ՄԵԼԻՆԵ ԱՆՈՒՄՅԱՆ – Միություն և առաջադիմություն կուսակցության անդամների դատավարությունը 1919 թ Ստամբուլի ռազմական արտակարգ ատյանում

Meline Anumyan - Turkologist, Candidate of Historical Sciences - Photo by Areg Vardanyan

ՄԵԼԻՆԵ ԱՆՈՒՄՅԱՆ – Միություն և առաջադիմություն կուսակցության անդամների դատավարությունը (1919 թ. ապրիլ-մայիս ամիսներ) Ստամբուլի ռազմական արտակարգ ատյանում

23 ՄԱՐՏ 2013 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ, ՅՈԴՈՒԱԾՆԵՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ, ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԷՋԵՐ:

Կարդալ նաեւ՝ //ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ//:

Մելինե Անումյան

Պատմական գիտությունների թեկնածու

Միություն և առաջադիմություն կուսակցության անդամների[1] դատաքննությանն[2] անդրադառնալիս պետք է հաշվի առնել հետևյալ երկու հանգամանքները. նախ` դատավարության ժամանակ Օսմանյան կայսրության իշխանությունները, ի դեմս սուլթան Մեհմեդ 6-րդի ու վարչապետ Դամադ Ֆերիդ փաշայի վարչակազմի ներկայացուցիչների, ձգտել են հայերի զանգվածային կոտորածները կազմակերպելու մեջ մեղավոր ճանաչել միայն սահմանափակ զանգվածի` հանձինս Իթթիհաթ վե թերաքքի կուսակցության վերնախավին ու նրա ղեկավարած կառավարությանը, և երկրորդ. իրենք` երիտթուրքերը ու նրանց կողմնակիցները, ընդհակառակը, ամեն կերպ փորձել են չվարկաբեկել կուսակցության անունը` ձգտելով մեղքը բարդել ոչ թե կազմակերպության, այլ միայն առանձին անհատների վրա:

Այսպես` 1919 թ. հունվարի 28-ին Ալի Քեմալը[3] «Սաբահ» օրաթերթում գրում էր. «4 կամ 5 տարի առաջ կատարվեց պատմության մեջ նախադեպը չունեցող ոճիր, մի հանցագործություն, որը սարսափ հարուցեց համայն աշխարհում: Եթե ուզում ենք պատկերացում տալ այդ ոճրագործության մասշտաբի և պայմանների մասին, ապա պետք է խոսենք ոչ թե 5-ից 10, այլ` 100 հազարավոր հանցագործների մասին: Արդեն բացահայտվել է, որ իրականում էլ այդ ողբերգությունը ծրագրված է եղել Իթթիհադի կենտրոնական կոմիտեի ընդունած որոշումների հիման վրա»[4]:

1919 թ. մարտի 17-ին ներքին գործերի նախարար Ջեմալն «Ալեմդար» օրաթերթին տված հարցազրույցում արձանագրել էր, որ «իթթիհադականները 800 հազարի չափ հայեր են տեղահանել ու կոտորել», ինչպես նաև փորձել էր առաջ քաշել թուրք հասարակ ժողովրդի և իր կառավարության անմեղության վարկածը: Ներքին գործերի նախարարը խոսում էր նաև իր կառավարության կողմից[5] իթթիհադականներին պատժելու անհրաժեշտության մասին. «…կառավարությունը, նախ և առաջ, պարտավոր է մաքրել այն կեղտաբիծը, որ թողել է Միություն և առաջադիմություն կուսակցությունը օսմանականության վրա: Դրա համար էլ կառավարությունը տեղահանության և կոտորածների ողբերգությունների հեղինակների նկատմամբ անհրաժեշտ դատաքննություն է իրականացնելու: (…) Միություն և առաջադիմություն ասելով` չենք հասկանում օսմանյան ազգ: Իթթիհաթ վե թերաքքի կուսակցությունը բոլորովին այլ ավազակախմբից էր բաղկացած: Տեղահանության և կոտորածների պատճառով ոչ մի պատասխանատվություն չի ընկնում օսմանյան կառավարության և ազգի ուսերին: Կառավարությունն ու ժողովուրդը պատասխանատու կդառնան միայն այն դեպքում, եթե չդատապարտվեն տեղահանության և կոտորածների հեղինակները»[6]:

Հարկ է ընդգծել, որ նույն Ջեմալը 1919 թ. մարտի 12-ին հանդես էր եկել հայտարարությամբ` նշելով, թե երիտթուրքերի ձերբակալություններն օրինական են, քանի որ կատարվել են Նախարարների խորհրդի կազմած օրենքի շրջանակներում, և որ «ոչ միայն Թուրքիայի, այլև ողջ մարդկության շահը պահանջում է պատժել իրենց տարօրինակ քաղաքականությամբ հայերի և հույների տարագրության պատճառ դարձած այդ չարագործներին»[7]:

Ինչ վերաբերում է իրենց` իթթիհադականներին, ապա վերջիններս կուսակցության անդամների դատավարության ընթացքում, ըստ թուրք պատմաբան Օ. Ս. Քոջահանօղլուի, ոչ մի պայմանով չեն մատնել կուսակցության գաղտնիքները. «Իթթիհաթ վե թերաքքի կուսակցությունը հիմնվել էր որպես գաղտնի կազմակերպություն, որի անդամները Ղուրանի և զենքի վրա երդվելով` պատվի խոսք էին տվել մինչ մահ հավատարիմ մնալ այդ երդմանը: Նրանք կյանքի գնով անգամ չեն մատնել կուսակցության գաղտնիքները: Օրինակ` հարցաքննության և դատավարության ժամանակ նույնիսկ նրանք, ովքեր պետք եղածից ավելի տեղեկություններ ունեին Հատուկ կազմակերպության մասին, չեն հայտնել այդ գաղտնի կազմակերպության ո՜չ կազմավորմանը, ո՜չ էլ կողմնակիցներին վերաբերող գաղտնիքները»[8]:

Կուսակցության անդամների դատաքննության ընթացքում երիտթուրքերի բռնած այդ դիրքորոշումը չի վրիպել ականատեսների ուշադրությունից ու հարուցել հասարակության որոշ շրջանակների վրդովմունքը և քննադատվել նաև տվյալ ժամանակաշրջանի օսմանյան մամուլում: Հատկապես խիստ են արձագանքել Ստամբուլում տպագրվող «Սաբահ» և «Ժողովուրդի ձայնը» օրաթերթերը: 1919 թ. մայիսի 8-ի համարում «Սո՛ւրբ Իթթիհատ» վերնագրի տակ «Ժողովուրդի ձայնը» պարբերականը գրում էր. «Սապահ խօսելով իթթիհատական պարագլուխներու դատավարութեան մասին, կը շեշտէ, ոչ առանց զայրոյթի, այն մտայնութիւնը, որ երեւան կուգայ այդ դատավարութեան ընթացքին ամբաստանւածներու տուած պատասխաններուն մէջ, որոնցմով անոնք կը ջանան տակաւին սրբացնել Իթթիհատը, յայտարարելով, թէ ան մասնակից չէ եղած այն քստմնելի ոճիրներուն, որոնք վերածեցին ամբողջ երկիրը զարհուրելի դժոխքի մը: «Ամբաստանւածները, կը գրէ Սապահ, կըսեն թէ Իթթիհատը չէ ունեցած ոչ մէկ կապ «Միւտաֆա-ի Միլլիէ»-ի[9], «Թէշքիլաթը Մախսուսէ»-ի եւ այլ տխրահռչակ ընկերութիւններուն հետ, որոնք պատերազմի տարիներուն ծծեցին ոչ միայն ազգին արիւնը, այլեւ ծուծը: Անոնք կուրանան, այո’, այս կապը, բայց ատիկա ծանօթ է ամբողջ աշխարհին: Ամբաստանւածները կըսեն նոյնպէս թէ Ընդհանուր Կեդրոնը և կամ Իթթիհատը տեղեկութիւն չունին ջարդերու եւ ժողովուրդին շահադիտութեան հետեւանքով ենթարկւած սովամահութեան մասին: (…) Կարելի՞ է միթէ գարշանք չզգալ այս լրբենի յանդգնութենէն և թանձր խաւարով պատած այս աղտոտ խղճմտանքներէն, որոնք ոչ մէկ կերպով կազդւին արդարութեան լոյսէն: Կարելի՞ է միթէ չզգալ զզվանքով լեցուն զարմանք մը, տեսնելով որ կը պաշտպանւին տակաւին այն մարդիկը, որոնք քշեցին երկիրը դէպի փորձութիւններու զարհուրելի խորխորատը: (…) Այս մարդիկը ի՞նչ պիտի պատասխանեն արդեօք այն ծածկագիր հեռագիրներուն և փաստերուն, որ կը գտնւին ամբաստանիչ մարմնի փաստացի որոշմնագրին մէջ, և որոնք անհերքելիօրէն կը հաստատեն թէ Իթթիհատը ամենասերտ կապ ունեցած է «Թէշքիլաթը Մախսուսէ»-ին և ջարդերուն հետ: Թող ուրանան որքան կուզեն, թող պաշտպանեն ու սրբացնեն Իթթիհատը է’ն ուռուցիկ պաշտպանողականներով, արժէք չունի, որովհետեւ Իթթիհատը ա՜լ մեռած է բարոյապէս ազգին համար»[10]:

