ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ – Հայաստանը Եւ Արցախը Համատեղ Դատապարտել Են Հայոց Ջարդերն Ազրպէյճանում
23 ՅՈՒՆՈՒԱՐ 2020 – ԱՆԴՐԱԴԱՐՁ: ««Դ Ի Մ Ո Ւ Մ ՄԱԿ-ին ԱՄՆ 28–րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրավարար վճիռը կյանքի կոչելու եւ իրականացնելու վերաբերյալ»»
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան
Արձանագրենք, որ Հայաստանն ու Արցախը այս ձեւաչափով առաջին անգամն են քննութեան առնում 20-րդ դարում եւ, առանձնապէս, նոյն դարավերջին հայ ժողովրդի մի ստուար հատուածին` Պաքուի հայութեանը եւ, ընդհանուր առմամբ, Ազրպէյճանի հայ բնակչութեանը պատուհասած ողբերգական իրադարձութիւնները` այդ հանրապետութեան ողջ տարածքում իրականացուած հայկական կոտորածները եւ աւելի քան 400 հազար խաղաղ հայերի բռնի տեղահանութիւնը բազմադարեայ բնակութեան վայրերից: Մինչ այդ թէ՛ Հայաստանի եւ թէ՛ Արցախի խորհրդարաններն առանձին-առանձին քանիցս ընդունել են յայտարարութիւններ` կապուած Սումկայիթի, Պաքուի, Ազրպէյճանի միւս բնակավայրերի հայ բնակիչների, ինչպէս նաեւ արցախահայութեան դէմ իրագործուած զանգուածային բռնութիւնների հետ, ընդ որում` հիմնականում բաւարարուելով ի լուր աշխարհի սոսկ դրանց դատապարտման խօսքով: Բայց ահա միշտ չէ, որ գործող միջազգային իրաւական կանոններին համաչափ իրաւական գնահատական է տրուել հարեւան պետութեան իշխանութիւնների ի սկզբանէ եւ առ այսօր վարած ցեղային զտման այդ քաղաքականութեանը` յարուցելով դրա հետեւանքով մեծապէս տուժած եւ Ազրպէյճանից բազմահազար հայ բռնագաղթեալների արդարացի դժգոհութիւնը:
Եւ ահա յունուարի 18-ին Երեւանում` Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցաւ երկու հայկական հանրապետութիւնների օրէնսդիր մարմինների միջխորհրդարանական համագործակցութեան յանձնաժողովի յատուկ նիստը, որ հրաւիրուել էր Պաքուի 1990թ. յունուարեան ջարդերի 30-րդ տարելիցի կապակցութեամբ, եւ որին, բացի պատգամաւորներից, մասնակցում էին նաեւ հիւրեր, այդ արիւնալի դէպքերը վերապրածներ: Հանգամանալի քննարկումներից յետոյ նիստն ընդունեց համատեղ յայտարարութիւն` տալով այդ ողբերգական իրադարձութիւնների իրաւական գնահատական` որակելով դրանք մարդկութեան դէմ յանցագործութիւն:
Ցաւօք, յայտարարութեան մէջ ամրագրուած այդ հասկացութիւնն այդպէս էլ ի սպառ չի յստակեցուել «ցեղասպանութիւն» միջազգային իրաւական եզրոյթով, ինչն աւելի իրատեսական հնչողութիւն ու կշիռ կը հաղորդէր փաստաթղթին: Թէկուզ տեղի ունեցած հակահայ բռնութիւնները յայտարարութեան նախաբանի մէկ պարբերութեան մէջ, այնուամենայնիւ, բնորոշւում են որպէս «ցեղասպան գործողութիւններ»: Խօսքը վերաբերում է շարադրանքի այն հատուածին, որտեղ ասւում է. «Արձանագրելով, որ հակառակ միջազգային հանրութեան եւ իրաւապաշտպան կազմակերպութիւնների կողմից արձանագրուած փաստերի` Ազրպէյճանի իշխանութիւնները մինչ օրս ժխտում են իրենց ցեղասպան գործողութիւնները, նենգափոխում իրողութիւնները եւ խուսափում պատասխանատուութիւնից»: Հետագայ պարբերութիւններում եւ, առհասարակ, յայտարարութեան ամբողջ շարադրանքում այդ իրաւական հասկացութիւնը փոխարինւում է «զանգուածային կոտորածներ», «բռնութիւններ», «տեղահանութիւն», «բնակչութեան վերացում», «տարածքների հայաթափում», «ոճրագործութիւններ», «միջազգային մարդասիրական իրաւունքի խախտումներ» եւ այլ որակումներով, որոնցից իւրաքանչիւրը եւ համահաւաք բոլորը միասին «Ցեղասպանութիւն» միջազգային հանրաճանաչ ու համընդունելի եզրոյթի յատկանշական բաղադրիչներն են ընդամէնը, բայց` ոչ բուն ընդհանրացնող իրաւական գնահատականը: Մինչդեռ, համոզուած եմ, նպատակայարմար ու անհրաժեշտ էր նշուած յանցագործութիւնները յայտարարութեան մէջ գնահատել եւ ամրագրել որպէս Ազրպէյճանի կողմից հայ ժողովրդի հանդէպ պետականօրէն իրագործուած ցեղասպանութիւն: Ընդ որում` հարկ էր այն շեշտել յայտարարութեան այն հատուածում, որտեղ խորհրդարաններին եւ խորհրդարանական վեհաժողովներին, միջազգային կազմակերպութիւններին, իրաւապաշտպան կառոյցներին կոչ է արւում. «Դատապարտել Պաքուի հայ բնակչութեան նկատմամբ Ազրպէյճանի կողմից իրականացուած ոճրագործութիւնները եւ միջազգային մարդասիրական իրաւունքի խախտումները, որոնք սպառնալիք են ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ տարածաշրջանի անվտանգութեան, կայունութեան եւ զարգացման համար, գործուն քայլեր ձեռնարկել դրանց կանխարգելման ուղղութեամբ»:
Առաւել եւս, որ այդ յանցաւոր արարքներն առանձին-առանձին եւ իրենց ամբողջութեան մէջ յստակ, աներկբայ յատկանշում են «ցեղասպանութիւն» եզրոյթի ողջ բովանդակութիւնը` որպէս մարդկութեան դէմ յանցագործութեան արտայայտութիւն:
Առաւել եւս, որ յայտարարութեան համար իրաւական հիմք են ընդունուել ցեղասպանութիւն յանցագործութիւնը կանխարգելելու եւ պատժելու մասին հռչակագիրը, Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագիրը, Ցեղային խտրականութեան բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային հռչակագիրը, Քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների մասին միջազգային դաշնագիրը եւ մարդու իրաւունքների ու հիմնարար ազատութիւնների պաշտպանութեանը վերաբերող միջազգային այլ փաստաթղթերում ամրագրուած սկզբունքները, որոնք նաեւ ամրագրուած են բոլոր ժողովրդավարական պետութիւնների ներպետական օրէնսդրութիւններում:
Այլապէս ինչո՞ւ մենք` հայերս, նեղանանք ամերիկեան նախագահներից այն բանի համար, որ իրենց ամէնամեայ ապրիլեան հանրայայտ ուղերձներում յամառօրէն խուսափում են «ցեղասպանութիւն» եզրոյթից` գերադասելով օգտագործել «Մեծ եղեռն» արտայայտութիւնը: Մեզ համար, ի հարկէ, թէկուզ անընդունելի, բայց, այնուամենայնիւ, հասկանալի է Միացեալ Նահանգների նման վարքագիծը. է՛լ աշխարհաքաղաքական խնդիրներ, է՛լ տարածաշրջանային շահեր եւ այլ հազար ու մի հիմնաւոր կամ անհիմն պատճառներ:
Իսկ մե՞զ: Մեզ ի՞նչն է խանգարում իրերը կոչել իրենց իսկական անունով: Ի՞նչն է, որ թոյլ չի տալիս պետական մակարդակով բարձրաձայնել ըստ էութեան միանգամայն համոզիչ, բազմաթիւ փաստերով ու վկայութիւններով հաստատուած ու որպէս այդպիսին ճչուն իրողութիւնը, այսինքն` հայ ժողովրդի հանդէպ 1988-1990թթ. Ազրպէյճանում պետականօրէն իրագործուած ցեղասպանութեան մասին եւ այն ճանաչել որպէս այդպիսին, ապա եւ դիմել մնացեալ աշխարհին` խնդրին ըմբռնումով մօտենալու ու նոյնպէս ճանաչելու յորդորով եւ պահանջով: Մենք ի՞նչ շահ եւ ակնկալիք ունենք Ազրպէյճանից:
Պատմական չար բախտի քմահաճոյքով մեզ հարեւան կարգուած այն ցեղասպան պետութիւնից, որն ահա երեք տասնամեակ ի վեր անընդհատ սուր է ճօճում մեր ժողովրդի դէմ` մինչեւ վերջին հային բնաջնջելու սպառնալիքով:
Այն ռազմատենչ պետութիւնից, որ այսօր էլ, նաեւ վաղը, նաեւ յաջորդ բոլոր օրերին ու տարիներին, անկախ նրանից` երբեւէ վերջնական լուծում կը ստանա՞յ ու կը դադարի՞ ազրպէյճանա-արցախեան հակամարտութիւնը, շարունակաբար աչքը տնկած է պահում ոչ միայն Արցախի, այլեւ մեր մայր հայրենիքի` Հայաստանի վրայ:
Այն պետութիւնից, որի ներկայի ղեկավարի հօր ցուցումով եւ ուղղորդմամբ են իրականացուել հայոց մեծ արեան հեղեղումները թէ՛ Սումկայիթում, թէ՛ Գանձակ-Կիրովապատում, թէ՛ Պաքւում, թէ՛ Ազրպէյճանի այլ բնակավայրերում:
Այն պետութիւնից, որը յանուն Հայտար Ալիեւի իշխանութեան վերադարձի` չխնայեց անգամ Խոջալուի իր ազգակից բնակիչների արիւնը` այդ բնակավայրից ոչ հեռու Աղդամ քաղաքի` ներկայիս Ակնայի միանգամայն անվտանգ մատոյցներում կոտորելով ու մորթազերծ անելով նրանց, որպէսզի այդ զանգուածային ոճրագործութիւնն անմիջապէս յետոյ բարդի Խոջալուի ազրպէյճանական կրակակէտը վերացրած եւ քաղաքացիական բնակչութեանը հեռանալու համար ապահով միջանցք թողած Արցախի ինքնապաշտպանութեան ուժերի վրայ:
Ի միջի այլոց նշեմ, որ Ազրպէյճանում հայ ազգաբնակչութեան կոտորածները, ինչպէս նաեւ Աղտամի մերձակայքում Խոջալուի մեսխեթցի թուրքերի ոչնչացումն ակամայ ինչ- որ չափով յիշեցնում են Քամպոտիոյ 1975-1979 թուականների ցեղասպանութիւնը, որի զոհերի թիւը հասնում է տասնեակ հազարաւորների: Այն ժամանակ, համաձայն այդ երկրի համայնավար պարագլուխ Փոլ Փոթի գաղափարի` «պայծառ ապագայի» համար պէտք են ընդամէնը մէկ միլիոն «նուիրուած մարդիկ», մնացածը պէտք է ոչնչացուի: Փաստօրէն նոյնը, բայց` աւելի փոքր ծաւալներով, իրականացուել է Ազրպէյճանում հայերի եւ Աղտամի մատոյցներում` մեսխեթցի թուրքերի նկատմամբ, սակայն յանուն նրա, որպէսզի Մոսկուայում պաշտօնանկ արուած եւ Նախիջեւան ինքնաքսորուած Հայտար Ալիեւը վերադառնայ Պաքու` իշխանութեան: Իսկ Սումկայիթի եւ Պաքուի հայերի մեծ արիւնը նպատակ ունէր խոչընդոտելու նրա ողջ գործունէութեան հետաքննութիւնը, որ նախաձեռնել էր Մոսկուան` այդ նպատակով Պաքու ուղարկելով մեծ թուով փորձառու հետաքննիչների: Սակայն Ազրպէյճանի նախկին կուսակցական առաջնորդին յաջողուեց ժողճակատի իր խամաճիկների միջոցով այնպիսի խառնաշփոթ առաջացնել Պաքւում` կազմակերպելով քաղաքում մնացած հայ բնակիչների զանգուածային ջարդերը. միաժամանակ իրական սպառնալիք ստեղծելով Ազրպէյճանում խորհրդային իշխանութեան գոյութեան համար, ինչի արդիւնքում, այսպէս ասած, շաբաթն աւելի շուտ եկաւ, քան ուրբաթը կը գար: Եւ մոսկուացի հետաքննիչների ստուար խումբը ստիպուած եղաւ յանուն սեփական կեանքի անվտանգութեան` հապշտապ լքել Պաքուն ու ձեռնունայն վերադառնալ Ռուսաստան` իրեն հետ տանելով եւ այդպիսով իսկ փրկելով նաեւ Ազրպէյճանի այդ ժամանակուայ կուսակցական առաջնորդ Ապտուռահման Վեզիրովի ծայրայեղ վտանգուած կեանքը:
Եւ ի՞նչ` կարող էք հարցնել: Ազրպէյճանն ահա աւելի քան երկուսուկէս տասնամեակ շարունակ հայկական կողմին մեղադրում է «Խոջալուի ցեղասպանութեան» մէջ` միջազգային բոլոր հարթակներում ու բոլոր ամպիոններից, այսպէս ասած, ստի հերն անիծելով ու բարձրաձայնելով ազրպէյճանցի խաղաղ բնակիչների նկատմամբ հայերի իբր թէ իրագործած ցեղասպանութեան մասին: Ազրպէյճանը ոչ միայն Պաքւում եւ հանրապետութեան այլ բնակավայրերում, այլեւ աշխարհի տարբեր մայրաքաղաքներում տեղադրում է «Խոջալուի ցեղասպանութիւնը» խորհրդանշող յուշարձաններ, տարբեր լեզուներով տպագրում համապատասխան գրականութիւն, ստեղծում վաւերագրական շարժանկարներ` տարածելով դրանք շատ երկրներում, ամէնուրեք լոպիինկ անելով, որպէսզի այդ մտացածին «ցեղասպանութիւնը» ճանաչել տայ միջազգային հանրութեան շրջանում: Եւ ահա Պաքուի լրատուամիջոցները յայտնում են, թէ իբր այն ճանաչել է աշխարհի 16 երկիր` Մեքսիքա, Փաքիստան, Քոլոմպիա, Չեխիա եւ այլն, անգամ` Միացեալ Նահանգների 24 նահանգ: Ինչո՞ւ եմ այդպէս մանրամասնում: Ասեմ` ինչո՞ւ: Եթէ Պաքուն, հաւատարիմ կեպելսեան քարոզչութեան իր ոճին, կարողանում է կեղծ ու պատիր յերիւրանքը հալած իւղի տեղ մատուցել աշխարհին, նոյնիսկ, ինչպէս տեսնում ենք, հաւատացնել որոշ միամիտների, ապա հարց է ծագում` ինչո՞ւ մենք չենք կարողանում, աւելի՛ն, չենք համարձակւում մեր դառը, իրապատում ճշմարտութեան մասին բարձրաձայնել, նոյնիսկ` ինքներս մեր մէջ, էլ չեմ ասում աշխարհով մէկ: Ի՞նչն է խանգարում մեզ, ինչի՞ց ենք, մեղմ ասած, զգուշանում: Որքա՞ն յարիր է դա մեր հնարաւորութիւններին, մեր ձեռքին առկայ անժխտելի փաստերին ու վկայութիւններին, որոնք շատ աւելին են, քան Պաքուի քարոզչական կեղծիքներն են:
Ի վերջոյ, Սումկայիթի ցեղասպան ջարդերից ի վեր մեզ հետ էին եւ են աշխարհի առաջադէմ մարդիկ` բողոքի ու դատապարտման իրենց խօսքով` անհատ կամ խմբային յայտարարութիւններով, բաց նամակներով, միջազգային կառոյցների եւ խորհրդարանների ընդունած բանաձեւերով, մամլոյ բազմաթիւ հրապարակումներով, օտարազգի, անգամ ազգութեամբ ազրպէյճանցի ականատեսների, էլ չեմ ասում` այդ ցեղասպան բռնութիւններից մազապուրծ մեր հազարաւոր հայրենակիցների վկայութիւններով, տեսանիւթերով, որոնց թուարկումներն անգամ մատենագիտական առումով մի ամբողջ հատոր կարող են կազմել:
Այնուամենայնիւ, յետադարձ հայեացքով փորձենք վերյիշել ու թուարկել դրանցից թէկուզ մի քանիսը:
Այսպէս, Եւրոպայի խորհրդարանը երեք անգամ բանաձեւ է ընդունել Ազրպէյճանում տեղի ունեցած արիւնահեղ իրադարձութիւնների մասին` 1988թ. յուլիսի 7-ին, 1990թ. յունուարի 18-ին եւ 1991թ. մարտի 14-ին: Այդ բանաձեւերից առաջինում դատապարտւում են Սումկայիթում տեղի ունեցած բռնութիւնները, կոչ է արւում քայլեր ձեռնարկել Խորհրդային Ազրպէյճանի հայութեան անվտանգութեան ապահովման ողղութեամբ: Աւելի՛ն. աջակցութիւն է յայտնւում Լեռնային Ղարաբաղի հայերի` մայր հայրենիքի` Խորհրդային Հայաստանի հետ վերամիաւորուելու պահանջին:
Երկրորդ բանաձեւում կոչ է արւում երեւան հանել այն հանգամանքները, որոնց պատճառով հայերի հետեւողական ու շարունակական ջարդեր են կազմակերպուել Սումկայիթում, Կիրովապատում, Պաքւում:
Իսկ 1991թ. մարտի 14-ի բանաձեւում նշւում է, որ 300 հազար հայեր, որոնք փախել են Ազրպէյճանից, ծայրայեղ աղքատութեան մէջ են եւ անյապաղ օգնութեան կարիք ունեն:
1990թ. յունուարի 18-ին Միացեալ Նահանգների մի խումբ ծերակուտականներ համատեղ նամակ են յղել Միխայիլ Կորպաչովին` անհանգստութիւն յայտնելով Պաքւում տեղի ունեցած հայկական ջարդերի կապակցութեամբ:
Միացեալ Նահանգների փախստականների յանձնաժողովի ղեկավարութիւնը 2002թ. փետրուարին Միացեալ Նահանգների փախստականների ընդունման ծրագրի շրջանակներում Քոնկրեսի արդարադատութեան յանձնաժողովին ներկայացրած հաշուետուութեան մէջ նշել է, որ 2000թ. դրութեամբ Մոսկուայում ապրել են Ազրպէյճանից գաղթած հազարաւոր հայ փախստականներ, որոնք Պաքուից տարհանուել են 1990թ. հակահայկական ջարդերի պատճառով:
2014թ. մարտի 1-ին Միացեալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտէի նախագահ Էտ Ռոյսը, նրա գործընկերներ Պրետ Շերմանը, Թոնի Քարտենասը, Աննա Էշիւն եւ այլոք դատապարտել են Սումկայիթի, Կիրովապատի եւ Պաքուի ջարդերը: Մասնաւորապէս Շերմանն իր յայտարարութեան մէջ նշել է, որ հայ փոքրամասնութեան դէմ լարուածութեան սկիզբ են դարձել Սումկայիթի ջարդերը` Կիրովապատի ու Պաքուի հակահայկական վայրագութիւնների ալիքով, որոնք աւարտուել են աւելի քան 390 հազար հայ բնակիչների բռնի արտաքսմամբ:
2011, 13, 14 եւ 15 թթ. Միացեալ Նահանգների մի շարք քոնկրեսականներ անդրադառնալով ազրպէյճանահայութեան ջարդերին` կոչ են արել խստօրէն դատապարտել Սումկայիթի, Կիրովապատի եւ Պաքուի կոտորածները: Ծերակուտականներից Հարրի Փիթերսըն իր յայտարարութեան մէջ գրել է. «Հայերի կոտորածները կանգ չառան Սումկայիթում, այլ շարունակուեցին մայրաքաղաք Պաքւում 1990թ.: Միացեալ Նահանգների Քոնկրեսը խստօրէն դատապարտում է այդ ջարդերը»:
«Նիւ Եորք Թայմզ» թերթը 1990թ. փետրուարի 18-ի համարում հրապարակել է յօդուած, որտեղ ուղղակիօրէն նշում է Պաքւում հայկական ջարդերի կազմակերպման դրուագները:
«Ազատութիւն» ռատիոկայանը 1990թ. յունուարի 15-ին նշում է 25 սպաննուած հայերի մասին:
Մոսկովեան «Իզվեսթիա» թերթը 1990թ. յունուարի 15-ին նշում է 50 հազարանոց ազրպէյճանական ամբոխի մասին, որը կազմակերպում եւ իրագործում էր հայկական ջարդերը: Նոյն թերթը երեք օր անց` յունուարի 18-ին արդէն նշում է Պաքուի հրապարակներից մէկում 4 հայի ողջակիզման, ինչպէս նաեւ 64 առանձին սպանութիւնների մասին:
Յայտնի է, որ 1990թ. յունուարի 2-ին Ժողճակատի առաջնորդներից մէկը` Էթիպար Մամետովը, ելոյթ ունենալով Պաքուի բազմահազարանոց հանրահաւաքում, ամպիոնից դիմելով Ազրպէյճանի ղեկավարութեանը` պահանջում էր. «Կտրէ՛ք բոլոր կապերը Հայաստանի հետ: Ազրպէյճանի օրէնքներին չենթարկուելու համար Ղարաբաղի հայերին զրկէք քաղաքացիութիւնից եւ հայերին դուրս շպրտէք հանրապետութիւնից»:
Օրեր անց ժողճակատում Հայտար Ալիեւի մէկ այլ դրածոյ` Նէյմաթ Փանահովը, ելոյթ ունենալով Պաքուի հեռուստատեսութեամբ, յայտարարում էր, թէ Հայաստանից տեղափոխուած ազրպէյճանցի բազմաթիւ փախստականներն անտուն են մնացել, մինչդեռ բազմաթիւ հայեր շարունակում են ապրել յարմարաւէտ պայմաններում, ուստի եւ կոչ է անում հայերին վռնտել եւ ապրել նրանց տներում:
Պաքուի ջարդերի նախօրէին Ազրպէյճանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Վեզիրովը հեռուստատեսութեամբ յայտարարում էր, թէ Կոմկուսը եւ Ժողճակատը միաւորուել են յանուն Ղարաբաղի: Նոյն Վեզիրովը բանաստեղծ Սամետ Վուրղունի որդու` Վակիֆ Սամետօղլուի ահազանգին, թէ Ժողճակատը որոշել է յունուարի 13-ին Պաքւում սկսել հայկական ջարդերը, անհոգ պատասխանում է. «Է՛հ, ոչի՛նչ, թող տղաները մի քիչ զուարճանան»: Նա ի հարկէ չէր պատկերացնում, որ օրհաս է սպասւում նաեւ իրեն, եւ որ ստիպուած պիտի լինի սեփական կեանքը փրկել` ռազմական ինքնաթիռով ճողոպրելով Պաքուից, այլեւս չվերադառնալու պայմանով: Այստեղ են ասել. «Ուրիշի համար փոս փորողն ինքը կ՛ընկնի մէջը»:
Այս անգամ բաւարարուենք այսքանով: Նշեմ միայն, որ չնայած Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւնների Ազգային ժողովների միջխորհրդարանական համագործակցութեան յանձնաժողովի յատուկ նիստի ընդունած յայտարարութեան մէջ իր էական նշանակութեամբ ամրագրուած չէ «ցեղասպանութիւն» եզրոյթը` որպէս Ազրպէյճանում եւ, մասնաւորապէս, Պաքւում հայ բնակչութեան հանդէպ իրագործուած զանգուածային բռնութիւնների ու կոտորածների միջազգայնօրէն համընդունելի իրաւական գնահատական, այնուամենայնիւ լաւատես լինենք եւ յուսանք, որ մեր երկու օրէնսդիր մարմինները խորհրդարանական դիւանագիտութեան խողովակներով հնարաւոր ամէն ինչ կ՛անեն այդ եղերական իրադարձութիւնների մասին ողջ ճշմարտութիւնը միջազգային հանրութեանը լիարժէք ու նպատակային ներկայացնելու համար: Առաւել եւս, որ համատեղ յատուկ նիստը, ինչպէս նշւում է յայտարարութեան մէջ.
«- Դատապարտում է Ազրպէյճանի Հանրապետութիւնում շարունակուող պետական հայատեաց քաղաքականութիւնը,
– Անընդունելի է համարում այլատեացութեան, ծայրայեղականութեան ու ահաբեկչութեան ցանկացած դրսեւորում,
– Վերահաստատում է, որ մարդկութեան դէմ յանցագործութիւնները չունեն վաղեմութեան ժամկէտ եւ ընդգծում, որ անցեալում կատարուած յանցագործութիւնների դատապարտումը նոր յանցագործութիւնների կանխարգելման կարեւորագոյն գրաւականն է»:
Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար
www.aztagdaily.com/archives/461864