ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Ռուսաստանի հույսը Հայաստանի ատամն է. կլոունադան ավարտվել է վաղուց – Ռուսաստանի հույսը Հայաստանի ատամն է. կլոունադան ավարտվել է վաղուց
23.04.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:
««Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանության և կոտորածների դատավարություններն»»
հայկական բանակի ինքնիշխան դիմադրությունը քանդեց թե ադրբեջանա-թուրքական, թե ռուսական ծրագրերը – Թուրքիային ու Ադրբեջանին տանուլ տված դիրքը վերագտնելու միակ տարբերակը ինքնիշխան Հայաստանն է
24 ԱՊՐԻԼ 2020 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ԿԸ ՅԻՇԵՄ ԵՒ ԿԸ ՊԱՀԱՆՋԵՄ
Արցախի հարցի վերաբերյալ Ռուսաստանի դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին Հայաստանի այսպես ասած ընդդիմադիր դաշտի արձագանքը հերթական անգամ պարզորոշ ցույց տվեց թե արցախյան հարցի, թե ընդհանրապես պետական քաղաքականության առնչությամբ քաղաքական դասի գերակշռող մեծամասնության անհամարժեքությունը:
Լավրովի հայտարարությանը, թե քննարկվում է փուլային լուծում, կոշտ եւ միարժեք արձագանքեց Հայաստանի արտգործնախարարությունը: ԱԳՆ-ն բացառեց փուլային տարբերակի քննարկումը, միաժամանակ նշելով, որ առաջնային է կարգավիճակի հարցը, իսկ տարածքները անվտանգություն են, որը չի կարող լինել զիջման ենթակա:
Թվում է, ամեն ինչ բավական պարզ է, եւ առկա իրավիճակում քաղաքականապես համարժեք ընդդիմությունը, կասկածի իր իրավունքով հանդերձ, այդուհանդերձ ունի արձագանքի նույնքան պարզ տարբերակ. կառավարության կողքին ենք արտահայտվող դիրքորոշման հետեւողական սպասարկման հարցում, հայտնում ենք այդ հարցում արտաքին քաղաքականությանը մեր աջակցությունը, եւ խստագույնս պայքարելու ենք, եթե կառավարությունը հետ կանգնի ներկայում հայտարարվող նշաձողից:
Սակայն, քաղաքական այդ պարզ համարժեքության փոխարեն, հայկական այսպես ասած ընդդիմադիր դաշտի գերակշռող մի մեծամասնություն ձեռնամուխ է լինում Հայաստանի ԱԳՆ «ստելու եւ Լավրովի ճշմարտախոսության դիսկուրսին»:
Անշուշտ, առանձին կատեգորիա է այդ «դիսկուրսի» ամոթալիությունն ազգային եւ պետական արժանապատվության տեսանկյունից: Այստեղ շատ ուժերի վերաբերյալ պատրանքներ չկան վաղուց:
Ինչ վերաբերում է քաղաքականությանը, ապա առաջինն ըստ երեւույթին ապշել է Սերգեյ Լավրովը: Եվ այն, որ Լավրովը կարող էր ապշել, պարզորոշ ցույց տվեց Ալիեւը, իր շրջապատին հանելով իր իսկ արտգործնախարար Մամեդյարովի դեմ: Դա այն դեպքում, երբ թվում էր, որ Լավրովը ասել է բաներ, որոնց հասնելու համար Ալիեւը պետք է պարգեւատրեր Մամեդյարովին: Իսկ այժմ նրան անվանում է «անատամ»՝ իր պատգամավորներից մեկի միջոցով:
Բանն այն է, որ մյուս «անատամը» այդ ամբողջ պատմության մեջ դարձավ Հայաստանի այսպես ասած ընդդիմադիր դաշտը, որն արդեն մի քանի օր փորձում է համոզել Լավրովին, կամ գուցե նրա ղեկավարին՝ Պուտինին, թե որքան անմնացորդ նվիրում ունեն նրանց որեւէ բառ որպես բացարձակ ու գերակա ճշմարտություն եւ ուղենիշ ճանաչելու հարցում:
Մի բան, որն օրինակ Հայաստանում այսպես ասած ընդդիմադիրները անում էին ապրիլյան քառօրյային նախորդող երկու-երեք տարիների ընթացքում, մինչեւ Մոսկվան Սերժ Սարգսյանին անհրաժեշտ քայլերը պարտադրելուց հետո նրանց գործունեությունը կլոունադա կորակեր իր փորձագետներից մեկի շուրթերով, Սարգսյանին տալով ոչիշխանական բեւեռը ցրելու հնարավորություն:
Տարակուսելի չէ, որ այդ բեւեռը ներկայացնող խմբերը նույնն անում են նաեւ այժմ, հույս ունենալով, թե այս անգամ Ռուսաստանը դա չի համարի կլոունադա: Տարակուսելի է, երբ նույնն անում են խմբեր, որոնք այն ժամանակ Սերժ Սարգսյանի կողքին էին եւ թերեւս պետք է պատկերացնեին պետության համար այդօրինակ ընդդիմադիր մեթոդի ծանր հետեւանքը:
Մյուս կողմից, եթե այդ խմբերը լինելով Սարգսյանի կողքին, ունենային քաղաքական իրադրությունը համարժեք գնահատելու այդ կարողությունը, Սարգսյանը գուցե չէր ունենա 2018-ին վա բանկ գնալու եւ հեղափոխական իրավիճակ ստեղծելով իշխանությունը հանձնելու անհրաժեշտություն:
Այժմ արվում է մի բան, որի կարիքը թե Լավրովը չունի՝ մի շարք պատճառներով, թե չունի նրա ղեկավար Պուտինը՝ դարձյալ մի շարք պատճառներով: Նրանք ունեն Հայաստանի ատամի կարիքը, որովհետեւ ռեգիոնալ պայքարում Ռուսաստանը վաղուց է տանուլ տվել Թուրքիային ու նրա արբանյակ Ադրբեջանին:
Մոսկվան ակնկալում էր վերականգնել դիրքը, հասնել ռեւանշի ապրիլյան պատերազմի միջոցով՝ խրախուսելով ադրբեջանական ագրեսիան, հետո Արցախում մի քանի տարածքի զոհաբերման գնով այն հենց Ադրբեջանի դեմ շրջելու ակնկալիքով: Մի բան, որի մասին ի դեպ օրերս ակնարկում էր նաեւ Սերժ Սարգսյանը:
Բայց հայկական բանակի ինքնիշխան դիմադրությունը քանդեց թե ադրբեջանա-թուրքական, թե ռուսական ծրագրերը: Թավշյա հեղափոխությունը արգելափակեց այդ ծրագրերը վերականգնելու ռուսական հնարավորությունը, գործնականում ցույց տալով, որ Կովկասում Թուրքիային ու Ադրբեջանին տանուլ տված դիրքը վերագտնելու միակ տարբերակը ինքնիշխան Հայաստանն է, որն առաջին հերթին ունակ է մերժել ռուսական պլանները: Միայն այդ դեպքում Ռուսաստանը հնարավորություն կստանա հետ կանգնել թուրք-ադրբեջանական պլաններով խաղալու սուիցիդալ ռազմավարությունից:
24 ԱՊՐԻԼ 2020 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ԿԸ ՅԻՇԵՄ ԵՒ ԿԸ ՊԱՀԱՆՋԵՄ
www.lragir.am/2020/04/23/540293/