Իթթիհադականությունից՝ կոմունիզմ, Դեր Զորից՝ Մոսկվա․ Սալիհ Զեքիի անհայտ պատմությունը

Halep'te Ermeni göçmenler - Armenian immigrants in Aleppo - Immigrants arméniens à Alep

Իթթիհադականությունից՝ կոմունիզմ, Դեր Զորից՝ Մոսկվա․ Սալիհ Զեքիի անհայտ պատմությունը

2020/02/20 – ԳՐՔԵՐ – ԳՐԱԽՕՍԱԿԱՆ, ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ, ՀԱՐՑԱԶՐՈՅՑՆԵՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ, ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԷՋԵՐ:

Կարդալ նաեւ՝ ««Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանության և կոտորածների դատավարություններն»»

Երվանդ Տանձիկյան

Մինչև վերջերս Թուրքիայում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Հայաստանի ներկայացուցիչը եղած դոկ․, պրոֆ․ Արսեն Ավագյանը միայն դիվանագետ չէ, այլև՝ փայլուն գիտնական։ Ավագյանի և Կայծ Մինասյանի գրած «Հայերը և Միություն ու առաջադիմություն կուսակցությունը» վերնագրով աշխատությունն ավելի վաղ տպագրվել էր «Արաս» հրատարակչության կողմից։ Հիմա էլ Ավագյանը թուրքիացի ընթերցողների դատին է ներկայացնում մի նոր աշխատություն։ «Մութ մնացած մի գործիչ․ երիտթուրք կոմունիստ Սալիհ Զեքին (Կուշարկովը)» վերնագրով գիրքը տպագրվել է Թուրքիայի սոցիալական և պատմական ուսումնասիրությունների հիմնադրամի կողմից։

Հայոց ցեղասպանության մեջ, հատկապես Դեր Զորի կառավարիչ լինելու ժամանակ, դաժան դեր կատարած Սալիհ Զեքին ավելի ուշ կարևոր դեր է ունեցել նաև Բաքվում Թուրքիայի կոմունիստական կուսակցության հիմնադրման գործում, և նրա ամբողջ կյանքի պատմությունը Թուրքիայի ժամանակակից պատմության տեսանկյունից ևս ուշագրավ մանրամասներ է պարունակում։

Բացի փաստաթղթերից՝ ընդարձակ մատենագիտական աշխատանքի արդյունք է այս գիրքը, որում Արսեն Ավագյանը հղում է տալիս մի շարք հայերեն աղբյուրների, որոնց մասին թուրքիացի ընթերցողն առաջին անգամ է տեղեկություններ ստանում։ Գրքում զետեղված է նաև Սալիհ Զեքիի՝ 1936 թ․ Մուստաֆա Սուփհիի և ընկերների մասին գրած, սակայն չհրատարակված հոդվածը։ Ավագյանի հետ զրուցել ենք այս նոր աշխատության մասին, որը, կարծում ենք, մեծ աղմուկ է հանելու։

Halep’te Ermeni göçmenler – Armenian immigrants in Aleppo – Immigrants arméniens à Alep

– Որո՞նք են այն պատճառները, որոնք դրդեցին Ձեզ Սալիհ Զեքիի մասին գիրք գրել։ Ի՞նչ բացթողումներ եք նկատել այդ ոլորտում։

– Սալիհ Զեքին Հայոց ցեղասպանության պատմության մեջ է անցել «հրեշ Զեքի» անունով` 1915-16 թթ․ Կայսերիի Էվերեքի նահանգապետը և Դեր Զորի կառավարիչը եղած ժամանակ այդ շրջաններում իրականացրած բռնությունների, սպանությունների և բռնարարքների պատճառով։ Ես 2007 թ․ հայերեն թարգմանությանբ, գրքույկի տեսքով հրատարակեցի Հասան Ամջայի (Չերքեզ Հասան) «Տեղահանության իրական պատկերը» հուշագրությունը և «Շատ լավ, հարյուր հազարավոր հայերին ո՞վ սպանեց» հոդվածը՝ ավելացնելով ծանոթագրություններ և մեկնաբանություններ։ Հասան Ամջան Սիրիայում եղած համակենտրոնացման ճամբարներում մոտ 25․000 հայերի է փրկել, իսկ 1961 թ․ Ստամբուլում նրա թաղմանը մասնակցել է նաև այդ ժամանակի հայոց պատրիարք Շնորհք Գալուստյանը։ Մտածեցի, որ վատ չի լինի Սալիհ Զեքիի մասին ևս հետազոտություն կատարել և այդ երկուսին համեմատել։ Նաև վերնագիր էի մտածել․

