ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – «ԼՂ-ի վրա հարձակումը կընկալենք որպես հարձակում ՀՀ-ի վրա»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – «ԼՂ-ի վրա հարձակումը կընկալենք որպես հարձակում ՀՀ-ի վրա»

Փետրվար 18,2020 – Առավոտ:

«««Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների իրականացրած հանցագործությունները՝ հայերի, տարածաշրջանի այլ ժողովուրդների նկատմամբ»»»

ԼՂ-ի վրա հարձակումը կընկալենք որպես հարձակում ՀՀ-ի վրա»

Անցյալ շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Գերմանիա նշանավորվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով ուշագրավ հայտարարություններով, որոնք, վստահաբար, ազդեցություն են ունենալու հայ-ադրբեջանական հետագա քննարկումների համար: Մյունխենյան հարթակը դարձավ հրապարակային այն վայրը, որի ընթացքում Փաշինյանն ու Ալիեւը ներկայացրեցին իրենց դիրքորոշումները:

Մյունխենյան քննարկումից 2 օր առաջ Նիկոլ Փաշինյանը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում անցկացվող քննարկման ժամանակ արդեն իսկ անդրադարձել էր ԼՂ հակամարտությանը: Այս հավաքում ադրբեջանցի մասնակիցը նրան հարց էր ուղղել. «Երբ Դուք եկաք իշխանության, շատերն Ադրբեջանում այն կարծիքին էին, որ Դուք այլեւս Ղարաբաղը չեք ներկայացնում, շատերը հույս ունեին, որ Դուք կարեւոր քայլեր կձեռնարկեք նաեւ խաղաղության ուղղությամբ, օրինակ, ասենք, Ադրբեջանի «գրավյալ տարածքներից» հայկական զորքերի հետքաշման տեսքով, ցավոք, դա տեղի չունեցավ։ Դրանից հետո հնչեց Ձեր կողմից՝ «Ղարաբաղը Հայաստան է, եւ վերջ» արտահայտությունը։ Ինչ կանեք այդ հույսի հետ, պարոն Փաշինյան»:

Փաշինյանն ի պատասխան նշել էր, որ միակողմանի գործողություններով հնարավոր չէ հարցը լուծել։

«Դուք ասում եք տարածքներ, Ադրբեջանում շատ են սիրում խոսել տարածքների մասին, բայց շատ կարեւոր է հասկանալ, որ մենք խոսում ենք անվտանգության մասին, մի երկրում, որտեղ մարդուն հերոսացնում են այն բանի համար, որ նա սպանել է հայի»։ Փաշինյանը ներկաներին պատմել էր Ռամիլ Սաֆարովի կողմից քնած հայ սպային սպանելու մասին՝ ընդգծելով, որ Ադրբեջանին արտահանձնելուց հետո Սաֆարովին ազատ են արձակել եւ հերոսացրել. «Անվտանգության գոտին, որի մասին խոսում են Ադրբեջանում, հենց այս տրամաբանության պատճառով է գոյացել, որովհետեւ խաղաղ բնակավայրերը ռմբակոծվում էին Ադրբեջանի կողմից։ Երբ ասում են տարածք, մենք ընկալում ենք անվտանգություն։ Ոչ միայն Հայաստանը, այլեւ ԼՂ-ն պատրաստ չէ զիջել իր անվտանգությունը։ Այս իրավիճակի լուծումը կարող է կապված լինել անվտանգության երաշխիքների բացակայության հետ»։

Ինչ վերաբերում է «Հայաստանը Ղարաբաղ է, եւ վերջ» արտահայտությանը, Նիկոլ Փաշինյանը նկատել էր. «Մենք ասել ենք, որ Ղարաբաղի վրա հարձակումը մենք կընկալենք որպես հարձակում Հայաստանի վրա։ ՀՀ-ն Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, եւ սրանով ամեն ինչ ասված է»։ Այնուհետեւ նա ընդգծել է, որ Ալիեւի հետ առաջին հանդիպումից հետո շփման գծում լարվածությունն աննախադեպ ցածր մակարդակի է. «Մենք որեւէ կառուցողական քայլ Ադրբեջանի կողմից 1.5 տարվա ընթացքում բանակցային պրոցեսում չենք տեսել, բայց մյուս կողմից, ուզում եմ գնահատել այն իրավիճակը, որին հաջողվել է Ալիեւի հետ հասնել 2018-ի սեպտեմբերից ի վեր»։ Նա հույս էր հայտնել, որ կառուցողական քննարկումների արդյունքում կհաջողվի ոչ միայն պահպանել այդ, համեմատաբար կայուն եւ հանդարտ իրավիճակը, այլեւ առաջ շարժվել դեպի իրական կարգավորում։

Ալիեւը՝ «պահանջատերի» դերում

Մյունխենում փետրվարի 15-ին Անվտանգության համաժողովի շրջանակում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կարճ հանդիպումը, որից հետո տեղի ունեցավ նրանց մասնակցությամբ քննարկում Լեռնային Ղարաբաղի հարցով, որը վարում էր «Ամերիկա-Ռուսաստան» հիմնադրամի նախագահ Սելեստա Վալանդերը: Ի սկզբանե պարզ էր, որ հրապարակային քննարկումը, թեեւ նպատակ ունի դեբատի միջոցով ցույց տալ, թե ինչպես կարող են կողմերը մոտեցնել դիրքորոշումները, այնուամենայնիվ, ակնհայտ էր նաեւ, որ տասնամյակներ ձգված փակ բանակցություններից հետո հրապարակային ելույթները դառնալու են յուրաքանչյուր կողմի համար իր դիրքորոշումն էլ ավելի ամրապնդելու, լեգիտիմացնելու միջոց:

Իր ներածական խոսքով հանդես եկավ նախ Ալիեւը, որն էլ քննարկումը տարավ ադրբեջանական կեղծ քարոզչա-պատմական ուղով: Դա անակնկալ համարել ու զարմանալ չարժեր. հակամարտության կարգավորման երեսնամյա պատմության ընթացքը ցույց է տվել, որ ադրբեջանական կողմի համար հիմնական զենքը կեղծիքն առաջ տանելն է, հետեւաբար, առավելեւս հրապարակային քննարկումը, պարզ էր, որ հենց այդ հունով էլ Ալիեւը կտանի, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ պետք էր պատրաստ լինել այդ ավանդական դարձած «մարտահրավերին»:

Նախ՝ ներկայացնենք Ալիեւի որոշ գնահատականներ, ինչպե՞ս նա օգտագործեց հրապարակային հարթակը՝ ադրբեջանական դիրքորոշումը ներկայացնելիս: Նա, ակնհայտորեն, մտել էր «պահանջատերի» ու «մեղադրանքներ» ներկայացնողի դերի մեջ: «ԼՂ-ն Ադրբեջանի մաս է, դա պատմական ճշմարտություն է, եւ դրա հիմքում միջազգային իրավունքի նորմերն են», «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է ողջ աշխարհը, ԼՂ-ն մեր երկրի անբաժան մասն է», «մեր տարածքի 20 տոկոսը օկուպացված է, մեկ միլիոն ադրբեջանցի փախստական է, մեր ժողովուրդն էթնիկ զտման ենթարկվեց», «տեղի ունեցավ Խոջալուի ցեղասպանությունը», «Ղարաբաղն Ադրբեջանի մաս է»:

Պաշտոնական Բաքվի դիրքորոշումը ներկայացնելով՝ Ալիեւն անցավ միջազգային հանրության ակնկալիքներին. «Նրանք պետք է Հայաստանին բացատրեն, որ Ղարաբաղն Ադրբեջանինն է, որ այն անկախ երկիր չէ: Ավելի մեծ ճնշում պետք է լինի ՀՀ-ի վրա, որպեսզի վերջինս կատարի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերը»:

Բանը հասավ նրան, որ ներկաներից մեկի հարցին՝ ինչու Հայաստանը եւ Ադրբեջանն Արցախի հարցով չեն դիմում Արդարադատության միջազգային դատարանին: Ալիեւը պատասխանեց. «Ադրբեջանը բանակցային գործընթացին հավատարիմ է: Հույսը չենք կորցրել, որ բանակցելով կկարողանանք վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը:

Քանի դեռ այս հույսն ունենք, դա լավագույն ընտրությունը չի լինի: Բայց եթե հայկական կողմի նոր մոտեցման պատճառով բանակցությունը խաթարվի, ապա այդ տարբերակը կարելի է դիտարկել»: Ապա՝ Ալիեւը, այսպես ասած, պայման դրեց, թե երբ կբարեհաճի խոսել Լեռնային Ղարաբաղի հետ. Հայաստանը պետք է դադարեցնի ֆինանսավորել, իր խոսքով՝ «ապօրինի սուբյեկտին», «երբ ՀՀ-ն իր ողջ զորքը հետ քաշի ԼՂ-ից, երբ ամբողջությամբ դուրս գա մեր տարածքներից, այդ ժամանակ կունենանք փաստարկներ՝ այդ մարդկանց հետ խոսելու»:

Ալիեւն օգտագործեց հրապարակային հարթակը միջազգային հանրության դերը մեծացնելու հարցում, նախ պնդելով, որ իր ավելի վաղ արտահայտած մոտեցումները հարյուր տոկոսանոց ճշմարտություն են, անգամ կոչ արեց համացանցից փնտրել համապատասխան փաստաթղթերը. «Հայաստանում, դժբախտաբար, արդարացում գտնելու փորձ է արվում նրան, ինչ արել են Խոջալուում: Մութալիբովը քանիցս ասել է, որ ինքը չի ասել, թե Խոջալուն կազմակերպել են ադրբեջանցիները»:

Նախ, սկսենք Ալիեւի մեկնարկային այն կեղծիքից, որի մասին Փաշինյանը բաց թողեց նրան ուղղելու եւ ներկաներին իրականությունը մատուցելու հնարավորությունը, իսկ այդ դահլիճում, գոնե երիտասարդ տարիքի անտեղյակներ, հաստատ կլինեին: Ղարաբաղյան պատերազմը սկսել է Ադրբեջանը: Այս մասին առհասարակ շատերը մոռացել են, իսկ արեւմտյան երիտասարդ չինովնիկների, պատգամավորների ու փորձագետների մի շերտ նույնիսկ դա չգիտի: Ալիեւը ղարաբաղյան հակամարտության ծագման պատճառ ներկայացրեց «հայկական ագրեսիան», մինչդեռ Փաշինյանը հստակ չարձանագրեց ներկաների համար, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը:

Ավելին` ընդամենը 4 տարի առաջ ապրիլին Ադրբեջանը սանձազերծել է նոր պատերազմ: Դրանից հետո հրաժարվել է կատարել միջնորդների պահանջները՝ սահմանային լարվածության նպատակով առաջարկված վստահության մեխանիզմների ներդրման ուղղությամբ, եւ ոչ միայն ապրիլյան պատերազմից հետո, այդ մեխանիզմների ներդրման պահանջը միջնորդները ներկայացրել էին ավելի վաղ:

Կրկին «Խոջալուի պատմության» մասին

Այս ամենն ունենալով հայկական զինանոցում՝ Մյունխենում ներկաները ստիպված էին լսել «Խոջալուի պատմության» Ալիեւի մեղադրանքները: Այստեղ էլ վարչապետը հստակ կարող էր ապացուցել, թե ինչպես է Ադրբեջանի իշխանությունը պատասխանատվություն կրել, եւ թե ինչպես էր այն Ադրբեջանում դարձել ներքաղաքական պայքարի ազդեցության հարց: Իհարկե, Փաշինյանը հիշեցրեց Մութալիբովի հարցազրույցի մասին, շփոթելով պարբերականի անվանումը՝ նշելով, որ այն «Аргументы и факты»-ում է տպագրվել:

