ՎԼԱԴԻՄԻՐ ՅՈՎՍԷՓԵԱՆ – ԱՆԴՐԱԴԱՐՁ – Երկու Սկզբունքի Յարաբերակցութիւնն Արցախի Հարցում
04 ՓԵՏՐՈՒԱՐ 2020 – ԱՆԴՐԱԴԱՐՁ – ՅՕԴՈՒԱԾՆԵՐ:
ՎԼԱԴԻՄԻՐ ՅՈՎՍԷՓԵԱՆ
Արցախի Հանրապետութեան վաստակաւոր իրաւաբան
«Եթէ Ազրպէյճանի համար Լեռնային Ղարաբաղի
հարցը հեղինակութեան հարց է, ապա հայերի
համար` կեանքի եւ մահուան»
ԱՆՏՐԷՅ ՍԱԽԱՐՈՎ
Խաղաղութեան Նոպելեան մրցանակի դափնեկիր
Միջազգային իրաւունքի եօթ սկզբունքներից երկուսը վերաբերում են ժողովուրդների (ազգերի) իրաւահաւասարութեանը եւ ինքնորոշմանն ու պետութիւնների տարածքային ամբողջականութեանը եւ պետական սահմանների անխախտելիութեանը: Ընկած լինելով բազմաթիւ ցեղային բախումների, երկպառակտութիւնների, տարաձայնութիւնների եւ անհամաձայնութիւնների հիմքում, դրանք միշտ էլ բանավէճի առարկայ են հանդիսացել` թէ այդ սկզբունքներից ո՞րն է աւելի կարեւոր եւ արդարացի, գերակայ կամ առաջնային ու համապատասխանում միջազգային անվտանգութեան չափորոշիչներին: Հիմնահարցն իր խոր պատմական արմատներով եւ սրացումներով աւելի վառ դրսեւորուել է Ա. եւ Բ. Համաշխարհային պատերազմների, երկրների ապագաղութականացման եւ ամբողջատիրական վարչակարգերի ու կայսրութիւնների փլուզման պայմաններում:
Ա. Համաշխարհային պատերազմի արդիւնքում աշխարհի քաղաքական քարտէսից վերացան ռուսական, գերմանական, աւստրո-հունգարական եւ օսմանեան կայսրութիւններն ու նրանց աւերակների վրայ ծագեցին նոր պետութիւններ: Այդ գործընթացի երկրորդ փուլը կապուած էր Բ. Աշխարհամարտի աւարտի եւ գաղութատիրութեան վերացման հետ: Այնուհետեւ խոշոր իրադարձութիւն հանդիսացաւ ընկերվարական երկրների` ԽՍՀՄ-ի, Եուկոսլաւիայի եւ Չեխոսլովաքիայի փլուզումը, որոնց տարածքների վրայ առաջացան 20-ից աւելի անկախ պետութիւններ: Յաջորդ մասնատումը տեղի ունեցաւ չճանաչուած պետութիւնների կազմաւորման գործընթացի շրջանակներում:
Չճանաչուած կամ մասամբ ճանաչուած պետութիւնների տակ միջազգային իրաւունքի տեսութիւնը նկատի է ունենում այն տարածքները, որոնք ինքնահռչակուել են որպէս անկախ պետութիւններ, վերահսկում են իրենց տարածքը եւ, միեւնոյն ժամանակ, չունեն դիւանագիտական յարաբերութիւններ ՄԱԿ-ի անդամ երկրների կամ նրանց մի մասի հետ:
Ժողովուրդների ինքնորոշման իրաւունքը եւ պետութիւնների տարածքային ամբողջականութիւնն ամրագրուած են ՄԱԿ-ի կանոնադրութեամբ, Գաղութային երկրներին եւ ժողովուրդներին անկախութիւն շնորհելու հռչակագրում, Հելսինքիի եզրափակիչ աքթում եւ միջազգային մի շարք այլ փաստաթղթերում: Բոլոր այդ փաստաթղթերում մի դէպքում նշւում է, որ անհրաժեշտ է յարգել բոլոր ժողովուրդների իրաւահաւասարութեան եւ ինքնորոշման իրաւունքը, բայց միաժամանակ արձանագրւում է, որ իւրաքանչիւր պետութիւն իր միջազգային յարաբերութիւններում պարտաւոր է ձեռնպահ մնալ ուժի սպառնալիքից կամ կիրառումից ինչպէս որեւէ պետութեան տարածքային անձեռնմխելիութեան եւ քաղաքական անկախութեան դէմ, այնպէս էլ ՄԱԿ-ի նպատակների հետ անհամատեղելի որեւէ այլ ձեւով:
Օրինական հարց է ծագում, թէ, արդեօք, տարածքային ամբողջականութեան եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքները հակասո՞ւմ են միմեանց: Եթէ` այո՛, ապա ինչպէ՞ս կարելի է միեւնոյն փաստաթղթում մէկը միւսին բացառող չափորոշիչներ ամրագրել: Իսկ եթէ` ո՛չ, ապա ինչպէ՞ս կարելի է պահպանել տարածքային ամբողջականութիւնը` չխախտելով ժողովուրդների ինքնորոշման իրաւունքը: Մեր կարծիքով, միջազգային վէճերի ներքին եւ արտաքին պատճառների միջեւ յատուկ ջրբաժան գիծ դնելու դէպքում այդ երկու սկզբունքների միջեւ հակասութիւնը կը վերանայ եւ ակնյայտ կը դառնայ, որ տարածքային ամբողջականութիւնը, կանգնած լինելով ժողովուրդների ինքնորոշման ճանապարհին, պէտք է ճանապարհ տայ երկրորդին, հակառակ դէպքում` կը յայտնուի «կարգազանց վարորդի» վիճակում:
Հարկ է նշել, որ տարածքային ամբողջականութեան սկզբունքն իր ծագմամբ աւելի «երիտասարդ» է եւ իրավիճակային: Այն, ըստ էութեան, կազմաւորուել է ՄԱԿ-ի կանոնադրութեան ընդունումից (1945թ.) յետոյ` իր լրիւ ձեւակերպումն ստանալով Հելսինքիի եզրափակիչ աքթում (1975թ.): Տարածքային ամբողջականութեան սկզբունքը խախտւում է բացառապէս մէկ պետութեան կողմից մէկ այլ պետութեան վրայ բռնի յարձակման դէպքերում, ուստի այն արտաքին յարաբերութիւններ է կարգաւորում: Հէնց այդպէս էլ ամրագրուած է բոլոր միջազգային փաստաթղթերում: Իսկ երբ ծառանում է ինքնորոշման իրաւունքի հարցը, ապա վէճը ծագում է մէկ պետութեան ներսում: Այսինքն սկզբունքներից մէկը վերաբերում է տուեալ պետութեան արտաքին քաղաքականութեան իրացմանը, իսկ միւսը` նրա ներքին քաղաքականութեանը եւ որոշակի ներքին հիմնահարցի:
Ժողովուրդների ինքնորոշման իրաւունքը, լինելով ոչ իրավիճակային դասաւորութեան արտացոլում, գործել է համաշխարհային պատմութեան բոլոր ժամանակաշրջաններում, որոնց ընթացքում ժողովուրդների պայքարի էութիւնը նրանց ազատութիւնն է եղել: Այդպիսի ճակատագիր է վիճակուել նաեւ հայ ժողովրդին, երբ նրա կազմաւորման արշալոյսին, հայ ցեղի նախնին` Հայկ նահապետը, իր ցեղակիցների անկախութեան եւ ազատութեան համար մղած պայքարում կարողացաւ յաղթել բռնակալ Բէլին:
19-20-րդ դարերի սահմանագծում ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի արձանագրումը ոչ միայն այդ փաստի գիտակցում էր նշանակում, այլեւ` նրա քաղաքափիլիսոփայական ճանաչում: Այդ տեսանկիւնից կարելի է համարձակօրէն պնդել, որ համարեա բոլոր պատերազմներն ինքնորոշման իրաւունքի տարրեր են պարունակում: Դա վկայում է, որ ինքնորոշման իրաւունքի սկզբունքն ի սկզբանէ գերակայ է տարածքային ամբողջականութեան սկզբունքի նկատմանբ, որը մեծ հաշուով կանգնած է առաջինի ճանապարհին:
Ժողովուրդների ինքնորոշման իրաւունքը նոյնպէս ամրագրուած է Հելսինքիի եզրափակիչ աքթում, բայց` վերապահումով, ինչը չի նախատեսւում տարածքային ամբողջականութեան սկզբունքի կիրառման դէպքում: Աքթում պարզորոշ նշուած է, որ` «Բոլոր ժողովուրդները միշտ իրաւունք ունեն լիակատար ազատութեան պայմաններում, երբ եւ ինչպէս նրանք ցանկանում են, որոշել իրենց ներքին ու արտաքին քաղաքական կարգավիճակը»: Եզրափակիչ աքթն անթոյլատրելի է համարում ինքնորոշման իրաւունքի բացառման ցանկացած ձեւ: Իսկ դա նշանակում է, որ տարածքային ամբողջականութիւնը յարաբերական եւ իրավիճակային սկզբունք է, իսկ ինքնորոշման իրաւունքը` բացառիկ եւ անքակտելի:
Եւ վերջապէս, տարածքային ամբողջականութիւնն արտացոլում է այն, որ պետութիւններն իրաւունք ունեն, իսկ ժողովուրդների ինքնորոշումը` նրանց գոյութիւն ունեցող իրաւունքները: Այդ դէպքում, ո՞րն է առաջնային` պետութեան կամքի գերակայութի՞ւնը ժողովրդի նկատմամբ, թէ՞ հակառակը: Եթէ պետութիւնն այլատեաց եւ բռնապետական է, նշանակում է ժողովուրդը գոյութիւն ունի պետութեան համար, իսկ եթէ պետութիւնը ժողովրդավարական է, ապա պետութիւնը գոյութիւն ունի ժողովրդի համար, որտեղ ժողովրդի իրաւունքն (այդ թւում` ինքնորոշումը) առաջնային է: Աւելի՛ն. ինքնորոշման իրաւունքի իրականացման դէպքում առաջնահերթը ոչ թէ այս կամ այն տարածքի պատկանելութիւնն է, այլ այդ տարածքում ապրող ժողովրդի ցանկութիւնը` ընտրել իր հետագայ ճակատագիրը, ընդհուպ իրեն չբաւարարող պետութեան կազմից դուրս գալու հեռանկարով: Այդ պարունակում ազրպէյճանա-արցախեան հակամարտութեան իրաւական կողմը Արցախի ժողովուրդն է: Հէնց ժողովուրդն է ինքնորոշման ընթացքում որոշում` ստեղծել ինքնուրոյն պետութի՞ւն, թէ՞ միանալ այլ պետութեան հետ: Ի հարկէ խնդրի լուծումը կարող է նաեւ այլ մօտեցումներ ենթադրել, նոյնիսկ` այն պարագայում, եթէ պետութեան ներսում չեն խախտւում ժողովուրդների եւ ազգերի իրաւունքները, բացառւում է որեւէ խտրականութիւն ու ազգային ճնշում եւ պետութիւնը յարգում եւ պահպանում է ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը:
Իսկ իրականում Խորհրդային Ազրպէյճանն ինչպիսի՞ մօտեցումներ է ունեցել «ինքնավար» Արցախի նկատմամբ, եւ որո՞նք են վերջինիս ինքնորոշման իրաւունքի կիրառման չափանիշները:
Պատմական իրաւունքի տեսանկիւնից, երբ ազրպէյճանցիների նախնիները դեռեւս գտնւում էին ներկայիս Ռուսաստանի Ալթայի երկրամասում, Արցախը ներառուած է եղել հայկական միասնական պետութեան սահմաններում: Իսկ նրա կործանումից յետոյ (428թ.) Արցախը, մինչեւ ռուսական կայսրութեան մաս կազմելը, հանդէս է եկել որպէս տարբեր դարաշրջաններում այն զաւթած օտար պետութիւնների կազմի մէջ մտնող ինքնուրոյն վարչաքաղաքական միաւոր եւ միայն երրորդ երկրի` Ռուսաստանի ընդամէնը կուսակցական մարմինի` Կոմկուսի Կովկասեան պիւրոյի 1921թ. յուլիսի 5-ի օրէնքի իրաւական աքթի ուժ չունեցող որոշմամբ յանձնուել, փաստօրէն` բռնայանձնուել է Խորհրդային Ազրպէյճանին եւ հարկադրաբար պահուել նրա կազմում, ինչը հաւասարազօր է անեքսիայի, այսինքն` բռնազաւթման:
Բայց որտեղի՞ց ծագեցին «Ազրպէյճան» եւ «ազրպէյճանցի» եզրոյթները: 20-րդ դարում լոյս տեսած աշխարհի ամենահեղինակաւոր, այդ թւում` իսլամական հանրագիտարանները, «Ազրպէյճան» աշխարհագրական անուանունը վերագրում են իրանական Ատրպատականին, իսկ բուն Կովկասում, երբ թուրքական զօրքերը 1918թ. սեպտեմբերի 15-ին գրաւեցին Պաքուն, ապա Գանձակի եւ Պաքուի նահանգների համար յորջորջեցին Ազրպէյճան անուանումը` Ատրպատականում բնակուող «ազրպէյճանցի» ցեղակիցների աջակցութեամբ Մեծն Թուրան յաւակնոտ ծրագիրն իրականացնելու նպատակով: Եւ ի զուր չէ, որ ցարական բանակի զօրավար Տենիկինն իր յուշագրութիւններում մուսաւաթական Ազրպէյճանն անուանում էր արհեստական երկիր` անունից սկսած: Ինչ վերաբերում է «ազրպէյճանցի» վիճելի ցեղային միաւորին, ապա դա խորհրդային ժամանակների մնացուկ է: Աւելի վաղ նրանք պարզապէս կոչուել են կովկասեան թաթարներ, մահմետականներ կամ թուրքեր, նոյնիսկ ստալինեան համակենտրոնացման ճամբարներում մինչ 1939թ. ազրպէյճանցիներին գրանցում էին սոսկ «այլ ժողովուրդներ» սանդղակի ներքոյ:
Ցեղային կազմի առումով, Արցախի բնակչութիւնը 1921թ. դրութեամբ հիմնականում բաղկացած էր հայերից (96 տոկոս): Սակայն Կովպիւրոն, անտեսելով երկրամասի ցեղային, պատմական եւ ազգային ինքնութեան գործօնները, հարցը լուծել է «մահմետականների ու հայերի միջեւ համերաշխութեան եւ Ազրպէյճանի հետ Ղարաբաղի մշտական կապուածութեան» տեսանկիւնից: Ակնյայտ է, որ այդ փաստարկները բանականութեան եւ տրամաբանութեան մէջ չեն տեղաւորւում` հանդիսանալով Արցախի ժողովրդի իրաւունքները ոտնահարող հանգամանքներ: Իրականութիւնն այն է, որ յաղթել էր Պաքուի «նաւթային» գործօնը: Հարցի այլ լուծումը հաւասարազօր էր Հայաստանին նաւթ չմատակարարելուն: Իրականութիւնը նաեւ այն է, որ եօթ տասնամեակի ընթացքում Արցախի ժողովուրդը չի հաշտուել իր գաղութային կարգավիճակի հետ եւ մշտապէս պայքար է մղել Ազրպէյճանի կազմից դուրս գալու համար: Վերջինս, իր հերթին, օգտագործել է ճնշման եւ խտրականութեան բոլոր ձեւերն ու մեթոտները` երկրամասի ժողովրդագրական կազմը փոփոխելու եւ արցախեան հարցն արմատախիլ անելու համար:
Իրաւաքաղաքական տեսանկիւնից Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը կազմաւորուել է «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետութեան դուրս գալու հետ կապուած հարցերի լուծման կարգի մասին» 1990թ. ապրիլի 3-ի օրէնքի, մասնաւորապէս` 3-րդ յօդուածի հիման վրայ, որն ինքնավար կազմաւորումներին իրաւունք էր վերապահում ինքնուրոյն որոշելու իրենց պետական-իրաւական կարգավիճակը ԽՍՀՄ-ից միութենական հանրապետութեան դուրս գալու դէպքում` մնա՞լ ԽՍՀՄ կազմում, թէ՞ գնալ դուրս եկող հանրապետութեան յետեւից: Այդ պարունակում ժողովրդական պատգամաւորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումեանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, արձանագրելով, որ Ազրպէյճանը, հիմնուելով ԽՍՀՄ վերոնշեալ օրէնքի վրայ, 1991թ. օգոստոսի 30-ին հռչակել է իր անկախութիւնը, նոյն թուականի սեպտեմբերի 2-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին հռչակագիրը: Այնուհետեւ Արցախի ժողովուրդը, խստօրէն ղեկավարուելով ԽԱՀՄ օրէնսդրութեան եւ միջազգային իրաւունքի պահանջներով, դեկտեմբերի 10-ին անկախութեան հանրաքուէ անցկացրեց երկրի տարածքում: Քուէարկութեանը մասնակցածների 99,89 տոկոսը կողմ արտայայտուեց Ազրպէյճանից անկախանալու օգտին: Արդիւնքներն ամրագրուեցին «Պետական անկախութեան մասին» 1992թ. յունուարի 6-ի հռչակագրում, որով իսկ իրաւական առումով անթերի լուծուեց Արցախի ժողովրդի ինքնորոշման խնդիրը:
Ի հեճուկս Պաքուի յախուռն բարբաջանքների` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացումն Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան եւ միասնականութեան խախտում համարելն անհեթեթութիւն է, քանզի միջազգային իրաւունքը պաշտպանում է այն պետութիւնների տարածքային ամբողջականութիւնը եւ միասնականութիւնը, որոնցում բնակուող ժողովուրդները (ազգերը) ինքնորոշուել են ազատ կամարտայայտութեան հիման վրայ: Ամէն պարագայում, մի նորաթուխ ժողովուրդ, որն իր ինքնութեան վկայականը ստացել է ԽՍՀՄ 1936թ. սահմանադրութեան ընդունումից յետոյ միայն, եւ որի տարածքի հիմնական մասն այնտեղ հոծ բնակուող հայերի, թալիշների, լեզգիների, պարսիկների եւ այլ բնիկ ժողովուրդների պատմական հայրենիքներն են, չէր կարող աւելի վաղ ինքնորոշուել` իր հետ տանելով իրենց կարգավիճակի հետ չհամակերպուող վերոնշեալ ժողովուրդներին: Եւ երբ խորհրդային կայսրութեան փլուզումն անխուսափելի էր, Արցախի ժողովուրդն առաջինն իր ձայնը բարձրացրեց եւ ազգային-ազատագրական պայքարի միջոցով թօթափեց գաղութային լուծն ու ինքնորոշման իրաւունքի միջոցով ազատութիւն եւ անկախութիւն ձեռք բերեց:
Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար
www.aztagdaily.com/archives/463476