Երուսաղէմի Հայոց Ցեղասպանութեան Արխիւը Օսմանեան Կայսրութեան Ցեղասպան Քաղաքականութեան Մի Վկայարան Է

Հարցազրոյց Բանասիրական Գիտութիւնների Թեկնածու, Թուրքագէտ Լուսինէ Սահակեանի Հետ

Երուսաղէմի Հայոց Ցեղասպանութեան Արխիւը Օսմանեան Կայսրութեան Ցեղասպան Քաղաքականութեան Մի Վկայարան Է

09 ՄԱՅԻՍ 2020 – ՀԱՐՑԱԶՐՈՅՑ: – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ԿԸ ՅԻՇԵՄ ԵՒ ԿԸ ՊԱՀԱՆՋԵՄ:

Հարցազրոյց Բանասիրական Գիտութիւնների Թեկնածու, Թուրքագէտ Լուսինէ Սահակեանի Հետ

Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

«Երուսաղէմի Հայոց պատրիարքութեան Հայոց Ցեղասպանութեան արխիւում պահւում է իր ծաւալով թերեւս ամենամեծ հաւաքածուն։ Շուրջ ութ տասնամեակ այս արխիւը փակ է եղել, եւ միայն սակաւաթիւ մասնագէտներ են կարողացել մասնակի ուսումնասիրութիւններ անել այնտեղ». արխիւում գիտահետազօտական աշխատանքներ իրականացրած, թուրքագէտ Լուսինէ Սահակեանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում «Ասպարէզ»ին տրուած հարցազրոյցում:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Տիկի՛ն Սահակեան, Երուսաղէմի Հայոց պատրիարքութեան 2019 թ. Հոկտեմբերի 16ի հաղորդագրութիւնից տեղեկացել էինք, որ դուք եւ օսմանագէտ Անի Սարգսեանը գիտահետազօտական ուսումնասիրութիւններ էք կատարել պատրիարքութեան Հայոց Ցեղասպանութեան արխիւում։ Կը խնդրէի նախ ասել, թէ ե՛րբ է ստեղծուել այդ արխիւը։

ԼՈՒՍԻՆԷ ՍԱՀԱԿԵԱՆ.– Երուսաղէմի Հայոց պատրիարքութեան Հայոց Ցեղասպանութեան արխիւում պահւում է իր ծաւալով թերեւս ամենամեծ հաւաքածուն։ Այն ստեղծուել է 1919թ. Կ. Պոլսում՝ Զաւէն արք. Տէր Եղիայեան պատրիարքի անմիջական ջանքերով եւ վերահսկողութեամբ։

Զաւէն արք. Տէր Եղիայեանը հայ ժողովրդի համար ծանրագոյն եւ ճակատագրական շրջանում`1914-1916 եւ 1918-1922 թթ., ստանձնել է Կ.Պոլսի պատրիարքական աթոռը։ Ինչպէս իր յուշերում գրում է նա. «Կ. Պոլսոյ պատրիարքներուն մէջ չէ եղած ուրիշ մը, որ ինձ նման փոփոխական բախտ մը ունեցած եւ փառքի ու անկման օրեր տեսած ըլլայ»։ Այդ տարիներին պատրիարքը գրեթէ ամէն օր Արեւմտեան Հայաստանի տարբեր գաւառներից, նաեւ կայսրութեան միւս հայաբնակ շրջաններից ու Կիլիկիայից ստացել է նամակներ, խնդրագրեր` լի ողբերգական պատմութիւններով։ Նամակագիրներն աղերսագին օգնութիւն էին խնդրում։

Զաւէն պատրիարքը բազմաթիւ դիմումներ է գրել երիտթուրքական իշխանութիւններին, ուղիներ է փնտռել` փրկելու հայ ժողովրդին անխուսափելի բնաջնջումից։ Սակայն հայ մտաւորականների՝ 1915թ. ապրիլեան սպանդից յետոյ, Զաւէն պատրիարքին մեկուսացրել են. 1916թ. օսմանեան իշխանութիւնները լուծարել են Կ. Պոլսի պատրիարքութիւնը եւ նրան աքսորել Բաղդադ։

Զաւէն պատրիարքը Հայոց Ցեղասպանութեան ականատեսներից էր: Այնքան մեծ էր նրա ողբերգութիւնը, որ իր բազմաթիւ նամակներ նա ստորագրել է` «Դժբախտ պատրիարք Հայոց Թուրքիոյ», «Վշտակիր պատրիարք Հայոց»։

