Ալիք – Արամ Շահնազարեան – Ընկերվար Ժողովրդավարութեան Ճգնաժամի Մասին (Մայիսի 1-ի Առիթով)
Վաղը մայիսի 1-ն է, աշխատաւորների մեծ տօնը:
01 ՄԱՅԻՍ 2020 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ԿԸ ՅԻՇԵՄ ԵՒ ԿԸ ՊԱՀԱՆՋԵՄ:
Մայիսի 1-ը մեծ տօն լինելուց բացի, պատեհ առիթ է նաեւ անդրադառնալու եւ բարձրաձայնելու այն երեւոյթների մասին, որոնք ախտահարել են մերօրեայ ընկերային-տնտեսական յարաբերութիւնները` պատճառելով հասարակական լրջագոյն ճգնաժամ, որը հիմնականում արտացոլւում է անհատական շահի նկատմամբ արդէն ծայրայեղութեան հասած պաշտամունքի, դրամագլուխի ոչ բնական կուտակումի, եւ ընկերային ընդգծուած բեւեռացման տեսքով:
Ճգնաժամ, որի հիմքում ընկած է վայրի դրամատիրական արժեհամակարգը, եւ դրա անկիւնաքարը հանդիսացող նոր-ազատական տնտեսական տեսութիւնը:
Վերջին երկու-երեք տասնամեակների ընկերային-տնտեսական գործընթացների տրամաբանութիւնը, զարգացման ընթացքը եւ արդիւնքները փաստում են, որ դրամատիրութիւնն ու նրա արմատներում ընկած նոր-ազատականութիւնը ո՛չ միայն չեն նպաստում բարեկեցիկ եւ զարգացած հասարակութեան ձեւաւորմանը, այլ, ընդհակառակը, վայրագ սեփականաշնորհումը, պետութեան համար ռազմավարական նշանակութիւն ունեցող տնտեսական ճիւղերի եւ ենթակառուցուածքների ապակենտրոնացումը, ազգային հարստութեան եւ եկամուտների անարդար բաշխումը, հակաընկերային հանրային կառավարումը, որը հիմնականում դրսեւորւում է պետութեան կարգաւորող դերի, ինչպէս նաեւ` հանրային-հասարակական ծառայութիւնների ծաւալի կտրուկ նուազման տեսքով, աղքատութիւնն արմատաւորել են` որպէս հասարակութեան որոշակի խաւի մնայուն կենսաձեւ:
Հէնց սա էլ մեր օրերի առաջադէմ մտածողներին, փիլիսոփաներին եւ տնտեսագէտներին ստիպել է խօսել արժեհամակարգային արմատական փոփոխութիւնների, եւ ընկերային-տնտեսական յարաբերութիւնների հիմնական վերանայման անհրաժեշտութեան մասին:
Նրանք հաւատացած են, որ այսօր, երբ դրամատիրութեան սահմաններն ընդգրկում են աշխարհի պետութիւնների ճնշող մեծամասնութիւնը, օրակարգային եւ օրապահանջ է դարձել դրամատիրութեան, նրա ակունքների, գաղափարական եւ արժեհամակարգային հենքի, պետութիւնների եւ ժողովուրդների կեանքում նրա աւերիչ ազդեցութեան մասին բանավէճը:
Տրամաբանութիւնը յուշում է, որ նման բանավէճի հիմքում, որպէս այլընտրանք, պէտք է որ ընկած լինի ժողովրդավարական ընկերվարութիւնը, որը ենթադրում է քաղաքական եւ ընկերային-տնտեսական արդարութիւն, արտադրամիջոցների ճիշդ եւ հաւասար օգտագործում, ինչպէս նաեւ` եկամուտների եւ երկրի հարստութեան ճիշդ բաշխում ժողովրդի միջեւ:
21-րդ դարում, դրամագլուխի համաշխարհայնացման պայմաններում, թւում էր, թէ ընկերվար-ժողովրդավարութիւնը պէտք է հանդէս գայ` որպէս հասարակութիւնների ուղղորդող գաղափարախօսութիւն, որը կարող է ապահովել քաղաքակիրթ մարդկութեան զարգացման նոր փուլի քաղաքական եւ ընկերային-տնտեսական բարեփոխութիւնները, եւ անցումը որակական նոր փուլի:
Արդիւնքները, սակայն, մեղմ ասած հիասթափեցնող էին:
Ընկերվար-ժողովրդավարութիւնը գաղափարախօսութիւնը կրող կուսակցութիւններն իրենց գործունէութեամբ փաստեցին, որ անկարող են գնալու քաղաքական եւ ընկերային-տնտեսական այնպիսի բարեփոխումների, որոնք անհրաժեշտ են դրամագլուխի համաշխարհայնացման պայմաններում հասարակական արդարութեան եւ հաւասարութեան ապահովման համար:
Այդ կուսակցութիւնների ծրագրերը գնալով աւելի նմանուեցին աջ` նոր-ազատական կուսակցութիւնների ծրագրերին, իսկ իշխանութեան գալու դէպքում էլ նրանք բաւարարուեցին միայն մակերեսային` հիմնականում բովանդակազուրկ փոփոխութիւններով, որոնք չէին կարող ապահովել հասարակութեանն անհրաժեշտ օրակարգային ընկերային-տնտեսական բարեփոխումները:
Ընկերվար-ժողովրդավարական կուսակցութիւնների գաղափարական ամլութիւնն աչքի ընկաւ յատկապէս ընկերային-տնտեսական ծանր ճգնաժամերի ժամանակ, երբ հասարակութիւնը զգում էր արմատական բարեփոխումների անհրաժեշտութիւնը:
Նման շատ դէպքերում ընկերվար-ժողովրդավարական կուսակցութիւնները ո՛չ միայն դրսեւորեցին հիասթափեցնող անգործութիւն, այլ, յաճախ փորձեցին կանխել եւ չէզոքացնել ընկերային շարժումները:
Հէնց այս երեւոյթն էլ աստիճանաբար հսկայական անջրպետ ստեղծեց այդ կուսակցութիւնների եւ նրանց հասարակական հենքը համարուող բանուոր-աշխատաւորների, նրանց շահերը ներկայացնող արհմիութիւնների եւ ձախ շարժումների միջեւ:
Կորցնելով նրանց քուէները, ընկերվար-ժողովրդավարական կուսակցութիւններն աստիճանաբար զիջեցին իրենց երբեմնի առաջատարի դիրքերը` վերածուելով լուսանցքային կուսակցութիւնների, որոնք կորցրեցին քաղաքական եւ ընկերային-տնտեսական գործընթացների վրայ որոշիչ ազդեցութիւն ունենալու հնարաւորութիւնը:
Ոգեւորութիւն չներշնչող, այս գորշ իրականութեան խորապատկերին հարց է առաջանում, կա՞յ արդեօք որեւէ փրկօղակ ընկերվար-ժողովրդավարական գաղափարախօսութեան եւ դրա կրող կուսակցութիւնների համար:
Պատասխանը մէկն է եւ միանշանակ. վերադարձ արմատներին: Այն արմատներին, որոնք անմիջականօրէն կապուած են հասարակական կեանքի հիմնարար եւ որոշիչ արժէքների հետ, եւ երաշխաւորում են, որ բացառուի դրամագլուխի ոչ բնական կուտակումը, ապահովուի ընկերային արդարութիւնը, կանխուի հասարակութեան բեւեռացումը:
Ի հարկէ հարկաւոր է նշել եւ ընդգծել, որ դէպի կենսատու արմատները վերադարձին զուգահեռ, անհրաժեշտ է թարմացնել եւ արդիականացնել հայեացքներն ու մօտեցումները, մշակել համապատասխան մարտավարութիւն եւ ռազմավարութիւն` դրանք համապատասխանեցնելով օրուայ պահանջներին եւ մարտահրաւէրներին:
Յիշենք եւ չմոռանանք, որ ժողովրդավարական ընկերվարութիւնը շարունակում է մնալ որպէս քաղաքական եւ ընկերային-տնտեսական անհրաժեշտութիւն:
Այն այդպիսին կը մնայ եւ կը գոյատեւի այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերացուել այն պայմանները, որոնք ծնում են ընկերային-տնտեսական անհաւասարութիւն եւ անարդարութիւն:
Յիշենք եւ չմոռանանք, որ առաջնայինը եւ կարեւորը գաղափարախօսական բովանդակութիւնն է, որը պէտք է ապահովի աւելի արդար եւ աւելի հաւասար համակարգ` ձգտելով դրա կատարելագործմանը:
«Ալիք»
30 ապրիլ 2020
www.aztagdaily.com/archives/471917