«Հայոց ցեղասպանության ժամանակ երկու չերքեզ»։ Մեկը հայերին փրկել է, մյուսը՝ մոտ 200․000 հայի սպանել։ Երբ սկսեցի տեղեկություններ հավաքել Սալիհ Զեքիի մասին, մտածում էի, որ հեշտ է լինելու, քանի որ այդ ժամանակաշրջանի տարբեր հայկական, թուրքական, օտար աղբյուրներում, հուշերում և հուշագրություներում առկա է Զեքիի անունը։ Սակայն նրա կյանքի և գործունեության վերաբերյալ այնքան հակասական տեղեկություններ կան, որ տպավորություն է ստեղծվում, թե դրանք պատկանում են Սալիհ Զեքի անվամբ տարբեր մարդկանց։ Առաջին հայացքից Սալիհ Զեքին դաժան գործիչ էր, իր ստացած հրամաններն իրականացնելու համար ոչնչի առջև կանգ չառնող օսմանյան բյուրոկրատիայի բարձրաստիճան ներկայացուցիչ։ Մակերեսային մոտեցմամբ՝ նա Հայոց ցեղասպանության ժամանակ խավարից դուրս եկած և մարդկանց զանգվածաբար սպանելու համար ամենադաժան մեթոդներն օգտագործած կառավարիչ էր, մի գործիչ, որը հետագա տարիներին Բաքվում եղել է Թուրքիայի կոմունիստական կուսակցության հիմնադիրներից, իսկ հետո կրկին ստվերի տակ է անցել։ Սակայն ուսումնասիրության ընթացքում շատ հետաքրքրական և չսպասված տեղեկություններ երևան եկան։ Հասկացա, որ Սալիհ Զեքին հասարակ գործիչ չի եղել, և նրա գործունեությունը չի սահմանափակվում միայն Հայոց ցեղասպանության ժամակաշրջանով։ Ընդհակառակը, նրա «աստեղային ժամը» հետագա՝ 1919-22 թվականներն են եղել։

Իմ տեսած թերությունն այն էր, որ մինչ օրս այդքան կարևոր գործչի վերաբերյալ մի ուսումնասիրություն կամ հոդված չէր գրվել, տարբեր աղբյուրներում եղած տեղեկությունները մեկը մյուսին չէին համապատասխանում և տարբեր էին։ Հասարակ օրինակ՝ Սալիհ Զեքիի ծննդյան և մահվան թվականների վերաբերյալ տարբեր տեղեկություններ տվող աղբյուրներ կան։ Մեկ այլ խնդիր էր նրա իրական ազգանունը, և նրան տրված «Զոր» ազգանունը։ Թուրք պատմաբանները, բացառությամբ Մեթե Թունջայի և Էրդեն Աքբուլութի, գրում են, որ նա «Զոր» ազգանունը ստացել է Դեր Զորի կառավարիչը լինելու պատճառով։