«Ժողովուրդի ձայնը» օրաթերթի խմբագրությունը, չհամաձայնվելով «Սաբահ»-ում տպագրված վերոհիշյալ հոդվածի վերջին նախադասության հետ, անում էր հետևյալ ճիշտ դիտարկումը . «Դժբախտաբար, հակառակ Սապահի զայրոյթին ու հավաստիացումներուն, Իթթիհատը թէ’ կապրի, եւ թէ’ կը գործէ ամեն տեղ, նոյնիսկ հոս, Պօլսի մէջ, Սապահի քթին տակ: Որքա՛ն իրավունք ունէր կրթական նախարար Ալի Քէմալ պէյը, երբ կը գրէր Սապահին մէջ, ասկէ 1-2 ամիս առաջ, թէ` «որ Թուրքին մորթը քերելու ըլլաս, անոր տակէն Իթթիհատճի մը դուրս պիտի գայ»:

Բացատրութիւններն աւելորդ են»[11]:

1919 թ. մարտի 8-ին սուլթան Մեհմեդ 6-րդ Վահիդեդդինի հատուկ հրամանագրով երիտթուրքական կուսակցության պարագլուխներն ու նախարարները հանձնվում են Ստամբուլի ռազմական արտակարգ ատյանին[12]:

Միություն և առաջադիմություն կուսակցության անդամների դատավարությունն սկսվում է 1919 թ. ապրիլի 28-ին և շարունակվում մինչև նույն տարվա մայիսի 17-ը[13]: Դատավարության ժամանակ հեռակա կարգով մեղադրվում են 11, իսկ ներկա` 20 կուսակցական գործիչներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ: Դատաքննվել են ներկա հետևյալ պաշտոնյաները` վարչապետ Սայիդ Հալիմ փաշան, արտաքին գործերի նախարարներ Հալիլ Մենթեշեն և Ահմեդ Նեսիմին, արդարադատության նախարար Իբրահիմ Փիրիզադեն, կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Քյուչյուք Թալեաթը, կուսակցության կենտրոնական կոմիտեի և Հատուկ կազմակերպության անդամ Ռըզա բեյը, կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Միդհադ Շյուքրյուն, կուսակցության կենտրոնական կոմիտեի և Հատուկ կազմակերպության անդամ Զիյա Գյոքալփը, պարենավորման նախարար և կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Քարա Քեմալը, հանրակրթական նախարար և Հատուկ կազմակերպության անդամ Շյուքրյու բեյը, Ստամբուլի կայազորի հրամանատար և Հատուկ կազմակերպության անդամ Ահմեդ Ջևադը և Անկարայի պատգամավոր ու Հատուկ կազմակերպության անդամ Աթիֆը:

Հեռակա կարգով դատվողներն էին` ներքին գործերի նախարար և վարչապետ Թալեաթը, ռազմական նախարար Էնվերը, ռազմածովային նախարար Ջեմալը, կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ, հանրակրթական նախարար և Հատուկ կազմակերպության ղեկավարներից դոկտոր Նազըմը, կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ և Հատուկ կազմակերպության Արևելյան վիլայեթների բաժանմունքի ղեկավար Բեհաեդդին Շաքիրը, կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ դոկտոր Ռյուսուհին և հասարակական անվտանգության նախարար ու Հատուկ կազմակերպության անդամ Ազիզը:

Դատարանի կազմը բաղկացած էր հետևյալ անձանցից` նախագահ` ֆերիք[14] Նազըմ փաշա, անդամներ` գեներալ-մայորներ Զեքի, Մուստաֆա և Ալի Նազըմ փաշաներ ու գնդապետ Ռեջեփ Ֆերդի բեյ: Դատախազ էր նշանակված Մուստաֆա Նազմի բեյը:

Առաջին նիստում (1919 թ. ապրիլի 28) դատարանի նախագահը նախ, ըստ ընդունված կարգի, հաստատում է մեղադրյալների ինքնությունը, ապա դատական քարտուղարն ընթերցում է դատարանի այն որոշումը, ըստ որի` փախուստի մեջ գտնվող և հեռակա կարգով դատվող ամբաստանյալները մեղադրվում են երկիրը պատերազմի մեջ ներքաշելու, Հատուկ կազմակերպության հետ առնչություններ ունենալու և այլ ոճրագործություններ կատարելու մեջ[15]: Որոշման մեջ նշվում էր նաև, որ դատարանի նախագահը վերոհիշյալ մեղադրյալներին դատարան ներկայանալու համար տվել էր 10 օր ժամանակ, բայց քանի որ չեն ներկայացել, համարվում են օրինազանցներ ու զրկվում քաղաքացիական իրավունքից, իսկ նրանց գույքը բռնագրավվում է[16]: Սույն որոշման ընթերցումից հետո նախագահը ներկայացնում է նաև մեղադրյալների դատապաշտպաններին, այնուհետև դատական քարտուղար Շեֆիքի կողմից ընթերցվում է մեղադրական ակտը[17]:

Հարկ է առանձնահատուկ անդրադառնալ 41 միավոր պաշտոնական և կիսապաշտոնական բնագիր փաստաթղթերի հիման վրա կազմված մեղադրական ակտին, քանի որ այն բաղկացած էր այնպիսի խիստ կարևոր վավերագրերից, ինչպիսիք են ծածկագիր հեռագրերն ու բարձրաստիճան պաշտոնյաների և զինվորականների տված վկայությունները[18]: Բացի այդ` Միություն և առաջադիմություն կուսակցության անդամների դատավարության ամբաստանագրում արձանագրված փաստերն օգտագործվել են նաև այլ դատաքննությունների ժամանակ, հանգամանք, որը մեկ անգամ ևս հաստատում է, որ հայերի կոտորածները համակարգվել են երիտթուրքական կուսակցության կենտրոնական կոմիտեի ու կառավարության կողմից: Գլխավոր ամբաստանագրում տեղ գտած վավերագրերի մեծ մասը բաղկացած էր կուսակցության կենտրոնական կոմիտեի և կառավարության անդամների կողմից հղված գաղտնի հրահանգներից ու ծածկագիր հեռագրերից: Մեղադրական ակտում նշվում էր, որ դատական գործի հիմնական նպատակը հայերի տեղահանման ժամանակ տեղի ունեցած ողբերգության հետաքննությունն է: Մեղադրական ակտն ընդգծում էր, որ հայերի բնաջնջումը նախապես որոշվել էր Իթթիհաթ վե թերաքքի կուսակցության կենտրոնական կոմիտեի մանրամասն քննարկումների արդյունքում: Այսպես` գրավոր կերպով վկայություն տված օսմանյան երրորդ բանակի հրամանատար Մեհմեդ Վեհիբ փաշան[19] հայտնել էր, թե հայերի հանդեպ կատարված վայրագություններն ու կոտորածները, ինչպես նաև` ունեցվածքի կողոպուտը որոշված են եղել Միություն և առաջադիմություն կուսակցության կենտրոնական կոմիտեի կողմից, և որ այդ ջարդերի իրականացման համար Բեհաեդդին Շաքիրը[20] երրորդ բանակի շրջանում պատրաստել է հատուկ մարդասպաններ, որոնց ղեկավարել է անձամբ[21]: Ամբաստանագրում շեշտվում էր, որ Միություն և առաջադիմություն կուսակցության ղեկավարների կողմից բանտերից ազատված հանցագործներից ստեղծված Հատուկ կազմակերպության բուն նպատակն է եղել ոճրային արարքներ կատարելը, և նշվում, թե տվյալ կազմակերպությունը սերտ կապերի մեջ է եղել Իթթիհաթ վե թերաքքիի հետ, և որ սույն կազմակերպության գլխավոր պաշտոնյաները հանդիսանում էին կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամները, նաև ընդգծվում, թե Հատուկ կազմակերպության ավազակները հետագայում օգտագործվել են տեղահանման ենթարկված հայերի բնաջնջումը կազմակերպելու նպատակով: Մեղադրական ակտը նաև անդրադառնում էր կենտրոնական կոմիտեի փաստաթղթերի վերացմանը: Ամբաստանագրում շեշտվում էր, թե հայերի տեղահանության ընթացքում տարբեր ժամանակներում և վայրերում տեղի ունեցած հանցագործությունների հետաքննությունը բացահայտել է, որ այդ ոճիրները ոչ թե կրել են տեղական բնույթ, այլ կանխամտածվել և իրականացվել են մեղադրյալներից կազմված «հատուկ կենտրոնի» բանավոր հրահանգներով ու գաղտնի հրամաններով, և որ լիովին ապացուցվել է, թե հայերի կոտորածները կատարվել են Թալեաթի, Էնվերի և Ջեմալի անմիջական հրամաններով ու գիտությամբ: Ամբաստանագիրն անդրադառնում էր կուսակցության պատասխանատու քարտուղարների, պատվիրակների և տեսուչների այն առանցքային դերին, որ նրանք ունեցել էին Ցեղասպանության իրականացման գործում, և որպես օրինակներ մատնանշում էր Բոլուից և այլ վայրերից հայերի տեղահանությունն իրականացրած Բուրսայի պատասխանատու քարտուղար Միդհադին, ինչպես նաև` հայերի ջարդերի կազմակերպիչներ Բալըքեսիրի տեսուչ Նազըմին, Չանքըրըի պատասխանատու քարտուղար Ջեմալ Օղուզին, Անկարայի պատասխանատու քարտուղար Նեջաթիին և այլոց[22]: Մեղադրական ակտում ընդգծվում էր, որ իթթիհադականներն օգտվել են Առաջին համաշխարհային պատերազմի ընձեռած հնարավորությունից` իրենց գաղտնի ծրագրերը (իմա` Հայոց ցեղասպանությունը) իրականացնելու համար: Ամբաստանագրում հերքվում էր նաև Մեծ եղեռնի հեղինակների և Ցեղասպանությունը ժխտող թուրք պատմաբանների այն «փաստարկը», թե տեղահանությունն իրականացվել է որպես ռազմական միջոցառում: Ըստ մեղադրական ակտի` հաշվի առնելով այն փաստը, որ, օրինակ, Բոլուն[23] չէր համարվում պատերազմական գոտի« աներկբայորեն հավաստում էր, որ հայերի բռնագաղթն ուղղված էր կուսակցության նպատակների և մտադրությունների իրականացմանը. նման գործողությունները չէին բխում ռազմական անհրաժեշտությունից: Դրանք ո՜չ պատժիչ գործողություններ էին, ո՜չ էլ կարգապահական:

