Նազարէթ Պէրպէրեան – «Առաջնորդին ժողովուրդն է առաջնորդում…» ԲԱՐԻ ԼՈՅՍ

Հրապարակագիր Նազարէթ Պէրպէրեան

Նազարէթ Պէրպէրեան – «Առաջնորդին ժողովուրդն է առաջնորդում…» ԲԱՐԻ ԼՈՅՍ

Nazareth Berberian – ««ՆԱԽՈՐԴ ԲԱՐԻ ԼՈՅՍԸ»»

ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ «ԲԱՐԻ ԼՈՅՍ»Ը

Հրապարակագիր Նազարէթ Պէրպէրեան

«Առաջնորդին ժողովուրդն է առաջնորդում…»

ԲԱՐԻ ԼՈՅՍ

22 Յունուար 2020

Կեանքը սխալների ու ափսոսանքների մի շարան է, որ մարդ յոյս ունի ուղղելու սերունդների ընթացքում… Բայց դա էլ է պատրանք, քանզի ամէն մարդ իր ձեւով է ապրում կեանքը եւ իր ձեւով սխալւում… պէտք է միայն մարդ այնպէս ապրի, որ նրա սխալներից ոչ ոք չտուժի: Թող ոչ ոք երբեւէ չամաչի իր ապրած կեանքի կամ որեւէ արարքի համար:

Այնքանով, որ մենք ծնւում, ապրում եւ մեռնում ենք մեր կամքից անկախ, մարդուս ամենամեծ առաքինութիւնն է բարիք անելը, դրա համար քաղաքականութեամբ զբաղուողը պէտք է լինի ամենաբարեգործ մարդը:

Առաջնորդին ժողովուրդն է առաջնորդում… իսկ եթէ նա չի հասկանում այդ, ժողովուրդը նրան կործանում է:

Մարդկային զանգուածը ջրի է նման: Կարող է ալիքների վրայ բարձրանալ, կարող է ճզմել յորձանքի տակ, իսկ երբ մոլեգնում է ու դուրս գալիս ափերից, ջախջախում ու սրբում է ամէն ինչ իր ճանապարհին: Որքան նա տեսանող ու իմաստուն է խաղաղ ժամանակ, այնքան կոյր եւ խելագար է մոլեգնութեան մէջ…

Ժողովուրդը տարերք է:

Կեանքն ամէնօրեայ օրէնքներով եւ կենցաղի, բարոյականի նախապաշարումներով սանձում եւ կաշկանդում է մարդու միտքն ու հոգին, դրա համար է, որ մարդ երազների մէջ է միայն ազատ:

Ամէն մի փոս նիւթով է լցւում, իսկ մարդու մտքի փոսը, որքան լցւում եւ նիւթ է ստանում, այնքան աւելի է մեծանում ու խորանում: Մարդու միտքը կշտանալով է սովածանում, ապրում է սովածութեամբ, բայց եւ մեռնում է սովածութիւնից:

Սէրն ապրում է՝ երբ սոված է, եւ մեռնում է՝ երբ կշտանում է:
Մարդու ամենավեհ արտայայտութիւնը ժպիտն է, ամենազնիւ մարդկային զգացումը` վիշտը: Վիշտն իջնում է մարդու հոգու խորքը և յաղթանակած, մաքրուած, փորձի եւ փորձութեան միջով բարձրանում է ժպիտի ձեւով: Ժպիտը մի պսակ է, որ մեր միտքը դնում է հոգու վրայ:

Բնութիւնից մարդս ո՛չ բարի է եւ ոչ էլ չար… Նա բարի է դառնում, երբ հանդիպում է ձախորդութեան եւ ուզում է, որ իր հետ բարի լինեն: Դրա համար է, որ մարդն ազնուանում է թշուառութեան մէջ:
Մեր դարում ո՛չ մի միտք չի կարելի լրիւ արտայայտել, որովհետեւ բառերը դարձել են մաղի նման ծակ, բառերը հնացել եւ յետ են մնում մտքից:

*
* *

Հայոց Լեզուն, Հայոց Պատմութիւնն ու Հայկական Մշակոյթն՝ իմ անձնական պաշտպանութեան ներքոյ են

Բարի լոյս՝ ամէն առաւօտ իմաստուն բան ու թեւաւոր միտք ուսանելու, սորվելո՛ւ ծարաւով արթնցողին։

Բարի լոյս եւ հրաւէր՝ հաղորդուելու աւանդովը Բնութեան եւ Մարդուն, Աստուծոյ եւ Բարիին, Սիրոյ եւ Ազատութեան իրաւ, այլեւ հանճարեղ արուեստագէտի խորաթափանց հայեացքով երկրպագող ԵՐՈՒԱՆԴ ՔՈՉԱՐին (Քոչարեան, 1899-1979), որու մահուան տարելիցը կ’ոգեկոչենք Յունուար 22ի այս օրը։

«Սասունցի Դաւիթ», «Կոմիտաս» եւ «Վարդան Մամիկոնեան» գլուխ-գործոց քանդակներու հանճարեղ ստեղծագործն է Երուանդ Քոչար, որ Թիֆլիս ծնաւ եւ ուսանեցաւ, Մոսկուայի մէջ կատարելագործեց գեղանկարչութեան եւ քանդակագործութեան մէջ իր կազմաւորումը, 1922էն 1936 Փարիզի մէջ ստեղծագործեց ու համաշխարհային հռչակ նուաճեց, այնուհետեւ վերջնականապէս Երեւան հաստատուեցաւ՝ հայրենի իր հողին ու ժողովուրդին մէջ գտնելով իր ԱՆՄԱՀ ՔԱՆԴԱԿը։

Ժամանակէն վեր ապրելու եւ թեւածելու ԻՐԱՒՈՒԹԵԱՄԲ առլցուն իր խոհերէն ընտրենք եւ այսօրուան բարի լոյսի գոհաբանութեան կիզակէտին բերենք ԵՐԱԶի մէջ ապրող ԱԶԱՏՈՒԹԻՒՆը փնտռելու եւ գտնելու Երուանդ Քոչարի կտակը։

Բարի լոյս՝ յեղափոխական ինքնամաքրման ծանր ու դժուարին յաղթարշաւի տարերքին մէջ գտնուող հայաշխարհին, որ կը շարունակէ իր երթը դէպի ամբողջական ԱԶԱՏՈՒԹԻՒՆ ու լիիրաւ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ։

Բարի լոյս՝ արձագանգելով Երուանդ Քոչարեանի անանց պատգամին, որ այսօր ալ ուղի կը հունաւորէ՝
«Առաջնորդին ժողովուրդն է առաջնորդում… իսկ եթէ նա չի հասկանում այդ, ժողովուրդը նրան կործանում է»։

Բարի լոյս՝ բառերը իմաստէ զրկելու ամէն կարգի ամբոխավարութեանց դէմ ամուր կանգնելու, այսօրուան մեր օրը զգաստ ու անդեդեւ անցընելու Երուանդ Քոչարի քանդակած ԺՊԻՏը մեր դէմքերուն անխռով պահելով, այլեւ իբրեւ մտքի ու հոգիի պսակ կարգելով։

ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ

Հայոց Լեզուն, Հայոց Պատմութիւնն ու Հայկական Մշակոյթն՝ իմ անձնական պաշտպանութեան ներքոյ են
Facebooktwitterredditpinterestlinkedinmail