Եթե խաղաղություն չլինի, ինձ համար մրցանակը կարևոր չի լինի. Կարո Փայլանը՝ Նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրվելու մասին

Եթե խաղաղություն չլինի, ինձ համար մրցանակը կարևոր չի լինի. Կարո Փայլանը՝ Նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրվելու մասին

24 ՅՈՒՆՈՒԱՐ 2020 – ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

Շատ շնորհակալ եմ «Համշենուհի» միությանը, ինձ համար Նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրվելը մեծ պատիվ է: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Թուրքիայի խորհրդարանի «Ժողովրդադեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը՝ անդրադառնալով իրեն՝ Նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրելու նորությանը:

«Այստեղ՝ Թուրքիայում, խաղաղության համար ենք պայքարում, բայց դժբախտաբար հիմա մութ ժամանակներ են Թուրքիայում: Շատ ուրախ եմ ասել, որ այստեղ ես մենակ չեմ: Ժողովրդավար թուրքերի, քրդերի և հայերի հետ եմ պայքարում: Նոբելյան մրցանակի թեկնածու լինելու համար էլ մենակ չեմ պայքարում, ընկերներս են ինձ հետ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության ղեկավար Սաիդա Օհանյանը դիմում է ներկայացրել Նոբելյան հանձնաժողով՝ առաջարկելով Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին:

Կազմակերպությունը Կարո Փայլանին նկարագրում է որպես մի մարդ, ով ողջ կյանքը նվիրել է հայ և Մեծ Մերձավոր Արևելքի, ներառյալ Արևմտյան Հայաստանի, Սիրիայի, Իրաքի և հենց Թուրքիայի մյուս բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության գործին:

Կարո Փայլանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ երազանք ունի, որ Թուրքիան դառնա ժողովրդավար երկիր, ինքն էլ դրա համար է պայքարում: «Խաղաղության համար ենք քայլեր անում: Ես, անշուշտ, ավելի ուրախ կլինեմ, որ Թուրքիան խաղաղ և ժողովրդավար լինի: Միայն այս մրցանակն ինձ համար կարևոր չէ, Թուրքիայի ժողովրդավարությունը շահելն է ինձ համար կարևոր»,- ասաց նա:

Նա նշեց, որ իր համար, դիմումը, որով ինքը ներկայացվում է Նոբելյան մրցանակի ցանկալի մրցանակակիր, մոտիվացնող է, բայց իր համար առավել կարևոր է խաղաղությունը:

«Եթե խաղաղություն չլինի, ինձ համար մրցանակը կարևոր չի լինի, որովհետև այստեղ բոլորը խնդիրների մեջ են,- ասաց նա՝ մատնանշելով իր քաղաքական թիմի առաջնորդների՝ բանտում լինելու փաստը. «Նրանք ավելի մեծ խնդիրների մեջ են: Իսկ մենք դրսում նրանց համար ենք պայքարում»:

Նրա խոսքով՝ Թուրքիայում իրեն՝ Նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրելու դիմումի մասին լուրը առանձնապես դեռ չի տարածվել, լրահոսը առավել զբաղված է «սարսափելի իրադարձություններ» լուսաբանելով:

«Իսկ սա ինչ-որ առումով ռոմանտիկ մի բան է: Վաղը գուցե լուրն արդեն այստեղ էլ տարածվի: Իմ կուսակիցներն են իմացել այդ մասին և շատ ուրախ են ինձ համար»,- ասաց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան

tert.am/am/news/2020/01/24/Palyan/3193346

ՀԱՅՈՑ ԲՆՆՕՐԱՆ Մենք Հայ ենք ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ
Facebooktwitterredditpinterestlinkedinmail