Ի վերջո, վաղուց է հայտնի, որ Ադրբեջանը շահարկման առարկա է դարձրել 1992թ. Խոջալուի բնակչության հետ տեղի ունեցած ողբերգությունը, պնդելով, որ հայկական զինված ուժերը հարձակվել են ադրբեջանական Խոջալու բնակավայրի վրա, որտեղ սպանվել են քաղաքացիական անձինք։ Իսկ Ղարաբաղյան հակամարտության պատմությանը հայտնի են հետեւյալ փաստերը: Այսպես` Խոջալուի դեպքերից հետո պաշտոնաթող եղած Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը 1992թ. ապրիլի 2-ին հարցազրույց է տվել «Независимая газета»-ի չեխ լրագրող Դանա Մազալովային:

Ադրբեջանի նախկին նախագահը հստակ ասում է. «Այն միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերը, այնուամենայնիվ, թողել էին: Այդ դեպքում իրենց ինչի՞ն էր պետք կրակելը, առավել եւս՝ Աղդամին մոտ տարածքում, որտեղ այն ժամանակ բավարար ուժ կար դուրս գալու եւ մարդկանց օգնելու համար»: Ավելի ուշ` 9 տարի անց «Новое время» ամսագրին տված հարցազրույցում Մութալիբովը նշում է. «Ակնհայտ էր, որ խոջալվեցիների գնդակահարությունն ինչ-որ մեկի կողմից կազմակերպված էր Ադրբեջանում իշխանափոխության նպատակով»:

Ադրբեջանցի լրագրող եւ իրավապաշտպան Արիֆ Յունուսովն էլ ժամանակին իր հերթին նման եզրահանգման էր եկել՝ գրելով. «Խոջալուն եւ նրա բնակիչները գիտակցաբար զոհաբերվեցին քաղաքական նպատակին. թույլ չտալ, որպեսզի իշխանության գա Ադրբեջանի ժողովրդական ճակատը» («Зеркало», 1992թ. հուլիս):

Խոջալուի դեպքերի վրա լույս է սփռել ոչ միայն Ադրբեջանի նախկին նախագահը: 2019թ. փետրվարի 28-ին civilnet.am-ում հրապարակվել է Թաթուլ Հակոբյանի՝ «Խոջալու. ինչ է կատարվել իրականում», հոդվածը, որում ներկայացվում են ուշագրավ դրվագներ: Մասնավորապես, Խոջալուի բնակիչներից Սալման Աբասովը պատմում է. «Այդ ողբերգական իրադարձություններից մի քանի օր առաջ հայերը մեզ մի քանի անգամ ռադիոյով նախազգուշացնում էին, որ գրավելու են քաղաքը եւ պահանջում էին հեռանալ: Երկար ժամանակ Խոջալու էին թռչում ուղղաթիռներ, եւ պարզ չէր` որեւէ մեկը մտահոգված էր մեր ճակատագրով, հետաքրքրվում էր մեզանով: Գործնականում որեւէ օգնություն չստացանք: Ավելին, երբ հնարավորություն կար դուրս բերել կանանց, երեխաներին, ծերերին, մեզ համոզում էին դա չանել»:

Այնուհետեւ հոդվածում նշվում է, որ 2005-ի գարնանը Խոջալու է այցելում ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաեւը: Բաքու վերադառնալով` նա հոդվածաշար է գրել. «Սրանից մի քանի տարի առաջ հանդիպեցի Նավթալանում հաստատված խոջալուցիների հետ։ Նրանք խոստովանեցին, որ գրոհն սկսելուց մի քանի օր առաջ հայերը բարձրախոսներով նախազգուշացնում էին ծրագրվող գործողության մասին եւ քաղաքացիական անձանց առաջարկում հեռանալ ավանից՝ շրջափակումից դուրս գալ Կարկառ գետի երկայնքով՝ մարդասիրական միջանցքով: Ըստ խոջալուցիների` իրենք օգտագործել են այդ միջանցքը, եւ, իրականում, միջանցքից այն կողմ գտնվող հայ զինվորները խոջալուցիների վրա կրակ չեն բացել»:

Հոդվածում հիշեցվում է Մութալիբովի հայտնի հարցազրույցը չեխ լրագրող Դանա Մազալովային, որում նա հստակ նկարագրում է, նշում, որ իրեն զրպարտում են եւ այդ գործողություններում մեղքի բաժինն ադրբեջանական ընդդիմությանն է. «Հենց որ Խոջալուն շրջապատվեց տեխնիկայով, անմիջապես հարկավոր էր դուրս բերել բնակչությանը: Ավելի վաղ ես նման հանձնարարություն էի տվել Շուշիի առիթով. քաղաքում թողնել տղամարդկանց, իսկ կանանց եւ երեխաներին դուրս բերել: Սա էլ է պատերազմի օրենքներից. մարդկանց պետք է փրկել: Իմ վարքագիծն օբյեկտիվ էր եւ միանշանակ. ես այդպիսի հանձնարարություն տվել եմ, սակայն ինչու դրանք Խոջալուում չկատարվեցին, ինձ համար պարզ չէ»:

Հեղինակը այնուհետեւ գրում է, որ հետագայում եւս, որոշ սրբագրումներով, Մութալիբովը շարունակել է պնդել, որ հայերը խաղաղ բնակչության հեռանալու համար միջանցք թողել են. «Փետրվարի 25-ի երեկոյան ինձ զեկուցեցին տեղի ունեցածի մասին, բայց առանց մանրամասների, հանգուցյալ ներքգործնախարար Թոֆիկ Քերիմովը: Նա ասաց, որ մի քանի հարյուր մարդ գնդակահարվել են հենց Խոջալուում: Այն ժամանակ ես առաջին բանը, որ արեցի, վերցրի հեռախոսը եւ զանգահարեցի Ղարաբաղի ղեկավար ոմն (Արթուր) Մկրտչյանի: Ես նրա հետ ծանոթ չէի, երբեք չէի տեսել, բայց ազգանունը գիտեի: Ես նրան զայրացած հարցրեցի, թե ինչպե՞ս է հնարավոր Խոջալուում գնդակահարել գրեթե հազար խաղաղ բնակիչների:

Իսկ նա պատասխանեց բառացիորեն հետեւյալը. «Ինչ հիմարություններ, մենք Խոջալուում ոչ մեկին չենք գնդակահարել: Մինչեւ Խոջալուն վերցնելն այնտեղ ոչ ոք արդեն չկար, քանի որ մենք միջանցք էինք տվել, եւ բնակիչները հեռացել են: Իսկ խոջալուցիների մի մասը մնացել է մեզ մոտ: Նրանք պրոֆտեխուսումնարանի շենքում են: Մենք նրանց կերակրում ենք, թեեւ մեզ իսկ մթերքները չեն բավականացնում»:

Ապա Մութալիբովը պատմել է. «Ես չհավատացի նրան: Հեռախոսի մոտ խնդրեցի Արմեն Իսագուլովին, ով ոստիկանության վարչության պետն էր: Նա էլ հայտնեց, որ մարդկանց միջանցք են տվել: Ահա թե ինչու, ես այն ժամանակ հարցազրույցում ասացի, որ ինձ հաղորդել են խաղաղ բնակչությանը միջանցք տրամադրելու մասին: Բայց ես չեմ պնդել, որ իրականում այդ միջանցքը եղել է, թե՝ ոչ: Ես ուղղակի վկայակոչել էի վերոնշյալ հեռախոսային խոսակցությունը…

Ի դեպ, «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի զեկույցում սեւը սպիտակի վրա գրված է, որ միջանցք տրամադրելու մասին անձամբ իմացել է Էլման Մամեդովը»: Վերջինս Խոջալուի քաղաքապետն է եղել, որը ողբերգությունից մի քանի օր անց խոստովանել է. «Մենք գիտեինք, որ այդ միջանցքը խաղաղ բնակչության հեռանալու համար էր»:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 18.02.2020

aravot.am/2020/02/18/1094848/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail