Էդուարդ Այանեան – ՎԱՐՔ ՄԵԾԱՑ – Ալեքսանդր Թամանեան․ 12րդ մայրաքաղաքի ճարտարապետը

ՎԱՐՔ ՄԵԾԱՑ – Ալեքսանդր Թամանեան (1878-1936)

Էդուարդ Այանեան – ՎԱՐՔ ՄԵԾԱՑ – Ալեքսանդր Թամանեան․ 12րդ մայրաքաղաքի ճարտարապետը

ՎԱՐՔ ՄԵԾԱՑ –

Ալեքսանդր Թամանեան․
12րդ մայրաքաղաքի ճարտարապետը

//ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ//

Էդուարդ Այանեան

Անհնար է պատմութիւնը նորից գրել. այն ստեղծւում է մէկ անգամ: 20րդ դարի Երեւանի պատմութիւնը գրւում էր վստահ ձեռագրով, շեշտակի գծերով, նոր խօսքերով, առանց սխալների ու մրոտումների: Գրւում էր սկզբում թղթի, յետոյ քարի վրայ: Այս նոր պատմութեան հեղինակը դարձաւ Ալեքսանդր Թամանեանը: Նա էր, որ մշակեց նոր Հայաստանի մայրաքաղաքի գլխաւոր յատակագիծը, ու նրան ենք պարտական ազգային ճարտարապետական նոր դպրոցի ստեղծման ու Երեւանի խորհրդանիշը դարձած շէնքերի համար:

Հայաստանում մինչեւ 20րդ դարը եղել է 11 մայրաքաղաք: Դրանք միմեանցից տարբեր էին թէ՛ իրենց կարգավիճակի տեւողութեամբ, թէ՛ տարածաշրջանի քաղաքական ու մշակութային կեանքում խաղացած դերով, սակայն ունէին մէկ ընդհանրութիւն. բոլորը ստեղծուել էին լաւագոյն ճարտարապետների, լաւագոյն վարպետների ձեռքերով:

Ուստի երբ բախտ վիճակուեց երկար դարեր յետոյ վերականգնել հայկական պետականութիւնը, պարզ էր, որ նոր մայրաքաղաքը նոյնպէս կառուցելու էին լաւագոյններից լաւագոյնները: 1918ի Մայիսին պատմական Հայաստանի մէկ պատառի վրայ առաջացաւ Հայաստանի Հանրապետութիւնը: Չնայած պատերազմին, ծանր տնտեսական վիճակին ու Արեւմտեան Հայաստանից եկող փախստականների անթիւ բազմութեանը՝ միեւնոյնն է, անկախ հայկական պետութիւնը հայերի շատ սերունդների երազանքն էր: Երկիրը կար, բայց մայրաքաղաքը ոչ մի կերպ նման չէր լիարժէք քաղաքի. 1918ին Երեւանը, կենտրոնի մի քանի քարէ շէնքից բացի, աչքի էր ընկնում միայն կաւէ խրճիթներով ու փոշիով: Դա էր 12րդ մայրաքաղաքը:

Սակայն հայկական նորաստեղծ պետութեան բախտը բերեց. այն առաջացաւ, երբ կար մթկը, ով կարող էր ձեռնամուխ լինել մայրաքաղաքի նախագծմանը: 20րդ դարի Հայաստանը դարձաւ Ալեքսանդր Թամանեանի ժամանակակիցը. նրանց հանդիպումը բախտորոշ էր: Պաշտօնական պատմութիւնը երկար տարիներ սովորեցնում էր, որ Թամանեանը Էրիվան եկել էր 1923ին Խորհրդային Հայաստանի հրաւէրով:

Սակայն իրականում այդպէս չէր: Թամանեանը տեղափոխուել էր Հայաստան 1919ին՝ դեռ առաջին հանրապետութեան օրօք: 41 տարեկանում նա արդէն ճարտարապետութեան ակադեմիկոս էր, ձեռք էր բերել տաղանդաւոր վարպետի համբաւ, ինչի շնորհիւ ունէր արտասահմանում աշխատելու գրաւիչ հեռանկարներ, բայց ընտրեց աւերուած ու աղքատ Հայաստանը: Նշանակուելով երկրի գլխաւոր ճարտարապետ՝ նա 1920ին նոր հանրապետութեան կառավարութեանը ներկայացրեց Էրիվանի վերակառուցման նախագիծը:

1920ին բոլշեւիկեան կարգերի հաստատումն ու վիճակի վատթարացումը ստիպեցին նրան գնալ Իրան ու ընտանիքով հաստատուել Թաւրիզում: Սակայն նոր հայկական պետութեան բախտը երկրորդ անգամ բերեց. Ալեքսանդր Թամանեանը ոչ միայն տաղանդաւոր ճարտարապետ էր, այլեւ ազգային գաղափարին լիովին նուիրուած մարդ: Խորհրդային, թէ ոչ՝ Հայաստանն այնուամենայնիւ յայտնուել էր աշխարհի քարտէզին, եւ ոչ ոք չէր հանել օրակարգից նոր մայրաքաղաքի կառուցման հարցը: Ժողկոմխորհը Թամանեանին ու նրա ընտանիքին տուեց անվտանգութեան յատուկ երաշխիքներ, եւ 1923ին նրանք վերադարձան Երեւան:

Ապագայում լինելու էին փնտռտուքներ ու նոր գաղափարներ, յուսահատութեան ու ոգեւորութեան պահեր, ծանր, լարուած աշխատանքի տարիներ, համաշխարհային ճանաչում: Բայց այդ ամէնը դեռ հեռու էր…

«Ապրելու եմ ու կառուցելու Հայաստանում»

Հայաստան գալով՝ Թամանեանը միանգամից սկսեց ուսումնասիրել իր ազգի շինարարական արուեստի ժառանգութիւնը: «Աննկուն ու մշտապէս փնտռող». այսպէ՛ս էին Թամանեանին բնութագրում նրան ճանաչող բոլոր մարդիկ: Ունէր հարուստ մասնագիտական փորձ, բայց երբեք չէր բաւարարւում իր գիտելիքներով ու միշտ գտնում էր ժամանակ ուսումնասիրելու հին հայկական ճարտարապետութեան նմոյշները: Յաճախ էր գնում դիտարկելու հին քաղաքների աւերակները, ղեկավարում էր վերականգնողական աշխատանքները, Հայաստանի ճարտարապետութեան մեծագոյն հետազօտող Թորոս Թորամանեանի հետ կատարում բազմաթիւ չափումներ, գծագրեր, ուրուանկարներ…

ՎԱՐՔ ՄԵԾԱՑ – Ալեքսանդր Թամանեան (1878-1936)

Հայկական միջնադարեան ճարտարապետութիւնն էր, որ հիմք հանդիսացաւ նոր մայրաքաղաքում Թամանեանի կառուցած բազմաթիւ շէնքերի համար: Հայաստանը գրաւիչ էր, ուսանելի, սակայն պահանջում էր ուժերի մեծ լարում. աշխատանքին տեղ ու դադար չկար: Ալեքսանդր Թամանեանի հեղինակութիւնն այնքան էր բարձր, նոր Հայաստանի կառուցման մէջ նրա վաստակն այնքան էր մեծ, որ 1926ի Փետրուարին նրան շնորհեցին Հայաստանի ժողովրդական ճարտարապետի կոչում: Մինչև այդ նման կոչում գոյութիւն չունէր. այն յատուկ Թամանեանի համար էին ստեղծել:

Պետականութիւնը վերականգնելու եւ Արարատը վերադարձնելու հայերի ազգային գաղափարն արտացոլուեց Թամանեանի գլխաւոր յատակագծի ստեղծագործական յօրինուածքում. նրա քաղաքը Արարատի ստորոտին էր, շրջուած էր դէպի Արարատն ու ներծծուած էր դրանով: Էրիվանի վերակառուցման աշխատանքները, որոնք ընդհատուել էին 1920ին, վերջապէս շարունակուեցին 1923ին:

Կառավարութիւնը 1924ին հաստատեց մայրաքաղաքի գլխաւոր յատակագիծը: Թամանեանը վերամշակեց այն 1929ին ու 1932ին, սակայն պահպանեց գլխաւոր գաղափարները, հիմնական յօրինուածքը: Նա ամբողջովին փոխեց քաղաքի հին կառուցուածքը. շատ աւելի հեշտ էր ստեղծել լիովին նորը, քան փորձել բարելաւել նախկինը: Բացի դրանից՝ առաջացաւ հնարաւորութիւն իրագործելու քաղաքաշինութեան ժամանակակից յօրինուածքները, ստեղծել նորաոճ, բոլորին յարմար քաղաք: Այն տարիների համաշխարհային քաղաքաշինական գիտությունն ուներ շատ նորարար գաղափարներ:

Անգլիացի Էբենեզեր Հովարդն առաջարկել էր «այգեքաղաքի» յօրինուածքը միջին բարձրութեան շէնքերով, կառուցապատման ցածր խտութեամբ ռւ առաւելագոյն կանաչապատմամբ: Ֆրանսիացի Թոնի Գարնյէն առաջարկում էր բաժանել քաղաքն առանձին գօտիների՝ ըստ դրանց գործառոյթների: Թամանեանը ծանր ու թեթեւ արեց այս եւ այլ նորարարութիւնները, դիտարկեց դրանք ազգային տեսանկիւնից եւ ըստ դասական կանոնների՝ իրագործեց Էրիվանի գլխաւոր յատակագծում: Թամանեանի մտայղացմամբ մեծ քաղաքը բաժանուեց «վարչական», «ԲՈՒՀական», «մշակութային», «արդիւնաբերական» եւ «թանգարանային» գօտիների:

Իւրաքանչիւրն ունէր կոմպոզիցիոն կենտրոնով, փոքր հրապարակներով եւ բուլվարներով իր յատակագիծը: Քաղաքի բոլոր գօտիները միանում էին միմեանց եւ կենտրոնին ամենակարճ ճանապարհներով: Ընդ որում՝ գօտիների ինքնուրոյնութիւնը ոչ միայն չէր խախտում քաղաքի ամբողջականութիւնը, այլ ընդհակառակը՝ դարձնում էր այն ասես կենդանի մարմին: Նոր յատակագծի գլխաւոր յենակէտերը դարձան Լենինի ու Թատերական հրապարակները, որոնք պէտք է միացնէին Հիւսիսային պողոտան:

Ընդարձակ Գլխաւոր պողոտան էլ բուլվարների օղակի տրամագծի տեսքով անցնում էր Լենինի հրապարակով: Բայց նոր քաղաքի ամենամեծ առաւելութիւնը Արարատ լերան հիասքանչ տեսարանն էր, ըստ որի՝ տեղադրուած էին շատ շէնքեր: Թամանեանի մշակած գլխաւոր յատակագիծը նախատեսուած էր 150․000 բնակչի համար, սակայն այն չի կորցրել իր արդիականութիւնը նոյնիսկ այսօրուայ մէկ միլիոնանոց քաղաքում: Աւելին՝ դրա հիման վրայ է ստեղծւում աճող քաղաքի զարգացման յօրինուածքը:

Բայց քաղաքի ինքնատիպ յատակագծումը ընդհանուր խնդրի լոկ մէկ մասն էր: Թամանեանը ծրագրում էր ոչ թէ սովորական նոր քաղաք, այլ Հայաստանի նոր մայրաքաղաքը, որը պէտք է արտացոլէր դարաշրջանների յաջորդականութիւնն ու կապը, լինէր Հայաստանի ամբողջականութեան ազգային գաղափարի, հայկական պատմութեան շարունակականութեան խորհրդանիշը: Բնակիչները իմանալուց, զգալուց բացի պէտք է նաեւ տեսնէին, որ իրենք Տիգրանակերտի ու Անիի, Դուինի ու Արտաշատի, Վանի ու Արմաւիրի հայերի ուղիղ յետնորդներն են:

Հայոց Լեզուն, Հայոց Պատմութիւնն ու Հայկական Մշակոյթն՝ իմ անձնական պաշտպանութեան ներքոյ են

Սրա համար անհրաժեշտ էին հին Հայաստանի ոգին կրող, բայց նաև ժամանակակից, գործառնական ու յարմար շէնքեր: Այս առաքելութիւնը Թամանեանն ի կատար ածեց իրեն յատուկ տաղանդով ու վարպետությամբ. նոր շէնքերի նախագծերում համարձակութիւնն ու նորարարութիւնը համատեղուեցին պատմական ժառանգութեան զգոյշ ու ճշգրիտ կիրառման հետ: Նրա համար մանաւանդ կարեւոր էր ուսումնասիրել ու վերականգնել միջնադարեան հայ ճարտարապետների վարպետութեան բոլոր կողմերը:

Թամանեանի շնորհիւ ժամանակակից Հայաստանում կրկին սկսեցին օգտագործել անցեալի վարպետների հմտութիւններն ու հին, աւանդական շինանիւթը՝ քարը: Թամանեանը շինհրապարակում ուշադիր նայում էր իւրաքանչիւր մասնիկի, զրուցում էր վարպետների, բանուորների հետ: Զվարթնոցի ու Անիի սիւները, կամարներն ու խոյակները ոչ թէ կուրօրէն կրկնօրինակւում էին, այլ նորովի լուծւում, վերաիմաստաւորւում: Թամանեանը կարողացաւ պահպանել հայ ճարտարապետութեան կարեւորագոյն յատկանիշը՝ ինքնատիպութիւնը, որն արտացոլում էր ազգի աշխարհընկալումն ու գեղարուեստական մտածելակերպը ու անկախ էր ժամանակի ընթացքից:

Թամանեանն աշխատում էր անհաւատալի արագութեամբ: 1925-1932թթ. նա Էրիվանում նախագծեց Բժշկական, Գինեկոլոգիական, Ֆիզիոթերապեւտիկ, Անասնաբուժական, Քիմիաֆիզիկական (հետագայում՝ Պոլիտեխնիկ), Գիտահետազօտական ինստիտուտները, մանկական կլինիկան, աստղադիտարանը, հանրային գրադարանը, Բարձրագոյն գիւղատնտեսական դպրոցը եւ շատ այլ կառոյցներ:

Նրա կարեւորագոյն գործերից էր Լենինի՝ ներկայիս Հանրապետության հրապարակում գտնուող Կառավարութեան տունը՝ պատմական նիւթի հետ աշխատելու հոյակապ օրինակը: Թամանեանը հին շինարարութեան էսթետիկան փայլուն թարգմանեց ժամանակակից ճարտարապետութեան լեզուով: Գեղեցկութեամբ շլացնող այս շէնքը հետագայում դարձաւ հայ ժամանակակից ճարտարապետութեան զարգացման յենակետը:

Սակայն ստեղծագործողը չի դադարում փնտռել, շարժւում է դէպի մեծ, ընդգրկուն գաղափարը, որն իրագործելու համար լարում է ամբողջ ստեղծագործական ներուժը: Ալեքսանդր Թամանեանի մեծագոյն չարչարանքների արդիւնքը եղաւ Ժողովրդական տունը:

Թամանեանը վաղուց էր մտածել թատրոնի շէնք ստեղծելու մասին: 20րդ դարի սկզբին թատերական ռեժիսուրայում եւ բեմագրութեան մէջ եռանդով փնտռում էին նոր, անսպասելի լուծումներ: Համարձակ նորարարներից ու փորձարարներից էր գերմանացի ռեժիսոր Մաքս Ռայնհարթը, ում թատերախումբը 1911ին ելոյթներ ունեցաւ Մոսկուայում եւ Սանկտ Պետերբուրգում:

Թամանեանը տպաւորուել էր մանաւանդ Սոֆոկլէսի «Էդիպուս արքայ» խաղի ներկայացումից՝ բեմադրուած ոչ թէ թատերասրահում, այլ կրկէսում: Հէնց այդ ժամանակ նա սկսեց մտածել սկզբունքօրէն նոր թատերական շէնքի մասին, ինչը ցոյց է տալիս 1911ի Դեկտեմբերի 31ին նրա արած գրառումը.- «Կ՚ուզենամ կառուցել թատրոն՝ դասական: Ճակատը՝ խիստ ոճով՝ վանքի պէս, միջոցառումների դահլիճը՝ Պալադիեւի թատրոնի նման՝ առանց սովորական առաստաղի, այսինքն՝ այն կը լինի թատրոնի մի մասն ու կը յենուի շէնքի արտաքին պատերին:

Շէնքը կը ծառայի որպէս կաղապար միջոցառումների դահլիճի համար, որն իր հերթին կը լինի դասական վանքի օրինակ առանց կտուրի, որտեղ ճեմասրահից տանող մուտքերը կը ձեւաւորուեն վանքի դասական սիւնասրահների տեսքով…»: Գրառումը պատկերաւորուած էր ուրուանկարով, որը նման էր Ազգային Տան յատակագծի մէկ սրահանոց վաղ տարբերակներին:

Հայոց Լեզուն, Հայոց Պատմութիւնն ու Հայկական Մշակոյթն՝ իմ անձնական պաշտպանութեան ներքոյ են

Մնայունը

1925ի վերջին Թամանեանը բարձրաձայնեց Էրիվանում Ժողովրդական Տան յատակագծումը սկսելու հարցը: Դա պէտք է լինէր լիովին նոր տեսակի զանգուածային ժողովրդական թատրոն:

Անդրկովկասի խորհրդային ֆեդերատիվ սոցիալիստական հանրապետութեան կենտգործկոմը 1926ի Յունուարի նիստում թոյլատրեց այս շինարարութիւնը՝ հաշուի առնելով, որ Էրիվանում ոչ միայն մեծ թատրոն, այլեւ ընդհանրապէս մարդկանց մեծ բազմութիւն հաւաքելու տեղ չկար: Աշխատանքը եռաց:

Կառուցուելիք շէնքի նախագծի քննարկումներին ակտիւ մասնակցում էր նաեւ Հայաստանի ստեղծագործ մտաւորականութիւնը, մասնաւորապէս՝ Մարտիրոս Սարեանը, որը նշում էր, որ նորակառոյցի ճարտարապետութիւնը պէտք է լինի ընդգծուած ազգային: Հակառակ կարծիքներ էլ կային: Կեանքի միւս բնագաւառների նման՝ ճարտարապետութիւնում նոյնպէս քաղաքական իրավիճակը սկսեց խաղալ զգալի դեր: Բայց Թամանեանն արդէն հաստատակամ էր իր որոշման մէջ. ազգային եւ համաշխարհային դասական օրինակների հիմքի վրայ ստեղծել նոր հայկական ճարտարապետութիւն:

1926ին յայտարարուած Ժողովրդական Տան լաւագոյն նախագծի մրցոյթն ապարդիւն էր. յաղթողներին շնորհուեցին մրցանակներ ու պարգեւներ, արուեցին բազմաթիւ հետաքրքիր առաջարկներ, սակայն ոչ ոք չներկայացրեց որեւէ արժանի նախագիծ, որով կը ստեղծուէր քաղաքին ինքնատիպ երանգ հաղորդող մոնումենտալ շինութիւն:

Թամանեանին էր վիճակուած լուծել այս խնդիրը: Ազգային Տան նախագիծը նրան ամենաշատն էր յուզում, հիւծում, անհանգստացնում ու միեւնոյն ժամանակ ոգեւորում: Քանի տարի էսքիզներ էր անում, չէր հաւանում, ամէն ինչ նորից սկսում, նախագիծը բազմիցս փոխում ու երբեք չէր բաւարարւում: Հոգում եղածը ոչ մի կերպ չէր յաջողւում պատկերել թղթի վրայ: Վիճակը բարդացնում էին չարակամների եւ գաղափարախօսական կամակատարների կանոնաւոր յարձակումները: Սակայն բազմաթիւ փոփոխութիւններից ու շտկումներից յետոյ նախագիծը վերջապէս պատրաստուեց:

Լուծումն աւանդական չէր. դասական ամֆիթատրոնի տեսքով երկու կիսաշրջանաձեւ սրահները միասին կազմում էին օվալ, որի կենտրոնում տեղաւորուած բեմի ընդհանուր ծաւալը տարածութեան մէջ բարձրանում էր շէնքի միւս հատուածների վրայ: Բազմամարդ տեսարաններում բեմերը միանում էին, ընդհանուր սրահում կար 3000 մարդու տեղ: Շէնքի մեխանիզմները կարող էին պտտել բեմն ու նստարանները, ինչի շնորհիւ ներկայացումների ժամանակ հնարաւոր էր իրականացնել զանազան բեմական հնարքներ:

Թամանեանն ամառնային դահլիճի համար չէր նախատեսել արտաքին պատեր. այն սահմանափակւում էր միայն սիւնաշարով ու բացւում դէպի թատրոնին կից հրապարակը: Աշխատանքների ժամանակ Թամանեանն անընդհանտ ստիպուած էր պայքարել իր մտայղացման համար: Դժուար էր մանաւանդ շէնքի ճակատային մասում ազգային ոճը պահելը: Վերջապէս բազմաթիվ «ուղղումներից» յետոյ, երբ նախագիծն «օպտիմալացրին», պարզեցրին ու էժանացրին, թոյլ տուեցին կառուցել: Ճակատային մասի հարցն էլ ԱԽՖՍՀ համապատասխան մարմինները թողեցին Հայաստանի ղեկավարութեանը:

․․․1932ին Թամանեանին քաղաքական դաւերի միջոցով զրկեցին Ժողովրդական Տան կառուցումը ղեկավարելու հնարաւորութիւնից:

Ժողովրդական Տան նախագծի հաստատումը միայն առաջին քայլն էր: Շինարարութեան ֆինանսաւորումը, որ ամենակարեւորն էր, ամբողջ ժամանակ յետաձգւում էր: Միջոցներ յատկացնելու հարցում չէին շտապում ո՛չ Թբիլիսիում, որտեղ գտնւում էին ԱԽՖՍՀ ղեկավար մարմինները, ո՛չ էլ Մոսկուայում: Այսինքն՝ շինարարութիւնն արւում էր Հայաստանի աղքատիկ միջոցներով:

Իհարկէ, 1935ին, Ազգային Տունը ներառեցին միութենական ֆինանսաւորման առարկաների ցանկում, բայց անհրաժեշտ 31,5 միլիոն ռուբլիի փոխարէն յատկացրին միայն 500․000ը… Սակայն նոյնիսկ այս չնչին ֆինանսաւորումն էր ժամանակ առ ժամանակ դադարում, շինարարութիւնն ընթանում էր ընդմիջումներով, շատ մասնագէտներ հրաժարւում էին աշխատել, կար պրոֆեսիոնալների պակաս:

1936ին ընդհանրապէս կտրուեց Էրիվանում Ժողովրդական Տան եւ Կառավարութեան Տան շինարարութեան ֆինանսաւորումը:

Թամանեանն անձամբ փոխեց իր նախագիծը, որ գոնէ ինչ-որ միջոցներ ստանայ դրա շինարարութիւնն աւարտելու համար: Առաջարկեց յետաձգել ամառնային դահլիճի կառուցումը, հրաժարուել բեմի մեխանիզմներից, բեմական տուփի ճակատային մասերի գրանիտէ երեսպատումից…

Դժուար չէ պատկերացնել, թէ այս ամէնն ինչ ծանր էր նրա համար: Սակայն Մոսկուան միեւնոյնն է՝ փող չյատկացրեց: Ալեքսանդր Թամանեանը, առանց չափազանցնելու, ամբողջ կեանքն անմնացորդ ներդրեց այս շինարարութեան մէջ:

Դեռ Ժողովրդական Տան նախագծի վրայ աշխատելիս երազում էր, որ կառոյցի հանդիսաւոր բացմանը բեմադրուի «Ալմաստ» օպերան: Մտերիմ ընկերոջ՝ Ալեքսանդր Սպենդիարեանի հետ ծանօթացել էր դեռեւս Սանկտ Պետերբուրգում: Սակայն ընկերներից ոչ մէկին էլ բախտ չվիճակուեց տեսնելու այդ օրը: Սպենդիարեանը մահացաւ 1928ի Մայիսի 7ին, Թամանեանը՝ 1936ի Փետրուարի 20ին:

Նոր Հայաստանի ճարտարապետն այդպէս էլ չտեսաւ իր մտայղացման իրականացումը, սակայն նրա աշխատանքը ստացաւ բարձրագոյն գնահատական: 1937ին Փարիզի համաշխարհային ցուցահանդէսում Ժողովրդական Տան նախագծին շնորհեցին «գրան պրի» եւ ոսկէ մեդալ: Ուշագրաւ է նաեւ, որ Օպերայի եւ Բալետի Թատրոնն այսօր կրում է Ալեքսանդր Սպենդիարեանի անունը:

Ժողովրդական Տան կառուցումը երկար տևեց ու ենթարկվեց որոշ փոփոխությունների:

…Հանճարեղ գաղափարներն իրենց ստեղծողներից երկար են ապրում: Ժողովրդական Տունը միակը չէր. Թամանեանի օրօք իր բոլոր նախագծերը մնացին անաւարտ: Կենտրոնական հրապարակի, Օղակաձեւ այգու, Գլխաւոր պողոտայի, Հիւսիսային պողոտայի, շատ շէնքերի ու կառոյցների շինարարութիւնը տեւեց տասնամեակներ, Հիւսիսային պողոտան էլ միայն մեր օրերում սկսեցին կառուցել: Ալեքսանդր Թամանեանի շատ այլ գաղափարներ ընդհանրապէս մնացին չիրագործուած:

Երբեմն թւում է՝ Թամանեանի նախագծերը կային դարեր, նոյնիսկ հազարամեակներ առաջ. ուղղակի անցեալից յայտնուել են այսօրուայ Երեւանի փողոցներում: Հանրապետութեան հրապարակում թւում է, թէ յայտնուել ես Անիի սրտում, Օպերային թատրոնն էլ կը սազէր Տիգրանակերտին: Ու այսօր ոչ մէկի մտքով չի անցնի անուանել թամանեանական Երեւանը «խորհրդային»՝ չնայած վարպետն այն կառուցում էր հէնց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւնում:

Փոխւում են ժամանակներն ու կառավարութիւնները, մնում է միայն իսկականը:

Երեւանն ու Թամանեանը մնացին:
«Ереван» ամսագիր, N6, 2007

facebook.com/nazaretberberian/posts/2918264984931123

Facebooktwitterredditpinterestlinkedinmail