1919թ. աքսորից վերադառնալով Կ. Պոլիս`պատրիարքը կրկին ստանձնել է իր պարտականութիւնները։ Նրա անձնուրաց ջանքերի շնորհիւ պատրիարքարանին կից հիմնադրուել են «Հայ որբախնամ», «Հայ Տարագրելոց» եւ այլ ընկերութիւններ` Հայոց Ցեղասպանութիւնից փրկուածներին օժանդակութիւն ցոյց տալու, թուրքերի մօտ ապօրինաբար յայտնուած հայ կանանց ու որբերին որոնելու, փրկելու, ազատելու նպատակով։ Այդ շրջանում էլ, պատրիարքի հովանու ներքոյ ձեւաւորուել է Տեղեկատու դիւանը, որը պէտք է հաւաքեր Հայոց Ցեղասպանութեանը եւ Հայկական Հարցին վերաբերող վաւերագրեր։

Այս արխիւը ստեղծուել է պատմական ու աշխարհաքաղաքական առճակատումների շրջանում, որի կործանարար յորձանուտում յայտնուել էր հայ ժողովուրդը, իսկ այդպիսի բարդ ու վտանգաւոր պայմաններում նման հսկայածաւալ վաւերագրերի հաւաքչական աշխատանքն իրօք հերոսութիւն էր։

Դիւանի պատասխանատուների` Գրիգոր Դաւիդեանի, Արշակ Ալպօյաճեանի, Կարապետ Նուրեանի, Զօրա Զօրայեանի, Ասատուր Նաւարեանի, Առաքել Չաքրեանի օրնիբուն հետեւողական եւ յամառ աշխատանքի շնորհիւ է ստեղծուել այս բացառիկ հաւաքածուն։ Զաւէն պատրիարքը, կանխատեսելով քեմալականների մուտքը Կ. Պոլիս, արխիւում հաւաքուած նիւթերը, 1922թ.ի Նոյեմբերին թղթածրարներով գաղտնի ուղարկում է Մանչեստր` ի պահ Գրիգորիս եպս. Պալաքեանին, եւ նոյն թուականին նա ստիպուած թողնելով պատրիարքական աթոռը՝ հեռանում է Թուրքիայից։

1927թ. Գրիգորիս եպս. Պալաքեանը, ընտր­ուե­լով Մար­սե­լի Հայոց հոգեւոր առաջնորդ, ար­խի­վն իր հետ տա­նում է Ֆրանսիա: 1938թ. Զա­ւէն պատ­րիար­քի խնդրանքով Պա­լա­քեան սրբա­զա­նն այս թղթածրարներն ու­ղար­կում է Ե­րու­սա­ղեմի Հայոց պատրիարք Թոր­գոմ արք. Գու­շա­կեանին: Նոյն թուականին Զա­ւէն պատ­րիար­քը մեկնում է Երուսաղէմ: Ինչպէս նա գրել է իր յուշերում, մեծ ոգեւորութիւն է ապրում՝ տեսնելով արխիւի բազմալեզու, հազարաւոր էջերից բաղկացած թղթածրարներն անվնաս։ 1938թ. ի վեր Հայոց Ցե­ղաս­պա­նու­թեան ար­խի­ւը պահ­ւում է Ե­րու­սա­ղե­մի Հա­յոց պատ­րիար­քա­րա­նում։

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.– Ի՞նչ ուսումնասիրութիւններ էք կատարել այդ արխիւում, եւ այժմ ի՞նչ փուլում են ձեր աշխատանքները։

ԼՈՒՍԻՆԷ ՍԱՀԱԿԵԱՆ.– Նախ ասեմ, որ շուրջ ութ տասնամեակ այս արխիւը փակ է եղել, եւ միայն սակաւաթիւ մասնագէտներ են կարողացել մասնակի ուսումնասիրութիւններ անել այնտեղ։

Արխիւի ստեղծումից շուրջ հարիւր տարի անց Նուրհան արք. Մանուկեան պատրիարքի նախաձեռնութեամբ, բարձր հովանաւորութեամբ եւ օրհնութեամբ, ինչպէս նաեւ՝ Երեւանի Պետական համալսարանի ղեկավարութեան եւ ԵՊՀ Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի (ՀՀԻ) տնօրինութեան համաձայնութեամբ, ես՝ որպէս նոյն ինստիտուտի հայ-օսմանական առնչութիւների բաժնի ղեկավար, եւ իմ գործընկերը՝ օսմանագէտ Անի Սարգսեանը, սկսած 2017թ.ից, չորս այցելութիւնների ընթացքում կարողացել ենք դասակարգել 11 տուփ կազմող արխիւի խառնիխուռն էջերն ու լուսապատճէնել շուրջ 25 հազար էջ։ Ի դէպ, վաւերագրերի մեծ մասը ձեռագիր է` գրուած արեւմտահայերէն, հայատառ թուրքերէն, օսմաներէն, անգլերէն, ֆրանսերէն եւ գերմաներէն։ Սա բաւական բարդ եւ ժամանակատար աշխատանք է, քանի որ գրութիւնները տարբեր ձեռագրերով են, եւ երբեմն համառօտ նկարագրութիւն կազմելու համար անհրաժեշտ է լինում կարդալ 30-40 էջանոց վաւերագիր։ Մեր խմբում ընդգրկուած են նաեւ այլ մասնագէտներ, որոնց հետ քննարկում ենք մեր աշխատանքները եւ խորհրդակցում։

Այժմ ընթանում են այդ թղթածրարների ցուցակագրման աշխատանքները։ Ցուցակների ժողովածուները հրատարակելու համար արդէն ձեւաւորուել է խմբագրական խորհուրդ։

Երուսաղէմի Պատրիարք՝ Ամենապատիւ Տ.Նուրհան Արք. Մանուկեան (կեդրոնը), Լուսինե Սահակեան (նկարին աջ կողմը), Անի Սարգսեան (նկարին ձախ կողմը)

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչո՞վ են կարեւոր ցուցակագրման աշխատանքները։

ԼՈՒՍԻՆԷ ՍԱՀԱԿԵԱՆ.– Առանց ցուցակագրման հնարաւոր չէ յստակ տեղեկութիւն տալ վաւերագրերի քանակի եւ բովանդակութեան մասին։ Մենք նկարագրում ենք իւրաքանչիւր վաւերագիրը՝ արձանագրելով թղթապանակի համարը, ստեղծման տարեթիւը, բովանդակութիւնը, ուղարկողի եւ ստացողի կամ հեղինակի տուեալները, թղթի տեսակը, վիճակն ու լեզուն եւ այլ մանրամասներ` ըստ փաստաթղթի տեսակի։ Այսինքն, իւրաքանչիւր վաւերագրի համար ստեղծւում է առանձին գիտական անձնագիր, որն էլ օրէնքով ամրագրում է նրա գոյութիւնն ու իսկութիւնը՝ բացառելով վաւերագրերի կեղծումը։ Ցուցակագրումն առաջին հերթին պաշտպանում է վաւերագրերը անհետացումից կամ գողութիւնից, քանի որ համապատասխան ժողովածուի մէջ համարագրւում է դրանց քանակութիւնը։

Ըստ արխիւային վաւերագրերի ցուցակագրման ընդունուած կարգի՝ մեր մասնագիտական խումբն արդէն կազմել է առաջին երեք տուփերի ժողովածուները։ Առաջին հատորում նկարագրուած է 2182 էջ վաւերագիր, երկրորդում`2581 էջ, երրորդում` 960 էջ՝ ներառեալ համապատասխան ծանօթագրութիւնները, տեղանուանական եւ անուանական ցանկերը։ Դրանք այժմ վերջնական խմբագրման փուլում են։ Իւրաքանչիւր հատոր հրատարկուելու է առանձին առաջաբանով։ Բացի վաւերագրերի ցուցակագրումից` այս ժողովածուների ստեղծումը կը դիւրացնի ապագայ ուսումնասիրողների աշխատանքը. համապատասխան ցանկերի միջոցով նրանք կը կարողանան գտնել անհրաժեշտ վաւերագիրը։

Համավարակի պատճառով ստեղծուած տեղաշարժի արգելքից յետոյ ձեռնամուխ կը լինենք մեր կազմած հատորների հրատարակմանը։

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.– Տիկին Սահակեան, կարո՞ղ էք որոշակի պատկերացում տալ հատորներում նկարագրուած վաւերագրերի բովանդակութեան մասին։

ԼՈՒՍԻՆԷ ՍԱՀԱԿԵԱՆ.– Արխիւի ամբողջական պատկերը կը ներկայացնենք համալիր քննութիւնից յետոյ, երբ աւարտուեն ցուցակագրման աշխատանքները, իսկ առաջին երեք տուփերի թղթածրարների մասին շուտով լոյս կը տեսնի մեր պատրաստած ծաւալուն յօդուածը։

Եթէ ընդհանուր գծերով բնութագրենք արխիւը, կարելի է ասել, որ այն Հայոց Ցեղասպանութեան եւ Հայկական Հարցի բացառիկ մի ժամանակագրութիւն է, որն ընդգրկում է 1911-1922 թթ.։ Այն իր ամբողջութեամբ Օսմանեան կայսրութեան համակարգուած ցեղասպան քաղաքականութեան վկայարան է` ամրագրուած կնիքներով, համարակալումներով եւ ստորագրութիւններով։ Տեղեկատու դիւանի անխոնջ աշխատանքի արդիւնքում հաւաքուել են վաւերագրեր Հայոց Ցե­ղաս­պա­նու­թեան մանրամասների՝ գլխա­ւոր կազ­մա­կեր­պիչ­նե­րի, հայերի կոտորածների, թալանի, ունեզրկման, մարդկանց առեւանգումների, դատական հայցադիմումների եւ Օսմանեան կայսրութեան ներքին գործերի նախարարութեան արձագանգների ու համապատասխան յանձնարարականների եւ այլնի մասին։ Բազմաթիւ էջեր են կազմում ա­կա­նա­տես­նե­րի վկա­յու­թիւն­ները: Կան արեւմտեան պաշտօնեաներին ուղղուած տե­ղե­կա­գրեր, վիճակագրական զանազան ցանկեր, զեկոյցներ, որոնք մանրամասնօրէն ներկայացնում են հայ ժողովրդի ծանր կացութիւնը Հայոց Ցեղասպանութիւնից առաջ եւ յետոյ:

Տե­ղե­կա­տու դի­ւա­նը ձեռք է բերել նաեւ օսմանեան դատարաններում մեղադրուող կող­մի թղթ­պանակ­նե­րը եւ դատական նիւ­թե­րը: Դի­ւա­նի ան­դամ­նե­րը կարողացել են պատ­ճե­նա­հա­նել դա­տա­րա­նի փաստաթղթերը՝ ձեռք բերելով շատ կա­րեւոր պաշ­տօ­նա­կան վաւերագրեր։

Արխիւում տեղ են գտել նաեւ եզակի տպագիր նիւթեր, որոնք լուսաբանում են 19րդ դարի վերջում Հայկական Հարցին վերաբերող խնդիրները, հայութեան ծանր վիճակը, ինչպէս նաեւ 1911-1914 թթ. հայկական նահանգների բարենորոգումներին վերաբերող տեղեկագրեր, շրջաբերականներ, նամակներ՝ տարբեր թեմերի առաջնորդարաններից։ Չափազանց կարեւոր են Յովհաննէս արք. Արշարունի եւ Զաւէն արք. Տէր Եղիայեան պատրիարքներին հասցէագրուած տարաբնոյթ նամակները։

Զաւէն արք. Տէր Եղիայեան Պատրիարք

Արխիւում պահուող բազմալեզու այս վաւերագրերն արժէքաւոր սկզբնաղբիւրներ են Արեւմտեան Հայաստանի, Կիլիկիայի եւ կայսրութեան միւս հայաբնակ շրջանների իրաւատնտեսական վիճակի, հայկական ջարդերի վերաբերեալ, յաւելեալ մանրամասնութիւններ են պարունակում տեղահանութիւնների մասին։ Բազմաթիւ վաւերագրեր եւ արձանագրութիւններ ներկայացնում են 1912-1914 թթ. եւ 1918-1922 թթ. միջազգային ատեաններում հայկական պատուիրակութիւնների ծաւալած աշխատանքները։

Այս փաստաթղթերը ժամանակագրական կարգով ցոյց են տալիս Օսմանեան կայսրութեան եւ գերտէրութիւնների ու Ռուսաստանի դիրքորոշումները Հայկական Հարցի լուծումների ուղղութեամբ։ Տասնեակ էջեր պատմում են հայ որբերի, առեւանգուած կանանց, իսլամացուած հայերի եւ նաեւ նրանց դարձի բերելու, հայկական իրականութիւն վերադարձնելու նպատակով կատարուած աշխատանքների մասին։ Պահպանուել են վկայութիւններ Հայոց Ցեղասպանութիւնից առաջ եւ յետոյ հայկական դպրոցների, եկեղեցիների, սեփականութեան եւ լքեալ գոյքի վերաբերեալ։ Բազմաթիւ տեղեկագրեր ներկայացնում են հայերի հասարակական ու քաղաքական կեանքը։

Այս բոլոր նիւթերը Դիւանում հաւաքուել են այն ակնկալիքով, այն սպասումով, որ երիտթուրք պարագլուխները կը կանգնեն արդարադատութեան առջեւ, կը լինի անկանխակալ դատ, եւ նրանք կը ստանան արժանի պատիժ՝ կանխամտածուած ցեղասպանութիւն իրագործելու համար:

Այսինքն՝ արխիւների մշակումն ու ժողովածուների հրատարակումն ունի ոչ միայն բարոյական, այլեւ իրաւական արժէք ու նշանակութիւն:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.– Որքանո՞վ են կարեւոր այս եւ նման արխիւները Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ փոխհատուցման գործընթացների համար։

ԼՈՒՍԻՆԷ ՍԱՀԱԿԵԱՆ.– Հայոց Ցեղասպանութիւնը կատարուած իրողութիւն է եւ վեր է որեւէ կասկածից, սակայն թուրքական պետական ժխտողական մեքենան աշխատում է ամէն օր, անխափան եւ անվրէպ` կիրառելով նաեւ աւելի ճկուն մեթոդներ, դիմելով հնարաւոր ու անհնար միջոցների, իր գայթակղիչ ծուղակների մէջ գցելով նաեւ հայ մասնագէտների։ Ուստի մենք պէտք է լինենք զգօն եւ մեր արխիւներին վերաբերուենք շատ խնամքով ու ամենայն պատասխանատուութեամբ։ Հայ Դատը ճշմարիտ դատ է, իսկ նման արխիւները չափազանց կարեւոր են Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, դատապարտման ու փոխհատուցման գործընթացներում։

Երուսաղէմի արխիւի վաւերագրերը, պատրիարքութեան եւ ԵՊՀ ՀՀԻ համաձայնութեամբ, շրջանառութեան մէջ են դրուելու ցուցակագրելուց եւ համապատասխան մասնագիտական վերլուծութիւնից յետոյ, որի մասին մենք նաեւ ստորագրել ենք պարտաւորագիր։

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.– Ի՞նչ նիւթական աջակցութեամբ էք իրականացնում այս ահռելի աշխատանքը։

ԼՈՒՍԻՆԷ ՍԱՀԱԿԵԱՆ.– Այս աշխատանքները, ինչպէս արդէն նշեցի, իրականացւում են Նուրհան արք. Մանուկեան պատրիարքի բարձր հովանու ներքոյ։ Մեր գործուղումներին օժանդակել է նաեւ Երեւանի Պետական համալսարանը։ Որեւէ այլ ֆինանսական աղբիւր չունենք, որը, փաստօրէն, մեր աշխատանքների օբյեկտիւօրէն (առարկայականօրէն-Խմբ.) յապաղման պատճառ է։ Մենք այս սուրբ գործին լծուել ենք բացառապէս խնդրի գերկարեւորութեան գիտակցումով ու նուիրումով` ամբողջ հոգով-սրտով եւ ամենայն պատասխանատուութեամբ` ներդնելով մեր մասնագիտական ողջ կարողութիւնները եւ ժամանակը։ Հայոց Ցեղասպանութեան այս արխիւի ցուցակագրման աշխատանքներում մենք բացառում ենք ֆինանսաւորման օտար աղբիւրները։ Սա համահայկական գործ է եւ պէտք է կեանքի կոչուի բացառապէս մեր հայրենակիցների օժանդակութեամբ։ Չպէտք է թոյլ տալ, որ առհասարակ Հայոց Ցեղասպանութեան արխիւները դառնան ֆինանսական օտար հիմնադրամներից սնուող եւ կասկածելի նպատակներ հետապնդող ծրագրերի ուսումնասիրութեան նիւթ։ Սա ուղղակի անթոյլատրելի է, եւ չի բխում մեր համազգային նպատակներից ու շահերից…

Պատրիարքութիւնից բացի, ինչպէս արդէն ասացի, մեր աշխատանքներում մեզ աջակցել է Երեւանի Պետական համալսարանը, նաեւ ՀՀ ԿԳՆ գիտութեան կոմիտէն։ Ի դէպ, անցեալ տարի զեկուցումով հանդէս եմ եկել Երեւանի Պետական համալսարանի գիտխորհրդում, նաեւ Լոս Անջելեսում` Բրբենքի Հայ Դատի յանձնախմբի գրասենեակում։