Իրականում նա երբեք չի օգտագործել «Զոր» ազգանունը, վերադարձել է իր պապերի ազգանվանը՝ «Կուշարկզադե-Կուշարկով»-ին։ Մոսկվայում Արևելյան հետազոտությունների ինստիտուտում կարճ ժամանակ աշխատելու ընթացքում օգտագործել է երկրորդ՝ Իսմայիլով ազգանունը (հոր՝ Իսմայիլի անունից)։ Բացի այդ՝ Մոսկվայի և Թիֆլիսի տարբեր թերթերում օգտագործել է «Սինզա» գրական մականունը։ Եթե չլինի Սալիհ Զեքիի վերաբերյալ համապարփակ ուսումնասիրություն, ապա հնարավոր չի լինի անաչառ գնահատականներ տալ Հայոց ցեղասպանությանը, Թուրքիայի կոմունիստական կուսակցության (ԹԿԿ) հիմնադրմանը, Բաքվում գտնվող թուրք կոմունիստների և քեմալականների միջև հաստատված կապերի մեջ նրա և իր նման իթթիհադական կոմունիստների դերին։

– Տեսնում ենք, որ օգտագործել եք ռուսական արխիվային նյութեր։ Արդյո՞ք դրանք Ձեզ մոտ նոր տեսակետ ձևավորեցին։

– Անկասկած։ Դրանցից մեկը Ադրբեջանի խորհրդայնացման գործում թուրք կոմունիստների տեղի ու խաղացած իրական դերի մասին նոր փաստաթղթերն են։ Բոլշևիկների ու քեմալիստների միջև կապերի ստեղծման, Բաքվում գտնվող ԹԿԿ-ի միջնորդությամբ քեմալիստներին առաջարկված և ուղարկված օգնության մասին նոր և չհրատարակված փաստաթղթեր են առկա։ Ռուսաստանում գտնվող արխիվների փաստաթղթերը նոր լույս են սփռում շատ կարևոր հարցերի վրա։ Դրանցից մեկը Սուփհիների (Մուստաֆա Սուփհին և ընկերները) թեման է։ 1936 թ․ Սալիհ Զեքին « Ընկեր Սուփհին և 16 նահատակները» վերնագրով հոդված է գրել, սակայն այն չի հրապարակվել և մնացել է Ռուսաստանի պետական քաղաքական և սոցիալական պատմության արխիվում։ Առաջին անգամ այն երևան է հանվում իմ գրքույկում՝ հավելվածի տեսքով։ Այնտեղ կտեսնեք, որ այդ հոդվածում Մ․ Սուփհիի և ընկերների սպանության վերաբերյալ տարբեր և մինչ օրս անհայտ մանրամասնություններ կան։ Ռուսաստանի արխիվներից փաստաթղթեր հավաքելու ժամանակ ինձ հետ մի հետաքրքիր դեպք պատահեց։

ՌՊՔՍՊ արխիվի 495-րդ ֆոնդում «Սալիհ Զեքի» վերնագրով 266 համարակալմամբ թղթապանակ կա, որում Սալիհ Զեքի անվամբ երեք մարդու մասին փաստաթղթեր են հավաքված․ նույն թղթապանակում էին նաև դարձյալ թուրք կոմունիստ Սալիհ Հաջըօղլուի փաստաթղթերը։ Ուզեցի Սալիհ Զեքիի լուսանկարը, և ինձ երկու անգամ ուղարկեցին Սալիհ Հաջըօղլուի՝ աքսորի տարիների նկարը։ Նկարի տակ գրված էր «Սալիհ Հաջըօղլու», սակայն գուցե և արխիվում օսմաներեն իմացող աշխատակից չկար։ Հետո իրական Սալիհ Զեքի Կուշարկովի նկարն այդ արխիվի մեկ այլ թղթապանակում գտա, իսկ նկարի տակ ռուսերենով գրված էր․ «Սալիհ Զեքի Կուշարկով»։

– Ի՞նչն էր, որ Սալիհ Զեքիին բարձրացրեց այդ ժամանակ իթթիհադականների վերահսկողության տակ գտնվող պետական հիերարխիայի աստիճաններով։ Միություն և առաջադիմություն ընկերության ներսում Թալեաթ փաշայի խմբի վստահությունը ձեռք բերե՞լն է արդյոք դրա համար ճանապարհ հարթել։

– Որոշ աղբյուրների համաձայն՝ Սալիհ Զեքին, ըստ այդ ժամանակաշրջանի մտայնության, Քարա Քեմալի «մարդն» էր։ Փաստաթղթեր կային նաև Սալիհ Զեքիի և Քարա Քեմալին մոտերիմ Փարվուս, Ռակովսկի, Քորքմազով խմբի հետ նրա ունեցած կապերի մասին։ Այդ ժամանակ Սալիհ Զեքին կապեր էր հաստատել նաև հայ պատգամավորների և քաղաքական գործիչների հետ։ Սակայն, ըստ իս, Թալեաթ փաշայի խմբում գտնվող մարդիկ Սալիհ Զեքիին առաջին հերթին աջակցել և օգտագործել են նրա հմտությունների և վատ մարդ լինելու համար։ Ցանկանում եմ հավելել նաև հետևյալը՝ իրականում «Մութ մնացած մի գործիչ․ երիտթուրք կոմունիստ Սալիհ Զեքին (Կուշարկովը)» գիրքը գրել եմ որպես գիտական հոդված, և դա հրատարակվելու է այդ տեսակ գիտական հոդվածների ժողովածուում։ Իմ ընկեր Էրդեն Աքբուլութի առաջարկով և նրա շնորհիվ է, որ սույն ուսումնասիրությունն առանձին գրքույկի տեսքով հրատարակվեց, ինչի համար նրան խիստ պարտական եմ։ Ես հիմա աշխատում եմ Սալիհ Զեքիի մասին ավելի համապարփակ գիտական աշխատության վրա և շուտով ավարտելու եմ գիրքս, որում վերը նշածս հարցերը, տարբեր վստահելի աղբյուրների վրա հիմնվելով, ավելի մանրամասն կներկայացնեմ։

– Սալիհ Զեքին առաջին անգամ հիշատակվում է Կայսերիի (Կեսարիա- Ակունք խմբ․) Էվերեք շրջանում կատարած բռնարարքներով։ Ավելի ուշ նա Դեր Զորի կառավարիչ է նշանակվել։ Դրա պատճառն այն էր, որ նախորդ կառավարիչը հայերի նկատմամբ «բավականաչափ» կոպիտ չի եղել։ Սալիհ Զեքին, հիրավի, իր մասշտաբով մի առանձին ցեղասպանություն է իրագործել․ նա մեղադրվում է 60․000-200․000 հայերի սպանության մեջ։ Երիտթուրքերի դատավարության ժամանակ նա հեռակա դատապարտվել է մահվան։ Ըստ Ձեզ, որո՞նք են նրա՝ այդ աստիճան դաժան վերաբերմունքի պատճառները։ Հիվանդագին բնո՞ւյթ ուներ, թե՞ ինչպես Հաննա Արենդթի «Չարի սովորականությունը» գրքում Այշմանի մասին է գրված՝ նա ուղղակի «իր գործն» է արել։

– Հայ ականատեսների վկայությունների համաձայն` Սալիհ Զեքին հաճույք էր ստանում անձամբ բռնություն գործելուց և կախաղանի տեսարաններից։ Բացի այդ՝ նա ինքը հայտարարել էր, որ հայ ազգն իր թշնամին է։ Տարբեր աղբյուրների ուսումնասիրությունից հետո չեմ կարծում, թե Սալիհ Զեքին հիվանդ մարդ էր, գուցե աղետներից, մահապատիժներից հաճույք էր ստանում, բայց ավելի շատ երևում է, որ նա սառնարյուն, կոպիտ մեթոդներով կոտորած անելուց չխուսափող գործիչ էր, իր նպատակին հասնելու համար ամեն ինչի պատրաստ մի քաղաքական գործիչ։ Դիմացինը ով ուզում էր՝ լիներ, ներառյալ իր ազգակիցները։ 1920 թ․ Բաքվում պատերազմի թուրք գերիներին գնդակոծելու հարցում ակտիվ դերակատարություն է ունեցել և Թիֆլիսից Կովկասի շրջանի պատասխանատու Ս․ Օրջոնիկիձեին ուղարկած 1922 թ․ հոկտեմբերի 15-ով թվագրված զեկույցում ցույց է տվել, որ այդ կոտորածն անհրաժեշտ է և արդարացված, սպանված զինվորներին էլ որակել է որպես «խորհրդային կարգերի դեմ ագրեսիվ տրամադրություններ տարածող գերի թուրքեր»։

