ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Բաքուն անելու է նույնը. Նոր պատերազմի հնարավորությունը – Բաքուն անելու է նույնը. Նոր պատերազմի հնարավորությունը
17.04.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:
Բաքուն նորից նույնն է փորձելու անել, ապրիլի 16-ին տարածած հայտարարության մեջ նշել էր Սերժ Սարգսյանը, խոսելով չորս տարի առաջ տեղի ունեցածի մասին: Սարգսյանը հայտարարել է, որ այդ ժամանակ էլ ցավոք պետք է պատրաստ լինել զոհ տալու, քանի որ պատերազմը չի լինում այլ կերպ:
Այդ հանգամանքը վիճարկել դժբախտաբար հնարավոր չէ միանգամայն օբյեկտիվ պատճառներով: Սարգսյանի հայտարարության մեջ սակայն բավականին կարեւոր ու հատկանշական են տողատակերը:
«Պատերազմից հետո դիվանագիտական ճակատում հակառակորդի հետ բանակցությունները պետք է բերեն խաղաղության և ապահովեն այդ համաձայնության իրագործումը, սակայն ոչ ի հաշիվ մեր ժողովրդի կենսական շահերի», հայտարարել է Սարգսյանը:
Փաստացի, նա տալիս է արցախյան հարցում բանակցային նախորդ գրեթե քառորդդարյա փուլի գնահատականը: Նա անուղղակի արձանագրում է, որ առաջին պատերազմի հաղթանակից հետո եղած բանակցության տրամաբանությունը եղել է այնպիսին, որ խաղաղությունը շաղկապվել է հայ ժողովրդի կենսական շահը զիջելուն:
Գործնականում, հենց դա է ենթադրել բանակցային գործընթացի առարկան: Այլ հարց է, որ դա գոործականում եղել է անիրագործելի, սակայն այդ հանգամանքը աշխատել է Բաքվի քաղաքականության օգտին:
Ընդ որում, այդ բանակցային գործընթացի միջով անցել է նաեւ Սերժ Սարգսյանը, չկարողանալով փոխել իրերի դրությունը արդեն երկրորդ պատերազմից հետո: Թե ինչու նա չկարողացավ, կամ ավելի շուտ չէր էլ կարող փոխել, բազմաշերտ հարց է, որը սակայն ընդհանուր առումով հանգում էր լեգիտիմությանն ու կառավարող համակարգի բնույթին:
Դա անհնար էր դարձնում բանակցային նոր տրամաբանության շեշտադրումը, անգամ այն պարագայում, երբ ապրիլյան քառօրայից մեկ ամիս անց ԱՄՆ-ն գործնականում նվեր արեց Վիեննայի օրակարգի տեսքով:
Սերժ Սարգսյանը ներկայում ակնարկում է, որ կամ Հայաստանը բանակցային գործընթացի տրամաբանությունը կփոխի, կամ կհասունանա նոր պատերազմ, եւ պետք է պատրաստ լինել դրան ու նաեւ գոնե դրանից հետո բանակցության տրամաբանությունը փոխելուն, ինչի համար նախ պետք է իհարկե հաղթել այդ հնարավոր նոր պատերազմը:
Ներկայում Երեւանը դրել է բանակցային տրամաբանությունը փոխելու խնդիրը, ինչի մասին են վկայում մի շարք նշաձողերի բարձրաձայնումը բանակցային գործընթացում ու նաեւ քաղաքական հայտարարությունները վարչապետի, արտգործնախարարի, պաշտպանության նախարարի մակարդակում:
Դրանք Բաքվին դրել են բավական բարդ վիճակում, սակայն այստեղ խնդիրը միայն Բաքուն չէ, կարեւոր խնդիր է կառավարել Ռուսաստանի վարքագիծն այդ հարցում, որը ապրիլին ադրբեջանական ագրեսիայի սնուցման հիմնական աղբյուրն էր:
Ռուսաստանը կարող է եւս մեկ անգամ փորձել Ադրբեջանի ագրեսիայի միջոցով հասնել այն նպատակին, ինչին չհաջողվեց չորս տարի առաջ ապրիլին:
Իսկ այդ նպատակը Արցախում ռուսական անմիջական վերահսկողությունն է, որը ՌԴ-ին առավելություն է տալու ռեգիոնալ անվտանգության համակարգի գործնականում բոլոր շահառուների նկատմամբ՝ հայ ժողովրդի կենսական շահերի հաշվին:
«Ադրբեջանը դարձյալ փորձելու է» արտահայտությամբ Սերժ Սարգսյանը թերեւս հիշեցնում է իր հետպատերազմյան ակնարկները Մոսկվային՝ 2016-ին ապրիլին ուղիղ հարցը Լավրովին՝ «ասացեք տեսնեմ, թե ինչու այդպես եղավ», եւ 2017-ի հայտարարությունը ՄԳԻՄՕ-ում, թե «երբ մեր գործընկերներին ասում էինք Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի մասին, մեզ ասում էին, թե դա ներքին սպառման համար է»:
Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ-ն ի վիճակի է զսպել Բաքվի ագրեսիան, ու եթե ագրեսիան տեղի է ունենում, ուրեմն այդպես է ցանկացել Ռուսաստանը:
Մոսկվան չունի Հայաստանի այդ հարցադրմանը որեւէ պատասխան կամ բացատրություն, որովհետեւ ամեն ինչ առավել քան պարզ է, իսկ ինչը պարզ չէր, կարող է պարզվել ապրիլյան պատերազմի հանգամանքների քննության ընթացքում:
www.lragir.am/2020/04/17/538336/