Այս ողջ աշխատանքների ընթացքում աննկարագրելի էին նաեւ մեր ապրումները։ Անհնար է խօսել այն ցնցումի ու յուզմունքի մասին, երբ աշխատելու ընթացքում արխիւում ձեռքս անցաւ ալաշկերտցի իմ հայրական պապի ընտանիքի անդամների սպանդի մասին պատմող մի վաւերագիր…

Եւ վերջում մեր փոքրիկ աշխատանքային խումբը խորին շնորհակալութիւն է յայտնում Նուրհան արք. Մանուկեան պատրիարքին այս ազգանուէր գործը նախաձեռնելու եւ իր հովանաւորութեան ու վերահսկողութեան ներքոյ առնելու համար։ Աշխատանքների աւարտից յետոյ տասնմէկ հատոր ժողովածուները գիտական շրջանակներին կը ներկայացուի պատրիարք հօր ձեռամբ եւ օրհնութեամբ։ Շնորհակալ ենք նաեւ ողջ պատրիարքութեանը, բոլոր հայրերին, սարկաւագներին եւ բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են բերել եւ շահագրգիռ են այս արխիւի նիւթերը վերակենդանացնելու հարցում։ Այս ժողովածուների պատրաստումն ու հրատարկումը կը դառնայ իւրատեսակ կոթող Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակի ոգեկոչման համար։

ՏԵՂԵԿԱՆՔ.– Լուսինէ Սահակեանը Երեւանի Պետական համալսարանի (ԵՊՀ) Արեւելագիտութեան ֆակուլտետի թիւրքագիտութեան ֆակուլտետի ամբիոնի դոցենտ է, (Associate Professor of Turkic Studies), բանասիրական գիտ.թեկնածու (PhD in Philology): 2008թ.ից, ԵՊՀ Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի հայ-օսմանական առնչութիւնների բաժնի վարիչն է: Դասաւանդում է ժամանակակից թուրքերէն, թուրք գրականութիւն, թուրքերէնի տեսական քերականութիւն: Թիւրքագիտութեան ամբիոնում վարում է «Թուրքական աղբիւրագիտութեան եւ պատմագրութեան հիմնահարցերը», «Օսմանեան կայսրութեան էթնոքաղաքականութիւնը», «Տեղանունների թուրքացման քաղաքականութիւնը Օսմանեան կայսրութիւնում եւ հանրապետական Թուրքիայում» յատուկ դասընթացներ:

Ունի մի շարք գիտական հրապարակումներ նուիրուած պատմական ժողովրդագրութեանը, հայկական տեղանունների ուսումնասիրութեանն ու համշէնահայերի պատմութեանը: Հեղինակ է հինգ մենագրութեան: 2012թթ. Թուրքիայի Ռիզէի եւ Արդուինի նահանգների համշէնցիների բնակավայրերում իրականացրած դաշտային աշխատանքների նիւթերի հիման վրայ պատրաստել է «Համշէնն Անցեալի Եւ Ներկայի Խաչմերուկներում» վաւերագրական ֆիլմը, որի համար Լուսինէ Սահակեանը «Արփա» միջազգային կինօփառատօնում (ԱՄՆ) արժանացել է Արմին Վէգների անուան «Մարդասիրական Գլխաւոր Մրցանակին»` «Ճշմարտութիւն Տեսնելու եւ Ասելու Քաջութեան Համար»: Սահակեանին տրուել է Ղրիմի հայ համայնքի սահմանած «Այվազովսկու անուան շքանշան», ինչպէս նաեւ՝ Սոչիի հայերի միութեան պատուոգիր։

Լուսինէ Սահակեանը 2019թ. պարգեւատրուել է ԵՊՀ «Ոսկէ մեդալով»՝ համալսարանական կրթութեան զարգացման գործում ունեցած նշանակալի աւանդի եւ ԵՊՀ 100ամեակի կապակցութեամբ։ Սահակեանը դասախօսութիւններով եւ զեկուցումներով հանդէս է եկել միջազգային գիտաժողովներում, Սփիւռքի տարբեր համայնքներում:

asbarez.com

aztagdaily.com/archives/472494

Facebooktwitterredditpinterestlinkedinmail