– 1916-1919 թթ․ Սալիհ Զեքին կարծես գաղտնի կյանք է վարել։ Որոշ մեկնաբանությունների համաձայն՝ նա ափսոսանք է հայտնել հայերի դեմ իրականացված աղետի մեջ իր ունեցած դերի համար։ Դուք հետագա տարիներին նրա մոտ նման ափսոսանքի նշույլներ նկատե՞լ եք։

– 1933 թ․ գրած իր կարճ ինքնակենսագրականում Սալիհ Զեքին իր կյանքը բաժանում է երկու հատվածների և գրում է․ «Իմ կյանքը երկու շրջանից է բաղկացած։ Առաջին շրջանը 1916 թ․ է ավարտվում, երկրորդ շրջանը 1919 թ․ է սկսվում։ Դրանց միջև ընկած ժամանակը անցումային շրջան էր։ Առաջին շրջանում ինձ այդքան էլ լավ չեմ զգում, քանի որ ծառայել եմ բուրժուազիային։ Երկրորդ շրջանում ինձ շատ լավ եմ զգում, քանի որ ծառայում եմ պրոլետարիատին»։ Օսմանյան խորհրդարանի Իզմիրի և Այդընի պատգամավոր (1912-1919) Էմանուիլ Էմանուիլիդիսը իր հուշերում ասում է, որ 1917 թ․ Բեյօղլուում հանդիպել է Սալիհ Զեքիին, վերջինս նրան ասել է․ «60․000 հայի եմ սպանել, երեխաներին կենդանի-կենդանի թաղել եմ, շատ հազվադեպ եմ դուրս գալիս, չեմ ցանկանում մարդու երես տեսնել, ասում է, որ անունը Զեքի է և մտածում է ինքնասպանություն գործելու մասին»։ Կարճ ինքնակենսագրականում Սալիհ Զեքին հայերի տեղահանության մասին պատմելիս գրում է․ «Ամեն տեղ սպանություն էր, արյունալի դեպքեր էին տեղի ունենում։ Պետք է տեղեկացնեմ, որ այդ ժամանակ զինվորական դիկտատուրան այնքան ուժեղ էր, որ քաղաքացիական շրջանակներին հաշվի չէին առնում։ Չնայած դրան՝ ես, որպես կառավարիչ, այդ նողկալի գործում ինձ մեղավոր եմ համարում»։

Բաքվում, Թիֆլիսում, Մոսկվայում ապրած տարիներին մի քանի կենսագրական հարցումներում նկատվում է ափսոսանք։ Սակայն խորը և անկեղծ ափսոսանքի զգացողության վերաբերյալ մինչ օրս վստահելի ապացույցների չեմ հանդիպել։ Ըստ իս, նրա ափսոսանքը մի փոքր տարբեր բան էր, այսինքն՝ իրականացրած սպանությունները, մարդկանց զանգվածային ոչնչացումն ընդհանուր առմամբ գործին օգուտ չեն տվել, գործադրված ջանքերն իզուր են եղել։ Կայսրությունն ու պետությունն այլևս նրանց ձեռքում չէր, և ինքն էլ ստիպված է եղել լքել երկիրը։ Կարծես՝ այդ զգացմունքը նմանվում է Քեմալ Թահիրի «Գայլային օրենք» վեպի հերոս Քարա Քեմալի խոստովանությանը և նման է նրա արտահայտած «ափսոսանքին», ինչպես օրինակ՝ «այս հսկայական կայսրությունը մեր ձեռքերի մեջ մահացավ» խոսքերը։

Armenian Genocide

– Նա ինչպե՞ս ցեղասպան ազգայնամոլից դարձավ կոմունիստ։ Դատվելուց փրկվելու համա՞ր էր, որ նա Բաքու գնաց և մտավ կոմունիստական շրջանակներ, թե՞ կոմունիզմն իրապես իրեն մոտիկ էր համարում։

– Ինքն էլ իր ընկերոջը գրած նամակում խոստովանում է դա։ Նա անհանգստանում էր, որ Հայոց ցեղասպանության ժամանակ իր խաղացած դերի պատճառով անգլիացիներն իրեն կբռնեն և կդատեն։ 1918 թ․ վերջին Բաթում է հասել, ապա՝ Թիֆլիս ճանապարհով՝Բաքու։ Համաձայն Սալիհ Զեքիի գրածների՝ Հայոց ցեղասպանության ժամանակ իր խաղացած դերը նրա մեջ արթնացրել է «գործող կարգի, կառավարության և պատերազմի նկատմամբ դժգոհության, անգամ ատելության» զգացում։ «Այդ աղետը չէր պատահել միայն հայերի հետ, միաժամանակ այն ամբողջ թուրք ժողովրդի աղետն էր։ Այն ինձ դրդեց անցնել հեղափոխության շարքերը»։ Էրզրումում տպագրվող «Ալբայրաք» թերթի՝ 1920 թ․ օգոստոսի 9-ի համարում «Նոր հեղափոխություն» վերնագրով հրատարակված իր հոդվածում նա Թուրքիայի փրկությունը տեսնում է սոցիալիստական ճանապարհով ընթանալու մեջ։

Ինչ վերաբերում է կոմունիզմին, ապա սկզբնական շրջանում նա առանձնապես տեղեկացված չի եղել դրանից։ Օրինակ՝ 1920 թ․ Տրապիզոնում հրապարակված «Ինչու՞ բոլշևիկ դարձա» գրքույկը պատճառ դարձավ, որ քննադատվի մարքսիզմի մասին նրա ունեցած տեղեկությունների թուլությունը։ 1934 թ․ Սալիհ Զեքին ընդունել է այդ քննադատությունը և արդարացման համար ասել․ «Քարոզչական տեսանկյունից այն շատ ուժեղ էր, սակայն մարքսիզմի տեսակետի՝ ոչ, քանի որ այդ ժամանակ մարքսիզմի վերաբերյալ տեղեկություններ չունեի»։ Դրա հետ մեկտեղ՝ Սալիհ Զեքին 1919 թ․ մինչև մահ (1940 թ․ նոյեմբերի 3, Մոսկվա) եղել է Ռուսաստանի կոմունիստական կուսակցության (բոլշևիկյան) պաշտոնական անդամ։

– Հայոց ցեղասպանության գործում նրա ունեցած դերն այդ տարիներին ԹԿԿ-ի ներսում նրա համար խնդիրներ հարուցե՞լ է։

– Հարուցել է, սակայն՝ ոչ շատ։ 1923 թ․ մի որոշ շրջան նա հեռացվել է կուսակցությունից, սակայն 1925 թ․ նրան վերադարձրել են կուսակցության անդամակցության իրավունքը՝ ունեցած կուսակցական ստաժի հետ միասին։ Սակայն իր գործի մեջ նշված «Հայերի կոտորածի մեջ դերակատարություն ունի» որակավորումը խոչընդոտ է եղել նրա՝ ավելի բարձր դիրքերի հասնելու, կուսակցական կարիերա անելու համար։

– Զեքին մինչև մահ Խորհրդային Միությունում է մնացել և տարբեր բյուրոներում աշխատել։ Պե՞տք է պատմության հեգնանք համարել այն, որ այդ տարիներին, այսինքն՝ 1930-ական թթ․ խորհրդային ռեժիմի ժամանակ կարևոր գործեր կատարած (Միկոյանի նման) հայերն օգնել են նրան։

– Այսօրվա դիրքերից՝ գուցե, սակայն պետք է ուշադրություն դարձնել այն ժամանակվա պայմաններին և մոտեցումներին։ Քեմալիստ թուրքերի հետ բարեկամական հարաբերություններ հաստատած Խորհրդային Ռուսաստանը ցանկացել է փակել Հայոց ցեղասպանության թեման․ Խորհրդային Միությունում պաշտոնական մակարդակով այդ թեմայի քննարկումն արգելված է եղել։ Ինչպես նաև՝ հեղափոխության ժամանակ Ռուսաստանում Սալիհ Զեքիի նման հարյուրավոր, հազարավոր մարդկանց սպանած բոլշևիկ գործիչները շատ են եղել։ Ավելին՝ հայտնի էր բոշևիկյան ահաբեկչությունը։

– Հայոց ցեղասպանության մեջ դեր խաղացած անուններն իրականում նոր հիմնադրված Թուրքիայի Հանրապետությունում էլ շատ մեծ նեղություններ չեն կրել, նույնիսկ կան մարդիկ, որոնք վարչակարգում բարձր դիրքեր են գրավել։ Սալիհ Զեքին, տեսնելով այդ օրինակները, ընդհանրապես չի՞ մտածել Թուրքիա վերադառնալու մասին։

– Եթե խնդիրը միայն Հայոց ցեղասպանության մեջ ունեցած նրա դերը լիներ, գուցե մտածեր վերադառնալու մասին, սակայն նա կոմունիստ էր, իսկ քեմալական կառավարությունը կոմունիստների դեմ գործողություններ էր ձեռնարկել․ կուսակցությունը փակվել էր, բազմաթիվ կոմունիստներ ձերբակալվել էին։ Ավելին՝ Սալիհ Զեքին, որ տեղյակ էր բոլշևիկների հետ շփումների մասին, սուփհիների սպանությունների վերաբերյալ շատ բան գիտեր, 1920 թ․ Անատոլիա գնալիս Էրզրում (Կարին-Ակունքի խմբ․), Բայբուրթ (Բաբերդ-Ակունքի խմբ․) և Տրապիզոն քաղաքներում կոմունիստական շտաբներ էր կարողացել բացել, ըստ իս, համար անցանկալի մարդ էր քեմալական կառավարության։

Ո՞վ է Արսեն Ավագյանը
Արսեն Ավագյանը ծնվել է 1972 թ․ Երևանում։ 2002 թ․ Մոսկվայի պետական համալսարանում ներկայացրել է «Չերքեզները Օսմանյան կայսրության և քեմալական Թուրքիայի պետական համակարգում» վերնագրով դոկտորական աշխատությունը, որը հետագայում հրատարակվել է «Բելգե» հրատարակչության կողմից (թարգմանիչ Լյուդմիլլա Դենիսենկո, Ստամբուլ, 2004)։ Ա․ Ավագյանը հոդվածներ է հրատարակել Հայաստանում տպագրվող գիտական հանդեսներում, ինչպես նաև՝ Թուրքիայում հրատարակվող «Toplumsal Tarih» ամսագրում և տարբեր երկրներում։ Դոկ․ պրոֆ․ Ավագյանը և Կայծ Մինասյանը համատեղ հեղինակել են «Հայերը և Միություն և առաջադիմություն կուսակցությունը» վերնագրով աշխատությունը, որը հրատարակվել է 2005 թ․ «Արաս» հրատարակչության կողմից։

Բացի այդ՝ Ա․ Ավագյանի՝ «Հյուսիսկովկասյան քաղաքական վտարանդիությունը Թուրքիայի արտաքին քաղաքականության համատեքստում (1920-1971 թթ.)» վերնագրով մենագրությունը ևս թուրքերենով հրատարակվել է «Բելգե» հրատարակչության կողմից: Ավագյանը երկու անգամ եղել է Ստամբուլում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում Հայաստանի մշտական ներկայացուցիչը։ Պաշտոնավարումն ավարտվել է անցած տարի, ներկայում աշխատում է Հայաստանում։

//www.agos.com.tr/tr/yazi/23578/ittihatciliktan-komunizme-deyr-i-zordan-moskovaya-salih-zekinin-bilinmeyen-hikayesi?

Թարգմանեց Անի Մելքոնյանը

//akunq.net/am/?p=70684//

Facebooktwitterredditpinterestlinkedinmail