ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Երեւանի արձագանքը իրանցի գեներալի սպանությանը – ինչ անել
03.01.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան: «««Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների իրականացրած հանցագործությունները՝ հայերի, տարածաշրջանի այլ ժողովուրդների նկատմամբ»»»
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման հրամանատար, իրանցի գերազդեցիկ գործիչ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո, որ ըստ հաստատված տեղեկության, Բաղդադում տեղի է ունեցել անմիջապես ԱՄՆ նախագահի հրամանով եւ իրականացվել ամերիկյան անօդաչու թռչող սարքով, Հայաստանում հնչող հարցերից մեկը վերաբերում է Երեւանի վարքագծին:
Իրավիճակն անշուշտ բավականին նուրբ է եւ բարդ: Հայաստանի համար հույժ կարեւոր երկրներ են թե Իրանը, թե Միացյալ Նահանգները, ընդ որում, նրանց կարեւորությունն առկա է թե տարբեր հարցերում, թե՝ նույն: Այդ իմաստով, ի՞նչ պետք է անի Երեւանը, ինչպես պետք է արձագանքի, որպեսզի այն չվտանգի թե Նահանգների, թե Իրանի հետ Հայաստանի կարեւոր հարաբերությունը:
Հնչում է անգամ հարց՝ ցավակցե՞լ Իրանին, թե՞ ոչ: Այդ հարցի պատասխանը գուցե առավել միարժեք եւ համեմատաբար դյուրին է՝ ցավակցել թերեւս պետք չէ: Երեւանը չպետք է մանրամասնի իր վերաբերմունքը կատարվածին, կամ հրապարակային դիրքորոշումը չպետք է կառուցի կատարվածի մանրամասների վրա:
Ի վերջո, աներկբա է մի բան, որ Երեւանը մերձավորարեւելյան զարգացումների առումով մշտապես դիրքավորվել է, դիրքավորվում է, ու թերեւս պետք է դիրքավորվի հօգուտ կայունության եւ տեղում ապրող ժողովուրդների անվտանգության, առավել եւս, որ այդ ժողովուրդների շարքում են հայկական համայնքները: Այդ հանգամանքը բավականին ուժեղ է, Հայաստանի այդ դիրքորոշումը գործնականում բոլոր ներգրավված ուժային խաղացողների համար, տվյալ պարագայում մասնավորապես Միացյալ Նահանգների ու Իրանի մոտ հասկանալի դառնալու համար:
Այն, որ Հայաստանի համար էապես կարեւոր են թե Նահանգների, թե Իրանի հետ երկկողմ հարաբերությունն ու գործընկերությունը՝ չնայած այդ երկրների միջեւ արդեն տարիներ շարունակ առկա հակամարտությանն ու դրա փուլային թեժացմանը, Վաշինգտոնն ու Թեհրանը երեւի թե պատկերացնում են լավ, արդեն տեւական ժամանակ: Դա էլ թերեւս հնարավորություն է տալիս Հայաստանին լինելով կարեւորագույն ռեգիոնի համար առանցքային գործոն, Իրանի սահմանակից, չհայտնվել ամերիկա-իրանյան հակամարտության արանքում:
Երեւանի համար այդ տեսանկյունից գլխավորն իհարկե թե Թեհրանի, թե Վաշինգտոնի համար առավելագույնս անկեղծ լինելն է, այսպես ասած «թիկունքում» բանակցելու անվստահության առիթներ չտալը:
Հազիվ թե երկու կողմում էլ կա դրանից ավելիի պահանջ: Հատկապես, որ Երեւանն այդ իմաստով էական նշանակություն ունի թե Նահանգների, թե Իրանի համար կարեւոր հարցում՝ Կովկասի ռեգիոնալ կայունության եւ անվտանգության ապահովման հարցում: Այստեղ Երեւանը այդ երկու խաղացողների շահերի տեսանկյունից կատարում է կարեւորագույն առաքելություն, եւ միակ բանը, որ նրանք այդ առումով թերեւս ակնկալում են, գերազանցապես վստահելիությունն ու համոզվածությունն են, որ Երեւանն այդ հարցում վստահելի եւ կանխատեսելի գործընկեր է: Այդ դեպքում Երեւանի համար ավելորդ խնդիրներ առաջացնելու հարցում ԱՄՆ ու Թեհրանը այսպես ասած չբարձրաձայնված բնական կոնսենսուսի մեջ են, չնայած միմյանց միջեւ սուր դիմակայությանը: Ի դեպ, այդ կոնսենսուսի մեջ են գործնականում այլ բազմաթիվ հարցերում սուր դիմակայության մեջ գտնվող այլ խաղացողներ ևս:
Այդ հանգամանքը Երեւանի որոշակի առավելությունն է այդպիսի բարդ իրողություններում մանեւրի համար:
lragir.am/2020/01/03/506331/