Արևելյան Այսրկովկասի (Ադրբեջանի) ժողովրդների շահերի և իրավունքների պաշտպանության հարցը պետք է դառնա բանակցային գործընթացի առանցքային հարցերից մեկը
17.12.2019 | Ներքին կյանք | Lragir.am: «««Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների իրականացրած հանցագործությունները՝ հայերի, տարածաշրջանի այլ ժողովուրդների նկատմամբ»»»
Վարչապետի այն հայտարարությանը, որ բանակցային գործընթացի արդյունքները պետք է ընդունելի լինեն Ադրբեջանի ժողովրդների համար, առանձնակի արձագանքի արժանացավ հայկական քաղաքական շրջանակներում:
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարը (Համագումար) ողջունեց այդ հայտարարությունը և իր մոտեցումը բազմիցս արծարծեց այս վերջին ամիսներին այն հույսով, որ վարչապետի մեկնաբանումը համընկնում է Համագումարի տեսակետի հետ:
Մինչ այդ Համագումարը` արդեն տաս տարիների ընթացքում, բարձրաձայնել է, որ Արևելյան Այսրկովկասում կամ Կասպից Արևմուտքում հարյուր տարի առաջ տեղավորել են պետական մի համակարգ, որի խնդիրն է թուրքիզմի ծրագրերի շարունակական իրականացնումը այդ տարածքներում, այն է` հայության ցեղասպանությունը ու տարածքների հայաթափումը, նաև այդ տարածքների բնիկ ժողովրդների ուծացումը: Արևելյան Այսրկովկասում տեղավորված այդ պետական միավորը դարձել է տարածաշրջանի բնիկ, պետականազուրկ ժողովրդների համար զնդան: Բաքվի հակամարդ ռեժիմը հայության դեմ 1987-1992 թվականներին կատարված ցեղասպանությամբ մի կողմից վախ է սփռում այդ ժողովրդների վրա` խեղդելու ու նաև հաշվեհարդար տեսնելու համար ինքնության պահպանման ամեն մի երազանքի հետ, մյուս կողմից` այսօր էլ նրանց պարտադրանքով ներքաշում է հակահայկական գործողությունների մեջ, դարձնելով նրանց մարդասպան ու ցեղասպան: Այդ պետական միավորը կանգ չի առել իր ցեղասպանական նկրտումների մեջ` հայության ցեղասպանությունից հետո անցել է այդ ժողովրդների ոչնչացմանը:
,,Ադրբեջան,, բառը հարյուր տարիների ընթացքում, առավելապես վերջին երեսուներկու տարիների ընթացքում, ընկալվում է որպես ցեղասպանության գործիք, ցեղասպանության իրականացման տարածք:
Ադրբեջան պետությունը այսօր վտանգում է ոչ միայն հայության կենսունակությանն ու զարգացմանը, այլև սպառնալիք է ողջ տարածաշրջանի ժողովրդների համար, ու դրա չեզոքացումը կենսական պահանջ է նրանց համար: Իսկ դա հնարավոր է, եթե այդ ժողովուրդները կարողանան ձևավորել իրենց ինքնության պահպանմանը միտված պետաիրավական մի նոր համակարգ, որը կապահովի տարածաշրջանի ներդաշնակ զարգացման և խաղաղության պահպանման ընթացքը:
Այո՛, բանակցային գործընթացը պարտավոր է ծառայել տարածաշրջանի բնիկ, պետականազուրկ ժողովրդների շահերի ու իրավունքների պաշտպանությանը:
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյան
lragir.am/2019/12/17/502912/