Մեղադրական ակտը հատուկ անդրադառնում էր նաև հայերի բնաջնջման մեթոդներին, հայերի ունեցվածքի յուրացմանը և կատարված չարաշահումներին: Ամբաստանագրում շեշտվում էր, որ երիտթուրքերի կուսակցության անդամների մեծ մասը հարստացել էր հայերի անշարժ ու շարժական գույքերի կողոպտման հաշվին[24]:

Ամբաստանագրում նշվում էր, որ կուսակցությունն ու կառավարությունը բացահայտ հրաման էին արձակել հայերի կոտորածների համար: Որպես ապացույց բերվում էր այն ծածկագիր հեռագիրը, որում հրահանգվում էր ոչնչացնել հեռացված հայերին: Փաստաթղթում ընդգծվում էր, որ հայերի կոտորածների գործում, կուսակցության կազմակերպության ցանցի հետ մեկտեղ, ներգրավված են եղել նաև քաղաքացիական և ռազմական իշխանությունները, և որ ջարդերն ուղղորդվել ու վերահսկվել են Ներքին գործերի նախարարության և անձամբ նախարար Թալեաթի կողմից: Ամբաստանագրում շեշտվում էր նաև, որ հայերին պաշտպանել համարձակվող պաշտոնյաներին ու հասարակ մարդկանց սպառնացել էին պաշտոնազրկմամբ և անգամ մահապատժով: Որպես օրինակ էր մատնանշվում երրորդ բանակի հրամանատար Մահմուդ Քյամիլի ստորագրությունը կրող հեռագիրը, ըստ որի բովանդակության` յուրաքանչյուր մահմեդական, ով կպաշտպանի որևէ հայի, կախաղան կբարձրացվի հենց իր տան դիմաց, իսկ նրա տունը հիմնովին կհրկիզվի: Եթե հային պաշտպանողը պետական պաշտոնյա է, ապա նա կհեռացվի աշխատանքից ու կհանձնվի Ռազմական դատարանին:

Գլխավոր մեղադրական ակտում բերված էին նաև տեղահանված ու սպանված հայերի թվի մասին մի շարք վիճակագրական տվյալներ: Ըստ ամբաստանագրի` Անկարայից տեղահանվել էր 61 հազար, իսկ Դիարբեքիրից` 120 հազար հայ[25]:

Ամբաստանագրում անդրադարձ կար նաև մեղադրյալների ու վերջիններիս դատապաշտպանների այն պնդմանը, թե Ռազմական դատարանն իրավասու չէր դատելու նրանց, և որ նրանք պետք է դատվեն Գերագույն դատարանի կողմից: Դատախազը համարում էր, թե նախարարների ոճրագործությունները չեն կատարվել ի պաշտոնե, այլ եղել են սովորական հանցագործություններ:

Ըստ մեղադրական ակտի` գլխավոր հանցագործներ էին համարվում Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, Ջևադը, Բեհաեդդին Շաքիրը, դոկտոր Նազըմը, Աթիֆը, Ռըզա և Ազիզ բեյերը, իսկ մասնակիցներ` Միդհադ Շյուքրյուն, դոկտոր Ռյուսուհին, Քյուչյուք Թալեաթը, Զիյա Գյոքալփը, Քարա Քեմալը, Ահմեդ Նեսիմին, Շյուքրյուն, Հալիլը և Սայիդ Հալիմը:

Հարկ է նշել, որ Ռազմական արտակարգ ատյանի` նախարարներին դատելու իրավասության խնդիրը մեղադրյալների դատապաշտպանների կողմից բարձրացվում է դատավարության առաջին իսկ նիստում: Փաստաբանների կոլեգիայի նախագահ և Իրավաբանական դպրոցի պրոֆեսոր Ջելալեդդին Արիֆի[26] գլխավորությամբ ամբաստանյալների շահերը պաշտպանող 16 դատապաշտպաններն այդպիսով ձգտում էին ժամանակ շահել և հետաձգել դատը: Մեղադրյալների փաստաբաններն էին Հասան Հայրի Թանը և Ջելալեդդին Արիֆը, ովքեր պաշտպանում էին ամբաստանյալ Սայիդ Հալիմին, Էսադը, Քյազըմը և Թահսինը` Հալիլ Մենթեշեին, Սաքին ու Էսադ Մուհլիսը` Ահմեդ Նեսիմիին, Սադեդդին Ֆերիդը` Շյուքրյուին, Մահմուդ Մահիրը, Յուսուֆ Ջեմալն ու Քադրին` Իբրահիմ Փիրիզադեին, Սադեդդին Ֆերիդը, Ահմեդ Ռամիզը և Մահմուդ Մահիրըª Միդհադ Շյուքրյուին, Հայդար Ռըֆաթն ու Իսմայիլ Թևֆիկը` Զիյա Գյոքալփին, Միշոն Վենտուրան` Ջևադին և Ալի Հայդարը` Մուսա Քյազիմին և Հաշիմին[27]:

Դատապաշտպանները դատավարության և՜ առաջին« և՜ երկրորդ նիստերի ընթացքում հարցականի տակ են դնում ռազմական արտակարգ ատյանների` նախարարների նկատմամբ դատաքննություն իրականացնելու իրավասությունը` այն վերապահելով Գերագույն դատարանին և իրենց առարկությունները փորձելով հիմնավորել օսմանյան Սահմանադրության մի շարք կետերով: Պաշտպանող կողմը մասնավորապես վկայակոչում էր Սահմանադրության 31-րդ հոդվածը, համաձայն որի` հանցագործությունն ի պաշտոնե կատարելու դեպքում նախարարներին իրավազոր էր դատելու միայն Գերագույն դատարանը: Ըստ պաշտպանող կողմի` հանցագործության` անձնական բնույթ ունենալու դեպքում անգամ ընդդատությունը պետք է անցներ քրեական և ոչ թե ռազմական դատարաններին: Որպես փաստարկ բերվում էր նաև այն հանգամանքը, թե 1918 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին նախարարներին հարցաքննած օսմանյան խորհրդարանի Հինգերորդ հանձնախումբը որոշում էր կայացրել նրանց գործերն ուղարկել Գերագույն դատարան[28]:

Ռազմական ատյանը գլխավոր դատավարության առաջին (1919 թ. ապրիլի 28) և երկրորդ (1919 թ. մայիսի 4) նիստերի ժամանակ հերքեց դատապաշտպանների փաստարկները` Ռազմական ատյանի անիրավասության վերաբերյալ: Նախ մերժվում էր հանցագործությունների` պաշտոնական պարտականությունների իրականացման հետ կապված լինելու փաստարկը. ընդգծվում էր, որ մեղադրյալները դատվում են ոչ թե որպես նախարարներ« այլ` գաղտնի ու դավադիր կազմակերպության անդամներ[29]:

Ի պատասխան պաշտպան փաստաբանների` քրեական (և ոչ թե ռազմական) ատյանի իրավասությունը պաշտպանող փաստարկի` Ռազմական դատարանը նշում էր, որ շարունակում էր գործել դեռևս Իթթիհադի իշխանության տարիներին հայտարարված ռազմական դրությունը, որի դեպքում, ըստ Սահմանադրության` ռազմական դրությանը վերաբերող 113-րդ հոդվածի` բոլոր քաղաքացիական օրենքները ժամանակավորապես կասեցվում են[30]:

Դատարանը նմանապես մերժում է ամբաստանյալների այն փաստարկը, ըստ որի, օսմանյան խորհրդարանի Հինգերորդ հանձնախումբը որոշել էր նախարարների գործերն ուղարկել Գերագույն դատարան: Ռազմական ատյանի հերքման համաձայն` սուլթանի կողմից խորհրդարանի լուծարման պայմաններում (1918 թ. դեկտեմբերի 21) Հինգերորդ հանձնախմբի անդամների քվեարկությունը չէր կարող օրինական համարվել: Եվ ի վերջո` Ռազմական ատյանին մեղադրյալներին դատելու իրավունք էր շնորհվել սուլթանի հատուկ ֆերմանով (հրովարտակով)[31]:

Կուսակցության անդամների դատավարության երկրորդ նիստում ևս (1919 թ. մայիսի 4) դատարանը հերքում է Ռազմական ատյանի իրավասության խնդիրը հարցականի տակ դնող փաստարկները` ընդգծելով, որ այդ որոշումն ընդունվել է «առանց շեղվելու Ղուրանի փառապանծ օրենքներից և լի է Աստծո հանդեպ երկյուղածությամբ»[32]:

Ռազմական ատյանների` կուսակցության անդամ նախարարներին դատելու իրավասության խնդիրն արծարծվել է նաև տվյալ ժամանակաշրջանում Ստամբուլում հրապարակվող թերթերում: Հիշատակման է արժանի հատկապես «Ժողովուրդի ձայնը» քաղաքական-հասարակական օրաթերթը, որի էջերում տպագրվել են խնդիրը լուսաբանող մի շարք հոդվածներ: 1919 թ. մայիսի 3-ի համարում այս հարցի շուրջ իրենց տեսակետն են արտահայտում երկու հայտնի եվրոպացի իրավագետներ: Առաջինը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը, շեշտում է մեղադրյալների ոչ թե որպես նախարար, այլ իբրև գաղտնի կազմակերպության անդամ դատվելու հանգամանքը: Նույն կերպ է խնդիրը մեկնաբանում նաև երկրորդ մասնագետը` ֆրանսիացի ճանաչված փաստաբան Սեզար Բոնիեն[33]:

Նշված պարբերականի հաջորդ համարում հայ իրավաբան Հմայակ Խոսրովյանը այս հարցի առնչությամբ զուգահեռներ է անցկացնում ֆրանսիական օրենսդրության հետ: Մասնագետը նշում է, թե նախարարներին դատելու իրավասությանը վերաբերող համանման օրենք առկա է նաև Ֆրանսիայի Սահմանադրության մեջ, սակայն վերոհիշյալ օրենքը ոչ թե պարտադրում է, այլ` կարելիություն ենթադրում: Անդրադառնալով երիտթուրքերի կուսակցության անդամների դատավարությանը` հայ իրավաբանը պաշտպան փաստաբաններից պահանջում է մատնանշել որևէ բացառիկ օրենք, որը կհաստատի, թե սովորական դատարաններն իրավասու չեն դատելու նախարարներին: Որպես վերջնական փաստարկ` Խոսրովյանը հղում է կատարում դատարանի կողմից արդեն նշված այն փաստարկին, թե իթթիհադականների օրոք հայտարարված ու դեռևս շարունակվող ռազմական դրությունը կասեցնում է քաղաքացիական, այդ թվում և` սահմանադրական բոլոր օրենքները[34]:

Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ դատապաշտպանների բերած այն փաստարկը, թե նախարարները հանցավոր էին ի պաշտոնե, համապատասխանում էր իրականությանը. թեև հայերի բնաջնջման որոշումն ընդունվել էր Միություն և առաջադիմություն կուսակցության կենտրոնական կոմիտեի գաղտնի նիստերում, սակայն Հայոց ցեղասպանության պատասխանատվությունն ընկնում էր նաև տվյալ ժամանակաշրջանի օսմանյան կառավարության ամբողջ պետական ապարատի վրա, քանի որ «Տեղահանության մասին» որոշումը հաստատվել էր Նախարարների և Պետական խորհուրդների կողմից, իսկ հայերի տեղահանությունն ու ոչնչացումն իրականացվել էր պետական օղակների և իշխանության միջոցով:

Կուսակցության և կառավարության անդամների երկրորդ նիստում` 1919 թ. մայիսի 4-ին, գլխավոր դատախազ Մուստաֆա Նազմին հայտարարում է, որ նախարարների հարցաքննությունը դեռևս ավարտված չէ, և պահանջում հետաձգել վերջիններիս դատաքննությունը[35]: Դատարանի կազմն առանձնացնում է կառավարության անդամ եղած մեղադրյալների դատական գործերը և դրանք հետ ուղարկում դատախազություն: Այս մեղադրյալները պետք է դատվեին այն նախարարների հետ, որոնց հարցաքննությունը դեռ չէր ավարտվել, կամ ովքեր դեռ չէին ձերբակալվել[36]: Այդպիսով` մինչև 1919 թ. մայիսի 17-ը ներկա կարգով քննվում են միայն Միդհադ Շյուքրյուի, Զիյա Գյոքալփի, Քյուչյուք Թալեաթի, Ռըզայի, Աթըֆի ու Ջևադի, իսկ հեռակա կարգով` բժիշկներ Նազըմի, Բեհաեդդին Շաքիրի, Ռյուսուհիի, ինչպես նաև` Ազիզի գործերը:

Կուսակցության անդամների դատավարության ժամանակ մեղադրյալները դատարանի նախագահին տված հարցերին պատասխանելիս տալիս են միանման ցուցմունքներ: Այս առումով մեծ դեր էր խաղացել այն, որ ամբաստանյալներին բանտում հնարավորություն էր տրվել իրար հետ զրուցել ու քննարկել իրավիճակը և համադրել ապագայում իրենց կողմից տրվելիք ցուցմունքները: Հատկապես առաջին նիստերի ընթացքում ամբաստանյալները տալիս են խուսանավող պատասխաններ, միաբերան ասում, թե տեղյակ չեն եղել հայերի կոտորածների մասին, ձևացնում, թե չեն հասկանում նախագահի հարցերը, ասում, թե բոլորովին չեն հիշում այն ժամանակվա դեպքերը[37]:

Սակայն դատավարության հետագա նիստերի ժամանակ ամբաստանյալները չեն կարողանում շարունակել այդ ռազմավարությունը: Ռազմական ատյանի կազմը, տարբեր մեթոդների դիմելով, կարողանում է կոտրել նրանց համառությունը: Կուսակցության անդամների դատավարության վերջին նիստերում դատարանը կիրառում է խաչաձև հարցաքննության մեթոդը, անսպասելիորեն որպես փաստ ընթերցել է տալիս մեղադրյալների սեփական ստորագրությունը կրող ծածկագիր հեռագրեր կամ բանավոր ու գրավոր վկայություններ: Այս բոլոր մեթոդներն արդյունավետ են լինում, և մեղադրյալները, հրաժարվելով կոշտ ժխտողական դիրքորոշումից, սկսում են հայտնել որոշ կարևոր տեղեկություններ:

Այսպես` դատավարության վեցերորդ նիստի ժամանակ (1919 թ. մայիսի 14) Հատուկ կազմակերպության անդամ Աթիֆը խոստովանում է, որ կուսակցության կենտրոնական կոմիտեն օժանդակել է Թեշքիլյաթ-ը մահսուսային[38]: Նույն նիստում վերոնշյալ մեղադրյալը հաստատում է նաև Հատուկ կազմակերպության ջոկատների` բանտից հանված հանցագործներից կազմավորված լինելու փաստը[39]:

1919 թ. ապրիլի 10-ին Յոզղատի հայերի տեղահանության և կոտորածների դատավճռով կախաղան բարձրացված Բողազլըյան գավառի կայմակամ (գավառապետ) Մեհմեդ Քեմալի մահապատժից հետո Թուրքիայում լարվում է ներքաղաքական մթնոլորտը: 1919 թ. մայիսի 15-ին, երբ Հունաստանը գրավում է Իզմիրը, արդեն իսկ լարված մթնոլորտն ավելի է շիկանում: 1919 թ. մայիսի 20-ից մինչև 23-ը զանգվածային ցույցեր են կազմակերպվում Ստամբուլում: Քաղաքում անգամ լուրեր էին տարածվել, թե այն կալանատունը, որում արգելափակված էին բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած մեղարյալները, այսինքն` «Բեքիրաղա Բյոլյուղու» կոչված բանտը, զինված հարձակման էր ենթարկվելու ճիշտ այնպես, ինչպես Բաստիլը` ժամանակին[40]: Ի դեպ` 1919 թ. մայիսին այս բանտում արդեն կալանավորված էին առնվազն 250 հոգի[41]: 1919 թ. մայիսի 23-ին Ստամբուլում տեղի է ունենում դատավարության դեմ ուղղված ամենազանգվածային ցույցը, որին, ըստ որոշ տվյալների, մասնակցում են 200 հազար հոգի. նրանց մեծ մասը իթթիհադական էր[42]: Այս ցույցերը վկայում են, որ երիտթուրքերը դեռ շարունակում են մեծ ուժ ներկայացնել երկրում: Այդ մասին օսմանյան «Փեյամ» օրաթերթը գրել է. «Իթթիհատը մեռնելու վրա էր, եթե չլինեին Իզմիրի դեպքերը՚[43]: Վարչապետ Դամադ Ֆերիդի կառավարությունը լարվածությունը մեղմելու նպատակով ազատ է արձակում վերոհիշյալ կալանավայրում արգելափակված 41 բանտարկյալների, ովքեր կասկածվում էին հատկապես հայերի կոտորածների հետ առնչություն ունենալու մեջ[44]: Դամադ Ֆերիդը նաև որոշում է ժամանակավորապես դադարեցնել կուսակցության անդամների դատաքննությունը:

Այս բոլոր իրադարձությունների ազդեցության տակ Մեծ Բրիտանիայի գերագույն կոմիսարի տեղակալ, ծովակալ Վեբը որոշում է «Բեքիրաղա բյոլյուղյու» բանտում արգելափակված մյուս կալանավորներին տեղափոխել ավելի ապահով մի վայր[45], քանի որ Մեծ Բրիտանիան սկսել էր չվստահել թուրքական դատարաններին, բացի այդ` մտադիր էր սեփական դատարանի միջոցով դատապարտել պատերազմական հանցագործներին: Ծովակալ Վեբը շատ շտապ պատրաստում է ամենավտանգավոր հանցագործների ցուցակը: 59 հոգուց բաղկացած այդ ցուցակում տեղ են գտնում առաջինը Մալթա աքսորվելիք անձանց անունները[46]: 1919 թ. մայիսի 28-ին անգլիացիները 67 բանտարկյալի «Բեքիրաղա բյոլյուղյու» բանտից նավով տեղափոխում են Մալթա կղզի[47]: Վերջին պահին գեներալ Միլնը (Մեծ Բրիտանիա) նավ է նստեցնում ևս 11 հանցագործի[48]: Աքսորյալների առաջին խումբը մեծ մասամբ բաղկացած է լինում իթթիհադական հանցագործներից: Մեծ Բրիտանիային հանձնված ամբաստանյալների մեջ էին նախկին վարչապետ Սայիդ Հալիմ փաշան, հանրային գործերի նախկին նախարար Աբբաս Հալիմ փաշան, նախկին շեյխուլիսլամ Հայրի էֆենդին, արտաքին գործերի նախկին նախարար Ահմեդ Նեսիմին, արդարադատության նախկին նախարարներ Հալիլը և Իբրահիմը, ներքին գործերի նախկին նախարար Իսմայիլ Ջանփոլադը, հանրային գործերի նախկին նախարար Ալի Մյունիֆը, հանրակրթական նախկին նախարար Շյուքրյուն և պարենավորման նախկին նախարար Քարա Քեմալը[49]:

Հարկ է նշել, որ Մալթա աքսորյալների մեջ են լինում նաև տվյալ պահին Ռազմական արտակարգ ատյանի կողմից դատաքննվող մի քանի մեղադրյալներ: Վերջիններիս` անգլիացիներին հանձնվելու մասին դատարանին է հայտնում Ստամբուլի պահնորդ, գեներալ-մայոր Սեյիդ փաշան, որի` Ռազմական ատյանին հղած տեղեկագրում նշված էր, թե ամբաստանյալները 1919 թ. մայիսի 28-ին` չորեքշաբթի օրը` ժամը 2:30-ին, հանձնվել են Մեծ Բրիտանիայի հրամանատարությանը[50]: Վերոնշյալ գրությունը դատարանում ընթերցվում է կառավարության անդամների դատաքննության առաջին նիստում` 1919 թ. հունիսի 3-ին: Դատարանի նախագահը հարցնում է դատախազի կարծիքը: Վերջինս առաջարկում է առանձնացնել Մալթա աքսորված մեղադրյալների դատական գործերը[51]:

Այդպիսով` վերոհիշյալների թղթապանակներն առանձնացվում են` հետագայում քննվելու նպատակով, սակայն նրանք այդպես էլ մնում են անպատիժ: Թեև Մեծ Բրիտանիան սկզբում իրոք վճռականորեն մտադրված է լինում դատապարտել Մալթա աքսորված պատերազմական հանցագործներին, այդ թվում նաև` Հայոց ցեղասպանության պատասխանատուներին, սակայն հետագայում նրա վճռականությունը հետզհետե թուլանում է, և Մեծ Բրիտանիան ցեղասպանության ոճրագործներին ի վերջո փոխանակում է անգլիացի ռազմագերիների հետ: Դեպքերի այդ զարգացումը պայմանավորված է եղել նախ Թուրքիայում ազգայնական շարժման ծավալման հետ: Բացի այդ, Մեծ Բրիտանիային անհանգստացնում էին թե՜ թուրք-բոլշևիկյան կապերը, և թե՜ այն, որ քեմալականների հետ փորձում էր գաղտնի կապեր հաստատել և Մեծ Բրիտանիայի թիկունքում նրանց հետ համաձայնության գալ նաև իր դաշնակից Ֆրանսիան:

Այսպես, թուրքական «Աքշամ» օրաթերթը 1921 թ. մայիսի սկզբին գրում էր, թե Ֆրանսիայում Անկարայի դեսպան Բեքիր Սամիին Լոնդոնում հաջողվել էր ազատ արձակել տալ Մալթայի աքսորյալներին, իսկ Հռոմում Թուրքիայի ներկայացուցիչ Օսման Նիզամի փաշան հեռագրել էր, որ Մալթայի կալանավորներն աքսորավայրից հասել են Իտալիա: Ազատ արձակվածների այդ առաջին քարավանը բաղկացած էր 40 հոգուց, որոնցից 33-ը գնացել էր Տարանտո, իսկ 7-ը` Սիցիլիա[52]: 1921 թ. մայիսի 19-ին Մալթայի 21 աքսորյալներ «Ֆրանց Ֆերդինանդ» շոգենավով վերադարձել էին Կոստանդնուպոլիս[53]:

Մեծ Բրիտանիայի կողմից դատավարություն կազմակերպելու խնդրում ի հայտ եկած արգելքները չէին կրում միայն քաղաքական բնույթ: Հիմնական խնդիրներից մեկն էր նաև ոճրագործությունները հաստատող ապացույցներ գտնելու հարցը: Այսպես` 1920 թ. կեսերին Ստամբուլում Մեծ Բրիտանիայի Գերագույն կոմիսարության քաղաքական իրավունքի մասնագետ Լամբը մի բացատրագիր է ներկայացնում, որում մեկ առ մեկ նշվում են Հայոց ցեղասպանության պատասխանատուներին պատժելու համար անհրաժեշտ ապացույցներ գտնելու հարցում առաջացած դժվարությունները` 1. կենտրոնական կառավարության կամ նահանգապետարանների իրավասուների կողմից տրված հրամանների կամ հրահանգների վերաբերյալ փաստաթղթեր գտնելու անկարելիությունը, 2. դաշնակից պետությունների վարանումը` կոտորածների կազմակերպիչներին դատապարտելու հարցում, 3. վիլայեթներում հասուն հայ տղամարդկանց մեծ մասի և գրեթե բոլոր մտավորականների սպանված լինելը և այլ հանգամանքներ[54]:

Անգլիացիներն անհրաժեշտ փաստաթղթերը գտնելու հույսով դիմում են նաև ԱՄՆ-ին, քանի որ վերջինս տիրապետում է կարևոր արխիվային նյութերի, սակայն Միացյալ Նահանգները ևս չի ցանկանում աջակցել Մեծ Բրիտանիային[55]:

Թուրք ամբաստանյալների` Մալթա աքսորվելուն հաջորդած ամիսներին քաղաքական մթնոլորտը Թուրքիայում սկսում է փոխվել հօգուտ քեմալականների: Վերջիններս հետզհետե ավելի հզորանում են, իսկ Ստամբուլի կառավարությունը` թուլանում:

Քեմալական շարժումն իրականում առաջնահերթ ուղղված է եղել ոչ թե մեծ տերությունների, Օսմանյան կայսրությունը մասնատել և գրավել ցանկացող օտար ուժերի դեմ, այլ` Թուրքիայի ազգային փոքրամասնությունների, ինչն առաջինն ապացուցում է Դողան Ավջըօղլուն[56]: Այս տեսակետին են նաև թուրք պատմաբաններ Ֆիքրեթ Բաշքայան, Բասքըն Օրանը և Թաներ Աքչամը[57]: Ինչպես, օրինակ, նշում է Թ. Աքչամը. «Դա բացահայտ երևում է թուրք ազգային պայքարի ջատագովը եղած «Իրավունքի պաշտպանության» ընկերությունների (Müdafaa-i Hukuk Cemiyetleri) ստեղծման ակունքներում ու կայացրած որոշումներում: Եթե հայացք գցենք այն շրջանների վրա, որտեղ հիմնվել են վերոհիշյալ կազմակերպությունները, ապա կտեսնենք, որ դրանք հիմնվել են այնտեղ, որտեղ եղել է հայկական կամ հունական վտանգ: 1918 թ. հոկտեմբերի 30-ին Մուդրոսի զինադադարի կնքումից հետո մինչև նույն տարվա վերջը հիմնված առաջին 5 կազմակերպություններից 3-ը ստեղծվել են ընդդեմ հայկական փոքրամասնության« 2-ն էլ` հունական՚[58]:

Ազգայնական շարժումը նախաձեռնվել է Միություն և առաջադիմություն կուսակցության կողմից: Դեռևս Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Իթթիհաթ վե թերաքքի կուսակցության կենտրոնական կոմիտեն մանրամասն ծրագրեր է մշակել` պատերազմը տանուլ տալու դեպքում ձեռնարկվելիք քայլերի մասին[59]: Այդ ծրագրերից մեկն էլ նախատեսում էր, որ պարտության դեպքում զինված պայքարը շարունակվելու էր Թուրքիայի ներքին շրջաններում: Խոսքը երկարատև դիմադրության մասին էր [60]: Թալեաթ փաշան 1918 թ. սեպտեմբերին Գերմանիա կատարած այցից վերադառնալիս սեփական աչքով է ականատես դառնում բուլղարական բանակի կործանմանը: Թալեաթը Ստամբուլ է վերադառնում` լիովին վստահ, որ պատերազմն արդեն տանուլ է տրված, և անցնում դեռևս պատերազմի սկզբին մշակված ծրագրի իրագործմանը: Մուդրոսի զինադադարի կնքումից մեկ օր անց` 1918 թ. հոկտեմբերի 31-ի գիշերը, Թալեաթն իր տուն է հրավիրում իթթիհադականներ Քարա Քեմալին ու Քարա Վասըֆին և ասում. «Տեսե’ք« ձեզ ինձ մոտ կանչելու հիմնական պատճառը Մուստաֆա Քեմալն է: Պայմանները շատ ծանր են: Այս խիստ պայմանների դեմ պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկել, բայց ո՞վ է դա անելու: Պետք է մի ամուր ձեռք: Օրինակ` Մուստաֆա Քեմալ փաշան… Նա մաքուր անցյալ ունի: Ժողովուրդն էլ է սիրում նրան: Կարծում եմ, որ Մուստաֆա Քեմալ փաշան մի կարևոր գործ է ձեռնարկելու: Նրան պետք է օգնել»[61]:

Թալեաթը նրանց հաղորդում է, որ իրադրության մասին տեղյակ է նաև կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Միդհադ Շյուքրյուն, որը հետևելու է իրավիճակին: Այս հանդիպումից որոշ ժամանակ անց հիմնվում է ազգայնական շարժման մեջ կարևոր դերակատարում ունեցած «Քարաքոլ» գաղտնի կազմակերպությունը[62]:

Դարձյալ նույն ժամանակաշրջանում փոխվում է նաև Հատուկ կազմակերպության անվանումը, և Թեշքիլյաթ-ը մահսուսան վերածվում է Ընդհանուր իսլամական աշխարհի հեղափոխական կոմիտեի (Umumi İslam Alemi İhtilal Komitesi), որի կազմավորման հիմնական նպատակն է դառնում Հայոց ցեղասպանության պատճառով հետաքննության մեջ գտնվող Հատուկ կազմակերպության անդամների պաշտպանությունը[63]:

Իրավունքի պաշտպանության առաջին կազմակերպությունները հիմնվել են անմիջականորեն Թալեաթ փաշայի ու Միություն և առաջադիմություն կուսակցության կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ[64]:

Քանի որ ազգայնական շարժման ձևավորման ժամանակ թուրքերը, ի դեմս իթթիհադականների, մեղադրվում են քրիստոնյա բնակչության նկատմամբ ցուցաբերած բռնությունների և հատկապես հայերի կոտորածների մեջ, քեմալականները սկզբնական փուլում ձգտում են դաշնակից պետություններին ամեն կերպ համոզել, թե իբր իրենք ոչ մի կապ չունեն Միություն և առաջադիմություն կուսակցության հետ: Դա նկատելի է նաև Մուստաֆա Քեմալի` այդ ժամանակաշրջանում տված հարցազրույցներից[65]: Բացի այդ` «իթթիհադական» բառը շատերի մոտ գրեթե վերածվել էր հայրենիքի դավաճանի հոմանիշի: Սակայն իրականում ազգայնական շարժումը նախաձեռնողների մեջ մեծ թիվ են կազմում Հայոց ցեղասպանության պատասխանատուները, իսկ այդ շարժման կորիզը` Հատուկ կազմակերպության անդամները: Հետագայում քեմալականների շարքերն են անցնում նաև Մալթա աքսորվածները, ովքեր հանրապետական շրջանում զբաղեցնում են կարևոր պետական պաշտոններ: Այսպես, օրինակ, Հայոց ցեղասպանության ժամանակ Բիթլիսի և Հալեպի նահանգապետը եղած և այստեղի հայերի կոտորածների համար պատասխանատու Աբդուլհալիք Ռենդան Մալթայի աքսորից վերադառնալուց հետո զբաղեցրել է Իզմիրի նահանգապետի, 1924-1930 թթ.` ֆինանսների, ազգային պաշտպանության և ռազմածովային նախարարների պաշտոնները, իսկ 1935 թ.` ընտրվել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ« հետագայում եղել է նաև պետնախարար: Հալեպ և Ադանա վիլայեթներում կատարված տեղահանության ու կոտորածների պատասխանատու Շյուքրյու բեյը Մալթայից փախչելուց հետո որոշ ժամանակ գտնվել է Իտալիայում և Գերմանիայում, իսկ Թուրքիա վերադառնալուց հետո` դարձել պատգամավոր, ինչպես նաև` գյուղատնտեսության, արտաքին ու ներքին գործերի նախարար: Տեղահանության ժամանակ Վանի և Էրզրումի նահանգապետը եղած Հասան Թահսին Ուզերը, ով հայերի դեմ կոտորածները ղեկավարած լինելու մեղադրանքով աքսորվել էր Մալթա, Թուրքիա վերադառնալուց հետո եղել է Արդահանի, Էրզրումի ու Կոնիայի պատգամավոր: Միություն և առաջադիմություն կուսակցության գլխավոր քարտուղար Միդհադ Շյուքրյու Բլեդան պատգամավոր է ընտրվել հանրապետական շրջանում: Իթթիհադի իշխանության տարիներին պատգամավորների պալատի նախագահի, ինչպես նաև` ներքին գործերի, արդարադատության և արտաքին գործերի նախարարի պաշտոնները զբաղեցրած Հալիլ Մենթեշեն նույնպես պատգամավոր է ընտրվել հանրապետական շրջանում: Ահմեդ Մուամմեր Ջանքարդեշը, ով Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանում եղել է Սըվասի և Կոնիայի վալին« հանրապետական շրջանում դարձել է պատգամավոր: Ալի Մյունիֆ Եղենաղան, ով Մալթա էր աքսորվել Լիբանանում հայերի կոտորածները կազմակերպելու մեղադրանքով, քեմալական շրջանում դարձել է քաղաքապետ ու պատգամավոր: Այնթապի հայության սպանդի կազմակերպիչներից Միություն և առաջադիմություն կուսակցության ներկայացուցիչ Ալի Քենանը, ով Հայոց ցեղասպանության տարիներին մեծ հարստություն էր դիզել` հայերի լքյալ գույքերը յուրացնելով, եղել էր Ռազմական արտակարգ ատյանի կողմից կալանավորվածների և Մալթա աքսորվածների շարքում: Ալի Քենանը 1923 թ. նշանակվել է Թուրքիայի Հանրապետության առևտրի նախարար[66]: Ինչպես նշում է Վարդգես Եղիայանի «Մալթայի վավերագրերը. Անգլիայի արտաքին գործերի նախարարության «Թուրք պատերազմական հանցագործները» թղթապանակը» գրքի առաջաբանի հեղինակ Ալի Սայիդ Չեթինօղլուն. 1934 թ. ընդունված «Ազգանունների մասին» օրենքի հրապարակումից հետո նրանցից շատերը թաքնվել են նոր անվան տակ և այդպիսով կորցրել իրենց հետքը[67]:

Երիտթուրքերի դատապարտումը քեմալական իշխանության կողմից ընկալվել է որպես Թուրքիայի մասնատման ծրագրի մի մաս: Երբ անգլիացի գործակալ Ֆրյուն Մուստաֆա Քեմալի ուշադրությունն է հրավիրում քեմալականների կողմից իթթիհադականների հանցագործությունները դատապարտելու անհրաժեշտության վրա` ասելով, թե «Նախ և առաջ պարտավոր եք ընդունել Իթթիհաթ վե թերաքքիի ոճրագործությունները», Քեմալը մերժում է երիտթուրքերի ոճիրները դատապարտելու առաջարկը. «Ես Միություն և առաջադիմություն կուսակցության ներկայացուցիչը չեմ… Սակայն Ձեր թույլտվությամբ պետք է ասեմ, որ Իթթիհաթ վե թերաքքին հայրենասեր կազմակերպություն էր»[68]:

Akunq.net

[1] Երիտթուրքական կուսակցության և կառավարության անդամները սկզբում դատաքննվել են միասին, սակայն դատավարության երկրորդ նիստում դատախազի պահանջով կառավարության անդամների գործի ուսումնասիրությունն առանձնացվել է: Այդպիսով` 1919 թ. ապրիլի 28-ից մայիսի 17-ը թվով 7 նիստում դատաքննվել են Իթթիհաթ վե թերաքքիի առաջնորդներն ու Հատուկ կազմակերպության նախագահը, իսկ 1919 թ. հունիսի 3-ից 26-ը` դարձյալ 7 նիստում` կառավարության անդամները:

[2] Միություն և առաջադիմություն կուսակցության ու կառավարության անդամների դատավարությունները պատմագրության մեջ հայտնի են նաև գլխավոր դատավարություններ (Ana Davalar) անունով: Գլխավոր դատավարությունների համար 1919 թ. հուլիսի 5-ին կայացվել է մեկ ընդհանուր դատավճիռ:

[3] Ալի Քեմալը 1919 թ. մարտի 4-ից մինչև մայիսի 9-ը զբաղեցրել է հանրակրթական նախարարի, իսկ 1919 թ. մայիսի 19-ից մինչև հունիսի 29-ը` ներքին գործերի նախարարի պաշտոնները:

[4] Günel G., İttihat Terakki’den Günümüze Yek Tarz-ı Siyaset: Türkleştirme, Belge Yayınları, İstanbul, 2006, s. 127.

[5] Խոսքը գնում է Hürriyet ve İtilâf (Ազատություն և համաձայնություն) կուսակցության անդամներից կազմված կառավարության մասին:

[6] Yalnız Taktil Değil, Tehcîr de Dahil: Cemal Beyefendi’nin Beyanatı, “Alemdar”, 17 Mart 1919.

[7] «Ձերբակալութեանց պատճառը: Ներքին գործոց նախարարութեան յայտարարութիւնները», «Ճակատամարտ», 13-ը մարտի, 1919, N 104 (1925):

[8] Kocahanoğlu O. S., İttihat Terakki’nin Sorgulanması ve Yargılanması (1918-1919), Temel Yayınları, İstanbul, 1998, s. 18.

[9] 1913 թ. հունվարին ազգային միասնությունն ապահովելու նպատակով հիմնված «Ազգային պաշտպանություն» (“Müdafaa-i Milliye”) կազմակերպությունը 1914 թ. հանրօգուտ է համարվել Պետական խորհրդի (Şurayı Devlet) կողմից և կարևոր ծառայություններ մատուցել պատերազմի ժամանակ, տե’ս Akçam T., İnsan Hakları ve Ermeni Sorunu. İttihat ve Terakki’den Kurtuluş Savaşı’na, 2. Baskı, İmge Kitabevi, İstanbul, 2002, s. 164. Թեև դատավարության ժամանակ իթթիհադականներն անընդհատ հերքել են իրենց կապը տվյալ կազմակերպության հետ, սակայն կուսակցության անդամների դատավարության 5-րդ նիստում մեղադրյալներից Անկարայի պատգամավոր ու Հատուկ կազմակերպության անդամ Աթիֆը խոստովանել է, որ Ազգային պաշտպանություն կազմակերպությունը դրամական օժանդակություն է ցուցաբերել Հատուկ կազմակերպությանը, տե’ս Takvîm-i Vekayi, No 3543, 8 Mayıs 1919, s. 31.

[10] «Սու~րբ Իթթիհատ», «Ժողովուրդի ձայնը» քաղաքական եւ հասարակական օրաթերթ, Կ. Պոլիս, 8 մայիս 1919, N 83-174:

[11] Նույն տեղում:

[12]Փափազեան Ա., Հայերի ցեղասպանութիւնը ըստ երիտթուրքերի դատավարութեան փաստաթղթերի, Լոս Անճելես, 2005, էջ 23:

[13] «Թաքվիմ-ի վեքայի» պաշտոնաթերթում որպես դատավարության սկիզբ նշված 1919 թ. ապրիլի 27-ը սխալմունք է, տե՜ս Dadrian V. , Akçam T., “Tehcir ve Taktil”, Divan-ı Harb-i Örfî Zabıtları, İttihad ve Terakki’nin Yargılanması 1919-1922, Bilgi Üniversitesi Yayınları, İstanbul, 2008, s. 86.

[14] Ֆերիքի զինվորական աստիճանը համապատասխանում է գեներալ-լեյտենանտի կոչմանը:

[15] Takvîm-i Vekayi, No 3540, 5 Mayıs 1335 (1919), ss. 3-4.

[16] Նույն տեղում:

[17] Նույն տեղում, էջ 4-9:

[18]Հարկ է նշել, որ այս վավերագրի պատմական նշանակությունը դեռ այն ժամանակ գիտակցվում էր ժամանակի հայկական մամուլի կողմից: «Ճակատամարտ» օրաթերթը շեշտում էր, թե սույն ամբաստանագիրը «իր շահեկան պարունակութեամբ կոչուած է շատ կարեւոր դեր մը կատարելու, իբրեւ Թուրքերու կողմէ պատրաստուած պատմական վաւերաթուղթ մը և հերքմնագիր մը բոլոր անոնց դէմ, որ յանդգնութիւն ու լրբութիւն ունեցան մասնակի քանի մը սպանութիւններ անուանելու հայկական աղէտը», տե՜ս «Եփրատ գետը կը յորդի հայոց դիակներով. պատմական կարեւոր վաւերաթուղթ մը», «Ճակատամարտ», 29 ապրիլի, 1919, N 141 (1962):

[19] Ուշագրավ է, որ Մեհմեդ Վեհիբ փաշան Տրապիզոնի հայերի տեղահանության և կոտորածների դատավարության երկրորդ նիստում` 1919 թ. մարտի 29-ին, Բեհաեդդին Շաքիրի դեմ ցուցմունք տալու պատճառով բանտում ենթարկվել էր վերջինիս կնոջ հարձակմանը: Այդ մասին «Ճակատամարտ» օրաթերթը գրում էր. «Առջի օր թուրք կին մը բանտը երթալով Վէհիպ փաշան տեսնել կ’ուզէ: Սակայն փաշան հանըմին քովը հազիւ հասած` «աման, այս կինը դուրս հանեցէք, ես չեմ կրնար կնոջ մը փոխադարձել» ըսելով դուրս կ’ելլէ: Այցելու կինը Պէհաէտտին Շաքիրի տիկինն է, որ վիրաւորելով փաշային` դատարանի մէջ, իր ամուսնի մասին ըրած մերկացումներէն, պատրաստուած է եղեր գաւազանով ծեծելու զայն», տե’ս «Վէհիպ փաշան յարձակման կ’ենթարկուի», «Ճակատամարտ», 5 ապրիլ, 1919, N 122 (1943):

[20]Հատուկ կազմակերպության անդամ Գալիբ Վարդարն իր հուշերում գրում է, թե հայերի տեղահանման մասին որոշման ընդունումից հետո Բեհաեդդին Շաքիրը դիմում է ակնառու իթթիհադականներ Հյուսրև Սամիին և Սաբանջալը Հաքքըին` առաջարկելով իր հետ մեկնել Էրզրում և մասնակցել հայերի տեղահանությանը: Նրանց հարցին, թե ինչ է լինելու հայերի ունեցվածքի և սեփականության հետագա ճակատագիրը, և թե արդյոք այդ ուղղությամբ որևէ ծրագիր կա, թե ոչ, Բեհաեդդին Շաքիրը պատասխանում է. «Ի՞նչ ծրագիր պետք է լինի, ասացինք, չէ՞, հայերին տեղահանելու ենք… մնացածը գլխի ընկեք», տե՜ս İttihat ve Terakki İçinde Dönenler, Anlatan: Galip Vardar, Yazan: Samih Nafız Tansu, Yeni Zamanlar Yayınları, İstanbul, 2003, s. 442.

[21] Հարկ է նշել, որ Վեհիբ փաշայի թղթապանակի մեծ մասը 1919 թ. սեպտեմբերին գողացվել է Ռազմական ատյանից: Այդ անհետացած փաստաթղթերը եղել են հայերի կոտորածները հաստատող պաշտոնագրեր, տե՜ս «Ժողովուրդ» քաղաքական և հասարակական օրաթերթ, 9 սեպտեմբեր, 1919, N 35 (281); «Հայկ. եղեռնին թուղթերը անյայտացած», «Ճակատամարտ», 9 սեպտեմբեր, 1919:

[22] Կուսակցության պատասխանատու քարտուղարների դատաքննությունն իրականացվել է 1919 թ. հունիսի 21-ից մինչև 1920 թ. հունվարի 3-ը, դատավճիռը կայացվել է 1920 թ. հունվարի 8-ին: Տե’ս «Թաքվիմ-ի Վեքայի» պաշտոնաթերթի 3586, 3589, 3596 և 3772 համարները:

[23] Գավառ Քաստամոնուում:

[24] Թուրք հայտնի պատմաբան Թարըք Զաֆեր Թունայան նույնպես նշում է, թե հայերի ունեցվածքի զգալի մասն անցել էր երիտթուրքական կուսակցությանը, տե’ս Tunaya T. Z., Türkiye’de Siyasal Partiler, Cilt 3, İttihat ve Terakki, Bir Çağın, Bir Kuşağın, Bir Partinin Tarihi, İletişim Yayınları, İstanbul, 2000, s. 264.

[25] Takvîm-i Vekayi, No 3540, 5 Mayıs 1335 (1919), s. 7.

[26] Հետագայում քեմալական շարժմանը մասնակցած Ջելալեդդին Արիֆը դարձել է Անկարայի Միլլի մեջլիսի (Ազգային ժողովի) պատգամավոր, ապա` Միլլի մեջլիսի երկրորդ նախագահը, ավելի ուշ նաև` արդարադատության նախարար:

[27] Dadrian V. , Akçam T., “Tehcir ve Taktil”, s. 70.

[28] Takvîm-i Vekayi, No 3540, 5 Mayıs 1335 (1919).

[29] Նույն տեղում:

[30] Նույն տեղում:

[31] Նույն տեղում:

[32] Takvîm-i Vekayi, No 3543, 8 Mayıs 1335 (1919).

[33]«Պատերազմական Ատեանը իրաւասո՞ւ է դատելու իթթիհատական բորենիները (մեր հետաքննութիւնը)», «Ժողովուրդի ձայնը», 3 մայիս, 1919, N 79-170:

[34]«Պատերազմական Ատեանը իրաւասո՞ւ է դատելու իթթիհատական բորենիները (մեր հետաքննութիւնը)», «Ժողովուրդի ձայնը», 4 մայիս, 1919, N 80-171:

[35] Takvîm-i Vekayi, No 3543, 8 Mayıs 1335 (1919).

[36] Akçam T., Ermeni Tabusu Aralanırken Diyalogtan Başka Çözüm Var mı?, Su Yayınları, İstanbul, 2002, s. 99.

[37] Դատավարության ընթացքում բազմաթիվ հայեր հեռագրեր են հղել Ռազմական դատարանին` հայտնելով, որ որոշ ամբաստանյալներ սուտ են խոսում, տե’ս Tunaya T. Z., Türkiye’de Siyasal Partiler, , cilt III, s. 676.

[38] Takvîm-i Vekayi, No 3557, 25 Mayıs 1335 (1919), s. 102.

[39] Նույն տեղում, էջ 103: Այդ մասին իր հուշերում վկայում է նաև Ֆալիհ Ռըֆքը Աթայը, որը տեղեկանալով, թե Իթթիհադի կենտրոնական կոմիտեին կից կազմվում են քաղաքացիական անձանցից բաղկացած խմբեր, և որ այդ գործը վերահսկվում է դոկտոր Նազըմի կողմից, վերջինիս խնդրում է իրեն էլ ներգրավել այդ հրոսակախմբերի կազմում: Սակայն Նազըմը մերժում է` պատասխանելով. «Մենք հրոսակախմբերի համար բանտերից ենք մարդ վերցնում: Դա քեզ պես երիտասարդ տղաների տեղը չէ»: «Ես որևէ բան չհասկացա մարդասպանների այդ բանակից»,-նշում է Ֆ. Ռ. Աթայը, տե’ս Atay F. R., Zeytindağı, Bateş, İstanbul, 1981, s. 38.

[40] Dadrian V., Ulusal ve Uluslararası Hukuk Sorunu Olarak Jenosit, Belge Yayınları, 1995, s. 67. «Բեքիրաղա բյոլյուղյու» կալանավայրը հսկվում էր նաև բրիտանացիների և ֆրանսիացիների կողմից, տե’ս Şimşir B., Malta Sürgünleri, Bilgi Yayınevi, İstanbul, 1985, s. s. 113.

[41] Şimşir B., Malta Sürgünleri, s. s. 96.

[42] Sarıhan Z., Kurtuluş Savaşı Günlüğü, I. Cilt, Mondros’tan Erzurum Kongresi’ne (30 Ekim 1918-22 Temmuz 1919), Öğretmen Yayınları, 1982, s. 263.

[43] «Իթթիհատը յարութիւն կ’առնէ», «Ճակատամարտ», 14 օգոստոս 1919, N 232 (2053):

[44] Dadrian V. , Ulusal ve Uluslararası Hukuk Sorunu Olarak Jenosit, s. 170.

[45] Մեծ Բրիտանիան սկզբում մտադրություն ուներ Մալթայից բացի որպես աքսորավայր օգտագործել նաև Հնդկաստանն ու Եգիպտոսը, տե’ս Şimşir B., Malta Sürgünleri, s. 133.

[46] Նույն տեղում, էջ 96.

[47] Բրիտանացիների կողմից պատերազմական հանցագործների աքսորը Մալթա սկսվել է դեռևս 1919 թ. մարտին, երբ այստեղ էր արգելափակվել վեցերորդ բանակի նախկին հրամանատար Ալի Իհսան փաշան: Թուրք բարձրաստիճան պաշտոնյաների աքսորը Մալթա շարունակվել է մինչև 1920 թ. նոյեմբեր: 20 ամսվա ընթացքում այստեղ են տեղափոխվել ընդհանուր թվով 144 հանցագործներ, տե’ս նշվ. աշխ. 89-րդ և 197-րդ էջերը:

[48] Նույն տեղում, էջ 102:

[49] Ata F., İşgal İstanbulu’nda Tehcir Yargılamaları, Türk Tarih Kurumu, Ankara, 2005, s. 206.

[50] Նույն տեղում, էջ 205-206:

[51] Takvîm-i Vekayi, No 3571, 13 Haziran 1919, s. 128.

[52] «Մալթայի աքսորականները կը վերադառնան», «Ճակատամարտ», 6 մայիս, 1921:

[53]«Լուսաբանութիւններ Մալթայի աքսորեալներու ազատ արձակման մասին», «Ճակատամարտ», 21 մայիս, 1921:

[54] Dadrian V. , Ulusal ve Uluslararası Hukuk Sorunu Olarak Jenosit, ss. 69-70.

[55] Hür A., Malta Sürgünleri’ni Nasıl Bilirsiniz, “Taraf”, 28 Şubat 2010.

[56] Avcıoğlu D., Millî Kurtuluş Tarihi 1835den-1995e, 1. Cilt,Tekin Yayınları, İstanbul, 1996.

[57] А. Авакян, Черкесский фактор в Османской империи и Турции (вторая половина XIX-первая четверть XX вв.), Ереван, изд. “Гитутюн”, 2001, сс. 250-251.

[58] Akçam T., Türk Ulusal Kimliği ve Ermeni Sorunu, Su Yayınları, İstanbul, 2001, ss. 195-196.

[59] Այդ մասին ավելի մանրամասն տե՜ս Zürcher E. , The Unionist Factor. The Role of Committee of Union and Progress in Turkish National Movement 1906-1926, Brill, Leiden, 1984.

[60] Akçam T., İnsan Hakları ve Ermeni Sorunu, ss. 223-224.

[61] Sorgun T., Mütareke Dönemi ve Bekirağa Bölüğü, Kamer Yayınları, İstanbul, 1998, ss. 44-45.

[62] «Քարաքոլ» կազմակերպությունն իր անվանումը ստացել է հիմնադիրների` Քարա Քեմալի և Քարա Վասըֆի անուններից, տե՜ս Sorgun T., Mütareke Dönemi ve Bekirağa Bölüğü, s. 47.

[63] Akçam T., İnsan Hakları ve Ermeni Sorunu, s. 491.

[64] Այդ մասին ավելի մանրամասն տե’ս նշվ. աշխ. 488-489 էջերը:

[65] Նույն տեղում, էջ 197:

[66] Üngör U. Ü. and Polatel M., Confiscation and Distruction, Continuum İnternational Publishing Group, London, 2011, p. 127.

[67] Yeghiayan V., Malta Belgeleri, İngiltere Dışişleri Bakanlığı “Türk Savaş Suçluları” Dosyası, Belge Yayınları, 2007, s. 12.

[68] Akşin S., İstanbul Hükümetleri ve Milli Mücadele, Öztürk Matbaası, İstanbul, 1983, s.192.

Իպրահիմ Քանաան 24 Ապրիլ Հայոց Ցեղասպանութեան յիշատակի օր – Իրաւունք մը, որ չի մեռնիր, եւ ժողովուրդ մը, որ չի յանձնուիր

akunq.net/am/?p=29709

Facebooktwitterredditpinterestlinkedinmail