդիկների առասպելական «Սպոմի-տապի-քսի»-ի ու «Քսահոմի- տապի-քսի»-ի հետ:
[200]Երբ Արան յարութիւն առնող աստուածութիւն է, իսկ Նօյը նոր կեանք սկսողն էր, փոխաբերաբար՝ կեանքին յարութիւն տուողն էր երկրի վրայ:

[201]Մէկին քսուել, շողոքորթել՝ որից էլ անգլ. to kiss= համբուրել:

[202]Թէեւ չի բացառւում, որ տապանի ցամաքին քսուած լինելու առթիւ «Քիս»/Քիշ կոչած լինի քաղաքը:
[203]Տես՝ ստորեւ բերուած «Գիշի» տեղանուան պարագան:

[204]«Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան», նոյն:

[205]Տես՝ «Ատլաս», էջ 12:
[206]Տես՝ «37»-րդ ենթամասը, էջ 117:
[207]«Ատլաս», էջ 17:
[208]Տես՝ Ծննդոց ժ. 21:
[209]Ս. Հմայակյան, «Պատմա-բանասիրական հանդես»,1992թ. Ա. համար, էջ 131:
[210]Տես՝ Հովիկ Ներսիսյան, «Հայագիտական Ուսումնասիրություններ», Երեւան, 2011, էջ 400:

[211]Տես՝ Andrew Collins, նոյն, էջ 216:

[212]Տես՝ 25-րդ ենթամասը, էջ 97:

Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

magaghat.am/archives/42674

Facebooktwitterredditpinterestlinkedinmail