Մովսէս Նաճարեան – Երկաթագիր մատեանի երկաթագիրը ոչ թէ երկաթով քերուածն է՝ այլ առանց բառային ընդհատումների գրութիւնն է` անընդհատական արեան հոսքի նման
Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն:
Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:
Մատենադարանի համար 2618 ձեռագրում կարդում ենք.
«Ձայնաւորաց եւ եղանակաց թագ Դ գիր են՝ որ զայլ գիրսն ինքեան քարշեն եւ կապեն զեղանակս ձայնից»:
Այստեղ «գիր» կամ «գիրս» բառերը եթէ տառ հասկանանք՝ անհեթեթ մի նախադասութիւն կ՛ունենանք, որովհետեւ «ձայնն» ու «եղանակը» վերաբերւում են ականջին ու երաժշտութեան՝ եւ ո՛չ երբէք այբուբենի տառին:
Թարգմանենք.
«Ձայնաւորների եւ եղանակների թագը չորս հնչիւններն են՝ որոնք այլ հնչիւններին իրենց ետեւից են տանում, եւ ձայների եղանակները կապում են իրար»:
Ագաթանգեղոսը նկարագրում է Տրդատ Մեծի սբ. Գրիգոր Լուսաւորչին հասցրած տանջանքները, երբ թագաւորն ասում է.
«Զարմացեալ զարմացեալ եմ, եւ կարի քաջ. զիա՞րդ կեաս դու կենդանի եւ ոչ ինչ գրեցեր դու զցաւդ, եւ խօսիս եւս»:
Թարգմանենք. «Զարմանալով զարմացած եմ եւ քաջ մտահոգ՝ թէ ինչպէ՞ս ես դու կենդանի մնում, եւ ոչ մի կերպ չես արտայայտում ցաւերդ (չես գոռում, մղկտում, աղաղակում), այլ ընդհակառակը՝ դեռեւս խօսում ես»:
«Նոր Բառգիրք Հայկազեան Լեզուի» բառարանում գտնում ենք մատենագրական օրինակներ՝ «գիր», «գիրն» եւ «գիրս» բառերի օգտագործմամբ, նրանց զանազանուող իմաստներով, այսպէս.
1.«Եւ գիրն գիր Աստուծոյ դրոշմեալ ի տախտակսն»:
Նշենք առկայ «գիր» եւ «գիրն» բառերի տարբերութիւնը:
Մեր սահմանումով «ն»-ն կոչել ենք «լուսապսակաւոր սերմ»՝ ելնելով սոյն տառի բաղադրիչ մասնիկների բովանդակութիւնից, ինչը «գիրն»-ի պարագայում նշանակում է «մարմնաւորուած սերմ», որտեղ «սերմ»-ը ներկայացնում է հենց գիր-հնչիւնի մի միաւորը, իսկ լուսապսակը՝ հնչիւնը մարմնաւորողն է, տառն է: Ուստի «գիրն»-ը պէտք է ըմբռնել «տառ»:
Մեր թարգմանութիւնը.-
«Եւ գրուածը (գիրն) Աստուծոյ խօսքն է (գիր), դրոշմուած տախտակների վրայ»:
2.«Ոչ կարէին զգիրն ընթեռնուլ»:
Թարգմ. «Չէին կարող գրուածը ընթերցել»:
3.«Խնդրէին ի մատեանսն ի գիրս հարցուփորձից»:
«Գիրս»-ի «ս»-ն «գիր-խօսքի» «սերմ»-ն է, բովանդակալի մի հատուածն է, եւ ոչ թէ տառ-գրութիւնը: Այստեղ «ս»-ն նաեւ յոգնակերտ մասնիկ է:
Մեր թարգմ. «Մատեաններում փնտրում էին հարցուփորձերին վերաբերուող խօսքերը»:
4.«Կերպաձեւեալ զգիրսն առ ձեռն պատրաստ մեսրոպայ»:
Խօսքը վերաբերւում է կերպարանք ու ձեւ ստացած (մարմնաւորուած) հնչիւնների սերմերին՝ այլապէս այբուբենին:
Մեր թարգմ. «Մեսրոպն իր ձեռքն առաւ հնչիւնները մարմնաւորող ձեւաւորուած պատրաստի տառերը»:
5.«Ողջիւնագիր»:
Նշանակում է «ողջիւնի խօսք»: Նամակ նշանակելու համար պիտի գրուէր «ողջիւնագիրն»:
6.«Բարեւագիր»:
Նշանակում է «բարեւի խօսք»: «Բարեւի գրութիւն» նշանակելու համար պիտի գրուէր «բարեւագիրն»:
7.«Եկն նմա գիր յԵղիայէ մարգարէէ»:
Մեր թարգմ. «Նրան խօսք (լուր) եկաւ Եղիայ մարգարէից»:
Բանաւոր է ուղարկուել լուրը՝ եւ ո՛չ թէ գրաւոր:
8.«Գիր սիրոյ, կամ հրամանի, կամ թախծանաց»:
Մեր թարգմ. «Խօսք սիրոյ, հրամանի, կամ թախիծների»:
Քանզի «թախծի գրութիւն» չի լինում՝ այլ «թախծի խօսք» է լինում: Բայց լինում է «թախծալի գրութիւն»:
9.«Ետուն նմա գիր վկայութեան՝ զի անծանօթ էր այրն»:
Մեր թարգմ. «Վկայութեան խօսք տուին նրան՝ քանզի անծանօթ էր մարդը»:
Այսինքն խօսելով ու վկայաբանելով՝ իր ինքնութիւնը հաստատելու առիթ են տուել մարդուն:
