ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – Ինքնասպանություն Բեշիքթաշում. ջարդարար Մեհմեթ Ռեշիդ բեյ
09 ՓԵՏՐՈՒԱՐ 2020 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ:
««Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանության և կոտորածների դատավարություններն»»
Ներքգործնախարար Ջեմալը իր հարցազրույցներից մեկում ընդունել է, որ իթթիհադականները 800 հազարի չափ հայեր են տեղահանել ու կոտորել: Այսպիսով, Օսմանյան կայսրության առաջին բարձրաստիճան պաշտոնյան ներքգործնախարար Ջեմալն էր, ով առաջին անգամ հրապարակում է հայերի կորուստների պաշտոնական տվյալները:
Հայոց ցեղասպանության կազմակերպման և իրականացման մեջ մեղադրվողների առաջին ձերբակալությունները կատարվեցին 1918թ. դեկտեմբերի սկզբին Անկարայում, Չորումում և Ադանայում: 1919թ. հունվար-փետրվարին ձերբակալությունները դարձան զանգվածային:
1919թ. հունվարին Փարիզում տեղի ունեցավ խորհրդաժողով, որը ստեղծեց հանձնաժողով` նրան իրավասություն տալով գտնելու պատերազմական հանցագործներին: Հենց այս հանձնաժողովի աշխատանքի շնորհիվ էր Սևրի պայմանագրի մեջ ներառվել հայերի կոտորածների մեղավորներին դատական պատասխանատվության ենթարկելու դրույթները` 226-րդ, 228-րդ և 230-րդ հոդվածները:
1919թ. փետրվարին Օսմանյան կայսրության վարչապետ Ահմեդ Թևֆիկ փաշան դիմեց չեզոք երկրներ Շվեյցարիային, Դանիային, Իսպանիային, Շվեդիային ու Հոլանդիային և նրանցից խնդրեց երկուական դատավորներ` հայերի զանգվածային ջարդերի պատասխանատուներին դատելու նպատակով միջազգային դատարան հիմնելու համար, սակայն Մեծ Բրիտանիան խոչընդոտեց, քանի որ մտադիր էր սեփական դատարանների միջոցով դատել պատասխանատուներին:
Հայերի կոտորածների մեջ մեղադրվող ոճրագործներին դատելու համար ռազմական դատարաններ հիմնելու առաջին նախաձեռնությունը 1918թ. դեկտեմբերի կեսերին էր, երբ այդ մասին հրապարակվեց սուլթանի հրովարտակը: Հանցագործներին դատելու նպատակով հիմնվելու էին ռազմական ատյաններ, կայսրությունը բաժանվեց դատաքննչական 10 շրջանների:
1919թ. հունվարի 8-ին Ստամբուլում կազմվում են առաջին, երկրորդ և երրորդ ռազմական ատյանները: Երիտթուրքական կուսակցության և կառավարության անդամները սկզբում դատաքննվել են միասին, սակայն դատավարության երկրորդ նիստում դատախազի պահանջով կառավարության անդամների գործը առանձնացվել է:
1919թ. ապրիլին կախաղան բարձրացված Մեհմեդ Քեմալի մահապատժից հետո, երբ ներքաղաքական մթնոլորտը լարվեց, իսկ մայիսին Ստամբուլում տեղի ունեցավ դատավարության դեմ ուղղված իթթիհադականների խոշոր ցույց, կառավարությունը ազատ արձակեց 41 հանցագործների, իսկ իթթիհադական ամբաստանյալների դատաքննությունը ժամանակավորապես դադարեցվեց:
Բրիտանացիները մայիսի վերջերին բանտից Մալթա կղզի փոխադրեցին 78 բանտարկյալի, հիմնականում իթթիհադական հանցագործներ: Որոշ ժամանակ հետո բրիտանացիները Մալթայում պահվող` Հայոց ցեղասպանություն իրականցնողներին դատելու փոխարեն փոխանակեցին անգլիացի ռազմագերիների հետ:
1919թ. մարտին վարչապետ Դամադ Ֆերիդ փաշան հայտարարել էր, որ կգործի անգլիացիների ցանկությանը համապատասխան: Անմիջապես սկսվեցին ձերբակալությունները: Նախկին վարչապետ Սայիդ Հալիմից բացի ձերբակալվեցին մի շարք նախարարներ ու պատգամավորներ:
Մեծ Բրիտանիան Օսմանյան կայսրությանն էր փոխանցել 61 անուն: Հայերի տեղահանության և կոտորածների մեղադրանքով ընդհանուր առմամբ ձերբակալվել էր 300 մարդ, որոնց մեջ եղել են նախարարներ, նահանգապետեր, գավառապետեր, ոստիկաններ, ժանդարմներ, լրագրողներ:
Ձերբակալվածների մեծ մասն արգելափակվում էր բանտում, սակայն նրանց հանդեպ վերահսկողությունը խիստ չէր: Հանցագործներին այցելում էր հետագայում Աթաթուրք ազգանունը ստացած Մուսթաֆա Քեմալը: Կալանավորներին մեկ անգամ այցելել է նաև Քյազիմ Կարաբեքիրը:
Բանտային ոչ խիստ պայմանների հետևանքով մի քանի հանցագործներ փախուստի դիմեցին: Դրանց մեջ էին հայերի ջարդարարներից հայտնի իթթիհադական Դիարբեքիրի նահանգապետ Մեհմեթ Ռեշիդ բեյը:
Նա, Ստամբուլում ընկնելով ոստիկանական շուրջկալի մեջ, ինքնասպանություն է գործում Բեշիքթաշ թաղամասում: 1919թ. օգոստոսին բանտից փախչում են նաև Էնվեր փաշայի հորեղբայր Հալիլը և հայտնի իթթիհադական Քյուչյուք Թալեաթը:
Հանրակրթական, ապա ներքին գործերի նախարարի պաշտոնները զբաղեցրած Ալի Քեմալը “Սաբահ” օրաթերթում գրել է. “Չորս կամ հինգ տարի առաջ կատարվեց պատմության մեջ նախադեպը չունեցող ոճիր, մի հանցագործություն, որը սարսափ հարուցեց համայն աշխարհում:
Եթե ուզում ենք պատկերացում տալ այդ ոճրագործության մասշտաբի և պայմանների մասին, ապա պետք է խոսենք ոչ թե հինգից տասը, այլ հարյուր հազարավոր հանցագործների մասին: Արդեն բացահայտվել է, որ իրականում այդ ողբերգությունը ծրագրված է եղել Իթթիհադի կենտրոնական կոմիտեի ընդունած որոշումների հիման վրա”
Ներքգործնախարար Ջեմալը իր հարցազրույցներից մեկում ընդունել է, որ իթթիհադականները 800 հազարի չափ հայեր են տեղահանել ու կոտորել: Այսպիսով, Օսմանյան կայսրության առաջին բարձրաստիճան պաշտոնյան ներքգործնախարար Ջեմալն էր, ով առաջին անգամ հրապարակում է հայերի կորուստների պաշտոնական տվյալները:
ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից
Լուսանկարում՝ տեսարան հին Բեշիկթաշից, 1850-ական թթ.
www.aniarc.am/2020/02/09/mehmet-reshid-bey-beshiktash/