Թուրքական օրենքները չեն գործում ֆրանսիական հողի վրա – Մակրոնը կարգելի թուրքերենի ուսուցումն ու թուրք իմամների մուտքը Ֆրանսիա
20 Փետրվարի 2020, Աշխարհ:
««Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանության և կոտորածների դատավարություններն»»
Թւրքական Yeni Şafak օրաթերթը գրում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չեղյալ կհայտարարի ֆրանսիական դպրոցներում օտար լեզուների դասավանդումը, որի նպատակը հատկապես թուրքերենի ուսուցման արգելումն է. հայտնում է Yerkir.am-ը:
«Ընդհանուր առմամբ Ֆրանսիան 2020 թ. սեպտեմբերից սկսած դպրոցներում չեղյալ կհայտարարվի օտար լեզուների դասավանդումը: Մի շարք երկրների հետ համաձայնություն կկնքվի մեր նոր կրթական համակարգի հիմքով: Եթե Թուրքիայի հետ համաձայնություն ձեռք չբերվի և նրանք չհամաձայնվեն մեր նոր համակարգի հետ, թուրքերեն բոլոր դասերին վերջ կտանք», – Մյուլուզ քաղաքում գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մակրոնը:
Մակրոնը նշել է, որ երկրում «մայրենի լեզվի ու մշակույթի ուսուցման» (ELCO) շրջանակներում 80 հազար աշակերտի օտար լեզուներ է դասավանդվում. «Որպես Ֆրանսիայի նախագահ՝ ինձ անհանգստացնում է, որ պետությունը չի կարողանում վերահսկել հանրապետական դպրոցներում ուսուցանվող դասերը: Ուսումնական ծրագրերի հարցում մենք վերահսկողություն չունենք, և դա խնդիր է», – հայտարարել է Մակրոնը:
Ըստ Մակրոնի՝ արդեն մի քանի ամիս է բանակցություններ են տեղի ունենում Թուրքիայի, Մարոկոյի և Թունիսի հետ՝ դասերի վերջ տալու համար, իսկ այդ դասընթացները վարող ուսուցիչները պետք է ֆրանսերեն խոսեն, ենթարկվեն օրենքներին ու ուսումնական ծրագրերին: Մակրոնը նշեց, որ արդեն 8 երկրի հետ համաձայնություն ձեռք բերվել է, միայն Թուրքիայի հետ չի հաջողվում ընդհանուր հայտարարի գալ, և եթե այդեպես շարունակվի, ապա Ֆրանսիան ինքնուրույն կկազմակերպի թուրքերենի դասերը:
«Ֆրանսիայում ապրող թուրքերը իմ աչքում ֆրանսիացիներ են: Ցանկանում եմ, որ նրանք ֆրանսիացի լինեն: Ունենան այն իրավունքները, ինչ ունեն ֆրանսիացիները, ենթարկվեն նույն օրենքներին: Թուրքական օրենքներն այստեղ չեն գործում», – ասաց Մակրոնը:
Ֆրանսիացի նախագահը նաև անդրադարձավ թուրք իմամներին և մզկիթներին՝ նշելով, որ պետք է հատկապես պայքար մղել դպրոցներում և մզկիթներում օտարների միջամտությանը:
«Պետք է ուժեղացնել երկրում գործող կրոնական հաստատությունների օտար երկրներից ֆինանսավորման վերահսկողությունը, թե որտեղից և ում կողմից է գալիս», – նշեց Մակրոնը՝ հավելելով, որ դրա վերաբերյալ պետք է օրենք ընդունվի և արգելվի Թուրքիայից, Ալժիրից և Մարոկկոյից իմամների մուտքը երկիր:
yerkir.am/news/view/192554.html