Նաեւ պարզ է, որ վկայութիւնը բերանացի է լինում եւ ոչ գրաւոր:
Գրաւոր վաւերաթղթին ասել են «վկայագիրն»:
10.«Գրեա՛ զայդ առ ի յիշատակ ի գիրս»:
Մեր թարգմ. «Գրի՛ր այդ՝ որպէս յիշատակելի իմաստուն խօսքի մասնիկ (սերմ)»: («Իմաստուն»-ը «ի գիրս»-ի «ի» նախդիրն է):
11.«Այս է գիր արարածոց»: Մեր թարգմ. «Այս է արարածների խօսքը, լեզուն»:
Եթէ նախադասութիւնը «անասուն մարդկանց» է վերաբերուել կամ «կենդանիներին»՝ ապա գրողը նկատի է ունեցել դրանց արտադրած բացականչութիւնները:
12.«Գրողը տանի»՝ նշանակում է «շնչողը տանի», այլապէս` (անձին) «շունչ ներշնչողը», Աստուած:
13.Միջին գրական հայերէնում գտնում ենք «ջնջագիր» արտայայտութիւնը, ինչը մասնագէտը մեկնել է «անգրել թուղթ» («չգրուած, մաքուր թուղթ» իմաստով), եւ նշել է արմատները՝ «ջինջ+ա+գիր»:
Նոյնպէս եւ մե՛ր կարծիքով այդ բառը կազմուած է «ջինջ=մաքուր» եւ «գիր» արմատներից՝ բայց նշանակում է «մաքուր խօսք», «բերանացի ասուած անկեղծ խօսք», ինչպէս պիտի ասէինք՝ «տղամարդու խօսք», հետեւաբար դա բերանացի ասուած «հաստատուն խօսք» է՝ եւ «թուղթ»-ը գոյութիւն չունի այնտեղ:
14.Գրաբարեան «Գրեա թէ» (համարէ թէ)՝ որից առաջացել է «գրեթէ» բառը, երբ «համարէ թէ»-ն «գրելու» հետ առնչութիւն չունի, բայց «ասենք թէ»-ի բովանդակութիւնն ունի, հետեւաբար խօսքի, ձայնի կամ մտածողութեան հետ է առնչւում:
15.Մաշտոցի «Յաճախապատում Ճառք» գրքում գտնում ենք.
«Եւ ոգիք կատարելոց՝ սիրելեաց Աստուծոյ, ուր եւ են՝ ի նորա սուրբ սիրոյն ի գիր կան»:
Այստեղ բացայայտօրէն «ի գիր կան»-ը նշանակում է «խօսում են, արտայայտւում են, պատմում են»: Այսինքն՝ «Աստծուն սիրելի կատարեալների ոգիները ուր էլ գտնուեն՝ Նրա սուրբ սիրով են մնում եւ Նրա սուրբ սիրոյ մասին են խօսում»:
16.Գտնում ենք նաեւ.
«Նոյնպէս եւ մարմինք ի նորա գիրսն կեալ՝ ի խնամոցն պահին, եթէ ի ցամաքի եւ եթէ ի ջուրս, ուր եւ իցեն»:
Խօսքը հանգուցեալների մարմինների մասին է, եւ վերաբերւում է հաւատացեալ հանգուցեալներին: «Մարմինք ի նորա գիրսն կեալ»-ը նշանակում է «Նրա (Աստուծոյ) խօսքով ապրածների մարմինները՝… Նրա խնամքներով են պահպանւում»:
«Ի գիրսն»-ի «ն»-ն «ի» նախդիրի հետ կազմում է գործիական հոլովաձեւը, ուստի բառահիմքը «գիրս» է, այսինքն՝ «խօսքեր»:
17.«Որդէգրել»-ը կամ «որդեգրել»-ը ընդհանուր առմամբ նշանակում է «որդի կոչել»՝ եւ ո՛չ թէ անպայման «որդի գրանցել»:
18.«Երկաթագիր մատեան»-ի «երկաթագիր»-ը ոչ թէ երկաթով քերուածն է՝ այլ «արեան գիրը կամ խօսքն» է, ուստի եւ այդպիսի մատեանը «արեան խօսքը» պարունակող»-ն է, հետեւաբար այբուբենն էլ արեան խօսքը մարմնաւորողն է (թերեւս արեան «կոդ»-ն է):
Քանզի «երկաթ»-ը «եր»-ի «կաթ» է՝ «արեան կաթիլ» է, ինչպէս «երակ»-ը «արեան ակ»-ն է, «երես»-ը «արեան ես»-ն է՝ արեան դրսեւորումը:
Անգլ. «Iron=երկաթ» բառի հիմքը «եր-ան» է, եւ նշանակել է «արիւն անող»՝ երբ երկաթ-մետաղը արեան հիմնական բաղադրիչն է:
«Երկաթ»-ը մատենագրութեան մէջ ունի նաեւ «շղթայ» իմաստը (բայց ոչ մետաղը, ինչպէս «պղնձեայ երկաթօք» արտայայտութեան մէջ), որի պարագայում «երկաթագիր»-ը համազօր է լինում նաեւ «շղթայագիր» բառին, «շղթայական խօսք»-ին` «առանց ընդհատումների խօսք»-ին: Հետեւաբար երկաթագիր(ն) մատեանները նրանք են՝ որոնք խօսքի մասերի բաժանում չունեն, ինչպէս անընդհատական արիւնը երակներում:
Ամբողջը ՅՕԴՈՒԱԾԸ` այստեղ
Մովսէս Նաճանեան – «Լեզուաբանութի՞ւն Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ: